իբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Բեյրութում որոտացած պայթյունը հայկական թաղամասին բավականին մոտ է եղել։
«Կարող ենք ասել, որ պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասին մոտ`վնասները շատ մեծ են։ Զոհերի մասով տեղեկություն չկա»,–ասաց նա։
Օհանյանի խոսքով`շատ վիրավորներ կան, հավանաբար նրանց թվում հայերն էլ քիչ չեն։
«Տեղեկությունն ամբողջական կլինի մի քանի ժամվա ընթացքում, առայժմ այսքանը։ Դեռ վաղ է խոսել պայթյունի պատճառների մասին, խորհուրդ եմ տալիս մի քանի ժամ սպասել»,– նշեց նա։
Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր ուժգին պայթյուն է որոտացել։
Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։
Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։
Լիբանանում հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը Բեյրութի պայթյունի զոհ է դարձել:
Լիբանանի «Կատայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը դարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը։
Նաջարյանը պայթյունի հետևանքով լուրջ վիրավորում է ստացել: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։