Հուլիսի 8-ին Երեւանում անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որին ներկա են խորհրդարանական բոլոր խմբակցությունները: Այս անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները նույնպես չեն բոյկոտում խորհրդարանի աշխատանքը:
Քննարկումների մեկնարկից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ խորհրդակցությունների սենյակում խորհրդարանականներ կան, ովքեր նախկինում վարակվել են կորոնավիրուսով, ինչպես նաեւ այնպիսիք, ով շփվել է վերջիններիս հետ։ «Մի՞թե այդ մարդիկ չպետք է նստեն տանը՝ մեկուսացման մեջ»,- հարցրեց պատգամավորը:
Գեւորգ Գորգիսյանի եւ իշխող «Իմ քայլը» դաշինքից Սիսակ Գաբրիելյանի միջեւ բանավեճ սկսվեց, որին ստիպված է եղել միջամտել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, պարզաբանեց, որ կորոնավիրուսով վարակվածները, ովքեր նիստերի դահլիճում են, առողջացել են եւ նրանց հանձնած թեստը բացասական արդյունք է ցույց տվել եւ նրանք կարող են մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին:
Գորգիսյանը նաեւ դժգոհեց, որ ներկայիս օրակարգը շատ մեծ է, եւ որ «Լուսավոր Հայաստան»-ը չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ դրան: Այս կապակցությամբ Գեւորգ Գորգիսյանն առաջարկեց այսուհետ չշտապել՝ պատգամավորներին հնարավորություն տալով ծանոթանալ քննարկվող հարցերին:
Նշենք, որ օրակարգում կա 14 հարց: