ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնելու օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագիծը ներկայացրեց խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։