Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ՄԱԿ․ РБК ԵՎ BBC
Երկու խոսք վարչապետ Նիկոլ Փաշինյանի РБК և BBC հեռուստաընկերություններին տված հարցազրույցների մասին։ Խոսքը վերաբերում է, ոչ թե լրագրողների հարցերի պատասխանների բովանդակություններին, այլ լեզվին։
Այն, որ Հայաստանի քաղաքացիները պետք է առաջին հերթին փայլուն տիրապետեն իրենց մայրենի լեզվին, իմ համոզմունքն է։ Սակայն այդ բնավ չի նշանակում, որ մենք չպետք է, ավելին՝ ցանկալի է նույնպես փայլուն տիրապետենք նաև օտար լեզուների։ Ինչ վերաբերում է քաղաքական, հատկապես պետական գործիչներին, այն նույնիսկ պարտադիր է ։ Բայց գոյություն ունի մի բայց, հատկապես պետության ղեկավարին վերաբերող։ Նույնպես համոզված եմ, որ պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով, իսկ նախապես տարբեր լեզուներով թարգմանված ելույթի տեքստը թարգմանիչները սինխրոն կկարդան ունկնդիրների համար։
Այսպես, հիշում եմ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ ֆրանսերեն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անգլերեն, միայն կարծեմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայերեն ( գուցե օտար լեզուներին բավարար չտիրապետե՞լն էր պատճառը, չգիտեմ), ապա, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ երկու անգամ, նորից օտար լեզվով՝ անգլերեն։ Այլ հարց է միջպետական կառույցներում քննարկումների ժամանակ կիրառվող լեզուն, օրինակ ԵԱՏՄ շրջանակներում ՝ ռուսերենը։ ՀՀ վարչապետը, եթե նույնիսկ փայլուն տիրապետեր ռուսերենին կամ անգլերենին, կարծում եմ՝ հարցազրույցները պետք է տար հայերեն։
Բոլորովին պարտադիր չէ ցուցադրել քո օտար լեզուների իմացությունը։ Օտար լեզուներին տիրապետելն ինքնին չի նշանակում լինել ինտելեկտուալ, զարգացած, լուրջ քաղաքական գործիչ։ Իսկ մայրենի լեզվով խոսելը գոնե և առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է։