ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկած՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվեց։
Լրագրողների հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին։
«Քանի որ դիմումների մի մասը փոստի միջոցով էին ուղարկվել, այս պահին դրանք դատարանին չէր հասել, որովհետև կարճ ժամկետում էր նշանակվել դատական նիստը՝ օրենքի պահանջն էր այդպիսին։ Դատարանը որոշ բողոքներ չէր ստացել, բնականաբար, հնարավոր չէր նիստը շարունակել»,- ասաց Երեմ Սարգսյանը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պետք է քննվեր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։
Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։