f

Անկախ

Առայժմ հայ կանայք առաջընթաց քայլեր կանեն արտերկրում, իսկ Հայաստանում «հանգիստ կնստեն տեղները»


Ներկայիս հայաստանյան քաղաքական ճգնաժամի տխուր խորապատկերում կարծես մխիթարանք էր հայերիս հաղթանակը Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնք տեղի ունեցան անցած կիրակի: Այդ օրվանից մեր լրատվամիջոցների էջերից ու սոցիալական ցանցերից չի իջնում Ժաննա Բարսեղյանի անունը, որը հաղթանակ տարավ Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններում:

Հայերիս հպարտանալու ծարավը հագեցրեց մանավանդ այն հանգամանքը, որ Ժաննան դաշնակցական գործիչ Սարգիս Բարսեղյանի և մեր առաջին հանրապետության խորհրադարանի երեք կին պատգամավորներից մեկի՝ Պերճուհի Պարտիզպանյանի ծոռն է, ինչը ևս մեկ անգամ վկայեց, որ ժառանգականությունը հզոր ուժ է, որի դեմ անզոր են ժամանակն ու տարածությունը: Ծոռան հաջողությունը առիթ դարձավ, որ ևս մեկ անգամ ոգեկոչեինք նրա երախտավոր մեծ պապին ու մեծ տատին: Շատ սրտառուչ երևույթ է, ավելի լավ պատվանդան նախնիների հիշատակին հավանաբար հնարավոր չէ պատկերացնել:

Բայց մինչ հանրության մեծ մասը համարյա անգիր արեց Պերճուհու կենսագրությունը և հիացավ Ժաննայի հաղթական ժպիտով, կարծես ուշադրությունից դուրս թողեց այն հանգամանքը, որ ֆրանսիացիների այս ընտրությունները կարևոր հաղթանակ էին մեզ համար նաև  հայ-թուրք/ադրբեջանական հարաբերությունների, հայ և թուրք/ադրբեջանցի լոբբիների հակամարտության առումով: Մինչ ֆրանսիական կուսակցությունները պայքար էին մղում քաղաքապետների աթոռների համար, մրցակցություն էր ընթանում հայերի և թուրքերի միջև:

Բանն այն է, որ թուրքերը, ինչպես որ հայտարարել էր Էրդողանը, մտադիր էին քաղաքների խուրհուրդների մաս կազմել, որպեսզի տարածեին իրենց քարոզչությունը, ժխտեին Հայոց ցեղասպանությունը և թուլացնեին ֆրանսահայերի դիրքերը քաղաքապետարաններում և առհասարակ Ֆրանսիայի քաղաքականության մեջ:

Այս տեսանկյունից Ստրասբուրգից պակաս կարևոր չէին Փարիզի ընտրությունները: Այստեղ  հավանական հաղթողներից մեկը հայամետ, հայանպաստ ձեռնարկումներով աչքի ընկած, Փարիզի գործող քաղաքապետ Անն Հիդալգոն էր և Ֆրանսիայի նախկին արդարադատության նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր, ներկայումս Փարիզի 7-րդ շրջանի քաղաքապետ Ռաշիդա Դաթին, որ հայտնի է որպես բացահայտ ադրբեջանամետ գործիչ,  Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի անդամ, Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ հարաբերություններով, հակահայ  հայտարարություններով ու  քվեարկություններով: Ուստի մեզ համար մեծ հաջողություն էր Անն Հիդալգոյի վերընտրվելը, որի համար պարտական ենք նախ ֆրանսահայ համայնքին ջանադիր քարոզչության համար և Անն Հիդալգոյի հեռատեսությանը, որ ժամանակին կանխատեսելով «կանաչների» կուսակցության հաղթարշավը (հունիսի 28-ի ընտրությունների արդյունքներով «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը հաղթանակ տարավ գրեթե 3 տասնյակ քաղաքներում)՝ դաշինք կազմեց նրանց հետ (ֆրանսիացի կատակասերները, ի դեպ, այդ դաշինքն անվանեցին «ձմերուկային»՝ նկատի ունենալով ձմերուկի ներսի վարդագույնը՝ սոցիալիստների գույնը և բնապահպաններին խորհրդանշող արտաքին կանաչ գույնը):

Թեժ էր պայքարը նաև Փարիզի ամենահոծ  բնակչություն ունեցող 15-րդ վարչական շրջանում, որտեղ հիմնական մրցակիցներն էին Անն Հիդալգոյի գլխավորած «Մեզ միավորում է Փարիզը» (Paris en commun) դաշինքից երիտասարդ քաղաքական գործիչ,  Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Անուշ Թորանյանը և Ռաշիդա Դաթիի գլխավորած «Հանուն Փարիզի փրկության» (Engages pour sauver Paris) դաշինքից ազգությամբ թուրք, փորձառու քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ագնես Էվրենը: Այնպես որ այստեղ էլ Անուշ Թորանյանի հաղթանակը պակաս նշանակալի չէր, եթե հաշվի առնենք, օրինակ, տվյալ թաղամասի բնակչության թիվը, որ բավական մոտ է Ստրասբուրգի բնակչության թվին (համապատասխանաբար՝ ավելի քան 250 հազար և 277 հազար):

Մեր հայրենակից տիկնանց հաջողությունը, սակայն, նաև տխուր մտորումներ է հարուցում այն առումով, որ այս ասպարեզում չենք կարող հպարտանալ մեր կանանց հաջողություններով այստեղ՝ Հայաստանում:

Առհասարակ քաղաքապետների ընտրությունները ցավոտ թեմա է մեզանում, քանի որ Հայաստանի երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում  ընդամենը մեկ կին քաղաքապետի օրինակ ունենք՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որը, սակայն, չի ընտրվել բնականոն ընտրապայքարի պայմաններում (նկատի ունենք այն, որ նա հեղափոխության ալիքի վրա նշանակվեց քաղաքապետի պաշտոնակատար վարչապետ Փաշինյանի հրամանով, ապա մի քանի ամիս անց նույն հեղափոխության էյֆորիայի պայմաններում ընտրվեց որպես Փաշինյանի «ընտրած» թեկնածու, ինչպես շատ այլ համայնքներում և Երևան քաղաքում):

Երկու տարի առաջ Երևանի կառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ, ի դեպ, մենք անդրադարձել ենք այս հարցին՝ աշխարհի և Հայաստանի հակադրությանը՝ նշելով, որ ողջ աշխարհում վերջին մեկ-երկու տասնամյակներում կանայք նվաճում են մեծ ու փոքր քաղաքները (Հռոմ, Փարիզ, Մադրիդ, Բարսելոնա, Աթենք, Սթոկհոլմ, Վարշավա, Պրահա, Բաղդադ, Տոկիո ևն):  Փաստորեն քաղաքները համատարած «կանացի» դեմք են ստանում: Ավելին, բանը հասել է նրան, որ երբեմն տղամարդիկ չեն էլ մասնակցում ընտրապայքարին: Այս տարի Փարիզում, օրինակ, երեք ֆավորիտներն էլ կանայք էին՝ Անն Հիդալգոն, Ռաշիդա Դաթին և Անիես Բյուզենը,  մինչդեռ 90-ականների առաջին մեկ-երկու ձախողված փորձերից հետո մեր կանայք նույնիսկ չէին համարձակվում թեկնածություն առաջադրել (բացառություն էին Երևանի նախորդ՝ 2017 թ. ընտրությունները, երբ առաջին անգամ քաղաքապետի կին թեկնածու էր առաջադրվել՝ Զարուհի Փոստանջյանը): Եվ քանի որ այս տեսանկյունից 2018 թ. ընտրությունները բացառիկ էին, միանգամից երեք կնոջ թեկնածություն կար (Զարուհի Փոստանջյան, Նաիրա Զոհրաբյան և Անահիտ Թարխանյան), հույս էինք հայտնել, որ գուցե մեզանում էլ ընտրողները կնախընտրեն կանանց, որոնք աշխարհում արդեն բազմիցս են ապացուցել՝ քաղաքների կենցաղն ու տնտեսությունը վարում են նույնքան հմտորեն, որքան իրենց ընտանիքները, և մենք էլ, ինչպես Հռոմի քաղաքացիները, առիթ կունենանք արձանագրելու, որ Երևանը 2800-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրել: Թե ինչ տեղի ունեցավ, բոլորիս է հայտնի, հույսերը չարդարացան:

Ուստի հռետորական հարց է ծագում. Ժաննա Բարսեղյանը և Անուշ Թորանյանն արդյոք կկարողանայի՞ն հաղթանակ տանել մեր հողում, եթե իշխող քաղաքական ուժի հովանավորությունը չվայելեին: Ֆրանսիայի վերոնշյալ ընտրություններում, ի դեպ, գրեթե ամենուրեք «Առաջ, Հանրապետություն» իշխող ուժի թեկնածուները պարտություն կրեցին։ Բայց մենք մեզ «ժողովրդավարության բաստիոն» ենք հորջորջում, նրանք՝ ոչ:

Եվ մի հարց էլ: Արդյոք Երևանի քաղաքապետի այն երեք կին թեկնածուները (Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Անահիտ Թարխանյանը) լավ քաղաքապետ կլինեի՞ն: Իհարկե, այսօր դժվար է ասել: Բայց վստահ կարելի է ասել, որ հազար անգամ ավելի հաջողակ կլինեին, քան ներկայիս տղամարդ Հայկ Մարությանը: Բայց համառ շշուկներ են շրջանառվում, նույնիսկ հրապարակումներ կան այն մասին, որ իրականում Երևանն էլ է կին կառավարում, միայն թե ստվերային, գորշ կարդինալի կարգավիճակով: Ասում են՝  Հայկ Մարությանի տիկինն է այսօր որոշում Երևանի քաղաքապետարանի կադրային հարցերը: Ուրեմն ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլն» առաջադրեց ոչ թե նրան, այլ՝ ամուսնուն: Այս հարցն էլ կմնա անպատասխան:

Այնպես որ առայժմ հայ կանայք կփորձեն առաջընթաց քայլեր անել արտերկրում, իսկ Հայաստանում «հանգիստ կնստեն տեղները», ինչպես որ հորդորել է բոլոր ոչքայլական քաղաքական ուժերին երկրի ներկայիս ղեկավարը:

Անահիտ Հարությունյան

Հասարակություն Ժաննա Բարսեղյան Անուշ Թորանյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին