f

Անկախ

Հայաստանի ազգային պատկերասրահ. գույների հրավառություն


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում 2020-ի մեր առաջին զրույցն արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) տնօրեն Արման Ծատուրյանի հետ է:

-Պարոն Ծատուրյան, մեր զրույցը սկսենք ՀԱՊ-ի առաքելությունից:

Արման Ծատուրյան

-Ազգային պատկերասրահի ամենակարևոր առաքելությունը ժառանգության պահպանումն է ու փոխանցումը հաջորդ սերունդներին, ինչպես նաև ցուցադրումն ու հանրահռչակումը: Այս խարիսխներն ընդհանուր են բոլոր թանգարանների համար: Պարզապես 21-րդ դարը նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց այս կառույցներին: Այցելությունները նվազեցին, և թանգարանները սկսեցին մշակել կրթական ծրագրեր՝ հատկապես երեխաներին ներգրավելու համար, ինչը շատ կարևոր է: Եթե մանկության տարիներից մարդուն ծանոթացնում ես արվեստին, դա միշտ մնում է նրա հետ: Այս պահին ՀԱՊ-ն ունի երեխաների համար նախատեսված բազմաթիվ կրթական ծրագրեր, ինչպես նաև կազմակերպում ենք ձմեռային ու ամառային դպրոցներ՝ 6-12 տարեկանների համար: Մեծ ցանկություն ունենք առաջիկայում ունենալ առանձին գեղագիտական կենտրոն, որտեղ ծանոթացումն արվեստի աշխարհին կիրականացնենք ամենատարբեր մանկավարժական մեթոդներով: Եվ եթե անգամ պետությունը չկարողանա մեզ տարածք տրամադրել, միևնույն է, այս նախաձեռնությունն անպայման կյանքի ենք կոչելու, որովհետև այն ցավալիորեն ուշացած է: Մեզ համար սա առաջնային նշանակություն ունի:

-Անդրադառնանք ՀԱՊ-ի սրահներին և ցուցանմուշների առանձնահատկություններին:

-ՀԱՊ-ն ունի շուրջ 40.000 նմուշ, որոնցից ցուցադրում է երեքուկես հազարը: Ընդհանրապես աշխարհի բոլոր թանգարաններն էլ ցուցադրում են իրենց ունեցածի երեսուն տոկոսը միայն, մենք, ցավոք՝ տասը: Ֆոնդապահոցների մյուս նմուշները փորձում ենք ներկայացնել ժամանակավոր ցուցադրությունների ընթացքում: Այս պահին ունենք 56 սրահ, որոնք տեղակայված են ութ հարկերում: Ցուցանմուշները բաշխված են՝ ըստ հավաքածուների ժամանակագրության: Մեր հավաքածուները ներկայացնում են թե´ հայկական, թե´ ռուսական ու եվրոպական արվեստի գործերը՝ սկսած 17-18-րդ դարերից: Ընդ որում, ցուցանմուշները չեն ենթադրում միայն կտավներ: Թանգարանն ունի դեկորատիվ-կիրառական արվեստի հոյակապ նմուշներ իր ֆոնդապահոցներում, և այժմ ակտիվ միջոցներ ենք ձեռնարկում՝ դրանք սրահներ տեղափոխելու համար: Ցավոք, տարածքը սահմանափակ է անգամ ժամանակավոր ցուցահանդեսների համար: Օրինակ՝ չենք կարողանում ցուցադրել մեր գորգերի հսկայական հավաքածուն, տեքստիլի հավաքածուն և այլն: Այդ ամենը կկարողանանք ներկայացնել այցելուներին միայն նոր շենքային պայմաններ ունենալու դեպքում: Բայց, այսքանով հանդերձ, մենք տարեկան կազմակերպում ենք 5-10 ամենատարբեր թեմաներով (Գառզու, Կալենց, Գազազ և այլն) ժամանակավոր ցուցադրություն, որոնք կամ մասնավոր հավաքածուներ են և անհատների գործեր կամ վերցնում ենք Ազգային պատկերասրահի ֆոնդերից:

Հայաստանի ազգային պատկերասրահ

-Արդյոք ՀԱՊ-ն ունի՞ այցելուների խնդիր:

-Այցելուների խնդիր Հայաստանում ունեն գրեթե բոլոր թանգարանները: Եվ այստեղ հարցը կլուծվի ոչ թե գովազդի, այսպես կոչված, PR-ի միջոցով, այլ երկրում հիմնավոր կրթության կազմակերպումով, որովհետև ոչ վերապատրաստումներն արտասահմանյան երկրներում, ոչ դրսում կիրառվող մոդելները, ոչ չափից մեծ ռեսուրսներ խլող գովազդները չեն կարող ներգրավել այցելուների այն հոծ բանակին, որոնք ձևավորվում են դպրոցներում: Այդտեղ է, որ երեխաների արյան մեջ պիտի մտցնեն սերն արվեստի նկատմամբ: Ռուսաստանում մարդիկ տարվա բոլոր եղանակներին երկար հերթեր են կանգնում՝ թանգարաններ այցելելու համար, որովհետև նրանց այդպես են սովորեցրել: Ես սիրում եմ միշտ օբյեկտիվ լինել: Սա նոր խնդիր չէ, նույնիսկ ԽՄ տարիներին մեզ մոտ այցելությունները շատ չեն եղել: Վերջին շրջանում ունենում ենք տարեկան 80-90.000 այցելու: Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին, օրինակ՝ այցելել էին 56.000 մարդ: Նման հաջողություն չի ունեցել Հայաստանի որևէ այլ ցուցադրություն վերջին 25 տարվա ընթացքում: Ստացվում է, որ այս պահին աշխատում է միայն մեծ գումարներ ծախսելու, հետաքրքիր ցուցահանդեսներ կազմակերպելու մոդելը, հակառակ դեպքում միայն մշտական ցուցադրությամբ այցելուների մեծ հոսք չենք կարող ակնկալել:

-Ազգային պատկերասրահն ի՞նչ բաժիններ ունի, որոնց գործունեությունը գուցե այնքան էլ տեսանելի չէ այցելուին, բայց շատ առաջնային հարցեր է լուծում:

-Երբ որպես ուսանող էի այցելում Ազգային պատկերասրահ, մտածում էի՝ ինչ հանգիստ է ամեն բան, բայց իրականում թանգարանի ներսում աշխատանքի մեծ եռուզեռ է: Վերականգնման բաժինը, որ գործում է 1935-ից, եզակի է Հայաստանում և երբեք հանգիստ չի լինում, ինչը նաև բնական է նման մեծ ժառանգություն ունեցող թանգարանում: Ես հպարտ եմ այս բաժնով, և աշխատակիցներին հաճախակի ուղարկում եմ վերապատրաստումների: Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունեն նաև ցուցահանդեսային, ֆոնդերի, գիտական, տնտեսական բաժինները:

Ազգային պատկերասրահում ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև դասախոսություններ, սեմինարներ, որոնք, որպես կանոն, կապված են լինում որևէ նկարչի ցուցահանդեսի հետ:

Հայաստանի ազգային պատկերասրահ

-Ներկայացնենք նաև ՀԱՊ-ի մասնաճյուղերը:

-Ազգային պատկերասրահն ունի 13 մասնաճյուղ, որոնք մեր ամենակարևոր մտահոգությունների ցանկում են: Այստեղ կառավարման նախկին մոդելը բացարձակ չի աշխատում: Եվ մեր ֆինանսական հնարավորություններն էլ այնքան մեծ չեն, որ կարողանանք մարզերում անհրաժեշտ չափով ծրագրեր իրագործել: Որոշ մասնաճյուղերում այս պահին իրականացնում ենք վերանորոգման աշխատանքներ, բայց անգամ որպես լավ վերանորոգված ցուցասրահ, դրանք չեն աշխատի: Համոզված եմ՝ այդ մասնաճյուղերը պիտի լինեն հարթակ ոչ միայն ցուցադրությունների, այլև արվեստի ու մշակույթի տարբեր բնագավառների նախագծերի իրագործման համար: Այսօր ունենք մասնաճյուղեր, որոնք կրթական ծրագրեր էլ են իրագործում, բայց անգամ դա բավարար չէ լիարժեք գործունեություն ծավալելու համար:

Որպես կառավարիչ՝ Երևանից Սիսիան շատ դժվար է մասնաճյուղ ղեկավարելը, բայց, որպես արվեստագետ, մտահոգ եմ հարցի այնպիսի լուծման տարբերակով, որ, ասենք, դրանք հանձնվեն տեղի համայնքներին: Մեր ունեցած դառը փորձը (համայնքը դադարեցրել է թանգարանի գործունեությունը որպես մշակութային օջախ և դարձրել ժամանցի վայր) այս առումով լավ բան չի հուշում:

Հայաստանի ազգային պատկերասրահ

-Ի՞նչ այլ անհանգստացնող խնդիրներ ունի Ազգային պատկերասրահն այս պահին և ի՞նչ ձեռքբերումներ:

-Պետությունից գումար ենք ստացել մեր մասնաճյուղերից Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի ամբողջովին վերակառուցման համար: Շատ եմ ափսոսում, որ Կոջոյանի նման մեծ արվեստագետի թանգարանն այս վիճակում է: Նա դեռ պիտի իր արժանի տեղը գրավի հայ կերպարվեստում: Մրցույթի ավարտից հետո կսկսենք վերակառուցման աշխատանքները:

Շատ շնորհակալ եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ իրականացնելու համար ՀԱՊ-ի վերջին տասնամյակների բոլոր տնօրենների և աշխատակիցների երազանքը: Մեզ տրամադրվել է 602 միլիոն դրամ, ինչի շնորհիվ ՀԱՊ-ը 2020-ին կունենա օդափոխման և ջերմախոնավային նոր համակարգ: Սա փոքր գումար չէ մի երկրի համար, որտեղ կան լուծվելիք շատ սոցիալական խնդիրներ, բայց պետությունը հասկացավ՝ մշակութային ժառանգությունը կործանվում է, և մեզ գումարը տրամադրվեց միանգամից: Վերանորոգումից հետո մեր թանգարանը համապատասխան կլինի միջազգային չափորոշիչներին:

Ես բնավորությամբ պերֆեկցիոնիստ եմ, ինչը և´ լավ է, և´ վատ: Սեփական անձի նկատմամբ ունեցած չափազանց մեծ պահանջկոտությունս երբեմն անդրադառնում է նաև աշխատակիցների վրա: Բայց այդ ամենի արդյունքում է, որ այսօր մենք, որպես ձեռքբերում, կարող ենք դիտարկել հենց վերոնշյալ օդափոխության համակարգի համար պետության կողմից մեզ տրամադրված գումարը: Մինչ այդ մենք ՀԱՊ-ի մի քանի հարկ ենք վերանորոգել առանց պետության միջամտության՝ մեր թանգարանի արտաբյուջեի ավելացման հաշվին: Ի դեպ, թանգարանն ընդունել եմ 30-35 միլիոն դրամ արտաբյուջեով, բայց 2018-ին այն կազմել է 110, իսկ 2019-ին՝ մոտ 80 միլիոն: Ստեղծել եմ նաև ժամանակակից մարքեթինգի բաժիններ, բացել եմ օնլայն խանութ, որտեղ կարող եք պատվիրել կտավների կրկնօրինակներ: Սա արվեստն առավել մատչելի է դարձնում հասարակ մարդկանց:

-Ինչպիսի՞ համագործակցություններ ունեք միջազգային թանգարանների հետ:

-Համագործակցություններ ունենք տարբեր թանգարանների հետ: Ռուսական թանգարաններում գտնվող գրեթե յուրաքանչյուր նկար կարող ենք բերել Հայաստան, բայց մենք ունենք գումարի խնդիր, որովհետև, ի վերջո, արվեստն էժան հաճույք չէ: Մեծ երկրները հեշտությամբ են անում այդ ծախսերը, որովհետև բնակչության թվի և տոմսի արժեքի շնորհիվ կարողանում են հետ բերել ներդրված գումարները: Հայաստանի պարագայում այդպես չէ: Թերևս կան եզակի բացառություններ, ինչպես Այվազովսկու ցուցահանդեսն էր, որի շնորհիվ մենք աշխատեցինք մոտ 45-50 միլիոն դրամ: Դա այն դեպքում, որ տոմսի արժեքն ընդամենը 1500 դրամ է, և ունենք պետության կողմից սահմանված զեղչերի կարգեր: Որպես կառավարիչ՝ ինձ ձեռնտու չէ այդ համակարգը, որովհետև նախագիծ եմ արել, ցանկություն ունեմ շատ գումար վաստակելու՝ կառույցի հետագա զարգացման համար, բայց որպես արվեստագետ՝ իհարկե, կողմ եմ, որ դպրոցականների տոմսը 300 դրամ լինի, իսկ թոշակառուներինը՝ 400:

Հայաստանի ազգային պատկերասրահ

-Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ողջ Ազգային պատկերասրահն առանց շտապելու դիտելու համար:

-Դա ամբողջությամբ կախված է այցելուի ինտելեկտուալ զարգացման մակարդակից: ՀԱՊ-ն ըստ արժանվույն դիտելու համար այցելուներից օրեր կպահանջվի, բայց հաճախ մարդիկ այցելում են հպանցիկ, առանց առանձնակի հետաքրքվածության՝ թանգարանում անցկացնելով ժամ-ժամուկես:

-Ինչպե՞ս շատ կարճ կբնութագրեք Ազգային պատկերասրահը:

-Ազգային պատկերասրահ ասելիս առաջին զգացողությունը միշտ կապված է լինում գույնի հետ: Մենք մեր գույնն ունենք տարվա բոլոր եղանակներին:

-Պարոն Ծատուրյան, ի՞նչ խոհերով ու ցանկություններով կամփոփեք զրույցը:

-Ցանկանում եմ, որ վերջապես մեր մասնաճյուղերի խնդիրը ռեալ լուծվի, որովհետև դրսից եկող վերապատրաստողները շատ գեղեցիկ մոդելներ են առաջարկում, բայց դրանք կիրառելի չեն Հայաստանում, ինչպես որ մեզ մոտ գործողներն հիմնականում իրագործելի չեն լինի դրսում: Ինձ համար Այվազովսկու ցուցահանդեսից հետո ցնծության զգացում կար, բայց ոչ թե նրա համար, որ ֆինանսական մեծ հոսքեր ունեցանք, այլ որ օրական մինչև 1500 հայ գալիս էր ՀԱՊ, որոնցից շատերն անգամ չէին էլ հասկանում՝ ուր են եկել, զուտ լսել էին Այվազովսկու անունն ու այցելել, բայց միայն այն փաստը, որ թանգարանում մարդիկ հերթ էին կանգնում, արդեն իսկ մեծ բավականություն էր պատճառում: Կցանկանայի, որ Հայաստանում իրական մշակութային հեղափոխություն լիներ: Վերջիվերջո, մենք ոչ թե ինտելեկտուալ բարձ մակարդակով ազգ ենք, այլ հանճարեղ անհատների: Անհրաժեշտ է բարձրացնել մեր ընդհանուր զարգացվածության մակարդակը:

Արփի Խաչատրյան

Հայաստանի ազգային պատկերասրահ Արման Ծատուրյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին