Ադրբեջանցի հաքերները պետական մակարդակով ռազմավարություն են մշակել և հատկապես այն օրերին, երբ իրավիճակը լարված է սահմանին, կոտրում են հայկական էջերը` տեղադրելով հակահայկական նկարներ, վիդեոներ ու գրառումներ:
Օրերս ադրբեջանցի հաքերները կոտրել էին ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանի ինստագրամյան էջը: Մանրամասներին տեղեկանալու համար Անկախը կապ հաստատեց Արսեն Հարությունյանի հետ.
-Կպատմե՞ք տեղի ունեցածի մասին:
-Ադրբեջանցի հաքերները կոտրել էին իմ ինտագրամյան էջը: Էջի գլխավոր նկարը փոխել և դրել էին Ադրբեջանի դրոշը: Էջում առկա մյուս վիդեոներն ու նկարները չէին ջնջել, որպեսզի հանրությունը հավատար, որ ես եմ այդ հակահայկական վիդեոներն ու գրառումները տարածում: Նրանք տեղադրել էին ադրբեջանական նյութեր` իրենց զոհված հերոսների նկարներով, տարածել վիդեոներ` կրակ բացած Արցախի վրա, գրառումներ` «Ղարաբաղը մերն է» գրությամբ:
-Չե՞ք կարծում, որ այն ամիջական կապ ունի սահմանում առկա լարված իրավիճակի հետ:
-Ես գործող մարզիկ եմ և շատ անգամներ եմ հաղթել թուրք ու ադրբեջանցի մարզիկներին: Իմ էջին շատ ակտիվ հետևում են, մեծ թվով հետևորդներ ունեմ և ադրբեջանցի հաքերները, այդ ամենը հաշվի առնելով, ցանկանում էին այնպես անել, որ ժողովուրդը հասկանար, թե ես եմ այդ նյութերը տարածում:
-Ինչպե՞ս կարողացաք վերականգնել էջը:
-Շատերին դիմեցի, սակայն կարողացան էջս վերականգնել միայն Ռուսաստանում բնակվող մեր հայ հաքերները:
-Օրերս ֆեյսբուքյան էջում գրառում էիք կատարել՝ ընդգծելով, որ Դուք ու Ձեր հայրը ամեն պահի պատրաստ եք մեկնել դիրքեր: Հայրենիքի հանդեպ այդքան մեծ սերը ընտանիքի՞ց է գալիս:
Այո, փոքր ժամանակ ինչ տեսել եմ, դա էլ սովորել եմ: Հայրս եղել է 1991 թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտատագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր մարտական վիրավորում: Երկար ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմում:
Հիմա ևս ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ ու կանգնել մեր հերոս սահմանապահ տղերքի կողքին: Մենք հայ ենք և պետք է կռիվ տանք մեր հողի համար: Մենք հաղթանակած երկրում ենք ապրում և մշտապես պետք է հաղթական ոգով շարժվենք: