f

Անկախ

Մեր ամենակարևոր նպատակներից մեկը`   դա մեր մշակույթը  աշխարհին  ճանաչելի  դարձնելն  է. Վահագն   Համբարձումյան


Կավագործությունը հայկական ամենահին ավանդույթներից է: Կժեր, բաժակներ, բազմատեսակ պնակներ՝ խեցեգործությունը  հայ մարդու կենցաղում ունեցել է յուրահատուկ տեղ, իսկ այսօր այն կազմում է հայկական մշակույթի մի մասը։

Նկարիչ  և  կավագործ Վահագն Համբարձումյանն  ու  նկարիչ   Զառա Գասպարյանը   ամուսիններ են, ովքեր ապրում և ստեղծագործում են Սիսիան քաղաքում։  «Սիսիան կերամիքս»    բրենդի անվան տակ, որը  հիմնել են  2004 թվականին, նրանք ստեղծում են յուրօրինակ կավե սպասք և աքսեսուարներ:  Նրանք միասին ուսումնասիրել են հայկական խեցեգործության պատմությունը, կավագործության հնագույն տեխնոլոգիաները և դեկորատիվ արվեստի տեխնիկան:

Վահագնի աշխատանքները բավականին  հետաքրքրում են զբոսաշրջիկներին, որոնք այցելում են Սիսիանում գտնվող նրանց արհեստանոց, ծանոթանում աշխատանքներին և անպայման, որպես հուշանվեր, որևէ իր են գնում:

Սիսիանում բնակվող այս գեղեցիկ զույգը հյուրընկալում է տուրիստներին իրենց արհեստանոցում՝ տրամադրելով կավագործության և այլ ձեռագործ աշխատանքների վարպետաց  դասեր։ Զբոսաշրջիկը, մուտք գործելով արվեստանոց, կարող է ծանոթանալ կավե իրերի պատրաստման ամբողջ գործընթացին: «Սիսիան կերամիքսի»  կավագործության դասերին այցելուները կարող են ինքնուրույն պատրաստել կավե ամաններ ու զարդեր, իսկ հետո ավանդական հայկական ռեստորանում, որտեղ ամեն ինչ պատրաստվում է կավե ամանների մեջ, ճաշակել հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստները:

Վահագը սովորեցնում է աշխատել կավի հետ, որի արդյունքում ստացված իրերը տուրիստները վերցնում են իրենց հետ որպես հուշանվեր:

Նրանց աշխատանքները շատ բազմազան են, բոլոր նախշերը վերցված են մեր ամենահին զարդարվեստից կամ ժայռապատկերներից:

Կավն արհեստանոց են բերում տարածաշրջանի սարերից, որից հետո այն անցնում է մանրամասն մշակում։ Նրանց արհեստանոցում ներկայացված են նաև  Զառայի պատրաստած շարֆերն ու աքսեսուարները, որոնք նաև  հասանելի  են  վաճառքի համար:

«Անկախ»-ը  զրուցել  է սիսիանցի  վարպետ   Վահագն  Համբարձումյանի  հետ:

-Յուրաքանչյուրիս  մոտ  մասնագիտության  նկատմամբ  սերն  ու հետաքրքրությունը  առաջանում  է  տարբեր կերպ: Հետաքրքիր է, Ձեզ մոտ ինչպե՞ս է հետաքրքրություն առաջացել  խեցեգործության  նկատմամբ:

-Երրորդ-չորրորդ  դասարանից սկսել եմ գրքեր կարդալ: Կարդացածս առաջին գիրքը եղել է «Հովազաձորի գերիները», հաջորդը՝ «Ռոբինզոն Կրուզոն»: Երկու գրքերում էլ հետաքրքիր մանրամասներ կան կավի մասին: Հենց այդպես էլ հետաքրքրություն է առաջացել խեցեգործության նկատմամբ: Դպրոցն ավարտելուց  հասկացա, որ պետք է խորանամ կիրառական արվեստների  մեջ, և կավագործությունը լինելու է հիմնական ուղղությունը: Սկսեցի  հաճախել   Սիսիանում հայտնի  բրուտ՝  Վարդանի արհեստանոց: Բանակից վերադառնալուց հետո տեղափոխվեցի Երևան՝  ավելի բարձր մակարդակով ուսումնասիրելու  խեցեգործության գաղտնիքները: Վարպետներ գտա, ընդունվեցի աշխատանքի խեցեգործական արտադրամասում։ Այդ ամբողջ ընթացքում զբաղվել եմ  նաև ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ՝  գրքերից,  տարբեր տեղերից կավագործության մասին ինֆորմացիա հավաքելով։ Ահա այսպես մասնագիտացել եմ այս գործում։ Հետագայում արդեն ընդունվեցի  Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի  կիրառական արվեստի բաժին:

 

-Կավից  պատրաստելով  մոդեռն,  նորաոճ  աշխատանքներ, միևնույն  ժամանակ պահպանում  եք  ավանդականը. ավանդական  հիմքի վրա  ստեղծում  եք  նորը: Ո՞րն  է ավանդական,  հայկական  այս  զարդանախշերի  նշանակությունը:

- Ավանդական հայկականը շատ լայն իմաստ ունի։ Մեր մշակույթի  անընդհատ փոփոխությունը  իր ազդեցությունն է ունեցել նաև կավագործության վրա։ Հին հեթանոսական ժամանակներից սկսած արդեն բարձր մակարդակի խեցեգործություն ենք ունեցել։ Այդ շրջանի խեցեգործական իրերը իրենց վրա կրել են ժամանակի նախշերը, սիմվոլները։  Հին ժամանակներում կավե իրը պատրաստել են կամ կենցաղային նպատակով, կամ էլ ինչ-որ ծիսական արարողության համար: Նույնիսկ կենցաղում օգտագործելու դեպքում այն իր վրա ունեցել է որոշակի զարդանախշեր, որոնք ինչ-որ բան են խորհրդանշել. եղել են չարխափան նշանակության նախշեր, ծիսական նախշեր։ Ամեն ծես ունեցել է իրեն խորհրդանշող զարդանախշը։  Բայց բոլոր կավե իրերի հիմքը,  որը բոլոր ժամանակների համար ընդհանուր էր, դա  նրանց վրա հավերժություն խորհրդանշող չորս տարրերն են եղել. հողը, ջուրը, օդը, կրակը։ Այդ  չորս տարերքները ինչ-որ ձևով պատկերվել են. երբեմն կրակին փոխարինել է արևը։  Մինչքրիստոնեական ժամանակաշրջանում շատ ընդունված է եղել  նաև դիցուհիների՝  օրինակ Անահիտի, Աստղիկի զարդապատկերները։

Բոլոր դեպքերում ավանդականի պահպանումը իմ ամենակարևոր, հիմնական նպատակն է, նամանավանդ հիմա, երբ ամեն ինչ  շատ է մոդեռնիզացվել։ Իհարկե, դա էլ է կարևոր, ժամանակի շունչը ևս պետք է լինի, սակայն ավանդականի պահպանումը մեր արվեստանոցում առաջնային է։ Ես ամեն ինչ փորձում եմ ստեղծել ավանդականի  հիմքի վրա։ Դա նաև մեր ազգային մտածելակերպն է, որն արտացոլվել է  խեցեգործական իրերի վրա  և որը հարկավոր է պահպանել։

 

-Դուք  խեցեգործությունն եք ընտրել՝ որպես հայկական մշակույթը ներկայացնելու նախընտրելի տարբերակ: Սակայն ի՞նչ եք կարծում, կավե  իրերի նկատմամբ  այսօր հետաքրքրություն  կա, մարդիկ  դրա  պահանջն  ունե՞ն:

-Մարդիկ ավելի շատ պահանջ ունեն այն գաղափարի, որը մենք ներդնում ենք այդ կավե իրերի վրա։ Դա ազգային մտածելակերպի գաղափարն է։ Երբ որ մենք մարդկանց բացատրում ենք դրանց իմաստը, գաղափարը՝ այդ ժամանակ նոր մարդկանց մոտ ի հայտ է գալիս հետաքրքրություն  մեր արվեստի նկատմամբ։ Մարդիկ արդեն իրենց երեխաներին են բերում այստեղ։ Այսօր մարդիկ ավելի շատ այդ հոգևորի պահանջն ունեն։

 

-Այսօր կավի հետ աշխատելու  հետաքրքրությունը  քիչ է, բայց կարծես  թե  Ձեզ  մոտ աշակերտների պակաս չկա: Ինչպ՞ես  եք  կարողանում  հետաքրքրություն  առաջացնել մատաղ  սերնդի  մոտ  հայկական  ամենահին  ավանդույթներից  մեկի  նկատմամբ:

- Հետաքրքրությունն առաջանում է կավի հետ շփումից։ Իհարկե, նաև դրա մեջ ներդրվող գաղափարն է, որ ձգում է մարդկանց։  Բնականաբար, մարդկանց հետաքրքրում է, ոգևորում է հենց իմ օրինակը, իմ հաջողություններն  այս ասպարեզում։ Ինձ հետ շփումը, իմ բացատրական աշխատանքները մարդկանց ձգում է դեպի կավը։ Աշակերտներիս մեջ կան նաև մեծահասակներ,  որոնց ևս մեծ սիրով սովորեցնում եմ իմ արվեստը։

 

- Ձեր աշխատանքները բավականին հետաքրքրում  են  զբոսաշրջիկներին, որոնք  այցելում  են  Սիսիանում  գտնվող  Ձեր   արհեստանոցԿպատմեքի՞նչ են տեսնում օտարերկրացիները  Ձեր արվեստանոցում  և  ինչպիսի՞  տպավորություններով  են  հեռանում:

-Իմ աշխատանքները բավական հետաքրքրում են զբոսաշրջիկներին, որոնք այցելում են Սիսիանում գտնվող  մեր  արվեստանոց, ծանոթանում աշխատանքներին և անպայման, որպես հուշանվեր, որևէ իր են գնում: Զբոսաշրջիկները իմ արվեստանոց տեսնում են ամեն ինչ, ինչը որ վերաբերվում է կավին.  սարից բերված հող վիճակից` մինչև նրան պատրաստի աշխատանքի վերածելը։ Զբոսաշրջիկները ականատես են լինում այդ ամբողջ գործընթացին, և նույնիսկ իրենք են մասնակցում այդ աշխատանքներին։ Օտարերկրյա զբոսաշրջիկներին ևս անպայման բացատրում ենք յուրաքանչյուր զարդանախշի, դետալի նշանակությունը, պատմությունը, որպեսզի իրենք ևս ճանաչեն մեր ազգայինը,  դրա մի կտորը տանեն իրենց հետ և հիշեն։ Իրենք գիտեն, որ օրինակ, եթե այս կավե բաժակը իրենց հետ տանում են, դրա վրայի նախշերը ինչ են խորհրդանշում, ինչ գաղափար են կրում։

Վստահ կարող եմ ասել, որ մեր ամենակարևոր նպատակներից մեկը`   դա մեր մշակույթը աշխարհին ճանաչելի  դարձնելն է։  Աշխարհը մեզ պետք է ճանաչի որպես հնագույն, բարձր մշակույթի տեր ազգի։

Այն ժամանակ, երբ մեր արվեստանոցը բավական անշուք էր(հիմա արդեն բարեկարգվել է), զբոսաշրջիկները սկզբում կարծես թերահավատորեն էին մոտենում, բայց հեռանալիս բոլորը ժպտում էին և պարտադիր շնորհակալություն հայտնում, թե ինչպես հետաքրքիր և մատչելի մենք ներկայացրեցինք իրենց մեր ազգայինը։

 Բոլորը միշտ հեռացել են շատ տպավորված ու շատերի հետ պահպանվել են հետագա հարաբերությունները։ Շատերը  գնում են`  հաջորդ տարի վերադառնալու խոստումով։ Ունեցել ենք զբոսաշրջիկներ, ովքեր մեզ մոտ լինելուց հետո հաջորդ տարի իրենց հետ բերում են իրենց երեխաներին, ծանոթներին կամ ընկերներին։ Եվ այդպիսով մեր շփումը շարունակվում է. դա արդեն նշանակում է, որ ամեն բան ճիշտ ենք անում, ճիշտ ուղու վրա ենք։

 

- Համավարակից ամենաշատ տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը, որն այս օրերին ամբողջապես կանգ է առել  ողջ  աշխարհում: Հետաքրքիր  է, դուք  ինչպե՞ս անցկացրեցիք համավարակի այս մի քանի ամիսը:

- Քանի որ մեր հիմնական հաճախորդները զբոսաշրջիկներն են, մեզ համար այս շրջանում, բնականաբար դժվար էր։ Սա մի բացասական երևույթ է, որը մենք պետք է հիշենք ու դաս քաղենք: Ցանկացած բացասական երևույթից ոչ թե պետք է նեղվել, այլ նաև սովորել: Այս ամենի մեջ մենք նաև հնարավորություններ տեսանք. ժամանակ ունեցանք ավելի խորը ուսումնասիրելու կավագործությունը։ Այդ ամենը, իհարկե, զբոսաշրջիկների հոսքի ժամանակ  չէինք կարող անել։ Այդ ուսումնասիրությունները մեզ նոր թափ հաղորդեցին և սրանից հետո ավելի լավ ու ավելի պրոֆեսիոնալ կմոտենանք մեր գործին։

 

-Ցանկացած  գործ  սկսելու  ճանապարհին  լինում են  նաև դժվարություններ: Ունե՞ք գործընկերներ,  աջակիցներ,  ովքեր  սատարում  են  Ձեզ  այս  գործում:

- Վերջին մի քանի տարում ունեցել ենք մի շարք գործընկերներ, որոնց աջակցությամբ մի քայլ ավելի առաջ ենք անցել։ Դա ակնհայտ է թե՛ մեր արվեստանոցի վերանորոգման հետ կապված, թե՛ մասնագիտական խորհրդատվության հարցում, որն օգնեց մեզ ավելի ներկայանալի մատուցել մեր ծառայությունները։

 Ուզում եմ նշել  USAID-ի  կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրիը  ։ Ծրագիրը մեզ համար փառատոններ էր կազմակերպում , սովորեցնում, թե ինչպես ներկայանալ զբոսաշրջիկներին։ Իհարկե, մեզ տրամադրվեց նաև նյութական աջակցություն։ Մեր գործընկերներից է նաև Եվրոմիության գրասենյակը, որը փոքրիկ նյութական աջակցություն ցուցաբերեց՝  խոհանոցի պարագաների տեսքով։

Միջազգային տարբեր կազմակերպությունների աջակցությամբ և ՓՄՁ ԶԱԿ-ի վարկավորմամբ նորոգել ենք  արվեստանոցը, ցուցադրությունների սրահը:

Մեր համար շատ կարևոր ու լուրջ գործընկեր է ՄԱԿ- ի գրասենյակը։  «Ինտեգրված գյուղական  զբոսաշրջության զարգացում»   ծրագրի  ֆինանսական աջակցությամբ, մասնագիտական խորհրդատվությամբ մենք վերանորոգեցինք մեր արվեստանոցը, որոշակի գույք ձեռք բերեցինք, կառուցեցինք առանձին թրծման սենյակ։ Դրանից անմիջապես հետո զբոսավարների օգնությամբ  մեզ  համար  դասընթացներ կազմակերպվեց։ Զբոսավարները մեզ ցույց տվեցին, թե ինչ խնդիրների են հանդիպում զբոսաշրջիկների հետ տարբեր վայրեր այցելելիս։ Դա մեզ օգնեց ավելի պրոֆեսիոնալ կերպով մատուցել մեր արվեստը։

 

- Ձեր   և  Ձեր կնոջ՝ նկարիչ Զառա  Գասպարյանը  հիմնած  «Սիսիան կերամիքս» ապրանքանիշը  արդեն դարձել է Սիսիանի այցեքարտը,  սիսիանյան բրենդ… Որքանո՞վ եք կարևորում  Ձեր  կողակցի ներկայությունը  ստեղծագործելիս, ո՞րն  է Ձեր  ներշնչանքի աղբյուրը:

- Իմ ներշնչանքի աղբյուրը ժամանակի ընթացքում կարծես թե փոխվում է, սակայն  կա մի բան,  որ անփոփոխ  է. դա բնությունն է։ Ստեղծելով, պահպանելով մեր ավանդականը՝ հասկանում եմ, որ դրա հիմքում էլ   ընկած  է  բնությունը։ Կնոջս  ու երեխաներիս ներկայությունը անչափ կարևորում եմ աշխատելիս, արարելիս։ Կնոջս հետ մեր մտքերը, գաղափարները հաճախ չեն համընկնում և լինում են վեճեր։  Եվ հենց այդ բանավեճերի արդյունքում  էլ ավելի գեղեցիկ, ավելի ճիշտ աշխատանքներ են ծնվում։

Ոգևորող է նաև այն, որ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում մոտ 190 թանգարանային կազմակերպությունների հետ Վաշինգտոնում  2018թ. ամռանը  մասնակցեցինք  Սմիթսոնյան Ֆոլկլայֆ փառատոնին, որտեղ ներկայացրեցինք  հայկական մշակույթը։ Այնտեղ  հայկական խեցեգործության նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ շատ մասնագետներ Սիսիան այցելելու և  տեղում հայկական տեխնոլոգիային ծանոթանալու ցանկություն հայտնեցին։ Բնականաբար, դա մեծ պատիվ էր մեզ համար. միջազգային հարթակներում ներկայացնել  մեր երկիրը, մեր մշակույթը, մեր պատմությունը։

 

Հարցազրույցը՝    Թամարա   Թորոսյանի

Վահագն Համբարձումյան Կավագործություն Զառա Գասպարյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին