Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում խաղաց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ և առավելության հասավ 8։2 հաշվով։
Առաջին խաղակեսի 4-րդ րոպեին հաշիվը բացեց «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ Երեք րոպե անց սեփական դարպասը գրավեց մյունխենյան թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։
21-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը խփեց գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի երկրորդ գոլը։ 27-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին գրավեց գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։ 31-րդ րոպեին Մյուլերը ձևակերպեց դուբլ։
Երկրորդ խաղակեսում իսպանացի Էնրիկե Սետիեյի ղեկավարած թիմը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Ջոշուա Կիմիխը խփեց «Բավարիայի» 5-րդ գոլը։
Վերջին րոպեներին 3 գոլ խփեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և գերմանական թիմում վարձակալությամբ հանդես եկող «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն՝ դուբլ։
«Բավարիան» կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և ֆրանսիական «Լիոնի» դիմակայության հաղթողի հետ։
«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 2։8
Դավիդ Ալաբա, 7, ինքնագոլ, Լուիս Սուարես, 57 - Թոմաս Մյուլեր, 4, 31, Իվան Պերիշիչ, 21, Սերժ Գնաբրի, 27, Ջոշուա Կիմիխ, 63, Ռոբերտ Լևանդովսկի, 82, Ֆիլիպե Կոուտինյո, 85, 89