Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ երկուշաբթի, կրկին հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում Ջոզեֆ Բայդենի հաղթանակը կհանգեցնի նրան, որ Միացյալ Նահանգները կվերածվի «ևս մի Վենեսուելայի», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սրանք երբևէ մեզանում եղած ընտրություններից ամենավտանգավորն են, քանի որ չեմ կարծում, թե մենք երբևէ կկարողանանք դա հետ բերել, եթե նրանց [դեմոկրատներին] ընտրեն»: <...> Դա ևս մի Վենեսուելա կլինի: Առաջ ասում էի՝ դա հավանական է, հիմա վստահ եմ ասում, քանի որ դա նման գաղափարախոսություն է»,- ասել է ամերիկյան առաջնորդը՝ ելույթ ունենելավով Վիսկոնսինի նահանգում:
«Դա կլինի Վենեսուելա շատ մեծ մասշտաբով, եթե նրանք հաղթեն,- շարունակել է Թրամփը՝ նաև Բայդենին անվանելով «տրոյական ձի» սոցիալիզմի կողմում:- Մենք կհաղթենք»:
Դրանից մի քանի ժամ առաջ Թրամփը, ելույթ ունենալով Մինեսոտայի նահանգում, հայտարարեց, որ ընտրություններում Բայդենի հաղթանակի դեպքում Միացյալ Նահանգները կդառնա «տխուր սոցիալիստական երկիր», ավելին, Սպիտակ տան առաջնորդն իր քաղաքական հակառակորդին անվանեց «ձախ ծայրահեղականների խամաճիկ»: Թրամփի վարկածով՝ ընտրվելու դեպքում Բայդենը «կոչնչացնի տնտեսության ներկայիս աննախադեպ վերականգնումը» ԱՄՆ-ում:
Վենեսուելան վերջին տարիներին սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ է, որ ուղեկցվում է հիպերինֆլյացիայով, ազգային արժույթի դեվալվացիայով և առաջին անհրաժեշտության ապրանքների սղությամբ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ երկիրը լքել է մոտ 4,5 մլն փախստական և գաղթական, նրանց 80 տոկոսը գտնվում է տարածաշրջանի պետություններում: Ըստ որոշ կանխատեսումների՝ 2020 թ. նրանց թիվը կարող է հասնել 6,5 միլիոնի:
ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Դեմոկրատների թեկնածուն, ինչպես սպասվում է, Բայդենն է լինելու, հանրապետականներինը՝ Թրամփը: