f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Գլխավոր միջազգային նորությունը նախկին շաբաթվա պես մնում է 2019-nCoV կորոնավիրուսի բռնկումը:  

Կորոնավիրուսը շարունակում է կյանքեր խլել, բայց միավորում է մարդկանց

Չինական կորոնավիրուսը շաբաթվա վերջում արդեն ատիպիկ պնևմոնիայի համաճարակի ցավալի ռեկորդ սահմանեց:

Կիրակի օրը մահացավ կորոնավիրուսով վարակված ևս 97 մարդ. սա զոհերի ամենամեծ թիվն էր մի օրվա մեջ: Մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 908-ի: Բոլորը, բացի երկուսից, գրանցվել են մայրացամաքային Չինաստանում: 2003 թվականին՝ ատիպիկ պնևմոնիայի նախորդ համաճարակի  ժամանակ, մահացել էր 774 մարդ:

Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 40 հազարը: Եվ թեպետ նրանց ճնշող մեծամասնությունը գտնվում է Չինաստանում, վիրուսը շարունակում է սարսափի տակ պահել տասնյակ երկրներ: Օրինակ՝ նոր կորոնավիրուսը հայտնաբերվեց Մեծ Բրիտանիայի միանգամից 5 քաղաքացու մոտ, որոնք վարակվել են ֆրանսիական լեռնադահուկային առողջարանում իրենց հայրենակցից, որը վերջերս էր վերադարձել Սինգապուրից:

Հիշեցնենք, որ հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համաշխարհային նշանակության արտակարգ դրություն:  

Չորեքշաբթի ԱՀԿ-ն  հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ դեղորայք առայժմ չկա, բայց հիվանդների մեծ մասը կառողջանա, եթե համապատասխան աջակցող բուժում ստանա: Իսկ կազմակերպության ղեկավարներից մեկը հայտնեց ճեպազրույցի ժամանակ, որ ներկայիս համաճարակը հիմնականում հանգեցնում է մահվան տարեց մարդկանց շրջանում, որոնց առողջությունն արդեն թուլացած է:

Անցած շաբաթ մահացավ բժիշկ Լի Վեոնլիանը, որը վարակվել էր Ուհանում հիվանդներից և առաջիններից մեկն էր, որոնք զգուշացրել էին նոր վիրուսի ծագման մասին դեռ համաճարակի սկզբին:

Առհասարակ բժիշկները Չինաստանում  այս օրերին իսկական սխրանքներ են գործում: Նրանք աշխատում են օրական 10 ժամ և ուտելու, խմելու, հանգստանալու, անգամ զուգարան գնալու ժամանակ չեն ունենում:  Բժիշկերից մեկի խոստովանությամբ՝ օրվա վերջում այնքան հոգնած են լինում, որ քնում են ուղղակի աթոռին նստած՝ ուժ չունենալով տուն հասնելու համար: Նրա կարծիքով, սակայն, այս դժբախտությունը միավորել է մարդկանց, թեպետ բոլորը մեկուսացել են տներում:

Թրամփի հաղթանակն ու դեմոկրատների պարտությունը

Սա երջանիկ շաբաթ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, իսկ դեմոկրատների համար ճիշտ հակառակը, քանի որ անցած տարվա սեպտեմբերից ի վեր նրանց գործադրած ջանքերն ի դերև եղան:

Նախ երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձն էր Կոնգրեսին երկրի իրավիճակի մասին:

Թրամփը թվարկեց իր վարչակազմի տնտեսական ձեռքբերումները և հաջորդ օրը կայանալիք իր իմփիչմենթի քվերակության մասին ընդհանրապես չակնարկեց:

Այսուհանդերձ նրա ելույթն ավարտվեց սկանդալով: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ցուցադրաբար պատառոտեց նախագահի ելույթի գրավոր տարբերակը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա իր արարքը «հարգալից» բնորոշեց: «Դրա այլընտրանքների համեմատ՝ դա հարգալից արարք էր,- ասաց նա:- Դա իրականում կեղտոտ ելույթ էր»:

Հաջորդ օրը՝ չորեքշաբթի, ԱՄՆ Սենատը Թրամփին արդարացրեց մեղադրանքի 2 կետերով՝ լիազորությունների գերազանցում և խոչընդոտում Կոնգրեսին: Այսպիսով՝ իմփիչմենթի գործընթացն արդյունք չտվեց, Թրամփը մնաց պաշտոնին և Միացյալ Նահանգների պատմության մեջ նախագահի իմփիչմենթի երրորդ փորձը դարձյալ տապալվեց:  

«Այսօր նախագահը և Սենատի հանրապետականները նորմ դարձրին անօրինականությունը և մերժեցին մեր Սահմանադրության զսպումների ու հակակշիռների համակարգը: Նախագահը շարունակում է մնալ մշտական սպառնալիք ամերիկյան ժողովրդավարության համար, քանի որ պնդում է, որ ինքն օրենքից վեր է»,- հայտարարեց Փելոսին, որի ջանքերով էր նաև նախաձեռնվել իմփիչմենթի գործընթացը:

Իսկ Թրամփը չէր թաքցնում իր հրճվանքը: «Պետք է խոստովանեմ, որ ես սխալներ արել եմ կյանքում… Բայց ահա վերջնական արդյունքը»,- ասաց նա՝ ցուցադրելով USA Today թերթը, որի առաջին էջի վերնագիրն էր՝ «Թրամփն արդարացված է»:

«Մենք ստիպված էինք դժոխք ապրել: Դա անարդար էր: Մենք որևէ վատ բան չենք արել: Դա արատավոր էր: Դա ծախու էր»,- հայտարարեց նա՝ հանդես գալով Սպիտակ տանը:

Նույնիսկ տեսանյութ տեղադրեց իր թվիթերի էջում, որում նրան հավերժ նախագահություն են կանխատեսում: Տեսանյութում պատկերված է Թրամփը՝ առանց ձայնի, իսկ էկրանին երևում են ապագա նախագահության 4-ամյա ժամկետները՝ 2020, 2024, 2028 և այդպես շարունակ: Ապա հաշվարկն արագանում է և հասնում է մինչև մեր դարաշրջանի վերջը: Եվ գրություն է հայտնում՝ «Թրամփը ընդմիշտ»:

Համենայն դեպս, կատակը մի կողմ, Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում կմնա մինչև 2021 թվականի հունվարը, իսկ եթե վերընտրվի երկրորդ ժամկետով, ապա կկառավարի երկիրը ևս 4 տարի: Իսկ թե  դրանից որքանով կշահի Միացյալ Նահանգները, ցույց կտա ժամանակը և կգնահատի պատմությունը:

«Օսկար 2020»

Անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկն էլ, անկասկած, ամենամյա  «Օսկար» հեղինակավոր 92-րդ մրցանակաբաշխությունն էր, որին, ինչպես միշտ, անհամբեր սպասում էր ողջ աշխարհի կինոսեր հասարակությունը: Եվ այս տարին նշանավորվեց նրանով, որ «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ լավագույն ֆիլմ ճանաչվեց օտարալեզու ֆիլմ՝ հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը» ֆիլմը: Այդ ժապավենը նաև ամենամեծ թվով արձանիկներ շահեց՝ հաղթող ճանաչվելով նաև «լավագույն օտարալեզու ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում:

Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթեց Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» ֆիլմի համար, լավագույն դերասան ճանաչվեց Հոաքին Ֆենիքսը՝ «Ջոկեր»  ֆիլմի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց Բրեդ Փիթը («Մեկ անգամ․․․Հոլիվուդում»), երկրորդ պլանի լավագույն դերաանուհի`  Լորա Դերնy («Ամուսնական պատմություն»):

 

 

 

Աշխարհում անցնող շաբաթ

Այլ հոդվածներ հեղինակից

Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը․ Դ․ Խաժակյան
Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ․ Արմեն Աշոտյան
Իրավիճակը շփման գոտում
Ո՞ւր է Երևանի քաղաքապետը. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե
ՀՅԴ-ն «Հայրենիքն» ու ԲՀԿ-ն հայտարարություն են տարածել
Սորոսի գրասենյակի կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ․ Նարեկ Մալյան
Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան»
Պարոն Սերժ Թանկյան, Ձեզանից լավ Հայաստանի սատրապի թեկնածու ԱՄՆ պետդեպը չի կարող գտնել
Պոպովան՝ երեխաների համար COVID-19- ի դեմ հատուկ պատվաստանյութի վրա աշխատանքների մասին
Թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների­ հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը․ Արցախի նախագահ
Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ է տվել հնամաշ իրերի շուկայի առևտրականներին
Թրամփը  ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի  դուրս գալու հնարավորության մասին
Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489, մահվան 16 նոր դեպք
ԱՀԿ-ն մեկ օրում COVID-19 դեպքերի ռեկորդային թիվ է գրանցել
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը փրկելու համար պայմանավորված պատերազմի կամ առնվազն սահմաններում իրավիճակի ժամանակավոր սրման գնալու տարբերակը.....
«Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձեւ, Հայաստանը կդառնար բացարձակ չեմպիոն»․ Մկրտիչ Արզումանյան
Տնտեսության իրական հատվածը․ հետաքրքիր ու հակասական տվյալներ. Արա Գալոյան
«Ժողովուրդ». Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը
«Հրապարակ». Հնարավոր է ատոմակայանը այլեւս չաշխատի՞
«Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները
«Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ
Ցեղասպանութիւնը ա՛յլապէս կը շարունակուի նո՛յն ցեղասպանին կողմէ, աշխարհի լռութեան դիմաց․ Արամ Առաջին
«Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա
Պարտադիր կողմնորոշումներ
Համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են
Ավելին
Ավելին