f

Անկախ

Համաշխարհային ազգ լինել նշանակում է ազգերի մրցակցության ու համագործակցության մեջ առաջավոր դիրքեր նվաճել, համամարդկային քաղաքակրթությունը հարստացնել նոր գաղափարներով․․․Վազգեն Մանուկյան


Մինչև 1988թ. շարժումը անկախ պետություն չունենալու պայմաններում քաղաքական հարցերով հիմնականում զբաղվում էին սփյուռքի կուսակցությունները և Հայաստանի մտավորականության վերնախավը: Քաղաքական մոտեցումներում իշխում էր այն մտածելակերպը, որը ես կանվանեի քաղաքական ռոմանտիզմ: Բայց մինչև քաղաքական ռոմանտիզմին և քաղաքական պրագմատիզմին իրատեսական բնութագրումներ տալը նպատակահարմար է հատուկ կանգ առնել նաև մի երևույթի վրա, որը, մի գուցե անհաջող, կարելի է անվանել ազգային ռոմանտիզմ: Ազգային և քաղաքական ռոմանտիզմը էապես տարբեր բաներ են: Ազգային ռոմանտիզմը ժողովրդի մեջ տարածված և քարոզվող, նրա դրական առանձնահատկությունները երբեմն չափազանցնող գնահատականն է, նրա հատուկ դերի ընդգծումն է համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ, երբեմն նրա կրած առանձնահատուկ տառապանքների վերապրումը, որոնք տարբերում են իրեն մյուս ժողովուրդներից, երբեմն առաքելության գիտակցումը:

Ազգային ռոմանտիզմի հիմնական աղբյուրներն են տվյալ ժողովրդի պատմությունը, մշակույթը, ներկա պահի հաջողությունները կամ զրկանքները: Քարոզիչներն են գրողները, արվեստագետները, պատմաբանները, քաղաքական, զինվորական գործիչները: Ազգային ռոմանտիզմի հիմքի վրա են առաջանում այս կամ այն ազգային գաղափարախոսությունները, դրա վրա է հիմնված հայրենասիրությունը, դա է հիմնականում թելադրում ազգային նպատակները:

Ազգային ռոմանտիզմը, եթե այն չի հասցնում ժողովրդին գավառական սնապարծության կամ քամահրանքի ուրիշ ժողովուրդների նկատմամբ, կամ եթե այդ ազգային ռոմանտիզմի վրա չի առաջանում այնպիսի սարսափելի երևույթ, ինչպիսին ֆաշիզմն է, ապա պետք է համարել դրական երևույթ, որը այս կամ այն չափով բնորոշ է բոլոր ժողովուրդներին:

Դեռ Ն.Բերդյաևը «Ռուսաստանի ճակատագիրը» գրքի մեջ զարմանք էր հայտնում, որ յուրաքանչյուր ազգ, նույնիսկ այնպիսի փոքրաթիվ, ինչպես էստոնացիները կամ հունգարացիները, գտնում են, որ հենց իրենք են մարդկությանը հաղորդում ճշմարտությունը բարու և չարի մասին և հավաստում են իրենց ազգի առաքելական նշանակությունը:

Ազգային ռոմանտիզմը, առանց այն ծայրահեղությունների, որոնց մասին արդեն նշեցինք, իսկապես դրական երևույթ է ինչպես տվյալ ժողովրդի, նրան պատկանող անհատների, այնպես էլ համաշխարհային քաղաքակրթության զարգացման համար: Չժխտելով մրցակցությունը անհատների միջև հասարակության ներքին կյանքում՝ այն ապահովում է մրցակցության ձգտումը նաև ժողովուրդների միջև, նպաստում նրանց ստեղծագործական ոգու արթնացմանը՝ դրանով իսկ ապահովելով համաշխարհային քաղաքակրթության զարգացումը:

Ազգային ռոմանտիզմը հնարավորություն է տալիս կառուցել հասարակական կյանքը՝ հիմնված ազգային մշակույթի և ավանդույթների վրա, ձևավորելով նաև հասարակական կյանքը կարգավորող յուրահատուկ ազգային բարոյականություն, էթիկա: Ճգնաժամի պահերին ազգային ռոմանտիզմը ապահովում է ժողովրդի անձնազոհությունը և միասնությունը, առանց որոնց հնարավոր չէր լինի այդ դժվարությունները հաղթահարել:

Միևնույն ժամանակ «հզոր», «վեհ», և «մեծահոգի» թիմի անդամ լինելը ավելի իմաստալից և երջանիկ է դարձնում անհատի կյանքը՝ տալով նրան ներքին հպարտության և պիտանիության զգացում, որոնց բացակայության դեպքում հասարակությունը դատապարտված է վերածվելու դժբախտ եսասերների ամբոխի: Պիտանիության, օգտակար լինելու զգացումը, որը շատ էական է յուրաքանչյուր անհատի համար, գալիս է իհարկե ոչ միայն ազգային պատկանելության գիտակցումից, թեև չի կարելի թերագնահատել դրա դերը այդ հարցում:

Եթե ազգային ռոմանտիզմը, մրցակցության ձգտումը ուրիշ ժողովուրդների հետ նախորդ ժամանակներում հանգեցնում էր պետությունների էքսպանսիվ (զավթողական) քաղաքականությանը՝ պատերազմների, ապա այժմ այն ավելի շատ նպաստում է մրցակցությանը խաղաղ ասպարեզներում. տնտեսություն, առևտուր, նոր տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ, սպորտ. քաղաքական ազդեցության ոլորտի ընդլայնում: Ե՛վ Ֆրանսիան, և՛ Ճապոնիան, և՛ Գերմանիան շատ ավելի թույլ զարգացած պետություններ կլինեին, եթե հասարակական կյանքը կազմակերպելիս նրանք հենվեին միայն շահի գաղափարի վրա՝ մի կողմ թողնելով կրոնական, փիլիսոփայական, բարոյական, ինչպես նաև ազգային ռոմանտիզմից բխող գաղափարը: Պատահական չէ, որ Ելցինը ընտրվելուց հետո անսպասելի կերպով և ոչ այնքան տեղին հայտարարեց, որ պետք է ստեղծել Ռուսաստանի համար ազգային գաղափարախոսություն: Այդ հայտարարությունը միայն քաղաքական կոնյունկտուրայից չէր բխում և ավելի խոր իմաստ ուներ: Առանց ազգային ռոմանտիզմի և ազգային գաղափարախոսության՝ ժողովուրդը, մանավանդ զարգացման համար կարևորագույն գործոնի՝ լիբերալիզմի պայմաններում, դատապարտված է փոշիացման և թույլ պետություն, հասարակություն ստեղծելու: Նույնիսկ ԱՄՆ-ն, որ բազմազգ պետություն է, ունի միասնական մի գաղափարախոսություն, առաքելության զգացողություն (որ «ազգային» պետք է անվանել չակերտներով), այն է՝ ազատության, ժողովրդավարության տարածումը

աշխարհով մեկ և «թիմային» համաշխարհային մրցակցության մեջ լինել առաջին տեղում:

Քաղաքական ռոմանտիզմը բոլորովին այլ երևույթ է: մեր քաղաքական ռոմանտիզմը դարերի ընթացքում պետություն չունենալու պատճառով դրսևորվում էր հետևյալ կերպ: Կամ հենվելով մյուս պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից հռչակված արդարության գաղափարների վրա՝ փորձել դրանց միջոցով լուծել մեր ազգային հարցերը՝ թե՛ տարածքային, թե՛ Հայ դատի: Կամ, հենվելով ուրիշ պետությունների շահերի վրա, փորձել շահագրգռել նրանց, որպեսզի, դարձյալ հիմնականում նրանց միջոցով, լուծվի մեր ազգային այս կամ այն հարցը: Ընդ որում, երբեմն ստիպված հարկ էր լինում հուշել ուրիշ պետություններին իրենց այնպիսի շահի գիտակցումը, որը նրանք չունեին: Նույն քաղաքական մոտեցումները տարբեր ժամանակաշրջաններում կարելի է բնութագրել համապատասխանաբար քաղաքական ռոմանտիզմի կամ քաղաքական պրագմատիզմի դրսևորումներ: Օրինակ, այն հանրաքվեն, որը մենք 1991թ. կազմակերպեցինք Հայաստանի անկախությանը հասնելու և այն իրավաբանորեն ձևակերպելու համար, էապես տարբերվում է այն հանրաքվեից, որը 70-ական թվականներին առաջարկում էին անցկացնել հայ այլախոհների որոշակի շրջանակներ, առաջինը բխում էր իրատեսական քաղաքականությունից, երկրորդը քաղաքական ռոմանտիզմի դրսևորում էր. հենվելով ՄԱԿ-ի և մյուս կազմակերպությունների հռչակած ինքնորոշման սկզբունքի վրա՝ փորձել հասնել Հայաստանի անկախությանը: Այն ժամանակ դա չէր կարող գործել: Նույն քաղաքական ռոմանտիզմի դրսևորում էր, երբ մեր մտավորականության որոշ վառ ներկայացուցիչներ փոձում էին Ղարաբաղի կամ Հայ դատի հարցը լուծել՝ համոզելով ԽՍՀՄ-ի ղեկավարությանը, որ պանթյուրքիզմը և պանիսլամիզմը Ռուսաստանի կենսական շահերին սպառնացող երևույթներ են, և Հայաստանը այդ տեսակետից կարող է հանդես գալ որպես ռուսական շահերի ֆորպոստ մեր տարածաշրջանում, հետևաբար Ռուսաստանի շահերը պահանջում են ամեն գնով ուժեղացնել Հայաստանը: Այն ժամանակ դա գործել չէր կարող: Այդ ռոմանտիկ քաղաքականությունը շատ կորստաբեր էր մեր ժողովրդի համար, որովհետև մենք, երբեմն մեզ շատ խորաթափանց համարելով, թույլ էինք տալիս, որ ուրիշ պետությունները մեզ օգտագործեն իրենց շահերը հետապնդելիս, հույս ունենալով, որ մեր շահերը համընկնում են, և կօգտվենք նաև մենք: Այդպիսի քաղաքականության արդյունքում մեր բոլոր անհաջողությունների պատճառը փնտրում էինք մեզանից դուրս, և դա չէր նպաստում մեր ժողովրդի, մեր հասարակության զարգացմանը և կազմակերպմանը: Սփյուռքում Դաշնակցությունը տասնամյակների ընթացքում կատարում է  անգնահատելի մեծ աշխատանք հայապահպանման. սփյուռքահայության հասարակական կյանքի կազմակերպման և նրան ազգային խնդիրների շուրջ համախմբելու գործում, հայության շրջանում ազգային ռոմանտիզմի պահպանման գործում: Այնուամենայնիվ, Դաշնակցությունը վերստին սկսեց զբաղվել լուրջ քաղաքականությամբ 60-ականներից հետո, երբ կարևորագույն երկու ազգային խնդիրներից (Հայ դատ և Հայաստանի անկախություն) նա ընտրեց Հայ դատի խնդիրը և սկսեց քաղաքական գործունեություն այդ հարցում հաջողության հասնելու համար:

Այդ քաղաքականությունը կրկին տառապում էր ռոմանտիզմով, բայց երբ Հայ դատի գրասենյակները ստեղծվեցին և դրա շնորհիվ հետզհետե մտան այն պետությունների քաղաքականության մեջ, ուր նրանք ապրում էին, Դաշնակցության մեջ սկսեց աստիճանաբար ձևավորվել պրագմատիկ քաղաքական գործիչների մի շերտ՝ առաջացնելով որոշակի հակասություններ նրանց և ավանդական դաշնակցության միջև: Նույն ձևով Դաշնակցության մեջ սկսեց անցում կատարվել ռոմանտիզմից պրագմատիզմին 1918-20թ.թ., երբ անկախ պետություն ունենալը հետզհետե պարտադրում էր իրատեսական քայլեր: Իրատեսական քաղաքականության տեսական վերլուծությունների լավագույն նմուշների կարելի է հանդիպել դաշնակցական հայտնի գաղափարախոսների և գործիչների հոդվածներում, որոնք գրվեցին օտարության մեջ 20-30-ական թվականներին: Այդ հետազոտությունները նպաստեցին «Ղարաբաղ» կոմիտեի քաղաքական պրագմատիզմի ձևավորմանը, որը երբեմն չէր ընդունվում հասարակության այն շերտերի կողմից, որոնք տառապում էին քաղաքական ռոմանտիզմով:

Անդրադառնալով պրագմատիկ քաղաքականությանը, առանց մանրամասնությունների մեջ ընկնելու, նշենք միայն, որ այն ենթադրում է մեր ազգային, պետական խնդիրները լուծելիս ընթանալ համաշխարհային պրոցեսների հունով, հաշվի առնել ուրիշների շահերը և հենվել սեփական ժողովրդի, պետության ուժերի վրա՝ շարունակ ավելացնելով դրանք: Այդ դեպքում դաշնակիցներ միշտ էլ կարելի է գտնել:

Իհարկե, քաղաքական իրատեսությունը միակ ընդունելի միջոցն է՝ լուծելու համար մեր առջև ծառացած պետական, ազգային, քաղաքական խնդիրները: Բայց եթե պետության ղեկավարները օժտված չլինեն ներքին խորը բարոյականությամբ, համակված չլինեն ազգային և համամարդկային իդեալներով, և եթե, բացի դրանից, պետության, հասարակության կառուցվածքը այնպիսին է, որ չկա իրենց զսպող ուժ, ապա զրկված լինելով արգելակներից՝ այդ քաղաքական իրատեսությունը կարող է ծառայել սոսկ անձնական նպատակներ հետապնդելու համար՝ հետզհետե վերափոխվելով քայքայիչ ցինիզմի: Այժմ Հայաստանի ղեկավարության մեջ առաջանում է մի շերտ՝ առայժմ փոքր, բայց մեծանալու հակում ունեցող, որը քաղաքական ռոմանտիզմի նկատմամբ արհամարհանքը տարածում է նաև ազգային ռոմանտիզմի վրա՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ ամենայն ազգայինը հետամնացություն է և չի համապատասխանում համաշխարհային պրոցեսներին, այդպիսով հետզհետե տարածելով իր ցինիկ վերաբերմունքը նաև համամարդկային արժեքների վրա, համարելով, որ դրանք միայն օգտագործվում են ուրիշներին խաբելու համար: Ինչի՞ց է գալիս այդ հայացքների համակարգը, մանավանդ որ իրենց իշխանության է բերել և իշխանությունը ամրապնդել ոչ այնքան իրենց քաղաքական իրատեսությունը, որքան մեր ժողովրդին բնորոշ ազգային ռոմանտիզմը, առանց որի չէր լինի 1988թ. շարժումը, չէր լինի Ղարաբաղի պատերազմի հաղթանակը, չէր լինի մեր ժողովրդի համբերատարությունը 1992-94թ.թ. պատերազմի ծանր օրերին: Ես կարծում եմ, որ այստեղ կան 3 պատճառներ, որոնց կշիռն ու նշանակությունը տարբեր են.

1. Արևմուտքին ամեն գնով դուր գալու ձգտումը: Բնական է, որ Արևմուտքը զգուշանում է ոչ իր արժեքների համակարգում զարգացած ժողովուրդների ազգային զգացմունքներից՝ վախենալով, որ դրանք կարող են վերափոխվել ազգայնամոլության՝ բերելով ոչ իրատեսական, էքսպանսիվ քաղաքականություն, դրանով իսկ վտանգելով միջազգային կայունությունը: Դա բնական վախ է Արևմուտքի համար, և հասկանալի է, որ նա երբեմն ծայրահեղության մեջ է ընկնում՝ աշխատելով այդ ժողովուրդների մեջ չխրախուսել ազգային զգացմունքները, պահպանելով «դեղամիջոցը» միայն իր համար: Որոշ դեպքերում նշանակություն ունեն նաև մրցակցության կամ ազդեցության ոլորտում պահելու հարցերը:

2. Քաղաքական չտեսություն: Առաջին ծանոթությունները միջազգային քաղաքականության՝ ինչպես երևացող, այնպես էլ թաքնված զսպանակների հետ իշխանավորների մի մասի մեջ գլխապտույտ են առաջացրել՝ տանելով նրանց ծայրահեղությունների, որոնք բնորոշ են ցանկացած չտեսությանը: Եվ դրանց գումարվում է երիտասարդ քաղաքական գործիչների մի նոր շերտ, որոնք ազգայինի մերժումը և ցինիզմը ընդունում են որպես յուրատեսակ «առաջադեմ» գաղափարախոսություն: Ծանոթ երևույթ է՝«Հռոմի պապից էլ կաթոլիկ»:

3. Վախը պատժի, իշխանությունը կորցնելու նկատմամբ: Ամեն մի գաղափարականացված հասարակություն, էլիտա, որը խորությամբ ներծծված է ազգային, համամարդկային գաղափարներով, առաջ է բերում էթիկայի հարցեր, և այդ էթիկայի մեջ չի տեղավորվում այն, ինչ անում են իշխանավորները Հայաստանում, չի տեղավորվում Սահմանադրությունը կեղծիքով անցկացնելը, չի տեղավորվում համատարած թալանը, որ կա Հայաստանում: Չի տեղավորվում արհամարհական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ,

ժողովրդի զգալի մասի սովամահության շեմին կանգնած լինելը, երբ իշխանավորները իրենց համար դղյակներ են կառուցում: Այդ ամենը իշխանավորների մեջ առաջացնում է ձգտում՝ մեր հասարակությունից արմատախիլ անելու ազգային ռոմանտիզմը ամբողջությամբ, որպեսզի նրա վրա չծագի էթիկայի հարցը, քանի որ պատժիչ կարող է դառնալ իշխանավորների համար: Այն վայրագ հարձակումները, որ կատարվում են Դաշնակցության դեմ, մասամբ պայմանավորված են այդ վախի զգացումով: Դա իր հերթին հանգեցնում է մի ձգտման. ամբողջ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի քաղաքական ուժերի՝ իրենց համար օգտակար պարզունակ նկարը՝ աջակողմյան «առաջադեմ» կուսակցություններ՝ զուրկ ազգայնամոլությունից (իրականում հետզհետե ուղղակի ազգայինից). ձախակողմյան կուսակցություններ՝ հակված համայնավարության, բայց որոնց զարգացումը իշխանությունների հովանու ներքո կդարձնի նրանց ինտերնացիոնալ ձախակողմյան կուսակցություններ. և ազգայնամոլական փոքր կուսակցություններ, որոնք կօգտագործվեն որպես «բոբո» Արևմուտքին վախեցնելու և նրանից իշխանությունը պահելու նպատակով այս կամ այն զիջումներ կորզելու համար: Այդ «բոբոներից» ամենասարսափելին Դաշնակցությունն է, որը պետք է ներկայացվի միջազգային հասարակայնությանը որպես ազգայնամոլական, տեռորիստական կազմակերպություն (նման իռլանդական կամ բասկերի համապատասխան կազմակերպություններին): Այդ ամենի անունն է՝ սովորական ժողովուրդ:

Մենք հինավուրց ժողովուրդ ենք՝ յուրահատուկ ու զարգացած մշակույթով, որն առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը: Դարերի ընթացքում հալածանքների ենթարկվելով՝ մենք ձեռք ենք բերել դիմակայելու, իրար օգնելու, ինքնակազմակերպվելու բացառիկ ունակություն: Պատմության բերումով սփռված լինելով աշխարհով մեկ՝ մենք մեծ ներդրում ենք ունեցել նաև ուրիշ ժողովուրդների զարգացման մեջ:

Կանգնած լինելով համաշխարհային քաղաքակրթության ակունքներում՝ մեր ժողովուրդը արդեն իսկ շատ բան է տվել մարդկությանը և շատ բան սովորել: Այն ժողովուրդը, որ չի կոտրվել նույնիսկ աննախադեպ ցեղասպանությունից, արժանի է և բոլոր հնարավորություններն ունի իր առջև դնելու համաշխարհային ազգ դառնալու խնդիրը:

Համաշխարհային ազգ լինել նշանակում է ազգերի մրցակցության ու համագործակցության մեջ առաջավոր դիրքեր նվաճել, համամարդկային քաղաքակրթությունը հարստացնել նոր գաղափարներով, մտածելակերպով ու արժեքներով:

Այդ խնդիրը լուծելու նախապայմանն է՝ վերականգնել պետականությունը, ստեղծել համազգային կառույցների միասնական համակարգ, վերադառնալ քաղաքական թատերաբեմ որպես ուժեղ, զարգացած ազգ: Կառուցել պետություն, որի յուրաքանչյուր անհատ լինի պաշտպանված ու ազատ մարդ՝ հպարտ իր ազատությամբ, ազգային ինքնությամբ, պետականությամբ: Հայ մարդը պետք է ապրի բարոյականության, ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված, բոլորի համար ստեղծագործ աշխատանքի ու երջանիկ ապրելու իրական հնարավորություններ ապահովող ազատ ու իրավական հասարակության մեջ:

 Վազգեն Մանուկյան

«Այժմ», 1996, 7-13 օգոստոսի

 

Վազգեն Մանուկյան Համաշխարհային ազգ սովորական ազգ 1996–ի նախագահական ընտրություններ խմբագրի ընտրանի

«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
Չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում. Գեղամ Մանուկյան
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
Ավելին
Ավելին