Covid-19-ով վարակված կամ կասկածվող ու ինքնամեկուսացված մարդկանց տեղակայման քարտեզ հրապարակելը կարող էր լուրջ արդյունքներ տալ ապրիլ, մայիս ամիսներին։ Դա իդեալական գործիք էր։
Այսօր, երբ 2-3 ամիս շարունակ առողջապահության նախարարը յուրաքանչյուր ելույթում բացառապես հանրությանն է մեղադրում վիրուսի տարածման համար՝ հաճախ սպառնալով, թե ցույց կտա՝ ովքեր են մարդկանց վարակված հարևանները և այդկերպ գիտակցաբար կամ անգիտակցաբար վատ վերաբերմունք ձևավորելով Covid-19-ով հիվանդ մարդկանց նկատմամբ, հանրության շրջանում սկսվում են անհանդուրժողական տրամադրություններ վարակվածների դեմ։
Նկատել ե՞ք, թե հայտնի քարտեզը մարդիկ առավել շատ ինչի համար են նայում․
-մեր փողոցի այսինչը կլինի վարակված, դրանք փնթի են․․․
-մեր գյուղում այսքան մարդ կա վարակված, գոնե իմանանք ովքեր են էդ խայտառակվածները․․․
-իմանանք ովքեր են, էդ բորոտների հետ չշփվենք․․․
-ասա ձեզ կարգին պահեիք, չվարակվեիք, խայտառակ չլինեիք․․․
Այսպիսի պայմաններում բնական է, չէ՞, սիմպտոմներ ունեցող մարդը մեծ ցանկության դեպքում անգամ չի գնա թեստավորման, որպեսզի «չխայտառակվի»։
Իսկ հանրության այդպիսի տրամադրությունների թիվ մեկ պատասխանատուն առողջապահության նախարարն է՝ իր չհաշվարկված ու վարչապետի կոչերին հետևողականորեն հակասող հայտարարություններով։