Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առաջ: Ակցիայի մասնակից, Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ղազախները Վրաստանի շուկայից հայկական գրանցումներ են գնել։
«Ղազախստանը, տեսնելով, որ իրենց քաղաքացիները 3-4 օրով գրանցվել են այստեղ․․․ հազարավոր գրանցումներ Վրաստանում վաճառվել են ղազախներին, Բագրատաշենում։ Հիմա որտեղի՞ց մարդկանց այդ գրանցումները, որտեղի՞ց կնիքները։ Ղազախստանն էլ հասկանալով այդ ապօրինությունները, տեսնելով, որ ՀՀ-ն չի կարողանում իր շուկան կարգավորել, չի կարողանում իր քաղաքացուն պաշտպանի․․․ Հարյուր-հազարավոր մեքենաներ,որոնք ԵԱՏՄ տարածքում են, գույքահարկը մնացել է մեր քաղաքացիների վրա։ Մենք շրջափակման մեջ են, մեզ տվեք արտոնյալ պայմաններ, թող մենք արտոնյալ պայմաններով ներկրենք մեքենաները։
Հովհաննիսյանը շեշտեց՝ իրենք հիմա հայտնվել են օրենքից դուրս ԵԱՏՄ-ում․ «Մենք որոշեցինք հունվարի 1-ից մեր մեքենաները վաճառել ԵԱՏՄ տարածքում, բայց պարզվեց մենք օրենքից դուրս ենք։ Հիմա եկել ենք դրա մասին ասելու։
Հիմա մենք ուզում ենք այդ 300 ավտոմեքենայի հարցը լուծենք։ Մարդիկ վարկով բերել են, հիմա քաշվել են, ջրի գնով վաճառում են, որ տոկոս տանեն փակեն»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 1 տարի առաջ ներմուծված և ղազախական գրանցում չստացած հայկական և ղրղզական մեքենաները Ղազախստանում ապօրինի են: Հայտարարվել էր, որ օտարերկրյա համարանիշերով մեքենաները կնույնականացվեն, վարորդները կամ կվճարեն համապատասխան տուգանքն ու մաքսազերծման գումարը, կամ էլ մեքենան դուրս կբերվի երկրից: