f

Անկախ

Արևմուտքը պայքարում է իր անցյալի և դրա խորհրդանիշ արձանների դեմ


Արևմտյան երկրները «Սև կյանքերը կարևոր են» շարժման ազդեցությամբ վերաիմաստավորում են իրենց անցյալն ու պատմությունը։ Արդյունքում մեկը մյուսի հետևից ապամոնտաժվում են հուշարձանները, որոնք պատմական անցյալի՝ ներկա ընկալումներին չհամապատասխանող ասոցիացաներ են առաջացնում։

Բելգիայում շաբաթներ տևած բողոքի ցույցերից հետո իշխանություններն ապամոնտաժել են Լոեպոլդ Երկրորդ արքայի մի քանի արձաններ։ 19-րդ դարում կառավարած բելգիական արքան հայտնի է Կոնգոյի գրավմամբ և դաժան գաղութային քաղաքականությամբ։ Նրա գաղութային քաղաքականության հետևանքով մինչև 10 մլն մարդ է սպանվել Աֆրիկայում։ Բելգիացիները պահանջում են, որ ապամոնտաժվեն Լեոպոլդ Երկրորդի բոլոր արձանները երկրում։ Պահանջագրի տակ արդեն իսկ ստորագրել է 70 հազար մարդ։ Պահանջագրի հեղինակները հույս ունեն, որ մինչև հունիսի 30-ը՝ Կոնգոյի անկախության 60-ամյակի օրը,  իրենց պահանջը բավարարված կլինի և Բելգիայում Լեոպոլդ Երկրորդի անունով որևէ հուշարձան չի լինի։

Միևնույն ժամանակ, Բելգիայում քիչ չեն քաղաքացիները, որոնք դեմ են Լեպոլոդ Երկրորդի արձանների ապամոնտաժմանը։ Նրանք  շեշտում են, որ հենց այս արքան է հիմք դրել Բելգիայի միջազգային առևտրաշրջանառությանը, որով և հարստացել է այդ երկիրը։

Մեծ Բրիտանիայում վանդալները պղծել են անգամ Ուինստոն Չերչիլի արձանը․ պատվանդանի վրա ջնջել են նրա անունը և տեղը գրել՝ ռասիստ։ Նման վերաբերմունքի պատճառը Չերչիլի գաղափարախոսությունն է․ նա  սպիտակամորթներին մյուսներից խելացի է համարել։

Մեծ Բրիտանիայում «Տապալենք ռասիստներին» շարժման  ակտիվիստներն իշխանություններից պահանջում են ապամոնտաժել ողջ երկրի տարածքում տեղադրված 60 հուշարձան։ Ցանկում ընդգրկված է նաև 1830-ականներին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Պիլին նվիրված  5 հուշարձան։ Ուշագրավ է, որ ներքին գործերի նախարար եղած տարիներին Պիլը մշակել է 9 սկզբունքներ ոստիկանների համար, որոնք մինչ օրս կիրառվում են Մեծ Բրիտանիայում։

Ակտիվիստներն իրենց պահանջը հիմնավորում են նրանով, որ Պիլը դեմ է եղել ստրկության վերացման մասին օրինագծին։ Մինչդեռ իրականում օրինագծին դեմ է եղել Ռոբերտ Պիլի հայրը։

Ցանկում է նաև 16-րդ դարի հայտնի նավագնաց Ֆրենսիս Դրեյկը, որի անունով անգամ նեղուց կա անվանակոչված, և որը մեծ դերակատարություն է ունեցել իսպանական նավատորմի դեմ տարած հաղթանակում։

Մյուսը ցանկում Սեսիլ Ռոդսն է՝ Հարավային աֆրիկայի գաղութացման նախաձեռնողը և ալմազների արտահանմամբ զբաղվող De Beers ընկերության հիմնադիրը։ Ուշագրավ է, որ Օքսֆորդի համալսարանի ներկայացուցիչները  Օքսֆորդում տեղակայված արձանի ապամոնտաժման պահանջը համարում են բարոյականության սահմաններից դուրս․ Սեսիլ Ռոդսի անունով բազմաթիվ կրթաթոշակներ կան, նրա անվամբ բարեգործական հիմնադրամը ֆինանսավորում է տարեկան 100 օտարերկրացի  ուսանողի ուսուցումն Օքսֆորդում, որոնց   մեկ հինգերորդը Աֆրիկայից են։  Ռոդսի հիմնադրամը ֆինանսավորել է նաև բազմաթիվ ուսումնական հաստատությունների գործունեությունը Հարավային Աֆրիկայում։

Ֆրանսիայում դեռևս արձանների ապամոնտաժում չեն պահանջում, սակայն վանդալներն այստեղ պղծել են հայտնի փիլիսոփա և լուսավորիչ Վոլտերի արձանը․ նա գաղութային առևտրով է հարստություն կուտակել։ Պղծվել են նաև գաղութային տարիների մի շարք գործիչների արձաններ։

Եվրոպական երկրներում տեղի ունեցողը, սակայն, իր ծավալներով անհամեմատելի է ԱՄՆ-ում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այստեղ որոշված է ապամոնտաժել 1860-ականների քաղաքացիական պատերազմում հարավի ներկայացուցիչներին առնչվող բոլոր հուշարձանները։

Մոտեցումը լավագույնս հիմնավորում է Նոր Օռլեանի քաղաքապետի հայտարարությունը առ այն, որ Համադաշնությունը «մարդկության և պատմության ոչ ճիշտ կողմն էր բռնել», հետևաբար այդ ժամանակաշրջանին նվիրված հուշարձանները պետք է վերացնել։

Հուշարձանների դեմ պատերազմն ԱՄՆ-ում նոր չէ, այն մեկնարկել է դեռ 2017-ին։ Իսկ առիթը դրանից երկու տարի առաջ տեղի ունեցած  սպանդն էր Չարլստոնում գտնվող աֆրոամերիկյան եկեղեցում։ Միջադեպը, որին զոհ դարձավ 9 մարդ, նախաձեռնել էր մի սպիտակամորթ երիտասարդ՝ նպատակ ունենալով ԱՄՆ-ում միջռասայական պատերազմ սկսել։ Այդ երիտասարդի  սոցիալական ցանցերի էջերում կային նկարներ Ամերիկայի Համադաշնային Նահանգների դրոշի ֆոնին (ստրկատիրության վերացման դեմ պայքարող հարավային նահանգների հռչական պետությունը)։ Եվ ահա այս իրողությունը դարձավ մեկնարկային առիթ Համադաշնության ժառանգության ու հետքերի դեմ պայքարի համար։ 2016-ին Հիլարի Քլինթոնն անգամ առաջարկում էր արգելել Համադաշնության դրոշի կիրառությունը։  

Այն ժամանակ առաջարկներ էին հնչում ոչ թե արձաններն ապամոնտաժել, այլ դրանց հարևանությամբ նոր հուշարձաններ տեղադրել՝ նվիրված փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք մեծ դերակատարություն են ունեցել ԱՄՆ պատմությունում։ Առաջարկը, սակայն, աջակցություն չգտավ։ Եվ երկու տարի առաջ մեկնարկած գործընթացը ներկայում իր գագաթնակետին է հասել․ Համադաշնության  ներկայացուցիչների արձաններն ապամոնտաժում են իշխանությունները, ցուցարարներն էլ այն ամենը, ինչ իրենց դուր չի գալիս, այդ թվում՝ Քրիստափոր Կոլումբոսի արձանները․ նրան համարում են «ցեղասպանության դեմք», ԱՄՆ 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանը․ նա ստրուկ է ունեցել,  և այդպես շարունակ։

Բանն այնտեղ է հասել, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են հեռացնել նաև Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիոմում տեղադրված 11 արձանները, որոնք Համադաշնության գործիչների են պատկերում։ Իսկ Նյու Յորքի Բնական գիտությունների  թանգարանը հայտարարել է թանգարանի շենքի դիմաց կանգնեցված ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի արձանն ապամոնտաժելու մտադրության մասին։ Ռուզվելտի անձի դեմ ոչինչ չունեն։ Պատճառն արձանախմբի կոնցեպտն է․ ձիով ընթացող Ռուզվելտի մի կողմից ընթանում է ամերիկացի տեղաբնիկ, մյուս կողմից՝ աֆրոամերիկացի։ Եթե տարիներ առաջ արձանը դիտարկվել է որպես փոքրամասնությունների հետ համերաշխության խորհրդանիշ, ապա այժմ այն դիտարկվում է որպես սպիտակ ռասայի գերակայության ցուցադրություն․ Ռուզվելտը ձիով է, նրան ուղեկցողները՝ ոչ։ Արձանի ապամոնտաժմանը կողմ է արտահայտվել նաև Ռուզվելտի ծոռը, իսկ ահա ԱՄՆ նախագահ Թրամփն այդ նախաձեռնությունը որակել է որպես հիմարություն։

Նշենք, որ քաղաքացիական պատերազմում  հարավային նահանգների պարտությունից և ԱՄՆ-ի վերամիավորումից  որոշ ժամանակ անց զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ էին տեղադրվում մարտերի վայրերում, աստիճանաբար հուշարձանները տեղափոխվեցին դեպի քաղաքներ ու մարդաշատ վայրեր, այնուհետև նաև անձնավորվեցին։ Ուշագրավ է, որ այդ հուշարձաններից շատերը տեղադրվել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ կամ պայքարի արդյունքում՝ պատմությունն ըստ արժանվույն գնահատելու միտումով։ Այն նույն Դեմոկրատական կուսակցության, որը ներկայում պայքարում է այդ հուշարձանների ապամոնտաժման համար։ Պարզապես 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մոտեցումները և դիրքավորումը տարբերվում էր ներկայի իրողությունից։ Ավելին, Դեմոկրատական կուսակցությունն այսպիսով էր հակակշռում ստրկության վերացման նախաձեռնող հանրապետական Աբրահամ Լինկոլնին։

 

ԱՄՆ Եվրոպա ռասիզմ

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան
Բոլթոնը պատմել է  Մակրոնի վերաբերյալ Թրամփի կարծիքի մասին
Թուրքիայում մայիսից ի վեր  COVID-19 դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Ռուսաստանը համաձայնվել է  սառեցնել ամբողջ միջուկային զինանոցը․ Պոմպեո
Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. razm.info
Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին, զգույշ եղեք. Աբրահամ Գասպարյանը դիմել է հույն ժողովրդին (տեսանյութ)
Իսպանիայում կորոնավիրուսի դեպքերը գերազանցում են 1 միլիոնը
Հռոմի Ֆրանցիսկոս  պապը  կոչ է արել  օրինականացնել միասեռ ամուսնությունները
Թուրքիայում հայտարարել են, թե երբ Ղարաբաղում խաղաղություն  կհաստատվի
Կարո՞ղ եմ ենթադրել, որ այս ակնհայտ քայլերը չեն արվում ա. քանի որ խելքները չի հասնում, բ. քանի որ նպատակ կա տարածաշրջանում փոխել ուժերի դասավորությունը։
Եվրախորհրդի նախագահը կորոնավիրուսի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողով կանցկացնի
ՀՀ ՊՆ. Հարավում մարտական գործողություններն ավելի են մոտեցել Արաքսին
Փեսաս զոհվեց.՝ «Ո՝Չ ՄԻ ՀԵՏ ՔԱՅԼ» խոսքերը շուրթերին…»
Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել. Իշխան Սաղաթելյանը` վարչապետի կոչի մասին
ԱԺ պատգամավորի գրառումը համարվում է պաշտոնական հայտարարություն, որի հերքելն արգելվում է. Ոստիկանություն. «Փաստինֆո»
Ադրբեջանը համաձայն է միայն Ղարաբաղի կապիտուլացիային, հարց՝ իսկ դու ի՞նչ անես, քեզ փրկելու համար ազգը ցեղասպանե՞ս:
Կուսակցականներ եւ համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձեւավորելու նպատակ չունենք․ Էդմոն Մարուքյան
«Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա
Հրապարակվել են Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի
Յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:
Ի՞նչ գործ ունի ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում, իսկ վաղը չէ մյուս օրը Վաշինգտոնում, ի՞նչ գործ ունի Արմեն Սարգսյանը Բրյուսելում, եթե դիվանագիտական լուծում չկա
Բայց դա չի նշանակում որևէ փուլում պիտի հրաժարվել դիվանագիտական լուծումներից
ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր
Հարավային ուղղությամբ հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում
Կորեացի գործարարն իր բիզնեսը տեղափոխել է Հայաստան եւ մտադիր չէ հեռանալ (ֆոտո)
Ավելին
Ավելին