f

Անկախ

«Ի՞նչ են պատմում հուշարձանները» համահայկական կրթական նախագծի մեկնարկը տրված է


Օգոստոսի 4-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը տվեց «Ի՞նչ են պատմում հուշարձանները» համահայկական կրթական նախագծի մեկնարկը՝ կազմակերպելով առցանց քննարկում։ Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու նախագծի պահանջներին և առանձնահատկություններին, այլև ունկնդրեցին հուշարձանագետ Արգամ Այվազյանին։ Նախագծի մանրամասների մասին զրուցել ենք Վարպետի տուն-թանգարանի  տնօրեն Անժելա Խորենյանի հետ։ 

-Տիկին Խորենյան, Դուք նշել եք, որ այս համահայկական առցանց կրթական նախագիծը նվիրված է Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակին։ Ինչպե՞ս ծնվեց գաղափարը։   

-Սկզբում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինտերակտիվ կրթական ծրագրերի ցանկում ներառելու համար մենք մշակեցինք երկու կրթական նախագծեր՝ «Ի՞նչ են պատմում հուշարձանները» և «Ինչպե՞ս երկրորդ կյանք տալ թափոններին», որոնք հնարավոր կլիներ համավարակով պայմանավորված այս ամիսներին իրագործել առցանց։ Մեր ծրագրերն արժանացան հավանության, որից հետո ներկայացրինք արդեն անգլերեն տարբերակով։

Նշեմ, որ նման գաղափարներ մենք դեռ վաղուց ունեինք։ Արդեն չորս տարի շարունակ թանգարանում չափազանց հետաքրքիր կրթական ծրագրեր ենք իրականացնում, որոնցից մեկն, օրինակ, կոչվում է «Անի». այն  նվիրված է  Վարպետի հուշերին՝ կապված  մեր հինավուրց մայրաքաղաքներից մեկի պատմական հուշարձաններին։ Այսինքն՝ այս նախագծի գաղափարը մեզ համար նորություն չէր, պարզապես երբ առաջարկվեց կրթական ծրագրերի նախագծեր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, մենք հենց հուշարձանների արժևորման ու պահպանման գաղափարը կյանքի կոչեցինք՝ ներկայացնելով այն որպես առցանց հարթակի համար նախատեսված կրթական ծրագիր։ Իսկ ահա արդեն օգոստոսի 4-ին տվեցինք ծրագրի մեկնարկը։ Վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։ Ուրախալի է, որ չնայած նոր-նոր ենք սկսում, բայց մեզ արդեն ուղարկել են մեկ աշխատանք։ Հեղինակը տասներկուամյա սիսիանցի երեխա է, որ մեծ ոգևորությամբ է ներկայացնում իր աշխատանքը։

-Տարիքային ո՞ր խմբերի համար է նախատեսված ծրագիրը։   

-Սկզբում մտածում էինք, որ այս հետաքրքիր գաղափարը կարող ենք իրականացնել աշակերտների համար, բայց հետո որոշեցինք տարիքային սահմանափակում չմտցնել։ Գուցե մեծահասակներն էլ ցանկություն ունենան տեսանկարահանել կամ լուսանկարել որևէ հուշարձան, պատմել դրա մասին և ուղարկել մեզ։

Նախորդ ամիսներին իրագործած ամենատարբեր ինտերակտիվ առցանց ծրագրերի իրականացման ընթացքում հասկացանք՝ որքան ակտիվ են մեր հետևորդները։ Մենք անընդհատ երկխոսության մեջ ենք նրանց հետ նամակների, հարցերի, մեզ ուղարկված նյութերի, ինչպես նաև խաղ-մրցույթների և ֆլեշմոբերի միջոցով։

Համավարակի ընթացքում իրագործել ենք բազմաթիվ առցանց ծրագրեր՝  «Իմ Իսահակյանը», «Մեր արժեքները», «Հայ մեծեր», «Մի ցուցանմուշի պատմություն» և այլն։ Այդ ծրագրերի միջոցով ջանում ենք, որ ձևավորված անմիջական կապը չկորչի մեր և մեր թանգարանի այցելուների, այս պահին թանգարանի ՖԲ էջի հետևորդների միջև։ «Ի՞նչ են պատմում հուշարձանները» նախագիծը տրամաբանական շարունակությունն էր մինչ այսօր առցանց հարթակում բոլոր տարիքային խմբերի համար իրագործած մեր ծրագրերի։

-Տիկին Խորենյան, միջանկյալ անդրադառնանք, թե ի՞նչ առանձնահատկություններ ունի արտակարգ դրության պայմաններում համացանցում վարած աշխատանքը թանգարանի հետևորդների հետ։

-Այս հինգ ամսվա աշխատանքը մեզ անընդհատ նորանոր գաղափարների, մտահղացումների հնարավորություն էր տալիս, նաև՝ առցանց հարթակում մեր գաղափարներն ավելի համարձակ իրագործելու փորձառություն։ Քանի որ ողջ աշխարհն է կանգնած նույն խնդրի առաջ, և բոլոր կրթամշակութային օջախներն են աշխատում նույն պայմաններում, մեզ մնում էր առավելագույնս հետաքրքիր դարձնել թանգարանի էջը, հարստացնել բազմատեսակ նյութերով։ Ինչու ոչ, այսօր կա մրցակցության խնդիր, ուստի հետևորդներ գրավելու համար հարկավոր է համացանցում տքնաջան աշխատանք տանել։ Նաև պատասխանատվության պահ կա․ մենք թանգարան ենք ներկայացնում, և ամեն նյութ չէ, որ կարող ենք տեղադրել էջում։ Անհրաժեշտ է վարել մտածված, համակարգված աշխատանք։ Արդյունքում բազմաթիվ հիացական նամակներ և շնորհակալական զանգեր ենք ստանում մեր հետևորդներից։ Միայն այս ամիսների ընթացքում 3000 նոր հավանում ունի թանգարանի էջը։

-Ո՞րն է «Ի՞նչ են պատմում հուշարձանները» նախագծի հիմնական նպատակը։

-Ավետիք Իսահակյանի  հետաքրքրությունների շրջանակն արվեստի առումով շատ լայն է եղել։ Նա բազմաթիվ աֆորիզմներ, գրառումներ ունի նվիրված հայ ճարտարապետությանը (մանավանդ հուշարձաններին), երաժշտությանը, գրականությանը։ Հատկապես իր մեծածավալ անավարտ «Ուստա Կարո» վեպում է Վարպետը շատ անդրադառնում ճարտարապետության նրբություններին։ Ուստի այն բացառիկ սերը, որ ուներ հեղինակը հուշարձանների հանդեպ, մենք ցանկանում ենք այս ծրագրի միջոցով արթնացնել այսօրվա սերնդի մեջ՝ նրանց նվիրվածությունն ու հոգածությունն ուղղորդելով դեպի հայրենական արժեքները։

Մեր հիմնական նպատակն է, որ մարդիկ մեկ անգամ ևս ուշադրություն դարձնեն՝ որտեղ են ապրում, ինչ արժեքավոր հուշարձաններ կան շրջապատում, ինչ մոտեցում և վերաբերմունք պիտի ունենալ դրանց հանդեպ։ Նաև ցանկանում ենք՝ ծրագրին ունեցած մասնակցությամբ նրանցից յուրաքանչյուրն արժևորված զգա իրեն, որ մի շատ կարևոր գործ է անում, այն է՝ տվյալ հուշարձանի մասին տեղեկություն հավաքելով ու փոխանցելով իր ներդրումն է ունենում հայրենաճանաչության կարևոր գործում։  

-Ինչպիսի՞ հուշարձանների պիտի անդրադառնան մասնակիցները։

-Մենք սկզբում մտածում էինք, որ մասնակիցները ներկայացնեին և՛ նյութական, և՛ ոչ նյութական հուշարձաններ,  բայց հետո հասկացանք՝ փոքր և միջին տարիքի երեխաների համար շատ ավելի տեսանելի և ընկալելի կլինեն նյութական հուշարձանները։ Եթե նրանք հեշտությամբ լուծեն իրենց առջև դրված խնդիրը, ավելի կոգևորվեն։  

Մասնակիցները, բացի տեսանկարահանումից, ցանկալի է՝ նաև լուսանկարեն հուշարձանն ու այդ լուսանկարներն ուղարկեն՝ հուշարձանի մասին գրավոր տեղեկությանը զուգահեռ։ Մենք էլ մեր հերթին հույս ունենք, որ երբ ողջ նյութը հավաքվի ու կարողանանք հովանավոր գտնել, շատ գեղեցիկ և արժեքավոր գիրք կհրատարակենք մեր մասնակիցների աշխատանքներով։  

-Նախագծին վերաբերող Ձեր ՖԲ գրառման մեջ Դուք նշել եք, որ մասնակիցները պիտի վեր հանեն իրենց ընտրած հուշարձանի հետ կապված արդի խնդիրները։ Արդյոք պարտադիր ենթադրվու՞մ է, որ հուշարձանը պիտի խնդիր ունենա։

-Ոչ, դա պարտադիր պայման չէ, բայց եթե հուշարձանը լավ վիճակում չէ, ցանկալի է, որ խնդիրները բարձրաձայնվեն։ Օրինակ՝ եթե ընտրում են որևէ խաչքար, ասենք, 17-18-րդ դարի, և այդ խաչքարը սևացած է, կոտրված, քայքայված և այլն, պիտի վեր հանվեն այդ խնդիրները։ Իհարկե, այդ ամենն արդեն կարվի՝ ըստ տարիքային առանձնահատկությունների։ Հասուն տարիքի մարդիկ շատ ավելի լուրջ խնդիրներ կներկայացնեն, կբարձրացնեն հուշարձանի վերականգնման խնդրի անհրաժեշտությունը, իսկ, ասենք, 8 տարեկան երեխան (ի դեպ, մեր առցանց քննարկմանը նաև այդ տարիքի մասնակիցներ ունեինք)  արդեն մանկական հայացքով կարող է ներկայացնել տվյալ հուշարձանի խնդիրը։

-Հուշարձանագետ Արգամ Այվազյանը որքանո՞վ մասնակից կլինի նախագծի հետ կապված հետագա աշխատանքներին։

-Մենք ցանկանում էինք, որ ծրագրին դեռ  մշակման փուլից մասնակցեր բանիմաց, այդ ոլորտում մեծ ներդրում և հայրենագիտության մեջ ճանաչում ունեցող անձնավորություն։ Իսկ Արգամ Այվազյանը մեր լավագույն մտավորականներից է, որը մինչ այժմ շատ լուրջ աշխատանք է տարել հուշարձանների առումով, հեղինակ է բազմաթիվ աշխատությունների։ Նա մեր նախագծի խորհրդատուն է, որ հետագա աշխատանքների ընթացքում էլ շատ կօգնի իր խորհուրդներով։ Մանավանդ, երբ հետագայում գիրք հրատարակելիս լինենք, նրա մասնակցությունը խիստ անհրաժեշտ է լինելու։

-Հիմնականում որտե՞ղ եք տեղադրելու ուղարկված աշխատանքները, և արդյո՞ք բոլոր նյութերն են հանրայնացվելու։

-Գաղտնիք չէ, որ այսօր ՖԲ-ն ամենատարածված հարթակն է․ դրա համար աշխատանքները սկզբում կտեղադրենք մեր թանգարանի ՖԲ էջում, իսկ լավագույնները՝ յութուբյան էջում և կայքում։

Եթե որևէ նյութ որոշակի մակարդակ չապահովի, անպայման կզրուցենք հեղինակի հետ, նորից ցուցումներ կտանք, կառաջարկենք վերանայել այն՝ շտկելով թերությունները։ Որևիցե մի նյութ չենք հանրայնացնելու՝ առանց ստուգման։ Նաև ցանկալի է ապահովել որոշակի մակարդակ։ Իսկ երբ արդեն հետագայում հերթը կհասնի հրատարակմանը, կընտրենք լավագույն աշխատանքները։

Նպատակահարմար է, որ նյութերը լինեն առավելագույնը 10-12 րոպե։ Կարող են շատ ավելի կարճ տևողություն ունենալ․ կարևորն ասելիքի ամբողջական ու հետաքրքիր լինելն է։ Քանի որ սա կրթական ծրագիր է, ակնկալում ենք ոչ թե խիստ մասնագիտական կամ գիտական ուսումնասիրություններ, այլ սիրով ու հետաքրքրությամբ արված աշխատանքներ (բայց անպայման ճշգրիտ տվյալներով)՝ հասու և հաճելի բոլոր տարիքային խմբերին։

-Ի՞նչ սպասելիքներ ունեք նախագծի ընթացքից։

-Մենք տրամադրված ենք լավատեսորեն։ Արդեն արձագանքներ ունենք ոչ միայն Հայաստանից, այլև սփյուռքից։ Սպասում ենք, որ իսկապես մեզ լավ աշխատանքներ կուղարկեն, և մասնակիցները ոգևորված կանեն այն, ինչ իրենք են ուզում անել, և ինչ մենք ենք ուզում, որ ստացվի։

Պատկերացրեք դպրոցահասակ երեխաների հետաքրքվածությունը, երբ գիտեն, որ իրենց աշխատանքներն ուղարկելու են Վարպետի տուն-թանգարան, հետո դրանք տեղադրվելու են  թանգարանի ՖԲ էջում, և հասանելի են լինելու բազմահազար մարդկանց։

Ինչու եմ ես համոզված դպրոցահասակների հետաքրքրվածության մեջ․ երբ առաջին անգամ իրականացնում էինք «Դե՛, անիմացրու» ծրագիրը, շատ էինք անհանգստանում, որ հանկարծ մասնակիցների պակաս չլինի, բայց այնքան հայտեր եկան, որ ուղղակի չէինք կողմնորոշվում՝ ինչպես ընտրել նյութերը։ Եվ արդեն չորրորդ տարին է, որ երեխաներն այդ նույն ոգևորությամբ են նկարում և ուղարկում իրենց աշխատանքները։ Դրա համար սպասում ենք, որ այս նախագիծն էլ մեծ մասսայականություն կվայելի։

-Տիկին Խորենյան, ի՞նչ խորհուրդներ կտաք նախագծի բոլոր մասնակիցներին։

-Խորհուրդս է, որ սիրով ու բարեխղճորեն մոտենան կատարելիք աշխատանքներին, անպայման հավատան, որ կարևոր գործ են անում։ Եթե կունենան հարցեր, թող առանց վարանելու գրեն մեզ։ Միասին կիրագործենք մի շատ հետաքրքիր, գեղեցիկ աշխատանք, որ կընդգրկի ողջ Հայաստանն ու ոչ միայն՝ միաժամանակ նպաստելով թանգարանի հանրահռչակմանը․․․

 

                                                                                                                                          Արփի Խաչատրյան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան հարցազրույց խմբագրի ընտրանի

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին