Նախորդ շաբաթվա վերջում՝ հուլիսի 19-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 34877-ի, ապաքինվածներինը՝ 23294-ի, մահվան դեպքերինը՝ 641-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ հուլիսի 26-ին, վարակվածների թիվը հասավ 37317-ի, որոնցից 26478-ն առողջացել են, մահացել է 705 մարդ, ընդհանուր կատարվել է 157152 թեստավորում:
Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, հայտնաբերվել էր 104 նոր դեպք, հուլիսի 21-ին՝ 273, հուլիսի 22-ին՝ 439, հուլիսի 23-ին՝ 469, հունիսի 24-ին՝ 451, հուլիսի 25-ին՝ 383, հուլիսի 26-ին՝ 321:
Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճեց 2440-ով՝ 468-ով պակաս, քան նախորդ շաբաթ, մահերի թիվն ավելացավ 64-ով, հատեց 700-ի սահմանագիծը: Ի լրումն՝ ևս 220 կորոնավիրուսով վարակվածների մահվան պատճառն էլ համարվում է այլ հիվանդությունը:
Ուրբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժվող դեպքերի թիվը 10 հազարից ցածր է: Ըստ նրա՝ սա շատ կարևոր նորություն է, հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնան համաշխարհային հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ:
Հայ-ադրբեջանական բախումները
Երեքշաբթի երեկոյան հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկեց հերթական հարձակումը: Հայ դիրքապահները հետ մղեցինլ հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հակառակորդը, կորուստներից բացի, ունեցավ ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունեցավ:
Սակայն հուլիսի 23-ին զինվորական հոսպիտալում մահացավ հուլիսի 14-ին ծանր վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մուրադյանը: Նա վիրավորվել էր հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասում և հոսպիտալ էր հասցվել ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած բժիշկների ջանքերին՝ զինվորի կյանքը չհաջողվեց փրկել:
Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում հակառակորդի խոցված անօդաչու սարքերի, կարելի է ասել, թանգարան էր կազմակերպվել բաց երկնքի տակ։ Ադրբեջանը 150-ից 200 մլն դոլարի վնաս է կրել, ասել է ինստիտուտի պետ, գեներալ Դանիել Բալայանը։ Հայկականներն, ըստ նրա, 5-8 անգամ ավելի էժան են, բայց որակապես չեն զիջում:
Մինչև տավուշյան կռիվներն անխոցելի համարվող անօդաչուն՝ իսրայելական Hermes 900-ը, ինչպես տեղեկացրեց գեներալ Բալայանը, ոչնչացրել է ավիացիոն համալսարանի անցած տարվա շրջանավարտը:
Անցնող շաբաթ հայ-ադրբեջանական հակամարտությունը հիմնականում շարունակվում էր արտերկրում, հայ և ադրբեջանցի համայնքների բախումներով:
Արևմտյան երկրներում և հարևան Վրաստանում հիմնականում կազմակերպվում էին ցույցեր և երթեր:
Երեքշաբթի «Ադրբեջանն ագրեսոր է» «Մենք հայ զինվորի կողքին ենք» վանկարկումներով Լոս Անջելեսի հայ համայնքն էր բազմահազարանոց ցույց կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսարանի առջև։ Ախալքալաքի մարզադաշտի բազմամարդ ցույցի ընթացքում էլ հավաքի մասնակիցները հայտարարել են, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է: Նշվել է, որ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրում են, իսկ Ադրբեջանի ուղարկած սադրիչները կարող են գնալ ռազմադաշտ:
Երեքշաբթի Շվեդիայում հայերին լուր էր հասել, որ ադրբեջանցիները, հնարավոր է, երթով շարժվեն դեպի Հայաստանի դեսպանություն: Հաջորդ օրը հայերը շատ արագ ինքնակազմակերպվել էին և հավաքվել մեր դեսպանատան դիմաց: Ցույցի ժամանակ ընդհարում է տեղի ունեցել հայերի ու Ադրբեջանի հյուպատոսարանի առջև հավաքված ադրբեջանցիների միջև։ Ծեծկռտուքը սադրել են ադրբեջանցիները։ Տարածքը լքելիս ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների վրա: Հայ երիտասարդները ճեղքել են ոստիկանական շղթան և հակահարված տվել: Ադրբեջանցիները փախել են՝ գետնին թողնելով իրենց դրոշը:
Հայերի և ադրբեջանցիների բախումներ են տեղի ունեցել նաև եվրոպական այլ երկրներում:
Իսկ Ռուսաստանում ադրբեջանցիները փորձում էին ռազմական պարտությունները փոխհատուցել հայերի նկատմամբ բռնարարքներով։ Մոսկվայում նրանք, ավազակախմբեր կազմած, զանգվածային հարձակումներ էին գործում հայերի վրա․ 5 հայ վնասվածքներ է ստացել, ջարդուխուրդ են արվել մեծ թվով հայկական համարներով մեքենաներ, սրճարաններ, այլ հաստատություններ, դեսպանատան հավաքարարուհուն են ծեծել, մետրոյում հարձակվել են Հարութ անունով հայ դուդուկահարի վրա, փողոցում զբոսնող ամուսինների վրա և այլն։ Իրավապահներին հաջողվել է ձերբակալել 50 ադրբեջանցու։ Մոսկվացի երիտասարդ հայերը պարեկախմբեր են կազմել և ողջ գիշեր հերթապահել փողոցներում:
Հայկական ապրանքները հանվել են ադրբեջանցու պատկանող «Տվոյ դոմ», «Կրոկուս» առևտրի կենտրոններից: «Սա արդեն սադրանք է, որն ուղղված է Ռուսաստանում առևտրի կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով»,- ասել է Տողանյանը։
Ռուսաստանում բարձր մակարդակով արձագանքել են հոգևոր իշխանությունը՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, և Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հինգշաբթի կառավարության նիստում հայտարարվեց, որ Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով հատկացվել է 25 մլն դրամ, թեպետ վնասները շատ ավելին են։
Ամենահակահայկական բանաձևը
Երեքշաբթի հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021 թ. Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում հետևյալ ձևակերպմամբ: «<...> Պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը. (1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից: (2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր»:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը սա բնորոշեց որպես պատմության մեջ ամենահակահայկական բանաձևը ԱՄՆ կոնգրեսում:
«Այսպիսի հակահայկական բանաձևի երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաև Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաև այլ, այդ թվում նաև միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»,- նշեց նա:
Սակայն Միացյալ Նահանգներում նաև փոքր հաջողություն ունեցավ հայկական լոբբին։ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Արցախին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը, որով օգնություն է նախատեսվում Արցախին 1․4 միլիոն դոլարի չափով՝ HALO Trust-ի ականազերծման աշխատանքները շարունակելու համար:
Ալեկոծություն կրթության և գիտության ոլորտում
Անցնող շաբաթ հանրության թիրախը ԿԳՄՍ նախարարությունն էր, որ վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել, նախ, քննությունով բարձր միավորներ ստացած և ուսանող դառնալու իրավունքից զրկված դիմորդների բողոքի ցույցերի և ապա հանրակրթության նոր չափորոշիչների պատճառով: Մինչ դիմորդները հայտարարում էին, որ դիմելու են բոլոր հնարավոր ատյաններ, ընդհուպ Սահմանադրական դատարան իրենց իրավունքները պաշտպանելու համար, ակադեմիական շրջանակներն իրար անցան, երբ հրապարակվեցին հայոց լեզվի և գրականության չափորոշիչները: Պարզվեց, որ ավագ դպրոցում «Հայ գրականությունը» դարձել է պարզապես «Գրականություն», ուսումնական ծրագրերից հանվել են Խորենացին, Եղիշեն, Նարեկացին և այլ միջնադարյան դասականներ, փոխարենը մտցվել են ժամանակակից հայ գրականության որոշ գործեր, որոնք հանրության համար բավական վիճելի էին: Պատմաբաններն էլ քարը քարի վրա չթողեցին «Հայոց պատմության» չափորոշիչները, նաև ցույց տվեցին, որ իրականում «Հայ ելեղեցու պատմությունը» ոչ թե ձուլվել է ընդհանուր պատմությանը, այլ պարզապես դուրս է մղվել:
Նախարարությունը հայտարարեց, որ միջնադարյան գրողներին վերականգնել են ծրագրերում, սակայն հանրության կրքերը դեռ չեն հանդարտվում: Հաճախակի են դարձել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջները, իսկ ինչ վերաբերում է չափորոշիչներին, պահանջում են դրանք մի կողմ դնել և նոր նախագիծ կազմել: