Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստին քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխություններով պայմանաավորված՝ ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը: «Դա հրատապ խնդիր է, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը»,-ասաց նա:
Նախագծի զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց, որ առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի` առաջին առաջադրումը կատրավելու է՝ առաջինը՝ ՀՀ կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:
Նա նշեց, որ երեք դատավորների ընտրությունից հետո նոր պետք է Սահամանդրական նախագահ ընտրվի: «Ըստ էության՝ մենք կանոնակարգումներ ենք անում, որ չունենանք հակասություն, բայց սա չի նշանակում, որ եթե օրենքը չարժանանա խորհրդարանի դրական քվեին, դա կնշանակի Սահմաանդրական փոփոխություններն ուժի մեջ չեն մտել: Դա այդպես չէ, Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, և այդ փաստով երեք դատավորի լիազորությունները դադարել են, նախագահի՝ դատավորի լիազորությունները ևս դադարել են»,-ասաց նա:
Արդյոք սա կարելի է համարել վերջին նախաձեռնությունը և հնարավոր կլինի սրանով Սահմանադրական ճգնաժամի խնդրի կարգավորմանը հասնել: Այս մասին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը՝ դիմելով զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:
Զեկուցողը ներկայացրեց իր անձնական կարծիքը.«Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը մեծապես կլուծվի, միևնույն ժամանակ չեմ բացառում, որ ՍԴ ամբողջական լեգիտիմության ապահովման համար և ընդհանուր սահմանադրական մեծ փոփոխությունների համատեքստում կարող է կրկին անդրադարձ լինել Սահմանադրական դատարանին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ՍԴ դատավորների արձակուրդներ գնալը որքան է խոչընդոտում գործընթացին, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում ամրագրվում է թե՛ վճարվող, թե՛ անվճար արձակուրդի կարգավորումները, որոնցից ՍԴ դատավորները իրավունք ունեն օգտվել: «Դա որևէ կերպ չի կարող խոչընդոտել այս գործընթացի կյանքի կոչմանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի , Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը: