f

Անկախ

«Վատամարդ չլինելու» վիրուսը


Այս օրերին, երբ բոլորիս ուշքումիտքն ուղղված էր սահմանին տեղի ունեցող մարտերին, ստվերի տակ մնաց մի  բացառիկ իրադարձություն, ճիշտ կլինի ասել՝ պատմական: Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը և նույն օրը Բարձրագույն որակավորման կոմիտեում (ԲՈԿ) նա զրկվեց ժամանակին ստացած դոկտորական աստիճանից: Քննությամբ պարզվել էր, որ նրա ատենախոսությունը զգալի մասով գրագողություն է՝ արտագրություն, ինչպես հիմա են ասում՝ copy paste: Իսկ օրենքը պահանջում է, որ ռեկտոր կարող է ընտրվել միայն դոկտորի աստիճան ու պրոֆեսորի կոչում ունեցող և ղեկավար աշխատանքի փորձ ունեցող անձնավորությունը: Հետաքրքիր է՝ ոչ միայն Հայաստանում, աշխարհում երբևէ արձանագրվե՞լ է ևս մի այսպիսի դեպք:

Հիշեցնենք, որ այս աբսուրդի թատրոնը սկսվել էր դեռ մի տարի առաջ: Այն ժամանակ ռեկտորի պաշտոնակատար էր նշանակված երիտասարդ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, որի ներդրած կանոններով տվյալ բուհում երկար տարիներ դասավանդած դասախոսների զգալի մասը դուրս էր մնալու: Բառիս բուն իմաստով պատերազմ էր սկսվել նրանց և պաշտոնակատարի միջև, բանը հասել էր դատական ատյաններ, որտեղ վիճարկվում էին ռեկտորի պաշտոնակատարի որոշումները: Անցած տարի «Անկախը» մասնակցեց այդ բուհի ներկայացուցիչներ Արմեն Ղարախանյանի և Գագիկ Ասլանյանի ասուլիսին, որոնք մանրամասն ներկայացրին ռեկտորի պաշտոնակատարի նախագծով ընդունված «Հայաստանի տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը», որում իսկապես վիճելի և անընդունելի կետեր շատ կային, բացի այդ, մի ամբողջ փաթեթ փաստեր ներկայացրին, որոնք ցույց էին տալիս, որ ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը հիմնականում արտագրված է:  Դրանից հետո ԲՈԿ-ում մասնագիտական խումբն ուսումնասիրեց Հայրապետյանի ատենախոսությունը և եզրակացրեց, որ նշված բանախոսներն իրավացի էին: Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց:

Աբսուրդը սկսվեց դրանից հետո: Հայրապետյանի փոխարեն ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Դիանա Գալոյանը: Անհանգիստ դասախոսները բավարարված հանդարտվեցին, մնացին իրենց տեղում, բայց հիմա էլ աղմուկ բարձրացրին ուսանողները՝ ցույց տալով, որ Գալոյանի  ատենախոսությունը նույնպես արտագրություն է: Շատ հետաքրքիր էր նրանց հարցադրումը՝ էլ ինչո՞ւ Հայրապետյանին հանեցիք, բոլորինն էլ արտագրած է, նա գոնե մեզ համար ավելի ընդունելի էր: Իսկ դասախոսական կազմից ձայն-ծպտուն չլսվեց, մանավանդ Գագիկ Ասլանյանից: Այ այսպես: Պարզվեց, որ այս ամբողջ աղմուկ-աղաղակի մեջ գիտությունը որևէ կապ չուներ, սովորական թայֆայական կռիվ էր: Եթե իշխանության հովանավորյալը նաև քո ուզածն է, հոգ չէ, որ արտագրել է, կարևորը  աշխատատեղը պահպանելն է:

Մամուլում արդեն մանրամասն լուսաբանվել է, թե ինչ հապճեպությամբ ու օրենքի խախտումներով է կատարվել տնտեսագիտականի ռեկտորի ընտրությունը, ում սցենարով է կազմակերպվել այդ թատրոնը և ինչ աճպարարություններով է բեմադրվել: Չկրկնենք:

Այդ ամենը Սահմանադրական դատարանի վրա կատարված գրոհից հետո ոչ ոքի այլևս չի զարմացնում: Եթե այս իշխանությունները ոտնատակ են տալիս Սահմանադրությունը, ապա այս կամ այն օրենքի ու կանոնադրության եղա՞ծն ինչ է, որ չանեն: Մարդիկ տառապում են մոլուցքով՝ միայն թե յուրային լինի, և այդ մոլուցքը բավարարելու համար միջոցների մեջ խտրություն չեն դնում: Հետո՞ ինչ, որ փաստացի այդ մոլագարները զոհասեղանին են դրել մեր երկրի օրինականությունը, գիտությունն ու կրթությունը, մեծ հաշվով՝ մեր ապագան:

Լավ, հասկացանք, իշխանություններն այսպիսին են, բայց չէ՞ որ Գալոյանն ընտրվել է համալսարանի խորհրդի քվեարկությամբ: Այն 22 անձինք, որոնք ձայն են տվել Գալոյանին և մնացածները, որոնք ծափահարել են այդ ընտրությունը, իրենց ի՞նչ են համարում, Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացի՞, գիտության և կրթության մշա՞կ: Չէ՞ որ սա անձերի հարց չէ, այլ՝ սկզբունքի: Գուցեև Գալոյանը հոյակապ ու սիրված անձնավորություն է, չենք բացառում, բայց նա չի բավարարում օրենքով սահմանված չափանիշը: Մտածե՞լ են, թե ինչ են սովորելու իրենց բուհ ընդունված ուսանողները. արտագրե՞լ: Էլ ինչպե՞ս են պահանջելու ուսանողից իրական գիտելիք ձեռք բերել, ինքնուրույն կուրսային կամ դիպլոմային գրել և որակյալ մասնագետ դառնալ: Այսպե՞ս ենք զարգանալու, այսպե՞ս ենք մասնագետների նոր սերունդ ապահովելու: Էլ ինչպե՞ս ենք ուզում մնացած երկրների հետ նույն սեղանի շուրջը նստել: Վերջապես, էլ ինչո՞ւ պիտի մարդիկ իրենց բերանից կտրեն, դրամ հայթայթեն ու իրենց զավակներին սովորելու ուղարկեն այս համալսարանը, եթե այնտեղ նրանք ո՛չ գիտելիք են ձեռք բերելու, ո՛չ հմտություններ, ի լրումն՝ ձերբազատվելու են բարոյականությունից ու սկզբունքայնությունից, ինչպես հնոտիքից, և ունենալու են միայն մի հավատամք՝ ուզո՞ւմ ես առաջ գնալ և բարձունքներ նվաճել, գիտելիքը կարևոր չէ, պարզապես առկա իշխանությունների սիրելին դարձիր:

Այս իրավիճակում, ահա, մեղքը չգցենք իշխանությունների վրա: Այսպիսին են: Իսկ մե՞նք: Չէ՞ որ այս ամենը կարող էր կասեցվել համալսարանի դասախոսական կազմի և խորհրդի այն 22 անդամների կամքով: Բայց այդ կամքը գոյություն չուներ: 

Մենք կապվեցինք համալսարանի դասախոսներից մեկի հետ, որը, մեր տեղեկություններով, չեզոք անձնավորություն է և որևէ խմբավորման չի պատկանում: Նա զարմացավ մեր վրդովմունքից, թե ի՞նչ եք խառնվել իրար, այդպես էլ պետք է լիներ: Հարցրինք. «Լավ, ձեր համալսարանում կարգին դոկտորներ չկա՞ն, որ առաջադրվեին»: «Իհարկե կան,- պատասխանեց,- շատ կան, բայց չեն առաջադրվում, որ վատամարդ չլինեն»: 

Մեր «վատամարդ ո՞ւմ առջև» հարցը մնաց հռետորական: Փաստորեն, վատամարդ իշխանությունների առջև: Վատամարդ չլինել նշանակում է իշխանությունների աչքում լինել հլու-հնազանդ և persona non grata համարվելու վտանգի տակ չընկնել, իսկ գիտության և առավել ևս կրթության վրա թքած: Փաստորեն, չենք էլ նկատել, թե՞ չնկատելու ենք տվել, որ այս կորոնավիրուսից էլ վտանգավոր «վատամարդ չլինելու» վիրուսը ներսից խժռել է մեր գիտությունն ու կրթությունը: Եվ այդ գործընթացը ցավալիորեն սրընթաց  արագություն է ձեռք բերել այս «նոր» հորջորջված ժամանակներում: 

Անահիտ Հարությունյան  

 

Կրթություն եվ գիտություն ՀՊՏՀ Դիանա Գալոյան

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին