Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորելու միջնորդության մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքները: Առաջին ատյանը Ծառուկյանին թողել էր ազատության մեջ՝ մերժելով ներկայացված միջնորդությունը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի քննվում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների բողոքները։
Ծառուկյանի պաշտպանները երկու բողոք են ներկայացրել, որից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։
Երկրորդ բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել է, որ ԲՀԿ առաջնորդի մոտ կորոնավիրուս է հաստատվել և նա այժմ բուժում է ստանում, այսօր չի ներկայանալու դատարան: