Բելառուսի ուժայինները ձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել Մինսկի կենտրոնում հավաքված ցուցարարների դեմ, իսկ ամբողջ քաղաքում ձերբակալությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է NEXTA պարբերականի Telegram-ի ալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Քաղաքի տարբեր հատվածներից կենտրոնական փողոցներ են շտապում հազարավոր ցուցարարներ: Պուշկինսկայա փողոցում ներկայումս վարորդները դուրս են գալիս իրենց ավտոմեքենաներից և արգելափակում ճանապարհները: Հավաքվածները վանկարկում են հակակառավարական կարգախոսներ:
Իրենց հերթին ոստիկանությունն ու ներքին զորքերը զանգվածային ձերբակալություններ են իրականացնում ամբողջ քաղաքում: Կալվարյսկայա փողոցում, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև ուղիղ բախումները շարունակվել են որոշ ժամանակ: Ցուցարարներին ցրելու նպատակով անվտանգության ուժերը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել։
Ցուցարարների ճշգրիտ թիվը հաստատել հնարավոր չէ. Ցուցարարները դեպի կենտրոնական փողոցներ շարժվում են փոքր խմբերով: Իսկ ուժայինները հիմնականում կենտրոնացած են Կառավարության տան տարածքում: Նրանք հատուկ տեխնիկայով փակել են մուտքերը։
Նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվել են օգոստոսի 9-ին: Հանրապետության մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո չարտոնված բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ ընտրակեղծիքների։