Հուլիսի 30-ից մենք այստեղ ենք, մեծ ցանկություն ունենք գնանք հասնենք մեր երեխաներին, մեր ընտանիքներին: Այս մասին Անկախի հետ զրույցում ասաց արդեն մեկ շաբաթից ավելի Բագրատաշենի անցակետում գտնվող Շուշանիկը, ով այն տասնյակ մարդկանց թվում է, որոնք արտակարգ դրությամբ պայմանավորված չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
«Մարդիկ կան, որ հիփոթեքով վերցրած տներն են թողել, մի քանի ամիս է այստեղ են ու կարող է կորցնեն իրենց տները, մարդ կա երեխա է կորցրել, երեխան մահացել է ծնողը չի կարողացել գնալ հասնել իր երեխայի թաղմանը, ցավալի բաներ շատ են կատարվել այս ընթացքում, որ մենք գտնվել ենք Հայաստանում: Մարդ կա 8 ամիս է Հայաստանում է: Եկել ենք ուրիշ բանի համար ու կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում հետ գնալ: Մենք ենթարկվել ենք բոլոր կանոններին, հիմա միայն մի խնդրանք ունենք, որ թույլ տան գնանք հասնենք մեր երեխաներին, մեր ընտանիքներին»,-ասաց Շուշանիկը:
Բագրատաշենում այս պահին 81 քաղաքացի կա, նրանցից ոմանք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, որոշները՝ բնակության վայրի մասին տեղեկանք, մյուսներն էլ ՀՀ քաղաքացի են, բայց իրենց ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ են։
«81 հոգի մարդ կա այս պահին Բագրատաշենի անցակետում, բայց շատերը հիմա Հայաստանում ցանկանում են միանալ մեզ»,-նշեց Շուշանիկը:
Մեր այն հարցին՝ եթե գիտեին, որ սահմանը փակ է և չեն կարողանալու անցնել, ինչու՞ են, այնուամենայնիվ, գնացել Բագրատաշեն, Շուշանիկն ասաց. «Ես ի սկզբանե ինքնաթիռի տոմս եմ գնել, մի քանի անգամ տոմսս հետ են տվել ու դրանից հետո հասկացա, որ օդային ճանապարհով անհնար կլինի գնալը, հետո լսեցինք, որ երկու շաբաթ առաջ՝ մոտավորապես հուլիսի 14-ն էր, երկու խումբ մարդիկ, մոտավորապես 90 հոգի, անցել են Բագրատաշենի անցակետից և մեկնել են Ռուսաստան, դա դարձավ խթան, որ մենք էլ հավաքվենք ու փորձենք մեկնել»:
Բագրատաշենում հավաքված քաղաքացիները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ, բայց որևէ արձագանք չի եղել, անգամ չեն կարողացել դիմում փոխանցել:
«Մենք էլ զգուշացրել էինք դեսպանությանը, որ հուլիսի 30-ին գնալու ենք Բագրատաշենի անցակետ: Այլ ելք չունենք: Իրավիճակն այնպիսին է, որ ոնց Երևանում տեղ չունենք ապրելու ու մնալու ենք փողոցում, այստեղ էլ ենք փողոցում մնում: Կորոնավիրուսի պայմաններում տեղացիները չեն կարողանում աշխատանք գտնել ու իրենց ընտանիքները պահել, էլ ուր մնաց մենք կարողանանք: Մի քասնի ամիս որքան գումար ունեինք տուն ենք վարձել, ապրել ենք, հիմա մի քանի կոպեկ գումար է մնացել, դրա վերջանալուց հետո էլ երևի կսկսենք գումար մուրալ, սա վերաբերում է այստեղ գտնվող բոլոր մարդկանց»,-ասաց Շուշանիկը:
Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ քաղաքացիները գտնվում են անցակետի տարածքում, բայց դեռ ոչ ոք նրանց չի մոտեցել ու որևէ լուծում չի առաջարկել:
«Կողքի սրճարաններից մեկի սեփականատերը մի քանի աթոռ է տվել, միացնում ենք իրար դրանց վրա ենք քնում, կամ մեքենաների մեջ, կողքի գետում ենք լողանում էս շոգին, արդեն ուտելիքի խնդիր է առաջանում, հենց վերջացավ հացադուլի ենք անցնելու: Մեզ հետ երեխաներ էլ կան 2 տարեկանից սկսած մինչև14-15 տարեկան, հղի կին ունենք, հիվանդ տարեցներ, արդեն մի քանի անգամ շտապ օգնության մեքենա ենք կանչել: Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, ինչու՞ պետք է այս ամենի միջով անցնենք: Պետք է մի փոքր էլ մարդկային գործոնը աշխատի, բացի օրենքներից:
Այսքան ժամանակ փորձել ենք ոչ մի օրենք չխախտել, ոչ մեկին նեղություն չտալ, ոչ ճանապարհ ենք փակում, ոչ աղմուկ ենք բարձրացնում: Բայց մեզ էլ պետք է հասկանալ, Այստեղից ոչ ոք հետ գնալու տեղ չունի: Մեկ, երկու, երեք բայց չես կարող հավերժ մնալ բարեկամի տանը, համը դուրս է գալիս»,-նշեց մեր զրուցակիցը: