Իրավիճակը տեղի չի ունենում Լեռնային Ղարաբաղում, իրադարձությունները տեղի են ունենում անմիջապես Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին: Այս մասին հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք շատ անհանգստացած ենք կատարվածի կապակցությամբ: Արտաքին գործերի նախարարությունը [Ռուսաստան] հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որում մենք կոչ ենք արել կողմերին անհապաղ հրադադար հաստատել եւ սկսել բանակցությունները՝ այդ դեպքերի կրկնությունը կանխելու համար,- ասել է Ռուդենկոն,- Դժբախտաբար, առճակատումը սահմանին, այսպես ասենք, շարունակվում է․ այս գիշեր տեղի ունեցավ ռազմական բախումների հերթական բռնկումը»:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ինչպես արտաքին գործերի նախարարների, այնպես էլ երկու երկրների գլխավոր շտաբերի պետերի հետ շփումներում՝ արյունահեղությանը վերջ տալու համար:
Իրավիճակի վտանգը կայանում է նրանում, շարունակել է Ռուդենկոն, որ այն «կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա»: «Տարածաշրջանն իսկապես բավականին պայթյունավտանգ է: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է չկարգավորված, այդ կապակցությամբ, իհարկե, մեծանում է միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների դերը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները»,- հավելել է նա։
«Ներկայումս ինտենսիվ շփումներ են ընթանում, իհարկե, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի ներգրավվածությամբ: Հուսով ենք, որ ջանքերը կոնկրետ արդյունքների կբերեն,- ասել է փոխնախարարը:- Հիմա գլխավորը դադարեցնել արյունահեղությունը սահմանին եւ ավելի ակտիվորեն զբաղվել հիմնական հարցերի կարգավորմամբ, ակտիվացնել Մինսկի խմբի եւ համանախագահների ջանքերը: Վստահ եմ, որ նրանք կզբաղվեն դրանով, այս պրոցեսի առաջխաղացման պլաններն արդեն նախանշվել են»: