f

Անկախ

Միասին ստեղծենք մեր հեքիաթը․․․


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը  «Տոնացույց» և «Հեքիաթի տուն» կազմակերպությունների տնօրեն Հասմիկ Բաղրամյանն է։ 

-Տիկին Բաղրամյան, ինչպե՞ս են համավարակի այս դժվարին ամիսներն անդրադարձել Ձեր աշխատանքի վրա։ Հատկապես մանրամասնեք «Հեքիաթի տան»  գործունեությունը։

-Մեր աշխատանքը հիմնականում կապված է կրթամշակութային հաստատությունների և զբոսաշրջիկների հետ։ Ուստի համավարակի այս ամիսները բացասաբար անդրադարձան նաև մեր գործունեության վրա։ 

 «Հեքիաթի տունն» ունի մի քանի տարվա պատմություն այն մեր առաքելության տրամաբանական շարունակությունն էր։ 1997-ից առ այսօր բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել։ 1999-ին հիմնեցինք «Տոնացույց» կազմակերպությունը։ Այն տարիներ շարունակ զբաղվում է մեր ակունքի՝ ավանդական մշակույթի պահպանմամբ։ Ուստի գոնե այդ մաքրամաքուր ակունքը պիտի պահպանել աղտոտումից։ 

«Տոնացույցը» ստեղծելիս ցանկանում էինք վերականգնել հայկական տոմարային ցիկլը, ամեն օրվա տոնի խորհուրդն ու զգացողությունը։ Քանի որ ամեն մի տոնի խորքում հենց հեքիաթն է ընկած, առասպելը, հեքիաթային մտածելակերպն ու բանաձևերը, ուստի տարիներ անց արդեն տրամաբանական էր «Հեքիաթի տան» ստեղծումը։ «Տոնացույց» կենտրոնը հիմնել էինք Բյուրականում, որն այնքան մոտ է աստղերին, իսկ «Հեքիաթի տունը» Լոռվա զարմանահրաշ Փամբակ գյուղում է։ 

Հիանալի կլիներ, եթե նման նախաձեռնությունները շատանային, և, ինչու չէ, համագործակցություններ լինեին աշխարհի մակարդակով, որովհետև  հեքիաթի ու առասպելի, տոնի ու ծեսի բարի լիցքերը, սերն ու ճիշտ ալիքներն այս կյանքում շատ արագ կարող են ամեն ինչ դեպի լավը փոխել։ Չպիտի լինենք սպառող մասսաներ, որովհետև սպառող մասսան շատ արագ սպառվող մասսա է։ Ամեն ինչ լավ կլինի, եթե լինենք անհատներ, որոնք մոմի պես վառվում են՝ իրենց լույսը տալով աշխարհին։ 

-Ի՞նչ է սպասվում «Հեքիաթի տան» այցելուներին։ 

-Մեր այցելուներին հենց հեքիաթն է սպասում ծանոթություն հեքիաթի հետ ծիսական և թատերական տիկնիկների, ավանդական հեքիաթասացների և ստվերների թատրոնի, թեյախմության և ուտեստի հաղորդակցության, վարպետաց դասերի և արշավների միջոցով։ Ցավոք, տիկնիկների թատրոնը, որ հենց Լոռվա տարբեր գյուղերի բնակիչներն էին աշխատեցնում, համավարակի պատճառով այս տարի չի գործում։ 

Հաշվի առնելով հյուրերի ցանկությունը, այն է՝ երեկոյան «Հեքիաթի ժամից» հետո մնալ և գիշերել մեզ մոտ, ստեղծել ենք նաև գիշերակացի հնարավորություն։ Հենց սա էլ թույլ տվեց ընդլայնել մեր գործունեությունը և իրականացնել «Հեքիաթի դպրոց» տասնօրյա ծրագիրը ութ տարեկանից բարձր տարիքային խմբերի համար: Մեր օրերում անընդհատ ձևախեղում ենք մանկության հրաշքի, հեքիաթի փուլը՝ երեխային ստիպելով յուրացնել տարբեր «իրական աշխարհի» գիտական ծրագրեր,  այնինչ, ամեն բան պիտի անել, որ նա երկար մնա իր հեքիաթային աշխարհում։ Ուստի մենք միասին ստեղծում ենք մեր հեքիաթը: 

Անցած տարիներին թե՛ «Հեքիաթի տունը», թե՛ «Տոնացույցը» բավական մեծ ճանաչում ունեին հատկապես զբոսաշրջության ոլորտում մեր այցելուների 70 տոկոսն արտասահմանցի հյուրերն էին։ Հետևաբար ծրագրերն արվում էին՝ հարմարեցնելով նրանց պահանջներին, ինչն ինձ միշտ ցավ էր պատճառում։ Այս ամենն իրականում հենց մեր ժողովրդին և մեր երեխաներին է պետք։ Մանկության տարիների հեքիաթը մարդու հետ մնում է միշտ։ Վայ այն մարդուն, որ մեծանում և ասում է՝ ես էլ երեխա չեմ մանուկն ինչքան երկար ապրի մարդու ներսում, այնքան վերջինս երջանիկ կլինի։ Ինձ համար մանկություն ու երջանկություն բառերը հոմանիշեր են։ Իսկ երջանկության աշխարհում հեքիաթը շատ մեծ դեր ունի։ Մենք հենց այդ հեքիաթն ենք փոխանցում մեր այցելուներին։

Նշեմ, որ մեր այցելուները տեսնելու են այն, ինչ կարող են տեսնել և տանելու են այնքան, ինչքան կարող են տանել։ 

-Ինչու՞ են մարդիկ անցնում համավարակի հետ կապված այս բոլոր դժվարությունների միջով։ Ի՞նչ է հուշում հեքիաթի տրամաբանությունը։ 

-Եթե իրականության աչքերով  նայենք այս ամենին, հասկանալը շատ դժվար կլինի, որովհետև անգամ մասնագետների բացատրություններն են հակասական։ Դրա համար էլ ողջ աշխարհում խառնաշփոթ է տիրում։ Իսկ եթե նայենք հեքիաթի, ավանդույթի, այսպես ասած, զուգահեռ աշխարհի դիտանկյունից, ապա այն, ինչ հիմա կատարվում է, պիտի կատարվեր, որովհետև մենք սրան գալիս ենք ոչ թե վերջին ամիսներին կամ տարիներին, այլ շատ ավելի վաղուցվանից։ Այն, ինչ անում ենք մեր կյանքի, շրջակա միջավայրի, մեր մոլորակի հետ, պիտի ի վերջո բերեր սրան։ Այս խառնաշփոթն էլ հենց պայմանավորված է նրանով, որ  իրական կյանքում մենք ապրում ենք՝ մոռացած մեր հոգին, զբաղված միայն նյութական, սպառողական գործունեությամբ։ Արդյունքում ոչ միայն աշխարհն ենք սպառում, այլև ինքներս մեզ։ Եվ սա համաշխարհային երևույթ է, համատիեզերական։ Հեքիաթի տրամաբանությունը հուշում է՝ ինչ էլ լինի, լավ է լինելու, սակայն անհրաժեշտ է հրաժարվել մեր ներկայիս պահվածքից և ապրել բոլորովին այլ կյանքով, քանի որ «ինչ ցանես, այն էլ կհնձես»։

-Ինչ-որ բան հասկացած դուրս կգա՞նք այս վիճակից։

-Իմ խորին համոզմամբ այս վիճակը հենց նրա համար է, որ վերաիմաստավորենք ամեն բան։ Եթե մոռանանք հոգևոր արժեքների, մեր առաքելության, այս մոլորակում ժամանակավոր հյուր լինելու մասին, ապա հետևանքներն անդառնալի կլինեն։ Ուղղակի ողբերգական է այն, թե ինչպես ենք բնությունը վերածում մի մեծ աղբանոցի։ Դրա համար իրականում վիրուսին պիտի ասենք շնորհակալություն, որ բոլորիս գցել է օբյեկտիվ և սուբյեկտիվ ցնցումների մեջ։ Ժամանակն է հասկանալու՝ սկսվել է ուրիշ դարաշրջան․ այն, ինչ եղել է, պիտի իսպառ մոռանալ, դառնալ հոգևոր, մշակութային արժեքների ճշմարիտ կրողներ։ Ինձ միշտ հուզել է՝ ինչու հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը չի հասկանում՝ որտեղից է գալիս, չի հիշում իր կենարար աղբյուրը և տեր չի կանգնում իր բոլոր արժեքներին։  

-Ի՞նչն է ավելի վտանգավոր այս ամենի մեջ։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ծագած դժվարությունները։

-Ես առավել վտանգավոր եմ համարում վարակվելու մտքից և անորոշությունից ծնված վախը։ Ուստի առաջին հերթին հենց այդ վախը պիտի հաղթահարվի, ինչի համար որոշակիություն է անհրաժեշտ։ Չմոռանանք՝ վիրուսները միշտ եղել են ու կլինեն, և դրանից ոչ թե պիտի սարսափել, այլ սթափվել, լրջորեն մտածել մեր գործողությունների հետևանքների շուրջ, դադարել ախտոտել մեր էությունն ու  բնությունը և, ի վերջո, ամեն մեկս պիտի մեզ վրա վերցնենք նման իրավիճակից դուրս գալու որևէ առաքելություն։ Հակառակ դեպքում իրապես արժանի ենք այս պատժին։  

-Տիկին Բաղրամյան, զրույցի ընթացքում նշեցիք  միասին հեքիաթ ստեղծելու մասին։ Մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք այդ կարգախոսին։

-Ամեն մի տարիք իր հեքիաթն ունի, որովհետև մարդը ծնվում է արդեն հեքիաթով ու մինչև վերջին վայրկյանն էլ հեքիաթի մեջ կարող է լինել, եթե չկորցնի այն։ Ամեն մի հեքիաթային հերոս ինքն իրենով համակարգ է և բանալի, որ այս կամ այն իրավիճակում ունի դուռ բացելու հատկություն։ Եվ այսօրվա մեր խնդիրները հենց հեքիաթից հեռացած լինելով են պայմանավորված։ 

Այս պահին ողջ մարդկությունն ունի իրեն հուզող մի խնդիր, որից դժբախտաբար զերծ չեն մնացել նաև մանուկները։ Մեր ծրագրերի մեջ մի կետ ունենք, երբ մեր հյուրերը պիտի երազանք պահեն։ Վերջին շրջանում գրեթե  բոլոր մանուկները երազում են, որ կորոնավիրուսը վերանա։ Սրա վատն այն է, որ ի վիճակի չենք երեխային հեռու պահել խնդրից և դրանից ծնված վախերից, որ կարող են որպես սպի մնալ ողջ կյանքում։ Սա շատ լուրջ հարց է, ուստի «Հեքիաթի տանը» փորձում ենք միասին ստեղծել մեր հեքիաթը, միասին գտնել խնդիրների լուծման բանալիները և ուղիները։ 

-Ամառային ամիսների համար ի՞նչ առաջարկներ ունեք։ 

-Առավել մեծ թափով պիտի կյանքի կոչենք «Հեքիաթի տան» վերոնշյալ ծրագրի գաղափարը, որպեսզի այն լինի մշտական գործող «Հեքիաթի դպրոց»։ Հուլիսի առաջին տասնօրյակում  մեկնարել է մեր առաջին խումբը, որը, համավարակով պայմանավորված, բաղկացած է 9 հոգուց և այս շրջանում դրանից ավելի չի լինելու։ Նրանք Լոռիում կմնան տասը օր, որից հետո ծրագիրը կշարունակվի Բյուրականում՝ «Տոնացույց» կենտրոնում, և այսպես շարունակ ողջ ամառվա ընթացքում։ Մասնակիցները մեր մասնագետների օգնությամբ առօրյան կանցկացնեն հեքիաթի ու բնության պրիզմայով։  Շատ կցանկանամ, որ տարբեր երեխաներ մասնակցեն այս ամենին։ Երեխան պիտի խաղա ու վազվզի բնության գրկում, անընդհատ ցնծության մեջ լինի, ամբարի երջանկության իր հետագա պաշարները, որ ապագայում հուսահատության մեջ չընկնի։ Դրա համար մեր դպրոցի գաղափարը միտված է ապագան փրկելուն։ Սա ծանր վիրահատությանն պես է, որը շատ զգույշ պիտի անել։    

-Որո՞նք են Ձեր ոգեշնչման աղբյուրները։  

-Անկեղծ ասած, չգիտեմ, բայց մի բան հաստատ է՝ այդ ոգեշնչվածությունը մարդու մեջ անընդհատ պիտի լինի։ Մենք բոլորս հոգի ենք, բայց մի ոգի կա (անունը կարևոր չէ), որը հենց ոգեշնչում է բոլորիս։ Երբ մեր հոգին ճանաչում է այդ ոգուն, վերագտնում է իր ուժերն ու շարունակում պայքարել։  

Իմ ոգեշնչվածությունը գուցե նաև ունեցածս դժվարություններով է պայմանավորված, երբ հաղթահարելով դրանք, ավելի հզորանում ես ու շարունակում շարժվել առաջ։ 

-Տիկին Բաղրամյան,  «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» խորագիրն ունի մեր հանդիպումների շարքը։ Դժվարություններին կարծես թե անդրադարձանք, իսկ ի՞նչ նոր հնարավորություններ ունեցաք այս ընթացքում։ 

-Համավարակի այս շրջանն ինձ հնարավորություն տվեց ամրապնդել «Հեքիաթի տան» դպրոցի գաղափարը, որը վաղուց ունեի, բայց զբոսաշրջիկների հոսքի պայմաններում չէինք կարողանում իրականության վերածել։ Այժմ մեր բոլոր քայլերն ուղղված են այդ ծրագրի կայացմանը, որը հոգուն ուրախություն պարգևող տոն պիտի ստեղծի, ինչպես առաջ էին մարդիկ կարողանում ուրախ լինել՝ հասկանալով, որ երջանկության ակունքը ոչ թե նյութականի առատության, այլ հոգևոր արժեքների մեջ է։ Անցյալում էլ հիվանդություններ կային, անգամ ավելի վտանգավոր, բայց մարդիկ ուրախ էին, որովհետև կտրված չէին տոնական հեքիաթային ցիկլից, մայր բնությունից։ Իսկ մենք այսօր ավելի ու ավելի ենք հեռանում բնությունից՝ դառնալով անբնական մի բան, ինչն էլ հենց մեզ չի ներվում։ Պիտի հնարավորինս մոտ լինել բնության հրաշքին և կրթել այնպիսի աշակերտներ, որոնք հեքիաթային բարության լիցքերը կտարածեն ողջ աշխարհով մեկ։ 

Հիշենք՝ վիրուսները կանցնեն՝ հաջորդելով մեկը մյուսին, բայց հազարամյակների պատմություն ունեցող մեր տոներն ու ծեսերը, բյուրեղի պես մաքուր հեքիաթները, որ բացարձակ ճշմարտությունների շտեմարաններ են, կշարունակեն հարատևել։ Ուստի ամուր կառչենք դրանցից, պահպանենք սրբորեն, սնվենք ու բուժվենք դրանցով՝ առանց խեղաթյուրելու և կեղտոտելու մեր ակունքը։

Հայաստան հարցազրույց Հասմիկ Բաղրամյան նոր կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Վաղը Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը
Պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է
Հայաստանի կորսված ամառը. անբանների Կառավարությունը տապալեց թե´ կրթական գործընթացը, թե´ մշակութային կյանքը. Գեղամ Նազարյան
Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի Բեյրութի մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար. Միքայել Մելքումյան
Եթե մեր ձայնը չի հասնում քաղաքակիրթ բողոքի ակցիաների միջոցով, ապա մեք կդիմենք այլ քայլերի․ Նորամարգի դպրոցի ուսուցիչները բողոքում են
Ռուսաստանը ԱԻՆ-ի հինգ օդանավ է ուղարկում Բեյրութ
Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին
Էջմիածնում մեկնարկել են Սպանդարյան և Կամո փողոցների հիմնանորոգման աշխատանքները․ քաղաքապետ
Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ
Կազմվեց արձանագրություն՝ մի շարք խախտումներով. M Group ընկերության փաստաբան
Որն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում՝ անդրադարձ ծրագրի մեկնարկին
ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին
Ռուսաստանը հանել Է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար
Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը
ՃՏՊ-ի հետևանքով 23-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է
Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները
Ոստիկանության աշխատողները մտել ու պահանջել են, որ դարակներում գտնվող հաշվապահական փաստաթղթերը դրվեն սեղաններին. ի՞նչ է կատարվում M Group ընկերությունում
Բեյրութում պայթյունի վնասը գնահատվում է 3-5 մլրդ դոլար
«Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները»․ պատմաբան
Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել. Արա Հակոբյան․ 168.am
Զոհրաբ Մնացականյանը աջակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Դստեր կամքին հակառակ ամուսնության նպատակով անհանգստացնելու շուրջ վեճի ժամանակ դանակահարել է համագյուղացուն
Ավելին
Ավելին