f

Անկախ

Ի՞նչ էր ակնարկում թուրք գեներալը ռուսներին՝ հայկական հարցի վերաբերյալ. Երվանդ Բոզոյանի հոդվածը


Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը գրում է.

Հայ-ադրբեջանական վերջին զարգացումները հետաքրքիր բարոմետրի դեր կատարեցին տարբեր երկրներում գործընթացների վրա:

Ադրբեջանում, օրինակ, իր պաշտոնից զրկվեց այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Իր իշխանության պահպանման համար սպառնալիք է զգում անձամբ Ալիևը:

Հետաքրքիր էին նաև Թուրքիայում գործընթացները: Նախ այդ երկիրը այս վերջին հայ-ադրբեջանական բախումների մասով շատերի համար տարօրինակ ձևով արագ արձագանք տվեց, կարծես՝ բախումն եղել էր ոչ թե Ադրբեջանի, այլ հենց Թուրքիայի զինված ուժերի հետ:

Պարզ է, որ Թուրքիան տարածաշրջանում աջակցում է Ադրբեջանին, սակայն արձագանքի ձևն ու արագության աստիճանը մտորելու տեղիք տվեցին շատերին:

Սկզբից Էրդողանը դատապարտեց Հայաստանին, հետո հայտարարեց, թե իբր, երրորդ կողմը կարող էր հրահրած լինել այս ճգնաժամը՝ ակնհայտորեն ակնարկելով Մոսկվայի ուղղությամբ:

Այդ շարքում առավել հետաքրքիր էր Թուրքիայի պաշտպանության նախարար, գեներալ Հուլուսի Աքարի՝ անցած ուրբաթ ելույթը Ստամբուլի համալսարաններից մեկում, որտեղ նա մանրամասն անդրադարձավ ոչ միայն ներկայիս կոնֆլիկտին, այլև խոսեց 100 տարի առաջվա իրադարձությունների մասին:

Մասնավորապես նա նշեց, թե իբր «Հայաստանն այսօր էլ թաքնված պահանջներ ունի Թուրքիայի հանդեպ»: Հետո նշեց, որ այդ պահանջների հետևում 100 տարի առաջ կանգնած էին Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները: Ակնարկը ակնհայտ ուղղված էր ռուսներին: Որից հետո նա խոսեց այն մասին, թե իբր հայերի ցեղասպանություն այն ժամանակ «չի եղել», և նույնիսկ ճիշտ հակառակը՝ որպես «փաստ» բերելով այն ժամանակվա ամերիկյան գեներալ Հարբորդի եզրակացությունները 1915-ի դեպքերի վերաբերյալ:

Թուրք գեներալը հերթական անգամ կոչով դիմեց Հայաստանին՝ բացել արխիվները, որոնք վերաբերվում էին 100 տարի առաջվա դեպքերին, և վերջում նշեց, թե իբր, իր խոսքերի ապացույցները կարելի է գտնել նույնիսկ այսօրվա ամերիկյան Կոնգրեսի պատմական արխիվների շարքում:

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ «եզրակացության» մասին էր խոսում թուրք գեներալը և հետո փորձենք պարզել, թե ի՞նչ էր ուզում ասել իր այս թեզով և ամենակարևորը՝ ո՞ւմ էր այն ուղղված:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում գեներալ Հարբորդի եզրակացությունը. պատմական տեղեկանք

1919թ. մայիսի 14-ին Փարիզյան կոնֆերանսում այսպես կոչված «4-ի խորհուրդը» որոշեց Հայաստանի կառավարման մանդատը հանձնել Միացյալ Նահանգներին:

Նահանգներում «Հայկական հարցի» շուրջ կար երկու տեսակետ: Առաջինն այն էր, որ ԱՄՆ-ը պետք է ամբողջովին աջակցի «Մեծ Հայաստանի» ստեղծմանը, և դա կլինի համաշխարհային գերտերություն դառնալու Միացյալ Նահանգների դեբյուտը: Այս տեսակետը կիսում էին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության մեծ մասը և երկրի տնտեսական վերնախավի այն մասը, որը շահագրգռված էր միջինարևելյան նավթով: Այդ ուժերի ներկայացուցիչն ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնն էր:

Սակայն, Միացյալ Նահանգներում կային նաև այս ուղենիշի ընդդիմախոսներ: Նրանք, վկայակոչելով Մոնրոյի հայեցակարգը, դեմ էին, որ Միացյալ Նահանգները զգալի ռեսուրսներ ծախսի Եվրոպայում կամ Միջին Արևելքում: Այդ հակասությունների հարթեցման նպատակով 1919թ. ամռանը տարածաշրջան ուղարկվեց հանձնախումբ' գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Հանձնախումբը կազմված էր 50 հոգուց՝ զինվորականներից, իրավաբաններից, տնտեսագետներից, ազգագրագետներից, այլ մասնագետներից: Հավաքելով տարբեր տիպի հսկայական տեղեկություններ՝ հանձնախումբը եկավ այն եզրակացության, որ «Ծովից ծով Հայաստանի» մանդատը վերցնելը հնարավոր կլինի այն դեպքում, եթե Միացյալ Նահանգների մանդատի տակ հանձնվի նաև ողջ Անդրկովկասը և Թուրքիան՝ Բոսֆորով ու Կոնստանդնուպոլսով:

Ըստ հանձնախմբի եզրակացության՝ այս ամենի իրականացման համար անհրաժեշտ են հարյուրմիլիոնավոր դոլարներ և մոտ 200 000-անոց բանակ, որից միայն 59 000-ն անհրաժեշտ է «Մեծ Հայաստանի» սահմանները պաշտպանելու նպատակով:

Հայաստանի մասով Միացյալ Նահանգների վերջնական որոշումը կախված էր նաև միջազգային իրադրությունից: 1920թ. գարնանը խորհրդային զորքերը գրավել էին Ադրբեջանը, իսկ քեմալականները Թուրքիայում վերահսկում էին երկրի մեծ մասը: Այդ ամենը հաշվի առնելով՝ ամերիկյան քաղաքական վերնախավի մեծ մասը հանգում էր այն եզրակացության, որ Վաշինգտոնը չի կարող խնամակալի դեր ստանձնել Հայաստանի նկատմամբ, քանզի դրա համար անհրաժեշտ է պատերազմական գործողությունների մեջ մտնել Կովկասում բոլշևիկների հետ, իսկ Անատոլիայում' Թուրքիայի: Այսինքն, Հարբորդի հանձնաժողովի հավաքած տեղեկությունների հիման վրա ուժերի հավասարակշռությունը փոփոխվելու պատճառով ավելի շատ զորք էր պետք ուղարկել տարածաշրջան, քանզի առանց ամբողջ այս տարածաշրջանի վրա մանդատ վերցնելու (Թուրքիա, Անդրկովկաս)՝ առանձին վերցրած Հայաստանի խնամակալության մասին խոսելն անլուրջ է:

Ահա այս եզրակացության հիման վրա էլ ամերիկյան Սենատը 1920թ. հունիսի 1-ին պաշտոնապես մերժեց ԱՄՆ-ի կողմից խնամակալի դերը Հայաստանի նկատմամբ:

Սակայն, Հարբորդի ուսումնասիրություններում Հայոց ցեղասպանության կասկածի մասին ոչ մի փաստ չկար: Ավելին, այդ ուսումնասիրությունները ևս մեկ անգամ բազմաթիվ ապացույցներ գտան, թե ինչ աստիճանի վայրագություններ էին կատարվել հայերի նկատմամբ այդ ժամանակահատվածում:

Հարց է առաջանում՝ ինչի՞ մասին է խոսում թուրք գեներալը՝ հղում անելով Հարբորդի հանձնաժողովի եզրակացություններին:

Բերենք ընդամենը մի քանի դրվագ, որոնք իբր պիտի խոսեին հայերի դեմ:

Առաջին

Հայերը չէին սիրում այլ ազգի ներկայացուցիչներին, որոնց հետ ապրում էին: Բայց դա կապ չունի ցեղասպանության իբր հերքման «փաստի» հետ:

Երկրորդ

Հայերին չէին սիրում տեղի այլ ազգության ներկայացուցիչները, քանզի հայերն ամենուրեք կարողանում էին իրենց շահերը պաշտպանել, և նույնիսկ կար ասացվածք․ «Հայը միշտ ճիշտ է, նույնիսկ եթե նա խախտում է օրենքը»:

Այս եզրույթն էլ կապ չունի ցեղասպանության լինել-չլինելու հետ:

Երրորդ

Բոլոր «յուղոտ» դիրքերն զբաղեցնում էին հայերը, ինչի պատճառով էլ նրանց հանդեպ կուտակված էր ատելություն բոլորի կողմից: Այնպես, ինչպես որ ատում էին հրեաներին Եվրոպայում:

Սույն արձանագրությունը ոչ թե հերքում, այլ հաստատում է, որ ցեղասպանության համար կային նաև այլ՝ ավելի խորքային պատճառներ:

Չորրորդ

Հայերի կոտորածների շարքում մեծ դեր էին կատարում նաև քրդերը: Սա նույնպես փաստ է, բայց պարզ է, որ գլխավոր պատասխանատուն Օսմանյան պետությունն էր, որը խրախուսում էր հայերի ջարդերը՝ այդ թվում նաև քրդերի ձեռքերով:

Հինգերորդ

Կոտորածներ էին լինում նաև մահմեդականների նկատմամբ, որոնք իրականացվում էին այդ թվում նաև հայերի կողմից:

Այս թեզերի հիման վրա են այսօրվա թուրքական իշխանությունները փորձում հերքել հայերի կոտորածները՝ այն վերախմբավորելով իբրև «երկկողմանի կոտորածների» տեսքով:

Բայց նույնիսկ այս վերջին թեզի մասով Հարբորդի հանձնաժողովի զեկույցում լուրջ ապացույցներ չկան, և դրա պատճառով էլ թուրքական այսօրվա քարոզչամեքենան Հարբորդի հանձնաժողովին էլ է մեղադրում «հայամետության» մեջ՝ փոխարենը բերելով նոր թեզ, համաձայն որի՝ իբր Հարբորդի թիմի հետ միասին այն ժամանակ Թուրքիա էր ուղարկվել նաև մեկ այլ ամերիկյան հանձնաժողով՝ կապիտան Նայալսի գլխավորությամբ: Եվ իբր այդ կապիտանի թիմի բացահայտումներից պարզվում է, որ հայերը նույնպես մասնակցել են մահմեդականների կոտորածներում ու այն կրում էր կազմակերպված բնույթ:

Սակայն պարզվում է, որ իրականում նման փաստաթղթեր գոյություն չունեն, և ահա թուրքական իշխանությունները փարիսեցիաբար պնդում են, թե իբր այդ փաստաթուղթը «պահվում է» կամ ամերիկյան Կոնգրեսի արխիվի գրադարանում, կամ էլ հայկական արխիվային փաստաթղթերում: Եվ դրա հիման վրա թուրքերը ամենուրեք կոչ են անում, որպեսզի Հայաստանը «բացի» իր արխիվները:

Այն, որ մահմեդականների կոտորածներ նույնպես եղել են, չի նշանակում, որ նրանք ենթարկվել են ցեղասպանության: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա և ռուս պարտիզանները նույնպես կոտորում էին գերմանացի օկուպանտներին, բայց ոչ մեկի մտքով չէր անցնի հավասարեցնել գերմանացիների կողմից իրականացված հրեաների կոտորածները պարտիզանների կոտորածների հետ, որտեղ կարող էին տուժել նաև շատ անմեղ գերմանացի զինվորներ և նույնիսկ, ինչու չէ, գերմանացի քաղաքացիական բնակչության մի մասը:

Սակայն, երբ թուրքերի այս ծիծաղելի պնդումները լուրջ հակազդեցության չեն արժանանում Հայաստանի կողմից, նրանց լեզուներն սկսում են երկարել:

Բայց մի կողմ թողնենք, որ հայկական քարոզչամեքենան այս հարցում դարձել է հնամաշ և արժանի պատասխան չի տալիս թուրքական կեղծ պնդումներին:

Սա գործի մի կողմն է, մյուսը նա է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը փաստացի ակնարկում է Մոսկվային, որ Հայաստանը ունեցել է և հիմա էլ ունի իբր գաղտնի ծրագիր տրոհելու Թուրքիան: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան կարող է ունենալ բարոյական իրավունք հենց այսօր «պատժել» Հայաստանին: Այսինքն, այդ «պատժելու» թեզի տակ, փորձ է արվում դնել քաղաքական լեգիտիմ «հիմնավորում»: Բացի այդ, թուրք գեներալը կրկին «հիշեցնում է» ռուսներին, որ հայերն իրենց այդ նպատակները կապում են ամերիկացիների հետ: Հարբորդի անունը հենց դրա համար էր հիշել այս թուրք գեներալը: Քանզի ըստ թուրքերի՝ Հարբորդի հանձնաժողովի գլխավոր նպատակն էր, թե ինչու ամերիկացիներն ունեին բարոյական իրավունք նախկին ռուսական և օսմանյան կայսրությունների տարածքում ձևավորել նոր պրոամերիկյան պետություն:

Եթե թուրք գեներալի այս մեսիջին գումարենք այն ադրբեջանական քարոզչությունը, որի համաձայն՝ այսօր Հայաստանի իշխանություններն ունեն գաղտնի ծրագիր «քցելու» Մոսկվային և արմատապես փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, ապա պարզ է դառնում, որ այսօրվա Հայաստանում ակտիվ գործող հակառուսական հոսանքն այդ թվում նաև ուղղորդվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից: Նպատակը՝ կազմաքանդել հայ-ռուսական վստահելի հարաբերությունները և հեշտացնել թուրքերի համար «ընդհանուր լեզու գտնել» ռուսների հետ ներկայիս հայկական հարցի շուրջ: Ընդորում, հայկական հարց ասելով, այսօր թուրքերը նկատի ունեն ոչ թե 100 տարվա խնդիրները, այլ ներկայիս Լեռնային Ղարաբաղի և բուն Հայաստանի հետագա ճակատագիրը: Իզուր չէ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Թուրքիայում Էրդողանի հովանու տակ հիմնվեց մի նոր կազմակերպություն, որը հրապարակավ հայտարարեց, որ «Թուրքիան պետք է ճանաչի Ղրիմը Ռուսաստանի կազմում, Աբխազիան՝ որպես անկախ պետություն, փոխարենը Մասկվան անվերապահ պետք է ճանաչի Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս...»:

Այս քայլով Էրդողանը փորձում է նոր քաղաքական առևտուր սկսել Մոսկվայի հետ, որտեղ կոնի վրա դրված պետք է լինի Ղարաբաղը:

Իսկ եթե դրան գումարենք, որ որոշ ժամանակ առաջ նույն Թուրքիայի տարածքում ստեղծվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»՝ իր բոլոր պետական սիմվոլներով, ապա կարելի է ասել, որ Էրդողանի ծրագրերում կա ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գրավման հարցը:

Գիտակցո՞ւմ են արդյոք ներկայիս հայաստանյան իշխանություններն այս վտանգավոր իրավիճակը, կարծում եմ, որ ոչ:

Հանուն արդարության ասենք՝ այս վտանգի զգացումը չկա նաև այսօրվա ընդդիմադիր քաղաքական վերնախավի մոտ: Իսկ եթե երկրի վերնախավն այդ անվտանգության բնազդը չունի, ինչո՞ւ պիտի այդ բնազդն առաջանա շարքային քաղաքացու մոտ:

Ի վերջո, խոր գավառական և կենցաղային արժեքներով ապրող քաղաքական վերնախավը երբեք չի կարողանա ապահովել երկրի և ազգի անվտանգությունը:

Այլ խնդիր է, որ այս ամենի առաջնային պատասխանատվությունը Փաշինյանի թիմի վրա է: Իսկ Փաշինյանի այսօրվա շրջապատն իրենից քաղաքական «մանկապարտեզ» է ներկայացնում, որտեղ նույնիսկ պետությանը սպառնացող վտանգի գիտակցությունը գոյություն չունի: Հակառակ դեպքում Փաշինյանն ու իր շրջապատը ոչ թե կփորձեին «օգտագործել» հակառուսական, իսկ իրականում՝ պրոթուրքական տիրույթում գործող այս շրջանակներին իրենց ծրագրերում, այլ ճիշտ հակառակը՝ կտարանջատվեին դրանցից:

Իսկ եթե հայ-ռուսական հարաբերություններում այս անվստահության իրավիճակն երկարի, ապա կարող ենք հաստատ պնդել, որ այս ամենը կավարտվի 1920 թվականի պատմության կրկնությամբ՝ դրանից բխող համազգային աղետալի հետևանքներով: Այնպես որ, ուշքի գալ է պետք։ Պետք է նաև ազգային ու ժամանակակից մտածողություն ունեցող անհատներից քաղաքական նոր վերնախավ ձևավորել, որպեսզի մեր երկիրը կարողանա հաղթահարել ներքին ու արտաքին մարտահրավերները։

Աղբյուրը՝ politeconomy.org

Հայաստան Երվանդ Բոզոյան

Այլ հոդվածներ հեղինակից

Պրոբլեմն այն է, որ ձեզ փող են տվել հայ չլինելու համար, հային ու արցախցուն իրար հակադրելու համար․ Արփինե Հովհաննիսյան
Վերադարձրեք գերիներին ու զոհված զինծառայողների դիերը.մտավորականներն այս պահանջով ակցիան են անում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում. ուղիղ
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՄԻՊ-ը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին
Խորհրդային Հայաստանը ավելի սուվերեն երկիր էր, քան հիմիկվանը։ Արցախի սուվերենությունը ընդհանրապես չկա։ Արցախը դառել ա մեծ քեմպինգ․ Տ․ Քոչարյան
Եղանակն առաջիկա 5 օրերին
Միայն զարմանալ կարելի է այդ կարգի արժանապատվությունից զուրկ լինելու վրա․ Ավետիք Իշխանյան
Դժգույն ու դժբախտ տպավորություն չթողնեք հանկարծ․ Աշոտյանը՝ Մոսկվայի քաղաքապետին
Ռազմական դրության ռեժիմն օգտագործվում է բացառապես իշխանությունը պահելու նպատակով մարդկանց իրավունքները սահմանափակելու համար․ Էլինար Վարդանյան
Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին պատկանող մոտ 300 հեկտար վարելահողերն էլ չեն մշակվի․ Tert.am
Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են անում Կառավարության մոտ. ուղիղ
Հայկ Մանանդյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Հայաստանցիք պիտի ատեն Արցախցիքին, հայը պիտի ատի հային, որ էս դավադիր ծրագիրը ամբողջական դառնա․ Մարինե Մանուչարյան
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՑԱՎԸ
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն
Հրդեհ Մարմարաշեն գյուղում
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1248 նոր դեպք. մահացել է 39 մարդ. Ապաքինվել է 1330 մարդ
«Ժողովուրդ». Պարտության սիմվոլ Նիկոլը պետք է հեռանա․ ԼՀԿ-ն ներկայացրել է 13 կետանոց ճանապարհային քարտեզ
«Առավոտ»․ 1994-ից հետո մենք մեզ ներկայացնում էինք որպես հաղթանակած ազգ, առաջիկա քանի՞ տասնամյակում ենք մենք մեզ զգալու որպես «loser»-ների ազգ
Ինչ է պատմել բանակի մասին Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց օրեր առաջ
Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է․ նախարարի հրամանը
«Փաստ». Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». Մի քանի պատճառ ունեն
Կասկած չունեմ, որ Սոդքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր.Աշոտ Մելքոնյան
«Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները
Ավելին
Ավելին