ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի
մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի
նախագահությամբ:
Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին
ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1981 թվականին Գ. Արեշյանի
նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հնագիտական
հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987
թվականը: 1987-1991թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության
ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի
հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում,
հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի
ընդլայնման ու ամրապնդման գործում: Անկախության առաջին տարիներին Գ.
Արեշյանը ներգրավվել է նաև երկրի կառավարման գործում՝ 1991-1992թթ.
զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը,
Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5
լեզուներով՝ 12 երկրներում:
Նախարար Արայիկ Հարությունյանն իր վշտակցությունն է հայտնել Գրիգոր
Արեշյանի մահվան կապակցությամբ՝ մասնավորապես նշելով. «Ցավում եմ Գրիգոր
Արեշյանի մահվան կապակցությամբ: Հնագիտության ոլորտը մեծ կորուստ ունեցավ՝
ի դեմս աշխարահռչակ հնագետի և գիտնականի: Լիահույս եմ, որ նրա թողած
ժառանգությունը նորովի կգնահատվի և կշարունակվի սերունդների կողմից»:
Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում: