f

Անկախ

Ամերիկացիներն ուզում են ապրել առանց ոստիկանության


Ոստիկանության իրավասությունների սահմանափակումից  մինչև ոստիկանական սերիալների բովանդակության վերանայում․ ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվամբ սկիզբ առած հասարակական շարժումը պահանջում է համակարգային և շատ խորքային փոփոխություններ ոստիկանական համակարգում։

«Զրկել ոստիկանությանը ֆինանսավորումից» շարժման ներկայացուցիչները  պահանջում են զգալիորեն կրճատել ոստիկանության բյուջեն և այդ ֆինանսական միջոցներն ուղղել այն համայնքների զարգացմանը, որտեղ հանցավորության մակարդակը բարձր է։ Կան խմբեր, որոնք պահանջում են կազմալուծել ոստիկանությունը և տեղը նոր, բոլորովին այլ առաքելությամբ և իրավասություններով կառույց ձևավորել։ Նմանաբովանդակ առաջարկներից մեկն էլ ոստիկանության փոխարեն հասարակական կարգապահական խմբեր ձևավորելն է․ այդ հանրային խմբերից յուրքանչյուրը կհետևի իր բնակության տարածքում կարգուկանոնի պահպանմանը։ Կան նաև առավել ծայրահեղական մոտեցմամբ խմբեր, որոնք վստահ են՝ ամերիկացիներին ոստիկանություն պետք չէ։

Այս մտայնության դրսևորման օրինակ է Սիեթլ քաղաքի մի քանի թաղամասերի՝ մի քանի շաբաթ տևած ինքնավարությունը։ Ցուցարարները գրավել էին քաղաքապետարանը, մի քանի թաղամասեր առանձնացրել բարիկադներով, տարածքից դուրս էին վռնդել ոստիկանության ուժերին և իրենց հայտարարել որպես Կապիտոլիական բլրի ինքնավար գոտի։ Եվ այդ յուրօրինակ ինքնավարության ներկայացուցիչներն  իշխանություններին  30 կետից բաղկացած պահանջագիր էին ներկայացրել, որից մեկն էլ ոստիկանության կազմալուծումն էր։ Իսկ ինքնավարության ներսում կարգուկանոնն ապահովում էին ակտիվիստներից ձևավորված խմբերը։

Ուշագրավ է, որ զանազան խմբավորումների այս պահանջները սատարում և առաջ են մղում նաև ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, նրանց աջակից լրատվամիջոցները։ Իսկ մի քանի քաղաքների քաղաքապետեր հայտարարել են ոստիկանության բյուջեն կրճատելու և գումարները խոցելի համայնքների զարգացմանն ուղղելու մտադրության մասին։ Նման հայտարարություն են արել Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ֆիլադելֆիայի, Բալտիմորի, Նեշվիլի, Վաշինգտոնի և մի շարք այլ քաղաքների ՏԻՄ-եր։

Իրավապահ համակարգի ներկայացուցիչները, արձագանքելով ոստիկանության ֆինանսավորման կրճատմանը, մտահոգություն են հայտնել, որ այդ պարագայում ոստիկանական ուժերը չեն բավականացնի կանչերին օպերատիվ կերպով արձագանքելու, հանցագործությունները կանխելու, ինչպես նաև հետաքննելու և բացահայտելու համար։

Նշենք, որ ոստիկանության համակարգում բարեփոխումներ պահանջողների մի փոքր մասն էլ շեշտում է ուսուցման ծրագրերի անկատարությունը։ Ապագա ոստիկանների ուսուցման կրթական ծրագրում առյուծի բաժին է կազմում կրակային պատրաստությունը, մինչդեռ քաղաքացիների հետ հաղորդակցվելու մշակույթին, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություններին սիմվոլիկ մի քանի ժամ է հատկացված, ինչը, ինչպես զանգվածային դժգոհություններն են վկայում, բավարար չէ պատշաճ գործունեություն իրականացնելու համար։ Խնդրի այս կողմը, սակայն, կարծես թե դուրս է մնացել թե ցուցարարների, թե ոստիկանական բարեփոխումներ նախաձեռնածների օրակարգից։

Իրական պատկերը

ԱՄՆ-ում ոստիկանական համակարգի ծախսերը տարեկան կազմում են 115 մլրդ դոլար։ Այս գումարի մեծ մասը  կազմում է աշխատավարձային ֆոնդը և որոշ դեպքերում միայն 10 տոկոսն է, որ հատկացվում է ռեսուրսների համալրմանը։  Որոշ դեպքերում քաղաքային բյուջեի մինչև 20  տոկոսը հատկացվում է ոստիկանությանը։ Եվ այս իրողությունն է նաև դժգոհություններ առաջացնում հարկատուների շրջանում։

Այսպես՝ Չիկագոյի տարեկան բյուջեի 18 տոկոսն է հատկացվում ոստիկանությանը որպես ֆինանսավորում, Լոս Անջելեսում 17,6 տոկոսը և այլն։ Նման մեծ ծախսերի պատճառն, ըստ մասնագետների, ոչ թե ուռճացված հաստիքակազմն է, այլ ոստիկանության վրա դրված պարտականությունների լայն շրջանակը։

Ներկայում ոստիկանները հերթապահում են դպրոցներում, զբաղվում են ընտանեկան կոնֆիկտներով, փողոցում առաջին օգնություն են ցուցաբերում և իրականացնում են նաև մի շարք այլ գործառույթներ, որոնք կարող են իրականացնել սոցիալական ծառայությունները։ Ոստիկանական համակարգից էլ պարբերաբար արձագանքներ են հնչում, որ իրենք շատ ավելի գոհ կլինեն, եթե զբաղվեն միայն հանցավորության հետ առնչվող խնդիրներով։   

Որքանո՞վ կբավարարվեն ցուցարարների պահանջները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության թիրախ է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Այս անգամ պատճառը  նրա դիրքորոշումն է ոստիկանական գործողությունների նկատմամբ։ Թրամփն այս ողջ ընթացքում պաշտպանել է ոստիկանության գործողությունները։ Ավելին, նա դեմ է արտահայտվել ոստիկանության ֆինանսավորման կրճատմանը՝ հայտարարելով, որ ոստիկանության թուլացումը երկրում անկարգություններ և քաոս կարող է առաջացնել։

Սակայն, նա, այնուամենայնիվ ոստիկանության համակարգում բարեփոխումների մասին հրամանագիր է ստորագրել։ Ըստ տեղեկությունների՝ բարեփոխումների փաթեթը մշակել են Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները և նախագահի աշխատակազմի սակավաթիվ սևամորթ աշխատակիցներից Ջա-Ռոն Սմիթը։ Ըստ Թրամփի հրամանագրի՝ երկրում կստեղծվի ուժի գերազանցման մեջ մեղադրվող ոստիկանների տվյալների բազա։ Պարզվում է, նման բազա ներկայում էլ կա, սակայն  «Ծառայողական օգտագործման համար» դասիչով։ Արդյունքում այդ ինֆորմացիան որևէ տեղ, որպես կանոն, ի հայտ չի գալիս և չի կիրառվում, քանի դեռ այդ ոստիկանը մեղադրյալի աթոռին չի հայտնվել։ Նույնը տեղի է ունեցել նաև այս պարագայում․ Ջորջ Ֆլոյդի մահվան մեջ մեղադրվող ոստիկանի վերաբերյալ տասնյակ դժգոհություններ և դիմում-բողոքներ են եղել, սակայն այդ ամենը ի հայտ է եկել միայն դատական գործընթացում։

Ըստ հրամանագրի՝ ոստիկանությունը նաև կկարողանա դաշնային և տեղական մակարդակով գրանտներ ստանալ՝ սոցիալական աշխատողների հերթապահությունում ընդգրկելու համար։ Ըստ բարեփոխման փաթեթի՝ հոգեկան խանգարումներին, թմրանյութերի չարաշահմանը, անտուններին առնչվող կանչերին պետք է մեկնեն  սոցիալական ծառայողներ։

Ոստիկանության բարեփոխումների Թրամփի առաջարկը, սակայն, չի բավարարել ցուցարարներին։ Պատճառներից մեկն այն է, որ նա դրանում այդպես էլ չի խոսել երկրում ստեղծված իրավիճակի մասին, չի դատապարտել ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև չի արգելել խեղդող հնարքի կիրառումը քաղաքացիներին բերման ենթարկելիս։  Հրամանագրի համաձայն՝ այդ հնարքի կիրառումը թույլատրելի կլինի ղեկավարության կողմից թույլ տրված, ինչպես նաև ոստիկանի կյանքին վտանգ սպառնալու դեպքում։

Թրամփի քաղաքական ընդդիմախոսները՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նրա նախաձեռնությունը բնորոշել են որպես «խղճուկ»։ Դեմոկրատներն առաջարկում են բոլոր դեպքերում արգելել խեղդող ցանկացած հնարքի կիրառումը, զրկել ոստիկաններին առանց թակոցի և իրազեկման տուն ներխուժելու իրավունքից, ինչպես նաև զրկել իրավապահներին մասնագիտական անձեռնմխելիությունից՝ հնարավորություն տալով ոստիկանից տուժած քաղաքացուն դատական հայց ներկայացնել նրա դեմ։

ԱՄՆ ոստիկանություն բողոքի ցույցեր

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին