f

Անկախ

Փոքր կորիզ ենք տնկում, որը կդառնա ծառ, իսկ հետո՝ այգի. Արմեն Սարգսյան


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է վերջին շրջանի իր պաշտոնական և աշխատանքային այցերը, դրանց արդյունքերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Արա Թադևոսյան «Մեդիամաքս» գործակալություն - Պարոն նախագահ, Դուք վերջին շրջանում բավականաչափ այցեր ունեցաք, հատկապես՝ մի քանի անգամ եղաք Արաբական Միացյան Էմիրություններում, որտեղ էլ մասնակցեցիք համաժողովի: Դուք նաև այցելեցիք Կատար: Ինչու՞ եք կարևորում արաբական երկրների ուղղությունը: Եվ եթե ամփոփելու լինեք այդ բոլոր այցերը, ի՞նչ արդյունքների մասին արդեն կարելի է խոսել:

Նախագահ Արմեն Սարգսյան - Իհարկե, ամեն ինչ հարաբերական է: Ձեր տեսակետից՝ ես շատ այցելություններ ունեցա: Իմ կյանքի տեսակետից՝ ես հիմա շատ քիչ եմ ճանապարհորդում: Նախկինում իմ կյանքը շատ հաճախ երկրագնդի շուրջն էր:

Ինչու՞ դեպի Պարսից ծոցի երկրներ: Բազմաթիվ պատճառներ կան: Իհարկե, մենք ինչ-որ իմաստով ապրում ենք ուղիղ խաչմերուկում, մենք ինչ-որ իմաստով կասպյան երկիր ենք: Մենք ինչ-որ իմաստով սևծովյան երկիր ենք՝ չնայած ելք չունենք դեպի այդ ծով: Մենք ինչ-որ իմաստով նաև միջերկրական երկիր ենք: Պարսից ծոցում ինչ տեղի է ունենում, ուղիղ գծով շատ հեռու չէ մեզանից: Երկրորդը. այդ տարածքը տարեցտարի ձեռք է բերում շատ կարևոր և՛ քաղաքական, և՛ տնտեսական նշանակություն: Բավական է հիշել՝ ինչ հզոր տնտեսական նշանակություն ունեն այդ երկու փոքր պետությունները, որ Դուք նշեցիք: Մյուս պատճառը նրանց տնտեսական և քաղաքական ազդեցությունն է: Ոչ ոք չի կարող ասել, որ աշխարհը չի ազդվում «Ալ Ջազիրա»-ից:

Հայաստանի նման պետությունը բնականորեն պետք է շատ մոտ հարաբերություն ունենա բոլորի հետ: Տվյալ դեպքում մենք մի փոքրիկ առավելություն ունենք. չնայած այդ երկու պետություններն իրար հետ հակասություններ ունեն, կա տնտեսական շրջափակում, սակայն առավելությունն այն է, որ թե՛ ես անձնապես, թե՛ մեր պետությունը երկուսի հետ էլ ջերմ հարաբերություններ ունի: Երկու երկրների կառավարող ընտանիքների, բիզնեսի ներկայացուցիչների հետ էլ ես երկար տարիների հարաբերություն ունեմ, հետևաբար, չօգտագործել այս հնարավորությունը, սխալ կլիներ:

Արդյունքները մեկ օրվա չեն լինում: Չնայած լինում է նաև մեկ օրվա: Երբ այցելեցի Կատար, հանդիպումների արդյունքում էմիրը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել այդ երկիր: Սա, կարծում եմ, շատ լավ է: Ինչու՞: Քանի որ Կատարը նույն Դուբայի նման գրավիչ է: Սրա հետևանքը նաև այն է, որ այսօր Կատարի ընկերությունները ուշադրությամբ հետևում են, թե ինչ կարող են անել Հայաստանում: Չեմ ցանկանում մանրամասնել, քանի որ ես սիրում եմ խոսել հստակ արդյունքների մասին: Նույնը վերաբերում է նաև Աբու Դաբիին: Ինձ մի քանի անգամ հրավիրել են ելույթ ունենալ միջազգային մեծ համաժողովներում, նույնիսկ բացել դրանք: Դա, իհարկե, պատիվ է ՀՀ նախագահի համար՝ ներկայացնել իր երկիրը և բացել միջազգային խոշոր համաժողովը: Աբու Դաբիի համար Հայաստանը չի դիտվում մի տեղ, որտեղ կարելի է գալ և հող գնել: Կամ բնակարան գնել և Փարիզ, Միլան կամ Լոնդոն գնալու փոխարեն գալ մեր երկիր: Իրենց հետաքրքրությունը բնական է: Ես կարող եմ ասել՝ դրանք այն երկրներն են, որտեղ այսօր հսկայական գումարներ են ծախսվում նոր տեխնոլոգիաների վրա: Այդ երկրները մեծ քայլեր են արել բնապահպանության ոլորտում, կրթական ոլորտում: Միջազգային մեծ համալսարաններն այնտեղ ունեն կենտրոններ: Մեր երիտասարդները կարող են սովորել այնտեղ, և ընդհակառակը՝ մենք ընդունենք: Իմ անցած տարվա հանդիպման ընթացքում, երբ առաջին անգամ խոսվեց էկոլոգիապես մաքուր տնտեսության մասին, իմ խնդրանքով երկրի առաջնորդը հանձնարարեց, և ես «Մասդար սիթի» այցելեցի: Արդյունքը եղավ այն, որ Հայաստանի կառավարությունը «Մասդար» ընկերության հետ ստորագրել է հուշագիր՝ Հայաստանում 400 մվտ հզորությամբ արևային էլեկտրակայան ստեղծելու մասին:

Վերջին այցելության ժամանակ ես եղա նաև նրանց միջուկային կենտրոնում, որն աշխարհում ամենախոշորներից մեկն է՝ 5600 մվտ հզորությամբ և ամենաժամանակակիցն է: Մեր մասնագետները կարող են համագործակցել միջուկային անվտանգության, վառելիքի, միջուկային աղբի կառավարման ոլորտում: Երբ ես Ճապոնիայում էի, ծանոթացա նաև իրենց միջուկային ռեգուլյատորին: Ճապոնիան այդ ոլորտում հսկայական փորձ ունի: 1000-ից ավել մարդ է այնտեղ աշխատում: Դա մեծ փորձառություն է: Մենք՝ որպես աշխարհի ամենահին ատոմակայաններից մեկի տեր, փորձառություն ունեցող երկիր, կարող ենք սերտորեն համագործակցել իրենց հետ: Այդ համագործակցությունն էական է: Էլ չեմ խոսում տնտեսական, առևտրային հնարավորությունների մասին: Այդ երկրների համար շատ էական է նաև սննդի անվտանգությունը: Մեծ երկրների համար սննդի անվտանգությունը ինքնաբավ լինելն է, իսկ փոքր երկրների համար՝ ապահովել, որպեսզի երկրի տարածքով անցնի բավականաչափ մեծ քանակի սնունդ՝ եթե դու մեկ միավորի կարիք ունես, 3 միավոր անցնի քո տարածքով: Այդ դեպքում դու կլինես ապահով: Սա մեր դերն է տարածաշրջանում՝ խաչմերուկում կանգնած երկրի դերը:

Արա Թադևոսյան «Մեդիամաքս» գործակալություն - Պարոն նախագահ, վերջին այցելություններից մեկի ժամանակ Դուք հանդես եկաք փոքր, բայց հաջողակ երկրների ակումբ ստեղծելու գաղափարով: Նախ, որքանո՞վ է այդ գաղափարը Ձեր մեջ ձևավորված, և այդ հաջողակ լինելու չափանիշներն ինչպե՞ս են սահմանվելու: Եթե նման միավորում ստեղծվի, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դերը՝ համակարգողի՞:

Նախագահ Արմեն Սարգսյան - Հավանում եմ Ձեր մոտեցումը՝ արդեն համակարգողի դեր, արդեն ինստիտուտ... Ինչ շահ ունենք. սա գաղափար է, որի մասին երկար տարիներ մտածել եմ, և, կարծում եմ, էական գաղափար է: Աշխարհում, չգիտես ինչու, համագործակցում և ալիանսներ են ստեղծում միայն մեծ պետությունները, օրինակ՝ G7, G8, G20: Մեծ պետությունները համագործակցում են, նույնիսկ համատեղ կառույցներ են ստեղծում: Փոքրերը մոռացվել են: Փոքրերի թիվը մեծ է: Աշխարհում կան փոքր, բայց շատ պայծառ կենտրոններ, որոնց մասին Դուք շատ լավ գիտեք: Օրինակ՝ մեկը Սինգապուրն է, որի մասին ամեն մարդ խոսում է: Կամ Մալայզիան, որը շատ հետաքրքիր ճանապարհ է անցել: Նաև եվրոպական մի քանի երկրներ կան, որոնք փոքր են, բայց հաջողակ, օրինակ՝ Լյուքսեմբուրգը: Աֆրիկայում այսօր ծաղկուն երկիր է դարձել և ամբողջ աշխարհում ճանաչված է Ռուանդան:

Հարց է առաջանում, թե ո՞րն է այս պետությունների հաջողության գաղտնիքը: Ես այս գաղափարի մասին խոսել եմ փոքր, բայց հաջողակ երկրների ղեկավարների հետ, և նրանք բոլորը ոգևորված են այս մտքից: Ըստ իս՝ կա սահմանում, որը ես բարեկամական ձևով ներկայացրել եմ նրանց: Խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ միջազգային կառույց ստեղծվի: Սա ավելի շուտ գաղափար է, որ մենք որպես ակումբ պարբերաբար հանդիպենք և միմյանց ներկայացնենք թե՛ մեր խնդիրները, թե՛ հաջողության բանաձևերը: Ինչ դեր է ունենալու Հայաստանը, քանի որ հիմնադիր գաղափարը Հայաստանից է գալիս կամ Հայաստանի նախագահից. մարդիկ սպասում են, որ իմ կողմից ինչ-որ համակարգում պետք է լինի: Կարծում եմ, որ սա օգտակար կլինի: Իհարկե, որոշակի չափանիշներ պետք է սահմանվեն, օրինակ, ՀՆԱ-ի աճի որոշակի տոկոսադրույք, բնության կամ կլիմայի նկատմամբ որոշակի վերաբերմունք: Եթե այս փոքրիկ ակումբը ստեղծվի, մենք, կարծում եմ, կարող ենք շահել՝ և՛ փորձառությամբ, և՛ սովորելով, նաև առևտրական հարաբերությունները խորացնելով և այլն:

Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն, «Առավոտ» օրաթերթ - Ինչպես Իսրայելում, այնպես էլ ցանկացած պետության դեպքում բախվում են իդեալիզմը և ռեալիզմը: Պատմական արդարություն, հումանիզմ, մի կողմից, իսկ մյուս կողմից՝ տնտեսական և քաղաքական շահեր: Ո՞րն է հաղթելու:

Նախագահ Արմեն Սարգսյան - Ի վերջո, հաղթում են մարդկությունը և մարդկայնությունը: Շահերը, ինչպես գիտեք, և՛ ժամանակավոր են, և՛ փոփոխական: Իմ կարծիքով՝ պետք է հաղթեն բացարձակ արժեքները:

Ես պաշտոնական հրավեր ունեի Իսրայելի նախագահից՝ մասնակցելու Հոլոքոստի հիշատակի միջազգային համաժողովին: Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայությունը շատ կարևոր էր այդ միջոցառմանը: Երկօրյա համաժողովում խոսվում էր ոչ միայն Հոլոքոստի, այլ հակասեմիտիզմի, այլատյացության, ցեղասպանությունների կանխարգելման մասին: Ճիշտ տեղն է, որտեղ պետք է Հանրապետության նախագահը ներկա լինի: Եվ, իհարկե, իմ ներկայությունն այնտեղ գնահատվեց Իսրայելի գործընկերների կողմից: Ես հանդիպումներ ունեցա և՛ Կնեսետում, և՛ առանձին՝ նախագահի հետ: Երկու պաշտոնական հանդիպումների ժամանակ ես իմ պարտքը համարեցի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը և այն դնել ոչ թե ցածր դարակում, որտեղ խոսում են ազգային շահի մասին, այլ բարձրացնել վերև, որտեղ խոսվում է բարոյականության ու մարդկային արժեքների մասին:

Հավաքի հիմնական գաղափարներից մեկը հետևյալն էր, որ աշխարհում այլատյացությունը, հակասեմականությունը և անհանդուրժողկանությունն այնքա՜ն են աճել, իսկ մենք բոլորս շատ ենք հանգստացել, այն դեպքում, երբ այդ ամենը կարող են նորից կրկնվել, և մենք բոլորս պետք է համախմբված պայքարենք դրանց դեմ: Իմ թեզը շատ պարզ է. եթե մենք ուզում ենք բոլորս համախմբվել, ապա մեր բոլորի հարաբերությունները պետք է լինեն վերևի դարակում՝ բարոյականության, մարդկայնության, մարդկության բարձրագույն արժեքների ճանաչման դարակում: Ինձ համար շատ տարօրինակ է, որ Իսրայելի Պետությունը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որևէ բացատրություն, որ Իսրայելն ունի հարաբերություն Թուրքիայի հետ, անընդունելի է:

Համաշխարհային աղետները ճանաչելը կամ չճանաչելը կապում ենք տնտեսական, ռազմական կամ այլ հարաբերություններում ինչ-որ փոքր ազգային շահերի հետ: Նման պայմաններում երբեք հնարավոր չի լինի համախմբել աշխարհի բոլոր պետություններին, առաջնորդներին, երկրներին, որպեսզի բոլորով միասին պայքարենք քսենոֆոբիայի դեմ: Եթե որոշել ենք, որ 21-րդ դարում պետք է պայքարենք անհանդուրժողականության, քսենոֆոբիայի, հակասեմականության դեմ, թույլ չտանք, որ նորից կրկնվեն ցեղասպանությունները, ապա բոլորս պետք է համախմբվենք Ձեր ասած վերևի դարակում: Ուրախությամբ կարող եմ ասել, որ իմ փաստարկները շատ հետաքրքիր ձևով ընկալվեցին Իսրայելում: Ամեն դեպքում վերաբերմունքը բացասական չէր: Իհարկե, չպետք է մոռանանք, որ հրեաները, այդ թվում՝ տարբեր երկրներում ապրող հրեաները բացահայտորեն ասում են և իրենք ևս զարմանում են, թե ինչու իրենց պետությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Դրա վառ օրինակներից մեկն է ամերիկյան Սենատի կողմից քվեարկությունը: Այս փաստարկը ես ներկայացրեցի իմ գործընկերների հետ հանդիպմանը: Հետևաբար, կարծում եմ՝ քայլ արեցինք, որը պետք է շարունակել: Եղեռնի ճանաչումն ազգային, ներպետական, պետական շահերի, քննարկումների մակարդակից պետք է բարձրացնել համընդհանուր մակարդակի: Աշխարհը, գլոբալ իմաստով կրկին խնդիր ունի, որը կապված է անհանդուրժողականության հետ:

Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն, «Առավոտ» օրաթերթ - Խոսելով տեխնոլոգիների մասին... Իսրայելի Պետություն Ձեր այցի ընթացքում Դուք հանդիպել եք Իսրայելի նորարարական կենտրոնի ղեկավարների հետ, ինչպես նաև այցելել եք «Տեխնիոն» տեխնոլոգիական ինստիտուտ: Համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում այդ հաստատությունների հետ: Եվ այդ համատեքստում խնդրում եմ պատմել նաև ATOM նախագահական նախաձեռնության մասին:

Նախագահ Արմեն Սարգսյան- Ծրագիրը կոչվում է ATOM՝ Advanced Tomorrow, այսինքն՝ ժամանակն առաջ: Սա ինչ -որ իմաստով տեսլական է, կարող եք երազանք անվանել, որ երկար ժամանակ ունեցել եմ: Հավատում եմ, որ յուրաքանչյուր երկրի ապագան կապված է համաչափ զարգացման հետ: Հայաստանը պետք է ունենա լավ զարգացած արդյունաբերություն, լեռնարդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և այլն: Սակայն, այն լոկոմոտիվները, որ մեզ պետք է առաջ տանեն կապված են նորագույն տեխնոլոգիաների հետ: Դա տեղեկատվական տեխնոլոգիաները չեն, այն այսօր մասնագիտություն է դարձել: Այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում մենք հաղթող չենք, քանի որ չես կարող մրցել Հնդկաստանի նման երկրի հետ, որի մեկ քաղաքում կամ մեկ շրջանում կես միլիոն ծրագրավորող կա կամ Բելառուսի հետ, որտեղ մեկ ընկերությունում 50 հազար ծրագրավորող է աշխատում: Մեր առավելությունը պետք է գտնել այն տեխնոլոգիաների մեջ, որոնք սրանից 5, 10, 20 տարի հետո են գալու: Այսօր բոլորս սկսնակ ենք արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտներում: Ինչու՞ եմ կարծում, որ մենք այստեղ առավելություններ ունենք: Նախ՝ մենք մեր տեսակով գոյատևող մարդիկ ենք, այսինքն՝ ստարտափի գաղափարը մեր մեջ է, և երբ չենք հաջողում, նորից ենք սկսում, նորից ենք փորձում: Մենք ստարտափ պետություն ենք, ստարտափ ազգ ենք, դրա համար ենք կարողանում գոյատևել. գնում ենք օտար երկրներ, որտեղ ոչինչ չունենք և զրոյից ինչ-որ բան ենք ստեղծում: Սա 21-րդ դարի չափանիշներից մեկն է, այսինքն՝ լինել արագ, հարմարվող, նոր գաղափարներ ձևավորող և չլինել կոնսերվատիվ: Երկրորդ՝ մենք դեռևս Խորհրդային Միության կազմում լինելու տարիներից ժառանգել ենք բարձր որակի բնագիտական կրթություն և ինչ-որ իմաստով կարողացել ենք այն պահպանել: Երրորդը՝ ունենք և՛ գիտնականի, և՛ ստեղծագործողի ունակություններ: Չորրորդը՝ երիտասարդների մեջ կա ցանկություն, ազատության զգացում՝ ինչ-որ բան ստեղծելու, նրանք հավատում են իրենց ուժերին, ինչը շատ էական է: Հայաստանն արհեստական բանականության ուղղությամբ առաջ տանելու համար, պետք է դառնանք առաջնորդող, առաջամարտիկ:

Իսկ ի՞նչն է պակասում այդ նպատակին հասնելու համար: Իհարկե, կան հիմնարար խնդիրներ, որոնցից մեկը կրթությունն է, կրթական համակարգը: Նույնիսկ այսօրվա մեր տեղեկատվական տեխնոլոգիաների փոքր 20-25 հազարանոց աշխատանքային շուկայում մեծ խնդիր ունենք, քանի որ բարձր որակի բավարար ծրագրավորողներ չկան: Այս հարցի շուրջ բազմաիցս խոսել եմ նախարարների հետ. համակարծիք են, որ ամեն ինչ պետք է անել, որ մեր կրթական համակարգում բարեփոխումներն ունենան ժամանակակից մոտեցումներ:

Ուրիշ ի՞նչն է պակասում: Աշխարհում որտե՞ղ են ամենաշատ ստարտափները և վենչուրային հիմադրամները: Այո՛, Միացյալ Նահանգներում են: Այդ երկիրն ունի ժամանակակից տեխնոլոգիաների ամենաբարձր հագեցվածությունը: Դու պետք է ունենաս մեխանիզմ, որտեղ գաղափարից կկարողանաս հասնել հաջողության, շուկային մոտ լինես: Ինչքան էլ գաղափարը փայլուն լինի, այն քիչ կապրի, քանի որ եթե դու այն չիրականացնես, մեկ ուրիշի գլխում այն կծնվի: ԱՄՆ-ում ամենաշատ ստարտափերը գտնվում են Կալիֆորնիայում, որովհետև Սիլիկոնյան հովիտ կոչվող վայրում են կենտրոնացած բոլոր մեծ ընկերությունները: Ուրեմն դու պետք է այդ միջավայրն ունենաս:

Ինչպե՞ս մենք կարող ենք հասնել դրան: Այստեղ ATOM-ի գաղափարն առաջացավ, որի հիմնական առանցքային գաղափարը հետևյալն է. հարաբերություններ ստեղծել, պայմանագրեր կնքել և Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ընդ որում, քանակը կարևոր չէ, կարևոր է նրանց ներկայությունը, որովհետև անիվը զրոյից պետք չէ հնարել: Ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնք շատ նեղ, ամենաժամանակակից ոլորտներում՝ արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում, կօգնեն առաջ գնալ, որպեսզի նաև իրենց օգնությամբ կարողանանք առաջատարներից մեկը դառնանք աշխարհում: Մոտ մեկ տարուց ավելի է ես փորձում եմ այս գաղափարն առաջ տանել, անընդհատ տարբեր հանդիպումներ եմ ունենում: Կարող եմ այսօր նշել, որ հաջողություններ ունենք, քանի որ 18 ընկերություն, համալսարան ստորագրել, նախաստորագրել կամ բանավոր համաձայնել են մասնակցել ATOM ծրագրին, որովետև գաղափարն իրենց շատ գրավիչ է թվում: Հայաստանը գրավիչ է նաև այն առումով, որ փոքր երկիր է, բայց գլոբալ ազգ, փոխկապակցված է և ունի մեծ կապեր, ակադեմիական լավ բազա: Այդ ընկերությունների թվում են Apple-ը, որի նախագահի հետ վերջերս Դավոսում հանդիպեցի, «Մայքրոսոֆթը», «Սիմենսը», ֆրանսիական մեծ ընկերություններից «Դասո Սիսթեմսը», «Թալեսը», Իտալիայի ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերություններից «Լեոնարդոն», «Էլեկտրոնիկան», ինչպես նաև Mitsubishi Heavy Industries ընկերությունը: Նրանք բոլորը համաձայն են համագործակցել: Սա այն առանցքային մասն է, որ անհրաժեշտ էր այս գաղափարը իրականություն դարձնելու համար: Ընդ որում՝ յուրաքանչյուրն իր ծրագրով է լինելու, օրինակ IBM-ի հետ մտածում ենք երեք ծրագիր անել և արհեստական բանականության միջոցով տարբեր լեզուներով, այդ թվում՝ հին լեզուներով պատմական վերլուծություն անել, կներգրավվի նաև Մատենադարանը: «Դասո Սիսթեմսի» հետ կստեղծենք օդանավից մինչև մեքենա դիզայնավորելու հարթակ: Համատեղ կրթական ծրագիր ևս պետք է անենք: ATOM-ը կդառնա կատալիզատոր տեղեկատվական տեխոնոլագիաների ընկերություններին օգնելու առումով, և հետագայում նրանք կսկսեն մասնակցել ծրագրերին կամ ATOM-ը կգնա իրենց մոտ: Այսինքն՝ փոքր կորիզ ենք տնկում, որը կդառնա ծառ, իսկ հետո՝ այգի:

Արա Թադևոսյան «Մեդիամաքս» գործակալություն - Պարոն նախագահ, Դուք անցյալ տարի բազմիցս հանդես եկաք STARMUS փառատոնը Հայաստան բերելու գաղափարով: STARMUS-ը մեր հայրենակից Գարիկ Իսրայելյանի հիմնադրած փառատոնն է, այսինքն՝ Stars and music, և կարծես թե ստացվում է այդ գործը: Տարվա սկզբին Գարիկ Իսրայելյանը Հայաստանում էր, և մենք նրա հետ հարցազրույց էինք արել: Շատ գոհ էր կառավարությունում իր ունեցած հանդիպումներից և ստացել էր կառավարության՝ աջակցելու պատրաստակամությունը: Այս նախաձեռնությունն ինչո՞վ եք կարևորում, այն ի՞նչ է տալու Հայաստանին, և սրա արդյունքում ինչե՞ր կարող են ծնվել:

Նախագահ Արմեն Սարգսյան- Եթե մենք մտածում ենք նոր տեխնոլոգիաների, գիտության զարգացման մասին, ապա բնականորեն խոսքը նաև աշխարհին տեղյակ պահելու մասին է, որ մենք այդպիսի երկիր ենք: Այդ համատեսքում կարող ենք դիտարկել նաև անցյալ տարի WCIT-ի համաժողովը, որի շրջանակում շատ հյուրեր եկան այստեղ: Լավ օրինակ է նաև Մտքերի հայկական գագաթնաժողովը, որ անցյալ տարի արեցինք, այն շատ հաջող էր և բարձր մակարդակ ուներ: Այս տարի կրկնելու ենք: Թեման լինելու են արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը: Համաձայնություն կա նախագահի աշխատակազմի հետ միասին հոկտեմբերի վերջին կազմակերպել Horasis-China միջազգային համաժողովը՝ չինական առաջատար ընկերությունների մասնակցությամբ: Իրականում «Մեկ գոտի, մեկ աշխարհ» ծրագիրը կարծես թե ինչ -որ իմաստով մեր կողքով է անցնում և կարևոր է մեր երկրում չինական ներկայությունը հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում:

STARMUS-ը նման համաժողովներից մեկն է լինելու: Գարիկ Իսրայելյանն իմ լավ ընկերն է և փառատոնի հիմնադիրներից մեկը: Անցյալ տարի ինձ հրավիրեցին բացել STARMUS 5-րդ համաժողովը, որը նվիրված էր մարդու առաջին այցելությանը Լուսին: Մեր դեպքում այն ունենալու է գիտությունը և տեխնոլոգիաներն ավելի հանրամատչելի դարձնելու ուղղվածություն: Սա Հայաստանը կրկին նոր տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն դարձնելու լավ ձև է: Կհրավիրվեն ոչ միայն աշխարհահռչակ գիտնականներ, նոբելյալ մրցանակակիրներ, նաև մեծ ընկերություններ: Կլինեն այցելուներ, որոնք կկապվեն Հայաստանի հետ: Սա ոչ միայն աստղերի և երաժշտության մասին է, այլ նաև արհեստական բանականության: Սա լավագույն ձևերից մեկն է Հայաստանում և դրսում ապրող հայ երիտասարդներին ցույց տալու, որ գիտությամբ, տեխնոլոգիաներով զբաղվելը լավ է: Այն նվիրված է լինելու դեպի Մարս առաջին քայլերի 50-ամյակին, միաժամանակ, մտածում ենք նաև տոնել «Սոյուզ-Ապոլոնի» հոբելյանը: Այսօր ապրում ենք անկանխատեսելի աշխարհում, մրցակցությունը մեծ է: Սրանից տարիներ առաջ երկու հսկա, մեծ պետություններ, որոշեցին իրենց համագործակցության առաջին քայլերն անել տիեզերքում: Արդյունքում՝ Միացյալ Նահանգներն ու Սովետական Միությունը միասին թռան տիեզերք և ստեղծվեց «Սոյուզ-Ապոլոնը», որը դարձավ հանդուրժողականության, երկխոսության սիմվոլը: Կարծում եմ՝ աշխարհը կրկին դրա կարիքն ունի:

Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն, «Առավոտ» օրաթերթ - Դավոսում Դուք մասնակցել եք «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունները» թեմայով քննարկմանը: Հայաստանը և ամբողջ աշխարհը, ըստ Ձեզ,արդյոք գնու՞մ են դեպի ավելի մեծ բևեռացման Հայաստանի ներսում և ամբողջ աշխարհում, թե՞ հակառակը՝ այն անդունդը, որ գոյություն ունի Հայաստանի սոցիալական խավերի միջև կամ աշխարհում պետությունների միջև, փոքրանում է:

Նախագահ Արմեն Սարգսյան - Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է բոլորից: Իրականում շատ հետաքրքիր օրեր ենք ապրում, որովհետև, եթե վերանանք մեր խնդիրներից և ավելի լայն նայենք աշխարհին, շատ գործընթացներ, որոնք Հայաստանում են տեղի ունենում, կրկնում են իրենց այս կամ այն ձևով: Կարծում եմ՝ աշխարհի բոլոր ռիսկերը քվանտային բնույթ ունեն, այսինքն՝ դասական մեթոդները, ինստիտուտները, կուսակցությունները, կազմակերպությունները և այլն, չունեն այն արդյունավետությունը, ինչ նախկինում էր: Այսինքն, մենք նորից հանրային, քաղաքական, տնտեսության վարման կյանքում պետք է հայտնաբերենք՝ ինչպես ապրել: Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանալու, և եթե մենք առաջիններից մեկը չլինենք, ապա այդ գնացքի վերջին վագոնում պետք է ուղղակի պարզ սպառող լինենք, որի դիմաց շատ թանկ կվճարենք: Փոխվում է աշխարհը ոչ միայն տեխնոլոգիաների զարգացման իմաստով, այլ նաև՝ քաղաքական իրականությունների: Այսօր յուրաքնաչյուր անհատ ամեն օր մասնակցում է երկրի քաղաքական կյանքին՝ իր կարծիքը արտահայտելով: Խնդիրները շատ ավելի մեծ են, և խոսքը միայն անհավասարության մասին չէ: Նախ և առաջ կարգավորման խնդիր կա: Ունենք վիրտուալ աշխարհ, որն անկառավարելի է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Եթե նախկինում գլոբալ շուկաներն ինքնակառավարման միտում ունեին, և աշխարհահռչակ տնտեսագետները դրա համար նոբելյան մրցանակներ են ստացել, ապա ինչպե՞ս է ինքնակառավարվելու վիրտուալ աշխարհը, ինչպիսի՞ բարոյական կամ մարդկային նորմեր են աշխատելու: Մենք Հայաստանում տեսնում ենք, որ նորմեր գոյություն չունեն, և ամենավերջին խոսքերից սկսած մինչև ամենափայլուն գաղափարներ նույն ափսեի մեջ են եփվում: Այս ամենը անորոշության, անհանգստության զգացում է առաջացնում: Ունենք երկու կյանք, մեկը՝ վիրտուալն է, մյուսը ցածում է, և ամեն ինչ կախված է մեզնից: Կարևոր է ժողովրդին պարբերաբար դիմելը, վերևից իջնել ցած, ժողովրդի կամքն իմանալը, այսպես ասած՝ ոտքերով գետնի վրա կանգնած մարդկանց, այլ ոչ թե վիրտուալ կյանքով ապրող: Վիրտուալ կյանքի կարծիքն ամեն օր տեսնում ենք, և այն շատ հաճախ բևեռացված, քաղաքականացված է: Մարդիկ կարող են իրենց գաղափարը Լոս Անջելեսից նստած արտահայտել օրինակ՝ Հայաստանում հարկային օրենսգրքի փոփոխության մասին: Շատ լավ: Որպես գաղափար լավ է, բայց արդյունքում կարող է ստացվել այնպես, որ Լոս Անջելեսում ապրող 300 հազար հայ գրեն մի բան, որ տպավորություն ստեղծվի, թե 300 հազար հայաստանցի այս օրենքը չի ուզում: Բայց իրականում նրանք չեն այդ հարկեր վճարողները: Այդ սահմաններն որոշելը շատ էական է մեր կյանքում: Ցանկացած անորոշություն, խնդիր նաև հնարավորություն է ստեղծում: Եթե մենք խելացի, կազմակերպված, կարգապահ ենք, կարողանում ենք ուրիշներից ավելի շուտ մեզ ավելի լավ կարգավորել, ապա փոքրիկ Հայաստանն ունենալու է առավելություն:

Իմ զրույցը նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Ջոզեֆ Ստիգլիցի հետ էր: Նա դասական տնտեսագետ է և խոսում էր սոցիալական անհավասարության, աղքատների և հարուստների մասին: Կարող ենք այդ գաղափարը բարձրացնել մինչև աղքատ և հարուստ երկրների մակարդակի: Փոքր, զարգացող երկրները խնդիրներ ունեն, որոնք կապված են արտաքին պարտքի հետ: Այդ պարտքը կարող է լինել երկկողմ, բազմակողմ՝ միջազգային ինստիտուտների հետ կապված: Այսօր աշխարհի ամենամեծ մարտահրավերներից մեկը կլիմայական փոփոխությունների հետ է կապված: Այն բոլորին է անհանգստացնում, ամեն ինչ փոխվելու է, դժվար է լինելու, երբ օդի ջերմաստիճանը շատ բարձրանա: Բնությունը բոլորինն է, և եթե ինչ որ տեղ CO2-ի դեմ պայքար է, ապա դրա ազդեցությունը միայն այդ երկրի սահմաններում չէ: Եթե ես մեկ միլիոն ծառ եմ տնկում Հայաստանում, ապա ներդրում եմ կատարում գլոբալ պայքարում: Գաղափարն հետևյալն է. կան պետություններ, որոնք տարբեր միջազգային համաձայնագրերով պատրաստ են իրենց բյուջեից տրամադրել որոշակի գումար, օրինակ, մեծ պետություն է, որն ամեն տարի 1 միլիարդ դոլար տալիս է պայքարելու CO2-ի դեմ, և պետք է իր երկրում որոշակի գործարաններ փակել, բայց խնդիր ունի, քանի որ եթե փակի աշխատատեղ կկորցնի և այլն: Եթե Հայաստանը այդ նույն երկրին 100 միլիոն պարտք է, փոխանակ ամեն տարի պարտը վերադարձնի, թող այդ պարտքի դիմաց կանաչ գործունեություն ծավալի Հայաստանում, ծառ տնկի, էկոլոգիապես մաքուր գործարաններ հիմնի՝ նպաստելով Հայաստանի և աշխարհի շրջակա միջավայրի, բնության առողջացմանը: Այսինքն, այդ 100 միլիոնի կրեդիտը տալիս է այդ երկրին, և վերջինս ոչ թե մեկ միլիարդ ներդնում ստիպված կլինի կատարել, այլ 900 միլիոն, և, արդյունքում, այդ երկիրը որոշ ժամանակ կշահի, բայց դրա փոխարեն Հայաստանն ավելի կանաչ է դառնում, ազատվում է 100 միլիոն վարկից և, հետևաբար, կարողանում է ուրիշ տեղից 100 միլիոն վարկ վերցնել, և բոլորը շահում են: Թվում է՝ շատ պարզ միտք է, բայց այն բավականին հետաքրքրություն է առաջացրել և մի շարք արձագանքներ կան:

 

 

 

 

 

Հայաստան Արմեն Սարգսյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Կապանում 17-ամյա աղջկա մոտ կեղծ ռուսական թղթադրամներ են հայտնաբերվել
3 խոշոր խախտում՝ հանրաքվեի հարցում
25 թեկնածու 1 մանդատի համար. Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը
Սպանություն Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է
Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake.am
Քլինթոնը Թրամփին  Պուտինի  խամաճիկ է անվանել
Մակրոնը Եվրոպայի համար նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը
Եկատերինբուրգում կկայանա գեղեցկության առաջնություն, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը
Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորին
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Փաշինյան
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով
Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացելԱննա Կուլի անվան միջազգային մրցույթում
Արդ, կոչ ենք ուղղում Ձեզ, պարոն Վարչապետ, սկսել հրապարակային երկխոսություն Սահմանադրական դատարանի անդամների հետ:
Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 2,3 հազար մարդ է մահացել
«Մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»․ «Վերնատուն» ակումբ
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
Սրա տակ դրված են անձնական բարդույթներ և ոչնչություն լինելու գիտակցման հետևանքներ:
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար
«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները
ՀՆԱ-ին սպասելիս
Ավելին
Ավելին