«Մանթաշով» գործարարների միության նախաձեռնությամբ օգոստոսի 8-9-ը հերթական գործարար համաժողովն է կազմակերպվել, որի ժամանակ 50-ից ավելի միջին ու խոշոր գործարարներ քննարկել են ժամանակակից բիզնես մարտահրավերներն ու նոր հնարավորությունները։
Աղվերանում տեղի ունեցած համաժողովին ելույթ է ունեցել Menu.am բրենդի հիմնադիր Վահան Քերոբյանը՝ խոսելով կապիտալի շուկայի խնդիրների և զարգացման հիմնական սկզբունքների, միջազգային բիզնես կապեր ստեղծելու ուղիների մասին։
Գործարարները քննարկել են Covid-19-ի պայմաններում իրենց դժվարությունները և դրանց հաղթահարման հարցերը, տնտեսական ճգնաժամային կառավարման միջազգային փորձը։
«Արտլանչ» կաֆետերիաների ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը և մարքեթինգային դասընթացներ կազմակերպող «Չոր մարքեթինգ» -ի հիմնադիր Վահրամ Միրաքյանը ներկայացրել են Արցախում ներդրումային նախագիծ՝ խոսելով հուլիսին Արցախ կատարած այցի և նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
«Մանթաշով» գործարարների միությունը հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը և իշխանության հետ գործարար ոլորտի համագործակցության բարելավմանը։
Առաջիկայում ևս միությունը ԱԺ խմբակցություններին կներկայացնի որոշ օրենսդրական փաթեթներ՝ հարկային դաշտի բարեփոխումների և ՀՀ ներդրումների ծավալը զգալի մեծացնելու համար։