Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակից ԱԱԾ քննիչներն առգրավել են նրա համակարգիչն ու գործին առնչվող որոշակի փաստաթղթեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ աշխատակից Վաղարշակ Ղազարյանը։
«ԱԱԾ-ն օպերատիվ գործունեություն իրականացրեց այստեղ, ավարտեցինք։ Մնացածը մեր մամուլի ծառայությունը ձեզ կտեղեկացնի։ Զուտ քննության շահերից ելնելով՝ ավել բան չեմ կարող ասել։ Կար համակարգիչ եւ գործին առնչվող որոշակի փաստաթղթեր»,- ասաց ԱԱԾ աշխատակիցը։
Հարցին՝ Վերմիշյանին բերմա՞ն են ենթարկել, ԱԱԾ աշխատակիցն ասաց՝ ոչ․
«Եկեք այս պահին չմեկնաբանենք, ընթացքում արդեն պաշտոնական հաղորդագրությունը կլինի»։
Hraparak.am–ն ավելի վաղ հայտնել էր, որ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարել Վերմիշյանին եւ նրա համակարգիչները։
Կայքի փոխանցմամբ՝ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների եւ հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը այդ քրեական գործին։