f

Անկախ

Խորքով ազգային բանաստեղծը․ Ռազմիկ Դավոյանն 80 տարեկան է


Մեծանուն հայ բանաստեղծ, հասարակական գործիչ  Ռազմիկ Դավոյանն այսօր նշում էր իր 80-ամյակը։ «Անկախի» խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ հայորդուն։

Ռազմիկ Դավոյանի ծննդյան առթիվ ներկայացնում ենք լիտվացի ականավոր բանաստեղծ Էդուարդաս  Մեժելայտիսի և նորագույն շրջանի հայ խոշորագույն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը, որ նրանք ժամանակին ուղղել են Ռազմիկ Դավոյանին, ինչպես նաև նրա բանաստեղծություններից մի քանիսը։ 

 

***

Էդուարդաս Մեժելայտիս

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ

Հայաստանն անսահմանափակ պոեզիայի երկիր է: Եվ որքան խորանում ես նրա բիբլիական պատմության խորքում ու ծանոթանում այս երկրի առասպելական մանրամասներին, այնքան լավ ես հասկանում, թե ինչու է այստեղ պոեզիան անսահմանափակ: Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան, Համո Սահյան և ինձ համար սիրելի դարձած շատ այլ բանաստեղծներ, որ գրել են հայկական արևի տակ, ես նրանց հենց այդպես էլ պատկերացնում եմ. բիբլիական Արարատ լեռան՝ այստեղ գոյություն ունեցող յուրահատուկ կանաչի, արևի յուրահատուկ դեղինի ու երկնքի յուրահատուկ կապույտ ֆոնի վրա: Այդ ֆոնի վրա նրանք Նոյյան աղավնու նման իրար են փոխանցում ձիթենու ճյուղը՝ որպես պոետական գրիչ, ու շարունակվում իրար մեջ՝ որպես անսահմանափակ պոեզիա արարողներ:

Յուրաքանչյուր առասպել ավարտվում է ֆիզիկական մահով և հոգեկան հաղթանակով: Հայաստանը անսահմանափակ առասպելների երկիր է: Ուստի հոգեկան հաղթանակներն այստեղ շարունակում են ծնունդ տալ իրար:

Առասպելներից ծնված հոգեկան հաղթանակների գոյությունը ես ավելի կոնկրետացված զգացի, երբ ես ծանոթացա Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հետ: Ես անմիջապես զգացի, որ նա հենց այսպես գրող լինելու համար և համառ ջանքերով չի ստեղծագործել: Հարյուրամյակներ գուցե թե նաև հազարամյակներ շարունակ նրա գրչի համար պատմական մշակութային ու հոգևոր հող է նախապատրաստվել: Ռ. Դավոյանը ժառանգորդ է: Առասպելից ծնված բանաստեղծականությամբ հարուստ ազգի ժառանգորդը: Ստացել է ժառանգություն Նարեկացուց: Գենետիկորեն ու հոգևոր ոլորտներով նրան է անցել Նարեկացու փիլիսոփայական միտքը: Եվ եթե Նարեկացու առասպելական կյանքն ավարտվել է ֆիզիկական մահով, նրա ոգեղեն աշխարհը հաղթել է մահին, քանի որ կասկածից վեր է, որ անցել է, շարունակվել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մեջ: Նարեկացու ոգու աշխարհը մահ չի ճանաչել, քանի որ մահից շատ մեծ ընդգրկումներ ունեցող սիրո աշխարհ է այն: Ահա թե ինչ է շարժել նաև Ռազմիկ Դավոյանի գրիչը՝ Սերը մարդկության և մոլորակի ներդաշնակ գոյության նկատմամբ:

Մարդասիրական պոեզիայի մեջ անչափելի մեծություն է Պարույր Սևակը, որի հետ ես շատ հետաքրքիր ծանոթություն ու բարեկամական հարաբերություններ ունեցա: Սևակի անձն ինձ մշտապես ինչ-որ անտիկ բան է հիշեցնում: Այս զարմանալի պոետիկ երկրում ես սևակյան անտիկ գեղեցկության, ռեալականության կողքին գտա մի բոլորովին ուրիշ գեղեցկություն՝ Ռ. Դավոյանի պոեզիան, որի գեղեցկության փայլն ասես իջնում է երկնային ոլորտներից: Մարդկանց աշխարհն ու տիեզերական անսահմանությունն իրար մեջ տարածելու ամբողջական սիրո պոեզիա է Ռ. Դավոյանի պոեզիան: Ես չեմ կարող անտարբեր անցնել ու չհիանալ նրա այն տողերով, ուր բանաստեղծը, իր երկրային ներկայության մեջ իրեն մոլոր ուլի նմանեցնելով, ի վիճակի է ցրիվ գալ, տարածվել տիեզերքում, որպեսզի կարողանա ստանալ իր ամբողջական հավիտենականության մեջ գոյատևող ամբողջական պատկերը:

Ես այստեղ չեմ հիմա,

Ես ինձ փչեմ հիմա,

Խլածաղկի նման կանհետանամ օդում:

 Սևակի ստեղծագործական լաբորատորիայում շռնդալից ձևով են աշխատել նրա սիրտն ու միտքը՝ խոսելով իրար հետ համահունչ ձևով: Դավոյանը լաբորատորիայում թրծված ոսկով մարդկային ոգեղեն ոլորտները զարդարելու, հենց այդ ոլորտներում էլ այն օգտագործելու ճանապարհ է հարթել:

Ի՞նչ կարող է անել բանաստեղծի սիրտը, միտքն ու ոգին՝ այդ եռամիասնությունը, երբ արդեն գիտի մարդկանց երկրում ճաշակվածի գինը, բնության վերընձյուղվելու գաղտնիքը, և ձգտում է դեպի հավերժություն: Նա կկանգնի ծառի առջև ու խնդրանքով կդիմի նրան, թե՝ «Բա՛ց կեղևդ, ծառ»:

Առ ինձ կեղևիդ մեջ.-

Այս անծաղիկ դարում

Ես կձուլվեմ քեզ հետ

Որպես փոքրիկ գարուն:

Հետո, երբ արդեն ձուլված կլինեն իրար, եռամիասնությունն այսպես՝

Որպես լեգենդ պայծառ,

Կբարբառի նրան

Անհուն, կորած մի սեր

Եվ մի կարոտ անծայր:

Գոյություն ունի բանաստեղծական երկրաչափություն, որի գաղափարը շատ ճշմարիտ ձևով մեկնաբանել է Ալեքսանդր Բլոկը: Եվ այն, ինչ վերաբերում է բանաստեղծի ստեղծագործության երկրաչափական պատկերին, իր մեջ ներառում է բարության, լույսի և ազատության փիլիսոփայությունը: Հենց դրա հետ էլ այնքան համահունչ է Ռ. Դավոյանի պոեզիան:

Ուղղակի զարմանալի ու հրաշալի է այն, որ բլոկյան երկրաչափական եռանկյունին Ռ. Դավոյանի մոտ դրվում է մի բարեբեր ու երանելի մթնոլորտում, որի անունը Սեր է: Այսինքն՝ Ռ. Դավոյանի ստեղծագործական ամբողջականությունը սիրո հավաքական կերպարն է:

Պարույր Սևակը, որ մարդասիրության մի հսկա փարոս է, աշխատում է մարդասիրական այն լաբորատորիայում, ուր առավել մարդկային է դարձնում մարդուն, սիրտ է կապում սրտին, առանց հապաղելու՝ մերժում է սրտի վրա բույն գտած չարի՝ ստորի, կեղծիքի օջախները: Մարդասիրական սևակյան այդ հսկա փարոսից աչքը չկտրող Ռ. Դավոյանի ստեղծագործական աշխարհը, ուղեցույց լույսի գաղտնիքն իմացողի վստահությամբ, երջանկության համը ճաշակածի երանությամբ, կանչում է բոլորին՝ նավարկելու Սիրո ջրերում:

Ռ. Դավոյանը խորքով ազգային բանաստեղծ է: Թեև նա պատկերներ չի նկարել Հայաստանի մասին, այդ վարպետորեն է արել Մարտիրոս Սարյանը, թեպետ բառային գունավորումներով չի պատկերել նրա քարերը, արևը, միրգը և այլն: Նա ազգի պոեզիային, անսահման գեղեցիկ ջրերին միացել է ազգի առասպելներից, հույսից, հավատից, ծնուդ առած գետակներով՝ ամրացնելով ոգեղեն կապի օղակները անցյալի ու ներկայի միջև:

Ռ. Դավոյանի պոեզիան ինձ համար բացահայտեց Հայաստան երկրի և տիեզերական անսահմանության ոգեղեն կապը: Ահա թե ինչ մեղրահաց է գենետիկորեն փոխանցվել նրան, որի վրա նա անընդհատ քաղցրություն է ավելացնում և դեռ պիտի ավելացնի:

 

Լիտվերենից թարգմանեց

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

***

ԳԵՐԽԻՏ ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Արդեն համազգային մի տևական կյանք է մեզ ծեծելով-ծեծելով հորով-որդով, պապով-թոռով՝ մեր փարախն են քաշում – համեստ մեր տեղը գտնելու, մեր ոտքը մեր վերմակի չափով մեկնելու, և շատերս արդեն զորական ու քաղաքագետ, պատմաբան ու բանաստեղծ, նկարիչ ու գործիչ՝ համեստ մեր տեղերը գտել ենք, մեր արևի ձենն ենք ածում։

Համազգային մեր զորությունը, զորությունը ազգովին՝ ամեն մեկիս մեր տեղը կզորացներ յուրաքանչյուրիս ու ամենքիս, համազգային մեր տկարությունը աղարտում ու աղավաղում է յուրաքանչյուրիս ու գրեթե ամենքիս վերընթացը։

Եվ չեն աղարտվում, չեն աղավաղվում, չեն բեկվում, կիսատ չեն մնում մեզնից նրանք՝ ովքեր այս աշխարհ ոտ են դնում որդու և տիրոջ իրավունքով ու կամքով – մի Իսահակյան, մի Չարենց, մի Սարյան ու Խաչատրյան, մի Թումանյան։

Ըստ երևույթին ոգու վերին իմպերատիվը մեր վարքի ու գործի մեջ նույնքան զորեղ գործոն է, որքան մեզ չափաբերող, մեզ մեր երկրային չափերին բերող իրականությունը։ Ըստ երևույթին մեզնից նրանք, ովքեր այս աշխարհ ոտ են դնում  որդու և տիրոջ վստահությամբ – իրենց այն մյուս՝ իրենց ներսի թագավորությունում անպայման տեսած են լինում իրենց աստծու պատկերը, ընկալած են լինում նրա անհունչ շշունջը, և այդ հաղորդությունն է հաջիմահտեսու վայելուչ վստահություն տալիս նրանց մուտքին մեր աշխարհ. Նրանք իրենց Մեքքայում եղել են, նրանք իրենց Մեքքայից են գալիս, նրանք պատգամաբեր են, նրանք լեցուն են իրենց աստծու շշուկներով, նրանց կառույցներում այլ կամքերի համար տեղ չկա։

Ռազմիկ Դավոյանի մուտքը վստահ էր և ձայնը հաստատ։ Այդքան վստահ մուտք, այդքան արդարացվող վստահություն, միանգամից այդպիսի հասունություն – մեր բանաստեղծությունը նախկիններում թերևս մի քանի անգամ արձանագրել էր, իսկ իմ սերունդը չարձանագրեց։ Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս. Ճշմարիտ բանաստեղծներն իսկապես գալիս են մի այլ ժամանակներից և ապրում են իրենց այդ գերխիտ ժամանակով։

Ռազմիկ Դավոյանը վաթսուն տարեկան է։

Ռազմիկ Դավոյանի Ռեքվիեմը քառասուն տարեկան է։ Քսան տարեկանում տողեր գրել, էջեր լցնել՝ որ իրենց ծնունդի իսկ պահից խայտալով ու զրնգալով ճամփա են ընկնելու քեզ հետ, և հոգնության, հուսահատության ու անկումներիդ ժամերին չես ամաչելու այս աշխարհում ոչնչից ու ոչ մեկից – միմիայն իրենցից՝ քո խայտուն ու զրնգուն այդ քոչուքարվանից, - նշանակում է քսանամյա այդ պատանին իրոք Մեքքայից էր գալիս, իրոք երկնքից, Աստված անվանյալ մեծ Բանաստեղծից էր ընթերցում իր կուռ տողերը, իր շքեղ էջերը։

Եվ՝ Սարոյանի խոսքով՝ ճշմարիտ բանաստեղծները մեկ անգամ չեն մեռնում։ Եթե մեռնում են մեկ անգամ՝ մեկընդմիշտ են մեռնում։ Վաթսունամյա Դավոյանը մի երկու անգամ մեռել է։ Իր հերթական, մերօրյա հարությանը նա իհարկե նույն Ռազմիկը չի լինի, որովհետև ողջ հայրենիքով, մի տեսակ՝ ամբողջ մայրցամաքով ենք լքում երեկվա ափերը, մի տեսակ՝ բոլորս ու ամեն ինչ ու ամեն ոք երևում է լիովին այլ, ոչ այնքան նշանակալից տեսքով ու իմաստով, - բայց և երեկվա մեր դեռ խաղաղ հանգրվանում ինքն էր՝ Ռազմիկ Դավոյանը, որ գալիքի փլվող հորիզոնների տագնապով երգ էր հյուսում իր չբռնած ձեռքերի ու չհնչյունավորված տողերի մասին։

Մեզնից ոչ մեկի – Ի՛ր գուշակած հեռաստաններում ենք այսօր, այսօր  ի՛ր մղձավանջներն ենք ապրում, ասել է՝ Ի՛ր ժամանակներում ենք ապրում, և այս ժամանակներում նոր Դավոյանի քայլը մեզնից մի քիչ առաջ է լինելու, որպես մեզ անծանոթ, իրեն լավ ծանոթ ափերում։

 

                                                                              Հրանտ Մաթեվոսյան

                                                                                           Գրական Թերթ

                                                                                       14 Հուլիսի, 2000թ.

 

                                    ***

Իմ  կապույտ  արցունքները

Կախվում  են  իմ  սև  բիբերից,

Որպես  դժվար  ծնվող  պտուղն  իմ  աչքերի:

Կախվում  են,  ինչպես  հոգսը,

Եվ  ինչպես  թեթևացումն  հոգսի,

Եվ  աչքերիս  լույսն  է  արդեն  շաղվում.-

Իմ  կապույտ  արցունքները  իմ  սև  բիբերից

Կախվում  են  առանց  հենարան,

Ինչպես  որ  լույսն  է  լույսից  կախվում:

 

ԿԵՂԵՎԴ  ԲԱՑ  ԱՐԱ

Բա՛ց  քո  կեղևը,  ծառ,

Ա՛ռ  ինձ  կեղևիդ  մեջ...

Անցան  օրեր  մեկ-մեկ,

Անցան  օրեր  զույգ-զույգ,

Ճաշակեցինք  և՛  սեր,

Ե՛վ  տառապանք,  և՛  սուգ:

Հոգնեցրին  ինձ  արդեն

Օրերը  լայն  ու  նեղ,

Հոգնեցրին  ինձ  արդեն

Մեղավոր  ու  անմեղ,

Հոգնեցրին  ինձ  արդեն

Տխրությունն  այս  ցանցառ

Եվ  կարոտներն  այս  խեղճ.-

Դե  բաց  կեղևդ,  ծա՛ռ,

Ա՛ռ  ինձ  կեղևիդ  մեջ:

Ա՛ռ  ինձ  կեղևիդ  մեջ.-

Այս  անծաղիկ  դարում

Ես  կձուլվեմ  քեզ  հետ`

Որպես  փոքրիկ  գարուն:

Որպես  թաքուն  թախիծ,

Տերևներիդ  խորքում

Ես  կփայլեմ  տխուր

Ու  կմտնեմ  խոր  քուն:

Ու  հողմերը  թե  գան`

Ինձ  խլեն  քո  ձեռքից,

Ես  կարթնանամ,  ծա՛ռ  իմ,

Կըորոտանք  մեկից:

Ես  կձգվեմ  քեզ  հետ,

Ես  կճկվեմ  քեզ  հետ

Ու  հողմերի  ձեռքից

Ես  կփրկվեմ  քեզ  հետ:

Ու  մի  թաքուն  գիշեր,

Երբ  բոլորը  քնեն,

Ես  քեզ  կախարդական

Բառեր  կըկրկընեմ.-

Կելնենք  թաքու՜ն-թաքու՜ն,

Կերթանք  կամա՜ց-կամա՜ց,

Ու  քնի  մեջ  նրան 

Կդարձընենք  անքուն:

Նրա  երազի մեջ

Կախարդական  մի  ծառ

Մարդկային  ձև  կառնի,

Կշնկշնկա  կամաց,

Եվ  մարդկային  լեզվով,

Որպես  լեգենդ  պայծառ,

Կբարբառի  նրան

Անհու՜ն,  կորած  մի  սեր

Եվ  մի  կարոտ  անծայր:

Հետո  կամաց-կամաց,

Ցավով  մեր  շողշողուն,

Որպես  կորած  տեսիլք,

Մենք  կթաղվենք  հողում:

***

Ես  ամեն  օր  քեզ  հետ  զրուցում  եմ  թաքուն

Եվ  ամեն  օր  քեզ  հետ  կռիվ  ու  վեճ  ունեմ,

Եվ  ամեն  օր  այսպես  տառապում  եմ,  սե՛ր  իմ,

Չէ՞  որ  մտածում  եմ,  որ  ես  էլ  վերջ  ունեմ:

Անբնական  մի  վերջ`  հիմար  մի  տագնապից,

Հիմար  մի  տագնապի  անբնական  չափից,

Իմ  ու  այս  աշխարհի  անբնական  կապից,

Ամեն  կողմից  գլխիս,

Երազներիս  թափվող

Անմարդկային  ցավից,  քաղաքական  լափից:

Անբնական  մի  վերջ,  սե՛ր  իմ,  անբնական.-

Դու՛,  որ  կարող  էիր  թավշե  մի  ժպիտով

Բոցավառել  իմ  գորշ  ու  տաղտկալի  ներկան

Եվ  որ  կարող  էիր  գուրգուրանքի  ստով

Լցնել  իմ  մեջ  կյանքի  ուժը  տիտանական,

Դու  հեռացար  այնպես  փափուկ  ու  բնական,

Այնպես  անփութորեն  և  մտերիմ  այնքան,

Այնքան  մտերմորեն - և՛  լուռ,  և՛  անհուզում,

Որ  ես  հիմա  ցավից  խորտակվել  եմ  ուզում:

Մի՛  տագնապիր,  մի՛  լար  և  մի՛  ասա,  թե  դու

Հետո  ճամփաներ  ես  փնտրել  վերադարձի.-

Իսկ  դու  գիտե՞ս  ի՞նչ  է  ցավը  խորտակվածի

Եվ  կորուստը  արդեն  կորուստ  տված  մարդու:

Պիտի  ելնեմ  հիմա,  մառախուղի  միջով

Պիտի  գնամ  ինչ-որ  անհայտ  ճամփորդության,

Եվ  դա  չի  լինելու  խռովածի  տագնապ,

Կամ  միամիտ  մարդու  քմայք  անփորձության:

Պիտի  գնամ,  ի՞նչ  կա:  Դու  էլ  պիտի  գնաս

Որպես  փափուկ  մշուշ,  կամ  կարոտի  մի  հով,

Պիտի  գնաս  մենա՛կ,  անվերադա՜րձ,  անփու՜յթ,

Սակայն,  ավա՛ղ,  ուրի՛շ,

Ուրիշ  ճանապարհով:

                              ***

Երեկ  տխուր,  այսօր  ուրախ,

Ալիքի  պես  ծափ  եմ  տալիս,

Երեկ`  դեպի  անհայտություն,

Այսօր  դեպի  ափ  եմ  գալիս:

Լուռ  ժպտում  եմ  փոքր  ու  մեծին,

Կամ  ծիծաղում  խենթի  նման,

Ինձ  բաշխում  եմ  ավազներին

Անապատի  գետի  նման:

Ինձ  բաշխում  եմ  անմնացորդ,

Իմ  ժպիտներն  ու՞ր  են  տանում.-

Ծիծաղիս  մեջ  ամեն  անցորդ

Հոգնած  հոգին  է  լվանում:

Վաղը  երբ  որ  մշուշ  լինի,

Եվ  արցունքներ  ծնվեն  ցավից,

Գուցե  մեկը  փոքրիկ  մի  կայծ

Ետ  բերի  ինձ  իմ  ծիծաղից:

 

Ռազմիկ Դավոյան մշակույթ

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին