f

Անկախ

Անկախության մանկական հիվանդությունը


20-րդ դարում  հրաշքով Հայաստանը երկու անգամ ձեռք բերեց անկախ պետականություն։ Իհարկե, 1918թ․ Սարդարապատի հերոսամարտով ծնված Հայաստանին ենք պարտական և Խորհրդային Հայաստան ունենալու, և 1991թ․ անկախ Հայաստանի համար, որն էլ, ներեցեք, ոչ թե զարգանում, այլ գոյատևում է շուրջ 30 տարի։ Այժմ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ 1918-20թթ․ Հայաստանի պետական-քաղաքական գործիչների գործունեությանը, նրանց սխալներին, բացթողումներին, աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակը ճիշտ չգնահատելու հարցերին։ Համենայն դեպս, այն հեքիաթները, որ ինքս  լսել և հավատացել եմ տարիներ շարունակ «ռուսական մուրճի և թուրքական սալի արանքում», ընդամենն ինքնաարդարացում է․ «Մենք ի՞նչ կարող էինք անել, Արևմուտքը ծախեց, Ռուսաստանը ծախեց, և այլն»։

Ինչևէ, 1991թ․ ԽՍՀՄ փլուզման արդյունքում, բավականին ծանր պայմաններում՝ երկրաշարժի ավերված գոտի, արցախյան պատերազմ, ստեղծվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը։

Այդ դժվարին իրավիճակում, իհարկե, կարողացանք հաղթանակներ տանել արցախյան ճակատամարտում, բայց վերջնականապես այն  ամրապնդելու, դեռևս, հաստատակամություն չդրսևորեցինք։

Արցախյան հաղթանակն ամրապնդելու և Հայաստանի պետականությունը պահպանելու համար անհրաժեշտ էր ոչ միայն պետական, այլև բոլոր քաղաքական ուժերի, հասարակության, ժողովրդի ուժերի գերլարում, եթե կուզեք՝ նպատակ, և այո՝ պետական-քաղաքական նվիրյալ գործիչներ։ Այս պարագայում ոչ միայն կզարգանար տնտեսությունը, ռազմարդյունաբերությունը, այլև կրթությունն ու գիտությունը։ Միայն այդ դեպքում, ոչ միայն կունենայինք հզոր պետություն, այլև իրական դաշնակիցներ և հարգանք՝ ոչ միայն այլ պետությունների, միջազգային կառույցների, այլև՝ մեր հակառակորդների կողմից։ Եվ ևս մեկ անգամ՝ այո, այդ նույն միջազգային կառույցները, Մինսկի խումբը կշարունակեին բանակցությունների գործընթացը, բայց երբեք հայկական կողմի նկատմամբ ճնշումներ չէին գործադրի։ Իհարկե, միջազգային կազմակերպությունները հավանաբար դեռ երկար ժամանակ չէին ճանաչի Արցախի անկախությունը, բայց հաստատ ժամանակը կաշխատեր հօգուտ մեզ։

Իսկ ինչպե՞ս վարվեցինք։ Այն ոգևորությունը որ կար հասարակության մեջ արցախյան շարժումով, որն էլ, ի վերջո, բերեց այդ նույն արցախյան ճակատում հաջողությունների, սպառվեց, և արդյունքում՝ ունեցանք արտագաղթ, 32 տարի անց, ամոթ մեզ՝ դեռևս աղետի գոտի, աղքատություն, գործազրկություն։ Էլ չեմ ասում գիտության, մշակույթի, կրթության մակարդակի անկման մասին։ Հաճախ է հնչում, որպես կայացած պետական կառույց, հայկական բանակը։ Այո, գուցե միայն հայկական զինված ուժերին ենք պարտական Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության հարցում։ Այն հերթական անգամ ապացուցեց և 2016թ․ ապրիլյան պատերազմը,  և  վերջին օրերին Տավուշի մարզում սահմանային բախումները։ Բայց արդյո՞ք պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Հայաստանում բանակը դարձավ բոլորինը։ Արդյո՞ք բանակում ծառայելը դարձավ պատիվ բոլորի համար։ Նկատի ունեմ հատկապես քաղաքական վերնախավին և նրանց զավակներին։ Այո, «օրենքով» նրանցից շատերն ազատված են եղել և են զինվորական ծառայությունից։ Այժմ չքննարկենք, այդ անձանցից շատերի՝ իսկապես տարբեր հիվանդություններով տառապելն ու բարձր «մակարդակի գիտնականներ» լինելու հանգամանքները։ Սակայն պերմանենտ պատերազմող երկրում պետք է գործեին նաև, այսպես ասած, «չգրված», բարոյական նորմեր։ Նկատի ունեմ, որ այդ անձինք, առաջին հերթին՝ հենց իրենք չպետք է ձգտեին կամ համաձայնեին որևէ բարձր պետական պաշտոնի (նախարար կամ պատգամավոր), ցանկանալու դեպքում էլ հասարակությունը պետք է ընդվզեր։ Ավելին, քաղաքական վերնախավի զավակները պետք է ծառայեին հենց սահմանամերձ գոտիներում։

Իսկ մեր հանրությունը ձայն է տալիս, ոչ միայն, թերևս, օրենքով բանակից ազատված անձանց, այլև բացահայտ կեղծարար դասալիքին, և ավելին, այդ անձը հավակնում է հերթական փրկչի կերպարին և հարգանք վայելում որոշակի շրջանակներում։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ չնայած  անցած տարիների վատնմանը, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, հուսանք, որ դեռևս ուշ չէ շարժվելու վերոնշյալ ուղղությամբ։

Եթե տեսականորեն ընդունում ենք Հայաստանի զարգացման այդպիսի ճանապարհը, ապա սրան զուգահեռ՝ այլ հարցեր են առաջ գալիս։  Խոսքը դաշնակիցներ ունենալու մասին է։

Այստեղ կուզենայի քաղաքական «լիկբեզ» անցկացնել՝ հայկական տարբեր տրամաչափի քաղաքետների, վերլուծաբանների համար։

Վերջին տարիներին շատ է խոսվում Հայաստանի ինքնիշխանության մասին։ Թունդ հայրենասերները, կարծես, մերժում են այլ պետությունների հետ դաշնակցային հարաբերություններն ու «հպարտորեն» հայտարարում․ «Հայաստանն ազատագրել գաղութացումից, մենք ենք տերը մեր երկրի, և այլն»։ Կարծես մոռացել են, որ Հայաստանը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի անդամ է, իսկ գաղութները միջազգային ճանաչում չունեն։

Անկեղծորեն ասած, այսպիսի մտավարժանքներն ինձ հիշեցնում են իմ պատանեկությունը, երբ երազում էի Հայաստանի անկախության մասին։ Մտածում էի, որ Հայաստանը դառնալով անկախ երկիր՝ պետք է վարի բացառապես ինքնուրույն քաղաքականություն, և որևէ, թեկուզ չնչին կախվածություն չունենա այլ պետությունից։ Վերափոխելով Լենինի հայտնի հոդվածի վերնագիրը («Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ»), այս մտածողությունը կարելի է համարել «Անկախության մանկական հիվանդություն»։ Սակայն, զարմանալիորեն, կարծես այս մտայնությունն է տիրում ոչ միայն՝ այսօրվա տարբեր քաղաքական-հասարակական շրջանակներում, այլև, իմ տպավորությամբ՝ նաև իշխանության վերին  մակարդակում։ Որոշակի վերապահումներով՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, գուցե նաև Իրանից բացի, ցույց տվեք մեկ այլ պետություն, որը լիարժեք ինքնիշխան է և քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգության խնդիրներով կախված չէ՝ ինչպես այլ պետություններից, այնպես էլ՝ տնտեսական կամ ռազմական դաշինքներից։

Ահա այստեղ ցանկանում եմ քննարկել Հայաստանում տարածված՝ «արևմտամետների» և «ռուսամետների» բանավեճը։ Իհարկե, երկու կողմերն էլ խոսում են Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության երաշխիքների մասին։

Ինքս ինձ համարում եմ արևմտյան արժեքներ կրող։ Ինձ համար արևմտյան արժեքները, ըստ հերթականության, հետևյալն են՝ իրավական պետությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը։ Հայաստանը՝ որպես պետություն, չունի այլ, օրինակ՝ չինական պետական ավանդույթները, հենված կոնֆուցիոսական փիլիսոփայության վրա, չի կարող լինել կրոնապետություն, կամ որևէ ազգայնական կամ ձախակողմյան գաղափարախոսության վրա հենված բռնապետություն, և իմ համոզմամբ՝ պայմանականորեն արևմտյան տիպի պետական կառուցվածքն է հենց Հայաստանի զարգացման և հզորացման գրավականը։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության, պետական անվտանգության և դաշնակիցներ ունենալու հարցերին,  բնավ կարևոր չեն տարբեր երկրների քաղաքական ռեժիմները։ Նույն ժողովրդավարական երկրներն իրենց արտաքին քաղաքականությունն ու անվտանգության համակարգը կառուցում են՝ ըստ իրենց ազգային, պետական շահերի։ Օրինակնե՞ր, խնդրեմ՝ մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցը «ժողովրդավարական» Թուրքիան է, ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը՝ «ժողովրդավարական թերակղզի» Սաուդյան Արաբիան։ Շարքը կարելի է շարունակել։

Իսկ մեր «արևմտամետները», փոխանակ պայքարելու Հայաստանում նույն արևմտյան արժեքների ներդրման համար, այն է՝ անկախ դատական համակարգի, մասնավորապես՝ ՍԴ անկախության համար, ողջունում և ծափահարում էին ՍԴ-ի ոչնչացումը։ Այսօր նրանք աչք են փակում մարդու իրավունքների խախտումների (ասֆալտին փռել և այլն), ընտրովի արդարադատության վրա՝ ելնելով իրենց քաղաքական համակրանքներից և հակակրանքներից։ Մեր «արևմտամետությունն» արտահայտվում է միայն Ռուսաստանին և նրա ղեկավարին հայհոյելով և Արևմուտքին հաճոյանալով։ Ըստ հայաստանյան «արևմտամետների»՝ Հայաստանը լինելով կամ ձգտելով դառնալ ժողովրդավարական պետություն,  դաշնակցային հարաբերությունները պետք է բացառապես հաստատի ժողովրդավարական երկրների հետ՝ ձգտելով դառնալ  ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ։  Նրանց տրամաբանությամբ, Հայաստանը պետք է հարաբերությունները խզի ոչ միայն՝ Ռուսաստանի, այլև՝ Բելառուսի, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների, Իրանի, Չինաստանի, ողջ արաբական աշխարհի  և բազմաթիվ այլ երկրների հետ։ Հարգելիներս, ի՞նչ գործ ունեք այլ պետությունների ղեկավարների և այդ երկրների կառավարման համակարգերի  հետ։ Այդ ամենը տվյալ երկրների ներքին գործն է։ Հիշում եմ, թե ինչ աղմուկ բարձրացավ  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և  Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի բարեկամական լուսանկարի հետ կապված։ Այո, Կադիրովը, մեղմ ասած,  «ժողովրդավար» ղեկավար չի, բայց նա Ռուսաստանի, հատկապես՝ Հյուսիսային Կովկասի ամենաազդեցիկ գործիչներից է, և առնվազն պետք էր ուրախ լինել նրա հետ Հայաստանի  որևէ պետական գործչի կողմից բարեկամական հարաբերություններ ունենալու հարցում։ Դուք կարող եք հրաժարվել նման մարդու հետ անձնական մտերմությունից, բայց մի խառնեք անձնական համակրանքները  պետական քաղաքականության հետ։

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց «Ռուսաստանն այսօր» և «Սպուտնիկ» լրատվամիջոցների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը։ Եվ մեր արևմտամետ-հայրենասերները հայհոյանքներով «անարգանքի սյունին» գամեցին Մարգարիտա Սիմոնյանին։ Իհարկե, գրառումը շատ զգացմունքային էր և կոպիտ, որն ընդունեց նաև Մարգարիտա  Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանը։  Մարգարիտա Սիմոնյանը ռուսական մշակույթի կրող, Ռուսաստանի քաղաքացի է, ով չի ուրանում իր հայ  լինելն ու ամեն առիթով հպարտանում է իր ծագումով։ Այո, նա վրդովվում է՝ տեսնելով Հայաստանում իր առաջին հայրենիքի նկատմամբ թշնամական վերաբերմունքից։ Այժմ կուզենայի այս առիթով մի զուգահեռ անցկացնել։ Մեր մեծագույն հպարտություններից է Շառլ Ազնավուրը։ Նա միշտ շեշտել է, որ առաջին հերթին՝ ֆրանսիացի է, Ֆրանսիան իր հայրենիքն է, բայց և հպարտացել է իր հայկական ծագումով։ Մի րոպե պատկերացրեք, որ Հայաստանը հակաֆրանսիական քաղաքականություն վարեր, ինչպիսի՞ն կլիներ Շառլ Ազնավուրի արձագանքը, թերևս, ավելի կոշտ, քան Մարգարիտա Սիմոնյանինը։

Այլ պետություններ կերազեին Ռուսաստանում ունենալ ազդեցիկ հայրենակիցներ, որոնց միջոցով նաև տանեին լոբբիստական աշխատանք Ռուսաստանի վերնախավում։ Իսկ մենք՝ ունենալով Մարգարիտա Սիմոնյան, Կարեն Շահնազարով, Սեմյոն Բաղդասարով, Տիգրան Քեոսայան, հակառակը՝ նրանց նույնպես թշնամացնում ենք։ Իսկապես մեծ շնորհք է՝ ոչ թե նոր  բարեկամներ ձեռք բերել, այլ եղածների հետ էլ թշնամանալ։ Առիթ եմ ունեցել մեր «արևմտամետների» հետ զրուցելու այս թեմաներով։ Հայաստանի, որպես իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում, նրանք բերում են հետևյալ փաստարկը․ «Ռուսաստանը, Պուտինը թույլ չի տա․․․»։ Զարմանալի «տրամաբանություն», փաստորեն, այն, որ Հայաստանում,  առնվազն  սկսած  1995 թվականից, ընտրությունները կեղծվել են, ստեղծվել է միապետական համակարգ․․․ պարզվում է՝ Պուտինն է մեղավոր։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Հարգելիներս, քանի՞ անգամ ԵՄ-ն հայտարարեց, որ Արևելյան գործընկերություն՝ բացարձակապես չի նշանակում անդամ երկրներին՝ հուսալ ԵՄ անդամակցության մասին։ Նույն ԵՄ-ում լուրջ ճգնաժամ է, Մեծ Բրիտանիայի հեռանալով՝ կարծես հերթի են կանգնած այլ պետություններ, օրինակ՝ Նիդեռլանդները։ ԵՄ-ն դեռևս լիարժեք չի «մարսել» արևելաեվրոպական երկրներից շատերին։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին։ Ենթադրենք, իսկապես Հայաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ։

Իսկ  արդյո՞ք ՆԱՏՕ-ն պատրաստ է դրան և իսկապես ցանկանում է Հայաստանին ընդգրկել ՆԱՏՕ։ Նախ, ՆԱՏՕ-ի անդամակցության հերթի են կանգնած Վրաստանն ու Ուկրաինան։ Սակայն, չնայած խոստումներին, ՆԱՏՕ-ն առանձնապես չի շտապում  ընդունել  այդ երկրներին իր շարքերը՝ հաշվի առնելով նրանց տարածքային վեճերն ու հակասությունների  առավել խորացումը Ռուսաստանի հետ։ Բայց պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի համար բացառություն է անում՝ նկատի ունենալով  «թավշյա հեղափոխությունը»,  որպես առաջին քրիստոնեությունն ընդունող ազգի և հատուկ սերը մեր բազմաչարչար ժողովրդի հանդեպ։ Խնդրեմ, իսկ մենք արդյո՞ք պատրաստ ենք դրան։ Պատրա՞ստ ենք  ՆԱՏՕ-ի անդամակցության համար հրաժարվել Արցախից, հանուն Ադրբեջանի «տարածքային ամբողջության», մեր բնական դաշնակից, հարևան Իրանի հետ թշնամանալ։ Այո, թշնամանալ, քանի որ մենք Թուրքիայի նման հզոր չենք, որ Իրանը մեր ՆԱՏՕ-ին անդամակցությունն «ըմբռնումով» ընդունի և արտաքուստ չթշնամանա։ Ի դեպ, Թուրքիայի մասին։ Ենթադրաբար, դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, մեր «քաշով» մենք չենք լինի այդ կազմակերպության դոմինանտներից մեկը, մանավանդ, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դոմինանտությունը վստահված է Թուրքիային։ Եվ  հենց Թուրքիան կլինի Հայաստանի կուրատորը՝ իր բոլոր քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական հետևանքներով։ Նաև կուզենայի նշել, որ ոչ մոտ ապագայում գուցե և անդամակցենք ԵՄ-ին, բայց բոլորովին պարտադիր չէ անդամակցել նաև ՆԱՏՕ-ին, ինչպես, օրինակ՝ Ֆինլանդիան։

Ի դեպ, Թուրքիայի մասին։ Ինչպես վերևում  նշեցի, պատանեկության տարիներին, երազելով Հայաստանի անկախության մասին, նաև լինելով հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ազդեցության տակ, վստահ էի, որ  Հայաստանի անկախացման դեպքում՝ հնարավոր է Թուրքիայի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Սակայն․․․ ժամանակները փոխվում են (փոխվո՞ւմ են արդյոք), և տեսնելով այսօրվա էրդողանական Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, համոզվում ես, որ Թուրքիան ատամները սրած սպասում է Հայաստանի դեմ ագրեսիայի հարմար առիթին։ Երբ Հայաստանի Երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությունը», ինքս մի կողմից՝ անհանգստանում էի Թուրքիայի կողմից ինչ-որ դավադրությունից, մյուս կողմից՝ մտածում, որ գուցե սխալվում եմ, և սա հենց այդ բարիդրացիական հարաբերությունների ստեղծման սկիզբն է։ Պարզվեց, որ Թուրքիան այդ, այսպես կոչված, արձանագրություններն ու բանակցություններն օգտագործում էր Հայաստանին վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկելու նպատակով, հատկապես՝ Արցախի հարցով։  Եթե հաշվի առնենք նաև վերջին տարիներին Թուրքիայի ներխուժումները հարևան երկրներ՝ Իրաք, Սիրիա, արհամարհելով ոչ միայն ողջ միջազգային հանրությանը, այլև ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կարծիքը։ Չնայած այս ամենը կարելի էր գիտակցել դեռևս «աշխարհիկ», «քաղաքակիրթ» Թուրքիայի դեպքում, նրա կողմից 1974թ․ Կիպրոս ներխուժելով։

Ուստի՞․․․ ուստի, քանի որ մենք շուրջ 30 տարիների ընթացքում չկարողացանք ստեղծել  տնտեսական, ռազմական, ժողովրդագրական առումով, իսկապես ազգ-բանակ պետություն, որն էլ միայն կլիներ  տարածաշրջանում մեր անվտանգության երաշխիքը, այսօր, այո՛, Թուրքիայի Հայաստան ներխուժման միակ խոչընդոտը, զսպիչ ուժը, ուզենք թե չուզենք՝ ռուսական 102-րդ ռազմաբազան է։ Եվ անկեղծ զարմանում եմ մեր ուռա-հայրենասերների վրա, որոնք պահանջում են ռուսական ռազմաբազայի դուրսբերումը։ Հայաստանում ռուսական ռազմաբազան «արևմտամետների» կողմից ներկայացվում է՝ որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացում։ Նույն տրամաբանությամբ, բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ի գաղութներն են։ Եթե ռուսական բազան հանենք, պատրա՞ստ ենք արդյոք այն փոխարինելու մեր ուժերով։ Եվ եթե Թուրքիան ներխուժի, ի՞նչ ենք անելու, դիմադրելո՞ւ ենք։ Այո, ներխուժումից երկու օր անց ԵՄ խորհրդարանը մտահոգություն կհայտնի, իսկ Ֆրանսիան հաստատ խստորեն կդատապարտի Թուրքիայի ագրեսիան։ Իսկ հետո՞․․․ հետո Ռուսաստանն իր շահերից ելնելով՝ Հայաստանից ինչ-որ մաս կպահի, և արդյունքում՝ կունենանք Ռուսաստան փրկիչ, իսկ «արևմտամետները» կհայտնվեն օտար ափերում և կգոռան՝ «Ռուսաստանը հերթական անգամ  ծախեց»։ Թե՞ ես անտեղյակ եմ,  գուցե մեր «արևմտամետները» գիտե՞ն, որ կամ Արևմուտքը, ի տարբերություն Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի, թույլ  չի տա Թուրքիային ներխուժել Հայաստան, կամ  ներխուժելու պարագայում  անգլո-ֆրանկո-ամերիկյան զինված ուժերը կպատերազմեն  ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիայի դեմ՝  հանուն մեծ, Սևրի պայմանագրով նախատեսված  Հայաստանի։

Հետևո՞ւմ է, արդյոք, իմ ասածներից, որ Հայաստանը պետք է անվերապահորեն ենթարկվի Ռուսաստանին՝ որպես իր անվտանգության միակ  երաշխավոր։ Իհարկե՝ ոչ։ Ավելին, մենք պետք է նաև պատրաստ լինենք ապագայում տարբեր զարգացումների և այնքան հզորացնենք մեր պաշտպանությունը, որ ռուսական բազայի հնարավոր դուրսբերման դեպքում անակնկալի չգանք։

Ընդհանրապես, ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ պետությունների հետ մենք մեր հարաբերություններն ավանդաբար կառուցում ենք ծայրահեղությունների՝ հպատակության կամ թշնամության հարթությունում։ Անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին։ Դեռևս սկսած 19-րդ դարից, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եղել են կամ հպատակային՝ Ռուսաստանին դիտարկելով՝ որպես Հայաստանի փրկիչ, կամ թշնամական կեցվացքով՝ դիտարկելով Ռուսաստանին՝ որպես Հայաստանի թշնամի՝ բարեկամներ, ավելի ճիշտ՝ հովանավորներ փնտրելով Արևմուտքում։ Երկու դեպքում էլ, իմ համոզմամբ՝ մենք պարտված ենք։ Ռուսաստանին հպատակության դեպքում՝ Ռուսաստանի համար դառնում ենք մանրադրամ, օգտագործվող օբյեկտ, երկրորդ՝ թշնամանալու դեպքում՝ Ռուսաստանը  կարող է  դաժանորեն պատժել Հայաստանին «ուրիշի ձեռքերով»։ Իրականում հարցն ինձ համար ավելի քան պարզ է։ Մեր քաղաքական միտքը ոչ թե մտածում է պետության զարգացման, հզորացման, դաշնակիցներ ունենալու մասին, այլ հովանավորներ է փնտրում։ Եվ քաղաքական բանավեճն ընդամենը «լավ» կամ «վատ» հովանավորի փնտրտուքն է։

Այդպես էլ մեր քաղաքական միտքը չկարողացավ հասկանալ, որ Ռուսաստանի (և ոչ միայն Ռուսաստանի) հետ կարելի է համագործակցել, դաշնակցել փոխադարձ շահերով, արժանապատվորեն։ Ընդդիմախոսներս կհակաճառեն, թե Ռուսաստանի հետ հնարավոր չէ այդպիսի հարաբերություններ կառուցելը, միևնույն է Ռուսաստանը Հայաստանին դիտում է՝  որպես գաղութ։ Ոչ, ևս մեկ անգամ՝ ոչ։ Հարց․ նույն ԽՍՀՄ-ում ո՞վ էր ստիպում Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը՝ լինել ավելի ռուսամետ (տես՝ այստեղ․), քան պահանջվում էր, կամ  նույն  հայ ժողովրդին Ռուսաստա՞նն էր ստիպում երեխաների անունները դնել Մելս, Լենդրոշ, Մյուդ, Նինել և այլն, երեխաներին ուղարկել ռուսական դպրոց։ Չնայած ինքս երբեք չեմ եղել պետական պաշտոնյա, բայց բազմիցս շփվել եմ ռուս մտավորականության, պետական պաշտոնյաների հետ և համոզված եմ, երբ նրանց չես հաճոյանում, նաև չես ընդունում որպես թշնամի, այլ  շփվում ես հարգանքով և արժանապատվությամբ, բացի հարգանքից, այլ վերաբերմունքի չես արժանանում։ Եվ համոզված եմ, որ նույն մարդկային հարաբերությունները տարածվում են նաև միջկառավարական հարաբերությունների վրա։

Իսկ այն, որ հայ-ռուսական շահերը, առնվազն այսօրվա աշխարհաքաղաքական, բարդ իրավիճակում, համընկնում են և այդ համատեքստում կարելի է և անհրաժեշտ է դաշնակցային հարաբերություններն ամրապնդել՝ վստահ եմ։ Շեշտեմ՝ դաշնակցային հարաբերություններ բնավ չի նշանակում՝ անտեսել պետական կենսական շահերը, մեր դեպքում՝ Արցախի հիմնահարցը։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլորովին չի հակասում Արևմուտքի՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ բարեկամական, սերտ հարաբերությունների ամրապնդմանը։ Հաշվի առնենք նաև, որ պարզորոշ նկատվում է ԵՄ-ի ( բացառությամբ մի քանի երկրների) ձգտումը՝ Ռուսաստանի հետ շտկելու հարաբերությունները։  Ավելին, չի բացառվում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ռեստարտը։ Եվ Հայաստանը պետք է շատ զգույշ լինի աշխարհի հզորների գեոպոլիտիկական մեծ խաղերում, որպեսզի չդառնա,  շախմատային լեզվով ասած, զոհաբերվող զինվոր, կամ  իշուկ, ներեցեք՝ ձիուկ։

Այս հարցերով իմ զրույցներն արևմտյան, այդ թվում՝ բացահայտ հակառուսական կողմնորոշում ունեցող պետությունների դիվանագետների հետ, միանգամայն ըմբռնումով են ընդունվում, մոտավորապես այսպես․ «Դուք ճիշտ եք, Հայաստանը Եվրոպայում չի, և Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից ելնելով՝ այն անվտանգության խնդիր է»։ Իմ սփյուռքահայ բարեկամը, ով  ընդգծված արևմտամետ է հայ-ռուսական հարաբերությունների հարցում, մի պարզ հարց է բարձրացնում․ «Պետք է նայել քարտեզին»։ Դե արի ու այս ամենը բացատրի մեր մարտչող  «արևմտամետներին»։ Իմ համոզմամբ՝ նրանք կամ անմեղսունակ «հայրենասերներ» են, կամ․․․

Այսօր ընդգծված հակառուսական քաղաքականությունը՝ իր վտանգավորությամբ, պարունակում է նաև այլ վտանգներ։ Հնարավոր իշխանափոխության դեպքում՝ նոր իշխանությունները կարող են ընկնել հակառակ՝ Ռուսաստանին ոտքով ու գլխով նվիրվելու, հպատակվելու քաղաքականության գիրկը, կամ  նույն բանը կարող է անել Նիկոլ Փաշինյանը․․․

Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ լսեցի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը  ռուսական РБК հեռուստաալիքին և  տպավորություն ստացա, որ վարչապետը, համաձայն հայկական ավանդական քաղաքականության,  հակառուսական քաղաքականությունից, հանուն իշխանության պահպանման, սահուն անցում է կատարում դեպի Ռուսաստանից հպատակության քաղաքականության։

ՀԳ Պատրաստ եմ այս հարցերով հրապարակային բանավեճի ընդդիմախոսներիս հետ։

Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյան Հայաստան Ռուսաստան Թուրքիա ԱՄՆ ՆԱՏՕ Եվրոպա Հասարակություն

Այլ հոդվածներ հեղինակից

Կարևոր է Արցախի ու ազատագրված տարածքների իրական վիճակը,զիջել ենք թե պահել
Ադրբեջանում ոգևորված չէ հաղթանակների մասին պետական մարմինների կողմից հաղթանակների մասին անընդհատ տարածվող հաղորդագրություններով
Նիկոլ Փաշինյանը երիցս ճիշտ է․ Ռուսաստանը վաղ թե ուշ կխառնվի հակամարտությանը, եւ ոչ Նիկոլ Փաշինյանի սիրուն աչքերի, այլ իր իսկ շահերի համար
Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքների մասին հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ
Նորվեգիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել
Լևոն Արոնյան․«Իմ երկիրը ենթարկվում է հարձակումների, եթե անհրաժեշտ լինի, ես կմիանամ բանակին»
ԱՄՆ-ում  մեկ օրում  ավելի քան 48 հազար մարդ կորոնավիրուսով  է վարակվել
ԵՄ-ն կարող է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների ռեժիմ ստեղծել
Ռաֆայել Նազարյանը կգլխավորի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը
Ֆրանսիայի առաջին տիկինը ինքնամեկուսացել է
Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի թույլ  տեղը
Լավրովը կոչ  է արել  դադարեցնել  Ղարաբաղի շուրջ առճակատման հռետորաբանությունը
Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում (Իշխանաձորի հատվածում) շարունակվել են ծանր մարտերը
Թրամփն անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել
Ակամա խոհեր Սոֆի Լորենի նոր դերի առթիվ կամ Հոլոքոստը և ռազմամթերքի վաճառքը Ադրբեջանին
Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 40 միլիոնը
Հուժկու փոթորիկը այսօր հարվածել է Թուրքիայի Անթալիա քաղաքին
Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ. Կարին Տոնոյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Արիության մեդալով հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հոր` Արտակ Հովհաննիսյանի ճեպազրույցը
Հյուսիսային ուղղությամբ թշնամին մեկ–երկու գրոհից հետո հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
POLITICO. Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կհանդիպեն Մայք Պոմպեոյի հետ
Պատրաստ ենք միանալ մեր եղբայրներին
Հակառակորդի հենակետերի եւ շարասյան ոչնչացումը. ՊԲ տեսանյութը
Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատարը
Հայի մասին իր՝ հայի էությամբ
Ավելին
Ավելին