ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պնդումներն այն մասին, որ «Հայ եկեղեցու պատմությունը» ներառվելու է «Հայոց պատմության» մեջ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երեւանի պետական համալսարանի Հայաստանի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:
Ըստ նրա՝ այսօր հիմնական դպրոցում «Հայոց պատմություն» առարկան 204 ժամ է կազմում, իսկ երկու առարկաները համատեղելու դեպքում ժամերի քանակը պետք է ավելացվեր մինչեւ 336: «Սակայն առաջարկվող ծրագրում ընդամենը 255 ժամ է, իսկ ավագ դպրոցում Հայ եկեղեցու պատմության ուսումնասիրության համար հատկացված ժամերն ընդհանրապես անհետանում են»,- նշեց Մովսիսյանը: