f

Անկախ

Դատապարտման փոխարեն՝ թավշյա խրախուսում․ Զարուհի Փոստանջյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին հնարավոր պաշտոնի նշանակելու մասին


Վերջին օրերին մամուլում ակտիվ շրջանառվում է այն վարկածը, որ իշխանությունները ցանկանում են ՍԴ անդամի, իսկ հետո գուցե նաև ՍԴ նախագահի պաշտոնում տեսնել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Այս միտքը բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ մի կողմից հասարակության զգալի մի հատված Ջհանգիրյանին ընկալում է իբրև ընտրակեղծարար, մյուս կողմից նրա անունը կապվում է որպես զինդատախազ պաշտոնավարելու տարիներին զինված ուժերում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների դեպքերի հետ, որոնցից մեկն էլ Մատաղիսի գործն է։

Թեմայի վերաբերյալ Անկախ-ը զրուցել է Մատաղիսի գործով ցմահ դատապարտված, ապա արդարացված նախկին զինծառայողների փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ։

-Տիկին Փոստանջյան, Մատաղիսի գործը կասեցված է և ըստ էության՝ իրական մեղավորները պատժված չեն։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իրական հանցագործությունը բացահայտելու համար, և ի՞նչ առնչություն ունի այս գործի հետ այդ տարիների զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

-Ցավալի է, բայց փաստ, իշխանափոխության երրորդ տարին է, սակայն բազմաթիվ քրեական գործեր այդպես էլ շարունակում են մնալ չբացահայտված։ Դրանք կա՛մ կասեցված են, կա՛մ էլ ընթանում են կեղծ (նմանակման) նախաքննության և դատաքննության անվան տակ:

Ներկայիս նախաքննական մարմինները և դատախազությունը ամբողջությամբ ենթարկվում են գործող իշխանությանը: Եթե այս մարմինները թերացել են, ապա դա գործող գործադիր իշխանության ձախողումն է: Այսինքն և՛ նախորդ, և՛ ներկայիս իշխանությունները չեն ցանկացել բացահայտել հանցագործությունները, այդ թվում նաև Մատաղիսի գործով:

Մատաղիսի գործի նախաքննության և դատաքննության ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը զինվորական դատախազն էր: Այս գործը նրա պաշտոնավարման տարիների բացառիկ պարտությունն էր: Այս գործով նրա մեղադրանքը ջախջախիչ պարտություն կրեց և՛ ազգային դատարանում, և՛ միջազգային դատարանում: Այս գործով մեր դատարանը արդարացրեց ամբաստանյալներին, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը մեղադրեց պարտավորությունների խախտման մեջ և պարտավորեցրեց տուժողներին վճարել 50 հազար եվրո:

Ցանկացած քրեական գործի բացահայտման համար առաջին հերթին անհրաժեշտ է ցանկություն: Իսկ այդ ցանկությունը ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա իշխանության մոտ բացակայում է: Բացի այդ, իրենց պարտականությունների մեջ ոչ միայն թերացած, այլ քրեորեն հետապնդելի արարքներ թույլ տված անձինք ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլ ավելին, Գագիկ Ջհանգիրյանի օրինակով ցանկանում են արդարադատության համակարգում զբաղեցնել բարձր պաշտոններ:

-Անդրադառնանք հենց այդ հարցին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Գագիկ Ջհանգիրյանին որպես ՍԴ դատավոր կամ ՍԴ նախագահ նշանակելու վերաբերյալ շրջանառվող լուրերը։

-Դա լկտի, արհամարհական վերաբերմունք է ընդունված բարոյական
նորմերի՝ պարկեշտության ու քաղաքավարության կանոնների նկատմամբ։ Ուղղակի անպատկառություն է: Ավելի ցինիկ վերաբերմունք չեմ պատկերացնում: Դատապարտման փոխարեն, թավշյա խրախուսում: Գագիկ Ջհանգիրյանի ապօրինի մեղադրանքի պատճառով իմ պաշտպանյալներ զինծառայողներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը շուրջ երեք տարի հանիրավի անցկացրել են բանտախցերում, այս երեք տարիների վեց ամիսը նրանք անցկացրել են ցմահների բանտախցում Նուբարաշեն ՔԿՀ-ի  5-րդ հարկում: Դրանք այնպիսի դաժան զրկանքներ են, որ դրանց պատասխանը պետք է տրվի դատապարտման ձևով: Այս գործով ես առնչվեցի և ճանաչեցի հինգ ընտանիքների` երեքը իմ պաշտպանյալների ընտանիքները, երկուսը՝ սպանվածների: Այս ընտանիքներից ոչ մեկից ներողություն չեն խնդրել: Նրանց կորուստները չեն փոխհատուցվել, նրանց վնասներ պատճառած անձինք չեն դատապարտվել: Այսինքն հիմնական վնաս պատճառողները կա՛մ շարունակում են պաշտոնավարել որպես դատավոր, կա՛մ Գագիկ Ջհանգիրյանի նման հավակնում են դառնալ դատավոր:

-Գագիկ Ջհանգիրյանի անունը կապվում է նաև 1995-96 թթ․ ընտրակեղծիքների հետ։ Արդյո՞ք կիսում եք այն տեսակետը, որ Ջհանգիրյանը մասնակից է եղել այդ տարիներին տեղի ունեցած ընտրակեղծիքներին։

-1995-96 թթ․ ընտրակեղծիքների հետ նրա առնչությունը միանշանակ է, նա նորանկախ Հայաստանի Հանրապետության կեղծիքների տեխնոլոգիաների ներդրման հիմնադիրներից է:

Հետո Գագիկ Ջհանգիրյանն արդեն ընդդիմություն էր և Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ղեկավարում էր քաղաքապետի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը։ 

Ընտրության օրը ընտրական գործընթացին հետևելու և ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգ փոխանցելու նպատակով գնացել էի Սասուն Միքայելյանի շտաբ: Գագիկ Ջհանգիրյանը մեծ եռանդով համակարգում էր` ցուցումներ էր տալիս, թե ինչպես դեմն առնել ընտրակեղծարարության և այլն: Եվ երբ ահազանգ ստացավ, որ լույսերը անջատել են, ասաց՝ հանգիստ եղեք, բոլոր քայլերը հաշվարկել եմ, մի՛ մոռացեք, թե ընտրակեղծարարության հմտությունների վերաբերյալ ինչ փորձ ունեմ, գիտեք, որ կանգնած եմ եղել դրա ակունքներում: Իհարկե, բառացի չեմ մեջբերում իր խոսքերը, բայց միտքն ու բովանդակությունը դա էր։

-Ի՞նչ գնահատական կտաք ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններին նախ իրավական, ապա քաղաքական տեսանկյունից։

-Իրավական գործընթաց գույություն չունի, ամեն ինչ ընթանում է իրավունքի բացառիկ մերժման շրջանակում, իսկ քաղաքական շահը ցցուն է: Գործադիր իշխանությունը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ցանկանում է ունենալ ձևավական դատական համակարգ:

Զարուհի Փոստանջյան Գագիկ Ջհանգիրյան Մատաղիսի գործ Հայաստան Սահմանադրական դատարան ընտրակեղծիքներ

Այլ հոդվածներ հեղինակից

Անդրանիկ Քոչարյանն անցնում է բարեկրթության բոլոր սահմանները. կարգի՛ հրավիրեք կանանց և լրագրողների հաշվին ինքնահաստատվող ձեր անդամներին․ Ժուռնալիսների միությունը՝ «Իմ քայլին»
Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանը. Արա Զոհրաբյան
Գիտաշխատողների աշխատավարձային բազային ֆոնդը քառապատկվում է․ Նիկոլ Փաշինյան
Ռոնալդուն բացառիկ ռեկորդ է սահմանել
Կան վայրեր, որտեղ ռելիեֆը բարդ է, և հակառակորդը տեղակայման գործընթաց չէր արել, հիմա դա են անում, մեր զինուժն էլ հետևում է, որ առաջ չգան. Գնել Սանոսյան
Այս իշխանությունն ամեն օր կործանում է հայրենիքն ու մարդկային ճակատագրեր․ մեր երկիրը շանս չունի, եթե օր առաջ չազատվի այս աղետալի համավարակից․ Արման Սաղաթելյան
Մեզ 7 ամիս է աշխատավարձ չեն վճարում ու չեն ապահովում գործարանի անվտանգության խնդիրը. նաիրիտցիները բողոքի ակցիա արեցին Կառավարության մոտ
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ
Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև. Վահե Հովհաննիսյան
Աշխատաժողովի օրակարգում ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն էր
Եթե հանձնենք այդ բարձունքը, խնդիրներ ենք ունենալու. Մովսես Հակոբյան. NEWS.am
Կառավարությունը հաստատեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը
Նիկոլ Փաշինյանն ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծել
Հարոյանը համաձայնեցրել է պայմանագիրը իսպանական ակումբի հետ
Քննարկվել են համատեղ գիտատեխնոլոգիական ծրագիր իրականացնելու հնարավորությունները. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» նորարարական կենտրոն
Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Մեծ Իշխանասարի վրա գտնվող "Սև լիճ" արգելավայրը Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում է
Հայաստան է այցելում Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին
Մխիթարյանի գոլը չփրկեց «Ռոմային» պարտությունից
Սյունիքում իրադրությունը շարունակում է մնալ նույնը. պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Փաշինյանի գիշերային նիստն ու գնահատականները ցույց են տալիս, որ սա զուտ պետական սահմանի խախտման դեպք չէ. Աբրահամյան
Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու KIA-ն
Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նոր հրամանատարը մինչև ամսվա վերջ կստանձնի իր պարտականությունները
Կառավարության նիստի օրակարգում 50 հարց է, որից 42-ը չի զեկուցվում, ևս 3 հարց գաղտնի է. ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Ավելին
Ավելին