Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նամակով դիմել է արհմիություններին, որում հայտարարել է թոշակային բարեփոխման ծրագրից 2027 թվականին թոշակի անցնելու տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին կետը հանելու մասին:
Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, նամակի տեքստը հրապարակել է BFMTV հեռուստաալիքը: Դեկտեմբերի 11-ին Ֆիլիպի ներկայացրած բարեփոխման ծրագրում նախատեսված էր պաշտոնապես թոշակի անցնելու տարիքը պահպանել 62-ի մակարդակում, սակայն առավելագույն վճարումներ ստանալու համար անհրաժեշտ էր աշխատել մինչև 64 տարեկանը: Բացի այդ, բարեփոխման ընթացքում նախատեսվում էր ստեղծել թոշակի սահմանման միասնական համակարգ՝ չեղարկելով ներկայումս գոյություն ունեցող 42 ծրագիր: Վարչապետը խոստանում էր, որ նոր համակարգը հնարավորություն կտա 2022 թ. թոշակ վճարել նվազագույնը 1000 եվրոյի չափով:
Մի քանի շաբաթ Ֆրանսիայում գործադուլներ էին թոշակային բարեփոխման նախագծի պատճառով: Երեկ նույնպես բողոքի ցույցեր են տեղի ունեցել, Փարիզում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ոստիկանությունը թվիթերում հաղորդել է 19 մարդու բերման ենթարկելու մասին: