Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այսօր՝ հուլիսի 16–ին հողին հանձնեցին հուլիսի 14–ին հակառակորդի կրակոցից զոհված 28-ամյա կապիտան Սոս Էլբակյանին։
Կապիտան Էլբակյանին հետմահու շնորհված Հայրենիքին մատուցած ծառայության համար «Արիության մեդալն» այսօր հանձնել են կապիտանի ծնողներին։
Ծնողները հրաժարվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու առաջարկից:
Սոս Էլբակյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա լեյտենանտի կոչումով Զինված ուժերում աշխատանքի անցել։
Սոսն ամուսնացած չէր, բնակվում էր ավագ եղբոր եւ ծնողների հետ։
Հիշեցնենք, որ այսօր հողին են հանձնել նաեւ նույն օրը հակառակորդի կրակոցից սահմանին զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանին։