f

Անկախ

Երբ  որ  սկսում  եմ  նկարել,  տեսախցիկը  դառնում   է  մարմնիս  մի մասնիկը... Թամարա  Ստեփանյան


Փարիզաբնակ կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի  ֆիլմերի մասնակցությունը միջազգային  կինոփառատոներին նշանավորվել է բազմաթիվ առաջին և հատուկ մրցանակներով:  Իսկ  օրեր առաջ  ռեժիսորի  «Կանանց գյուղը» լիամետրաժ վավերագրական ֆիլմն արժանացավ La SCAM-ի աստղի։  «Կանանց գյուղը» ֆիլմի հաջորդ հաղթարշավը   հուլիսի  6-ին  Իտալիայի Պալերմո քաղաքի Sole Luna Doc Միջազգային կինոփառատոնում   էր,  որտեղ  Թամարա  Ստեփանյանը  արժանացել է  լավագույն  ռեժիսոր անվանակարգին:

  «Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի  Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է  տան տղամարդը: Ֆիլմը  նկարվել է  տարվա բոլոր եղանակներին: Կինոնկարը սկսվում է ամառվա տեսարաններով, երբ ամեն ինչ դեռ շատ թեթև է, եղանակը՝ արևոտ, երեխաները խաղում են, կանայք՝ աշխատում: Իսկ ահա աշնանը սկսվում են սթրեսային  իրավիճակները․կանայք ամեն վայրկյան սպասում են իրենց ամուսիններին, որովհետև չգիտեն, թե ե՞րբ են գալու, և առհասարակ, գալո՞ւ են․․․։

Ֆիլմում շատ կերպարներ կան, բայց գլխավոր հերոսները չորսն են, որոնց շուրջ պտտվում է ֆիլմի ասելիքը՝ սիրո, ցավի, թախիծի շեշտերով:

Թամարա Ստեփանյանը ծնվել է Հայաստանում`  արվեստագետների ընտանիքում. հայրը՝ կինոյի և թատրոնի սիրված դերասան և ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն է, մայրը՝  թավջութակահարուհի Նարինե Հարությունյանը: 

Երիտասարդ ռեժիսորն իր կյանքի մեծ մասը հայրենիքից դուրս է անցկացրել, սակայն հայկականն իր կինոյում մեծ տեղ ունի. նա իր արվեստով  մշտապես  հիշում  է Հայաստանի մասին:  Երկար տարիներ ապրել  և  կրթություն ստացել Լիբանանում, մասնագիտական կրթություն է ստացել նաև Դանիայում, իսկ սերը նրան տեղափոխել է Փարիզ, որտեղ էլ այժմ բնակվում  և ստեղծագործում է։

Թամարա Ստեփանյանը  այս պահին ունի հինգ ֆիլմ՝ երկու կարճամետրաժ խաղարկային («Փոքր  քարեր», «Փետրվար 19») և երեք լիամետրաժ դոկումենտալ («Անթեղ», «Ձյուն կար» և «Կանանց գյուղը»):

«Անկախ»-ի  զրուցակիցն  է  աստղակիր  ռեժիսոր  Թամարա  Ստեփանյանը:

-Հարգելի Թամարա, օրեր  առաջ  Ձեր «Կանանց գյուղը» լիամետրաժ  վավերագրական ֆիլմն արժանացավ  La SCAM-ի  աստղի։  Կմանրամասնեք,  թե  ի՞նչ  է  իրենից  ներկայացնում  La SCAM-ի  Աստղը:

- La SCAM-ը այստեղ վավերագրական ֆիլմերի հեղինակների ասոցացիան է։  Այն ներկայացնում է մեզ՝  վավերագրողներիս։ La SCAM-ը Ֆրանսիայում գործող կարևորագույն կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 1981 թվականին՝ վավերագրական դաշտի ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով։   La SCAM-ն ունի նաև տարբեր մրցանակներ և թոշակներ:  Ամեն տարի ընտրում են տարվա լավագույն 30 դոկումենտալ  ֆիլմերը։  «Կանանց  գյուղը»  ֆիլմը  ևս  այդ  լավագույն երեսուն ֆիլմերի  ցանկում  է ։ Այս  ֆիլմը  երկու երկրների՝  Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրության  է։ Դա կարծես,  մի պիտակ  է, որ ամեն  տեղ  կարող ես ամրացնել և ասել, որ   La SCAM աստղ  ունես։ Այն ինձ համար մեծ  ձեռքբերում է, որին ընդհանրապես չէի սպասում  և շատ  հաճելի  անակնկալ  էր։

 

Կանանց գյուղը» կինոնկարը պատմում  է  Գեղարքունիքի  Լիճք գյուղի մասին, որը վերածվել  է  «կանանց կղզու». տղամարդիկ  գնում են արտերկրյա աշխատանքի, իսկ  կանայք մնում  միայնակ` վերցնելով ընտանիքի ամբողջ  հոգսը։ Սա հայաստանյան իրականության ամենացավոտ  խնդիրներից  մեկն  է: Կպատմեք,  ինչպե՞ս  են  ծնվում  Ձեր  Ֆիլմերի  թեմաները:

-Ինձ մոտ հենց այսպիսի ցավոտ թեմաներից են ծնվում ֆիլմերի սցենարները։ Իմ  մյուս ֆիլմերը  նույնպես,  օրինակ հենց   « Ձյուն  կար»  ֆիլմը,  որը նկարահանել եմ  Մարսելում, այդ  նույն  ցավից  է  ծնվել՝  արտագաղթի  ցավից։  Ես  միշտ կարդում եմ, միշտ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Եվ  շատ ծանր եմ տանում այն, որ մեր երկրում շատ ընտանիքներ զրկված են հայրերից, կանայք՝  իրենց ամուսիններից։ Եվ այս բոլոր հարցերի պատասխանները  փորձեցի հասկանալ ավելի մոտիկից՝  ներսից։  Լիճք գյուղի  ընտրությունը շատ պատահական էր. դա կարող էր լինել հայաստանյան ցանկացած մի այլ գյուղ։ Շատ պատահականորեն է ստացվել նաև ծանոթությունը գյուղի կանանց հետ, ովքեր հետագայում արդեն դարձան իմ ֆիլմի հերոսները։ Այդքան էլ հեշտ չէր ձեռք բերել այդ կանանց վստահությունը։ Սակայն, երբ իրենք հասկացան, որ ես ինչ-որ սենսացիոն վավերագրական ֆիլմ չեմ  նկարում միայնակ կանանց մասին, այլ փորձում եմ հասկանալ  իրենց ապրումները, սպասումները, կիսում եմ իրենց ցավը, արդեն ամեն ինչ  ինքն իրեն ստացվեց։ Ես կարծում եմ, որ իմ ֆիլմի հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ ֆիլմը դիտողները տեսնում են, թե ինչպես եմ ես գյուղի կանանց հետ ապրում  իրենց առորյա հոգսերը։ Դա շատ կարևոր է վավերագրական ֆիլմում։ Մի  բան է, երբ  դրսից ես գալիս այդ ամենը նկարում, մեկ այլ  բան է դա  մոտիկից, սեփական մաշկի վրա  զգալը։ Գիտեք, հենց   մարդկային  այս հարաբերությունները  ծնունդ  տվեցին  այդ  վստահությանը։

 

-Գարնանը պետք է լույս տեսներ  Ձեր  բոլոր  ֆիլմերը   ներառող  DVD  հավաքածուն, որը համավարակի պատճառով հետաձգվեց:  Ի՞նչ փուլում եք հիմա,  և արդյո՞ք հավաքածուն հասանելի  կլինի նաև հայաստանյան  հանդիսատեսին:

-Հիմա  դեռ  նախապատրաստական  փուլում է, արդեն ավարտում ենք ձևավորման աշխատանքները։   Աստղեր ստացած ֆիլմերը, իրենց հեղինակների մասնակցությամբ, հանդիսականին կներկայացվեն  Festival Les Étoiles  վավերագրական  ֆիլմերի  փառատոնի ժամանակ նոյեմբերի 7-8-ին  Forum des images  ֆորումին։   Իմ կարծիքով, հենց այնտեղ էլ կկայանա իմ ֆիլմերի   DVD  հավաքածուի շնորհանդեսը։ Բնականաբար, շատ եմ ուզում, որ այն հասնի նաև Հայաստան. անպայման կաշխատենք այդ ուղղությամբ։

 

-ժամանակակից համաշխարհային կինոյում ունեցանք մի շարք հաղթանակներ, օրինակ հենց Նորա Մարտիրոսյան «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլը: Ձեր  կարծիքով  ի՞նչն  է խանգարում  հայկական կինոարտադրությանը դուրս գալ  կինոյի  մեծ  աշխարհ։

-Իմ կարծիքով հայկական ֆիլմերը արդեն կամաց-կամաց դուրս են գալիս մեծ աշխարհ։ Հիմա, կարծում եմ, որ սահմանափակումներ  չկան և հայ տաղանդավոր երիտասարդները  քիչ-քիչ կարողանում են դուրս գալ մեծ կինոաշխարհ, ցույց  տալ  իրենց տաղանդը։ Կարծում եմ բավական մեծ առաջխաղացում կա։  Սակայն, կարծում  եմ,   Հայաստանում  լավ պրոդյուսերների պակաս ունենք,  ովքեր   կվերցնեն   ֆիլմը  և  կռիվ կտան  այդ  ֆիլմի  համար։ Ֆիլմի  հաջողության համար միայն լավ ռեժիսոր ունենալը բավական չէ. մեզ մոտ, կարծում եմ, բացակայում է լավ պրոդյուսերական դպրոցը։ Իհարկե, հիմա նման փորձեր արվում են Կինոկենտրոնի կողմից, բայց հարկավոր է ավելին։ Պետությունը ևս պետք է հոգա, որ կինոարտադրողները ներկա գտնվեն միջազգային կինոշուկաներին, ներկայացնեն և  իրենց, և  իրենց  երկիրը։

 

-Ինչպես Հիչքոքն էր ասում. «Լավ  ֆիլմ   ստեղծելու  համար պետք է երեք պայման՝ սցենար, սցենար և ևս մեկ անգամ սցենար»։ Իսկ  ո՞րն է  Ձեր   ֆիլմերի  գլխավոր  հաղթաթուղթը, գուցե՞  ոչ   դասական   մոնտաժը:

-Չնայած ես շատ եմ սիրում  Հիչքոքին,  բայց  այս պարագայում նրա հետ համաձայն չեմ։ Ես այսպես ասած մոնտաժի  «գիժ»  եմ։  Ինձ համար մոնտաժը ֆիլմի ամենակարևոր  էտապներից մեկն է։ Ինձ համար մոնտաժը սիմֆոնիայի է նման. գուցե դա գալիս է նրանից, որ մեծացել եմ երաժշտական ընտանիքում, մայրս թավջութակահարուհի Նարինե Հարությունյանն  է։ Այո, իմ  մոնտաժը  դասական չէ. ես միշտ փնտրտուքների մեջ եմ ու փորձում եմ ինչ-որ նոր բան ստեղծել։  Իմ վերջին երկու ֆիլմերում՝   «Ձյուն կար»  և  «Կանանց գյուղը»,  հենց այդպիսի  «երաժշտական»   մոնտաժ է արվել։ Թե նկարահանման, թե մոնտաժի դեպքում, սիրում եմ ժամանակը. ես շատ երկար եմ նկարահանումներ կատարում և շատ երկար մոնտաժում եմ։ Օրինակ Լիճքի նկարահանումների ժամանակ տեսախցիկը միշտ կողքիս էր, գիշեր-ցերեկ, նույնիսկ  քնած ժամանակ։ Երբ որ սկսում եմ նկարել, տեսախցիկը  դառնում է մարմնիս մի մասնիկը,  մենք  շարժվում  ենք  միասին։

 

-Ի՞նչ  նոր  նախագծեր  ունեք. կարծես  թե  նախապատվությունը  տալիս եք  վավերագրական ֆիլմերին  և ամբողջությամբ  խորացել  եք  այդ  ուղղության  մեջ:

-Հենց այս պահին էլ երկու խաղարկային նախագծեր ունեմ:  Միաժամանակ նաև աշխատում եմ երկու նոր դոկումենտալ նախագծերի վրա:

Այո, դոկումենտալ ֆիլմեր շատ եմ սիրում։ Վավերագրական ֆիլմը շատ հանկարծակի է ներխուժել  իմ կյանք։ Ի սկզբանե ես սովորել եմ Լիբանանի Ամերիկյան համալսարանում, որտեղ ավելի շատ խաղարկայինի վրա էր կշիռը։ Հետո որպես Լիբանանը ներկայացնող երիտասարդ կինոռեժիսոր, փոխանակման ծրագրով մեկնեցի Դանիա։ Այնտեղ ես անցա շատ կարևոր փորձառություն, որը փոխեց իմ կյանքը։ Որպես ռեժիսոր ինչպիսին  որ կամ, ինչի  որ հասել եմ, մեծամասամբ  գալիս է  ուսումնառության  այդ  շրջանից։ Դոկումենտալ կինոն ես այնտեղ եմ հասկացել,  զգացել և սովորել։ Դանիայից վերադառնալուց  անմիջապես հետո նկարահանեցի  «Անթեղ»  վավերագրական ֆիլմը:  «Անթեղ»-ը  իմ  առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, որը պատմում է 80-ի շեմը  բոլորած սերնդի կյանքի մասին, ներկայացնում նրանց հիշողություններն ու ապրումները: Ֆիլմի հերոսներն իմ տատիկի ընկերներն են, որոնց համար իրենց հիշողությունները թանկ են ու անգնահատելի: «Անթեղ»-ը   կորստի և անհետացման մասին է, մի սերնդի, որն ապրում է միայն հիշողություններով...              Այս ֆիլմը ասիական Կանն համարվող Պուսանի միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

 

-Ձեր կյանքի մեծ մասը հայրենիքից դուրս եք անցկացրել:  Ձեր  «Ձյուն կար» վավերագրական ֆիլմում  արծարծվում  է արտագաղթի  ցավոտ  թեման:  Իսկ  երբևէ  մտածե՞լ  եք  Հայաստանում բնակություն  հաստատելու  մասին:

-Իհարկե, մտածել եմ այս մասին, բայց դա բավականին  բարդ հարց է։ Արտագաղթը ինքնին շատ բարդ մի իրականություն է, որը զգալի է իմ  « Ձյուն կար»  ֆիլմում։  Երևի որպես ռեժիսոր, որպես մարդ  դեռ պատրաստ չեմ ապրել Հայաստանում։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով. այսօր ապրելով Փարիզում, ես աշխատում եմ միայն իմ մասնագիտությամբ և կարողանում եմ վաստակել  իմ ապրուստը։ Այստեղ կան պայմաններ, որոնք արվեստագետին թույլ են տալիս ապրել և ստեղծագործել։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարող եմ անել  Հայաստանում։ Այստեղ ապրում եմ ամուսնուս հետ, ով   ֆրանսիացի է։ Չնայած նա շատ է  սիրում Հայաստանը, մենք ամեն տարի ամռանը լինում ենք Երևանում, բայց ես չեմ պատկերացնում, թե նա ինչպես կարող է ինտեգրվել հայաստանյան կյանքին։ Այնուամենայնիվ  շատ կցանկանայի, որ երեխաներս  Հայաստանում  մեծանան, իրենց տատիկ-պապիկի կողքին, ստանան այն դաստիարակությունը, որը ինձ են տվել, որն ինձ հոգեհարազատ է։ Դրա համար փորձում եմ դուստրերիս որքան հնարավոր է  շատ բերել  Հայաստան։  Չնայած նրան, որ շատ քիչ եմ ապրել  Հայաստանում՝   շատ եմ սիրում իմ հայրենիքը։ Ես  Հայաստանում  չեմ, բայց Հայաստանն իմ  մեջ է։ Եվ ես այդ սերն արտահայտում եմ իմ  ձևով, յուրովի. Հայաստանում ֆիլմ  նկարելով,  Հայաստանի  մասին  ֆիլմ  նկարելով։ Նաև այդ կերպ ինքս ինձ համոզելով, որ  ապրում եմ  Հայաստանում։

 

Հարցազրույցը՝   Թամարա   Թորոսյանի

 

Թամարա  Ստեփանյան   «Կանանց գյուղը» լիամետրաժ վավերագրական ֆիլմ Գեղարքունիքի մարզ

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին