ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկություն չի ունեցել այն մասին, թե ԱՄՆ-ի հատկապես որ դեսպանատներն է նկատի ունեցել նախագահ Դոնալդ Թրամփը, երբ հայատարարել է, որ Իրանը հարվածներ է պատրաստել ամերիկյան չորս արտերկրյա ներկայացուցչությունների վրա: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը:
Թրամփը, արդարացնելով իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի դեմ հատուկ գործողությունը, հայտարարել է, որ նա հարվածներ է ծրագրել ԱՄՆ չորս դեսպանատների վրա:
Ինչպես տեղեկացրել է հեռուստաընկերությանը պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, պետդեպարտամենտը ԱՄՆ-ի հատուկ որևէ դեսպանատան չի զգուշացրել որոշակի սպառնալիքի մասին: Գերատեսչությունը նախազգուշացում է տարածել բոլոր դեսպանատներին մինչև Սուլեյմանիին հարվածելը, սակայն այդ հայտարարության մեջ չի ասվել անխուսափելի հարձակման մասին:
Պետդեպարտամենտի մեկ այլ աղբյուր հայտնել է հեռուստաընկերությանը, որ «ապշած» է եղել, երբ վարչակազմն արդարացրել է Սուլեյմանիին հարվածելը:
Նախագահի հրապարակած տեղեկատվության արժանահավատության կապակցությամբ կասկածներ է հայտնել նաև պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, նշում է CNN-ը:
«Ես չեմ պատրաստվում քննարկել հետախուզական տվյալները»,- ասել է Էսփերը նշելով, որ Թրամփը հղում չի արել որոշակի հետախուզական տեղեկատվության:
Բացի այդ, CBS-ին տված հարցազրույցում Պենտագոնը ոչ երկիմաստ հայտնել է, որ որևէ հետախուզական տվյալ չի տեսել, որոնք հաստատեին Թրամփի հայտարարությունը չորս դիվանագիտական առաքելությունների մասին:
«Ես որևէ հաղորդագրություն չեմ տեսել չորս դեսպանատների վերաբերյալ» ,- ասել է Էսփերը, երբ նրան հարցրել են, թե կան արդյոք որոշակի ապացույցներ: