f

Անկախ

Ո՛չ, լրագրողներն ավելորդ չեն դառնում, այլ ավելի կարևոր


Իշխանափոխությունից կամ «թավշյա հեղափոխությունից» հետո (անվանեք ինչպես կուզեք) էական վերադասավորումներ են կատարվել ոչ միայն իշխանության ճյուղերում, այլև լրագրության ոլորտում: Գործադիր իշխանությունը յուրացրել է ոչ միայն իշխանության օրենսդիր ու դատական ճյուղերը, դրանք դարձնելով իր կամակատարը, այլև զգալի չափով «իշխանությունից» զրկել է նաև այսպես կոչված չորրորդ իշխանությանը:

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ երկրի վարչապետը մամուլի քարտուղար չունի, և նոր նշանակման մասին ակնարկներ չեն լսվում: Ավելին, ոչ ոքի չի հետաքրքրում, թե այս վիճակն ինչքան է տևելու, ոչ ոք նրա բացակայությունը չի զգում: Ինչո՞ւ: Որովհետև վարչապետի մամուլի քարտուղարը ներկայիս պայմաններում դեր չունի, նրա կարիքը ոչ ոք չէր էլ զգում, հետևաբար կարևոր էլ չէ՝ նա իր իր գործառույթները լավ էր կատարում, թե ոչ:

Մինչդեռ իրականում մամուլի քարտուղարի դերը շատ կարևոր է, եթե իհարկե ղեկավարները լիարժեք են կատարում իրենց գործառույթները, այսինքն՝ զբաղված են իրենց դժվարին աշխատանքով և մամուլի քարտուղար են պահում, որպեսզի ժամանակ չվատնեն լրատվամիջոցների հետ շփումների վրա ու չշեղվեն իրենց հիմնական գործից, բայց միաժամանակ բավարարեն նրանց պահանջները և ճիշտ հարաբերություններ պահպանեն նրանց հետ:

Սակայն սոցիալական ցանցերի երևան գալուց ի վեր աստիճանաբար, երբեմն նաև կտրուկ այս և շատ այլ պատկերացումներ ժամանակավրեպ են դարձել: Էլ ինչի՞ համար է մամուլի քարտուղարը, եթե ղեկավարը, փոխանակ քարտուղարին տեղեկացնելու և երկար-բարակ բացատրելու իր ասելիքը, կարող է մի վայրկյանում «լայվ մտնել» և իր ուզածն ասել հանրությանը կամ արագ-արագ գրառում անել իր էջում:  Ինչին փաստացի ականատես ենք մեր իրականությունում ահա արդեն մոտ երկու տարի:

Սա, իհարկե, զգալի չափով թեթևացնում է մամուլի քարտուղարի աշխատանքը, գուցե և հակառակը՝ ծանրացում՝ պայմանավորված ղեկավարի նկարագրով կամ խառնվածքով, բայց մեծ հաշվով խաղից դուրս է թողնում նրան՝ ձևական դարձնելով նրա դերը: Մյուս կողմից՝ էապես արագացնում է լրագրողների աշխատանքը, սակայն զրկում է նրանց մի կարևոր  առավելությունից՝ հարցեր տալու, ինչպես ասում են՝ տվյալ անձնավորությանը «պատին դեմ տալու» հնարավորությունից: Մի հանգամանք, որի հետևանքով քաղաքական գործիչներ-լրագրողներ մշտնջենական աներևույթ հակամարտությունում, ի վերջո, լրագրողները պարտություն են կրում՝ իրենք էլ, մեծ հաշվով, խաղից դուրս մնալով: Իսկ լրագրողների պարտությունից, ինչպես արդարև հավաստում են փորձագետները, տուժում է հասարակությունը:

Բանն այն է, որ մեր ներկայիս իրականությանը բնորոշ այս երևույթը եզակի կամ աննախադեպ չէ և նկատվում է նաև այլ տարածաշրջաններում և հատկապես այն երկրներում, որոնք հայտնի են իրենց ամբոխավար առաջնորդներով: Եվ պատահական չէ, որ արդեն անհանգստություն է նկատվում թե՛ մեզանում (Արմեն Դուլյան), թե՛ արտերկրում (BBC ), ընդ որում,  բերվում են հատկապես  Վլադիմիր Զելենսկու, Բորիս Ջոնսոնի և Դոնալդ Թրամփի ցայտուն օրինակները, և պարզվում է, որ մեր վարչապետը, ավաղ, այս հարցում էլ աննախադեպ չէ և զօրուգիշեր սոցցանցում անցկացնելու իր գործելակերպով դեռ շատ ջանքեր պիտի գործադրի, որ հասնի Թրամփին:  

Ինչ վերաբերում է Թրամփին, ապա նա աչքի է ընկնում ոչ միայն ԶԼՆ-ներին անտելեսով կամ շրջանցելով, այլև բացահայտ թշնամանքով, և առիթը բաց չի թողնում այդ վերաբերմունքն արտահայտելու համար: Եվ այս տեսանկյունից արդեն «հպարտորեն» կարող ենք ասել, առավելությունը պետք է տալ Փաշինյանին, քանի որ նա չի բավարարվում խոսքով և իր վերաբերմունքը դրսևորում է որոշակի ձեռնարկումներով, ընդհուպ իր սիրած մեթոդով՝ իրեն անախորժ լրատվամիջոցի սեփականատիրոջը կալանավորելով (5-րդ ալիք) կամ օրենքը ոտնահարելով հանրային հեռուստատեսության գործունեությանն ուղղակի միջամտելով ու հաղորդումներ պատվիրելով (ՍԴ նախագահի մասին):

Այնպես որ առայժմ մեր «ժողովրդավարության բաստիոնում» ոչ թե լրագրողներն են իշխանավորներին «պատին դեմ տալիս», այլ իշխանավորները, վարչապետի սիրած արտահայտությամբ, լրագրողներին են «ասֆալտին փռում»:

Ինչ վերաբերում է հարցեր տալուն, ապա իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները փախչում են լրագրողներից, ինչպես բորոտներից, քանի որ իրենց պատասխանների մեծ մասը մատնում է իրենց, մեղմ ասած, չափազանց համեստ գիտելիքներն ու մանր ու մեծ սկանդալների պատճառ դառնում: Այնպես որ առօրյա խոսքուզրույցի մշտական առարկան մի անձնավորություն է՝ վարչապետն իր  ֆեյսբուքյան լայվերով, գրառումներով և ելույթներով, որոնք հերթական կեղծ օրակարգ դառնալով՝ շեղում են հանրությանը երկրի համար կարևոր խնդիրներից (տնտեսություն, անվտանգություն, Արցախի հարցով բանակցություններ և ալն):  

Ինչ վերաբերում է հարցեր տալուն, ապա դրանք տրվում են ամեն օր և՛ հեռուստաալիքներով, և՛ մյուս ԶԼՄ-ներով, և՛ սոցցանցերում, որոնք մնում են օդից կախված:  Եվ մի բան է մնում պարզելու. դրանց հասցեատերը տեղյակ չէ՞ դրանց, այդ մասին նրան չե՞ն տեղեկացնում: Լավ, մամուլի քարտուղար չունի, բայց չէ՞ որ ունի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որի ամենօրյա խնդիրներից են զանգվածային լրատվության միջոցների հետ վարչապետի և աշխատակազմի կապի ապահովումը, լրատվամիջոցներով քաղաքացիների կողմից վարչապետին և աշխատակազմին ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին ըստ անհրաժեշտության արձագանքումը, լրատվամիջոցների նյութերի ամենօրյա տեսության կազմումը և դրա ներկայացումը:  Հետադարձ կապ գոյություն ունի՞, վարչապետը տեղյա՞կ է, թե ինչ հարցեր են հուզում իր սիրելի ժողովրդին, որոնք ամեն օր հնչում են սոցցանցերում ու մամուլում, եթե այո, ապա ինչո՞ւ այդ հարցերը պատասխան չեն ստանում, այլ դրա փոխարեն վարչապետը երկար- բարակ կարող է խոսել ՀԴՄ-ների, զուգարանների, տնտեսուհիների խոհանոցային հոգսերի (բլինչիկ թե տոլմա) և այլ անհեթեթ թեմաների շուրջ:  Համենայն դեպս, չկա մի սովորական զարգացած կամ զարգացող երկիր, որ նման տարօրինակ վիճակում լինի:

Վերջապես, մեր հասարակությունը տուժում է ոչ միայն այն պատճառով, որ այսպիսի պայմաններում են հայտնվել մեր լրատվամիջոցները, այլ որովհետև կարծես սկսել է ամլանալ այս ոլորտի փորձագիտական համայնքը (բացառությամբ մեդիապաշտպանի): Ո՞ւր են նրանք, որ նախկինում խոշորացույցի տակ էին պահում իշխանությունների գործելակերպը և արդարացիորեն քննադատում, ինչո՞ւ չեն անդրադառնում օրերս հանրային հեռուստատեսության հետ կապված աղաղակող դիպվածին, ինչո՞ւ քննարկում չեն կազմակերպում, ինչո՞ւ հայտարարություն չեն անում, երբ դրա խորհրդի նախագահը հրապարակավ հայտարարում է, որ իր ղեկավարած հեռուստաընկերության հեռարձակած ռեպորտաժի հետ ինքը կապ չունի:  

Օրերս ֆեյսբուքում հանդիպեց Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումն այդ կապակցությամբ, և պարզվեց, որ նրան մի բան է հետաքրքրում՝ ճիշտ է արդյոք Դավիթ Հարությունյանը, երբ ասում է, որ հեռուստատեսությունը խախտել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը: Եվ հիասթափություն է հայտնում, որ իր համար հարգելի Հարությունյանը  «իջնում էր ակնհայտորեն կոնյունկտուրային հայտարարությունների մակարդակին», երբ ասում է, թե «պետությունը վերջանում է, երբ դատարանը (կոնկրետ ՍԴ-ն) դառնում է խամաճիկ գործադիր իշխանության ձեռքում»:  

Թողնենք անմեղության կանխավարկածի հարցը, մեր օրենսդրությունն իրոք դրա հնարավորությունը չի ընձեռում: Իսկ լրագրողական էթիկա՞ն, իսկ հանրային հեռուստատեսության կանոնադրությո՞ւնը, իսկ նրա մասին օրե՞նքը, իսկ ո՞ւր մնաց անաչառ տեղեկատվության և բազմակարծության նորմերի ապահովումը: Հանրային հեռուստատեսությունը փաստացի դարձել է գործադիր իշխանության խամաճիկը, դա հեղինակավոր լրագրողական կազմակերպությանը չի՞ հուզում: Եվ ինչպե՞ս կարող է հայտարարել, որ ՍԴ-ն միշտ խամաճիկ է եղել և երբեք օրենքին չի հետևել: Մի՞շտ, երբե՞ք: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, պրն. Նավասարդյանը չափից ավելի խելացի է, որ չհասկանա, թե այսօրվա վեճն ու կռիվը ինչի համար է: Չէ՞ որ այն պատճառով, որ այդ դատարանը չի ցանկանում այսօրվա իշխանության խամաճիկը դառնալ: Հիանալի շանս: Հետևաբար հարց է ծագում, մենք՝ լրագրողներս, ում և ինչը պիտի պաշտպանենք: Պրն. Նավասարդյանը, Դավիթ Հարությունյանից հիասթափվելով, ինքն էլ է հիասթափեցնում, իրեն նետելով կոնյունկտուրայի գիրկը, որ շատ ցավալի է:  

Եվ մեր ներկայիս անբնական, անմխիթար վիճակը, ափսոս, բնորոշվում է նաև նրանով, որ իր տեղը չի գտնում ոչ միայն լրագրողական, այլև փորձագիտական համայնքը:  

Ուստի արժի այստեղ մեջբերել բրիտանական փորձագետի՝ պրոֆեսոր Դարրեն Լիլեկերի խոսքն այն մասին, որ աշխարհի քաղաքական գործիչների մեծ մասը երազում է գործ չունենալ լրագրողների տհաճ հարցերի խնդրի հետ: 

«Բայց ժողովրդավարության նորմերը կարևոր են,- ասում է նա:- Եվ ժողովրդավարորեն ընտրված քաղաքական գործիչների մեծ մասը կարծում է, որ այդ նորմերին հավատարիմ մնալն ավելի կարևոր է, քան հանգիստ կյանքը: Նրանք հիշում են, որ մի օր իրենք կրկին կարող են հայտնվել իշխանության ընդդիմության դերում և այն ժամանակ իրենց համար շատ կարևոր կլինի, որ իրենց ձայնը նույնպես լսվի հասարակությունում: Իսկ դա հազիվ թե հնարավոր է մի երկրում, որտեղ ԶԼՄ-ները սոսկ իշխանությունների ստրուկը կամ խոսափողն են»: 

Ավելացնենք՝ այսօրվա իշխանություններն այս մասին չեն հիշում, բայց լրագրողները հիշում են:

Հետևաբար այս ամենի մեջ լավ լուրն այն է, որ որքան էլ դժվարին ժամանակներ լինեն, լրագրողական համայնքի մի մեծ հատվածը գիտակցում է սա և հավատարիմ է մնում իր մասնագիտական խղճին, թեկուզ եթե ամեն օր իրենց «ասֆալտին փռեն»: Ուրեմն Արմեն Դուլյանի հարցը (Լրագրողներն ավելո՞րդ են դառնում) պատասխանի ունի՝ ո՛չ, հակառակը՝ ավելի կարևոր են դառնում:  

Անահիտ Հարությունյան

 

Կարծիք իշխանություն և մեդիա

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին