ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, կորոնավիրուսային այս համավարակի պայմաններում կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսով վարակվածության/ինքնամեկուսացման մեջ գտնվելու պատճառով չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին։ Նրանց մեջ կան նաև զորակոչի ենթակա քաղաքացիներ, որոնք ընդունելության քննությունը հանձնելու նաև ժամանակային խնդիրներ ունեն՝ հաշվի առնելով զորակոչմանն առնչվող ընթացակարգերը։
Հաշվի առնելով այս քաղաքացիների՝ ընդունելության քննություն հանձնելու իրավունքի պաշտպանության հրամայականը՝ համապատասխան առաջարկ էի ներկայացրել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։
Եվ ահա ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Պարետատնից շատ արագ մեզ հետ կապ հաստատեցին և տեղեկացրին, որ համապատասխան հրաման է իջեցվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, և ընդամենը մի քանի օրվա ընթացքում կկազմակերպվի այս խնդիրն ունեցող քաղաքացիների ընդունելության քննությունների հանձնման գործընթացը։
Հ.Գ. եթե կլինեն քաղաքացիներ, որոնք բախվել են նշված խնդրին, թող մեզ հետ կապ հաստատեն։