f

Անկախ

​Հանճարեղ մտածողի թանգարանում...


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ, բանաստեղծ Անահիտ Ասատրյանի հետ:

-Տիկին Ասատրյան, զրույցի սկզբում անդրադառնանք թանգարանի ստեղծման առաջին տարիներին:

-Չարենցն այս բնակարանում, որ այժմ թանգարանի հուշային հատվածն է, ապրել է երկու տարի՝ 1935-1937թթ: Հենց այս բնակարանից էլ ձերբակալել են մեծ բանաստեղծին: Բոլորիս հայտնի չարաբաստիկ այդ շրջանը Չարենցի ամենաբուռն տարիներն էին: Մի բան է 16-17 տարեկան Չարենցը, բացարձակապես այլ բան՝ արդեն 40 տարեկան Չարենցը: Եթե 18-ում նա հանճարեղ պոետ է, ապա 40-ում՝ հանճարեղ մտածող: Սրանք երկու տարբեր սանդղակներ են, որ նա անցավ իր կյանքի ընթացքում: Ես չեմ կարող ասել, թե կենդանի մնալուց հետո հանճարեղության էլ ի՞նչ դրսևորումներ կունենար Չարենցը, ինչպե՞ս կարտահայտվեր իմաստության նրա ողջ պաշարը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Չարենցի մահից հետո նրա բնակարանում այլ մարդիկ են ապրել, օտարվել է գույքը: Բայց արդարացումից հետո Կարեն Դեմիրճյանի հրամանով այստեղ ապրող մարդիկ տարհանվել են, և չորսհարկանի այս հսկա շենքը հատկացվել է թանգարանին: Սկսվել են ցուցանմուշների, Չարենցին պատկանող իրերի հավաքչական աշխատանքները: Թանգարանի հիմնադիր տնօրենը եղել է Նվարդ Բաղդասարյանը, ում հաջորդել են Էմմա Բուդաղյանը, Լիլիթ Հակոբյանը: Ես թանգարանի տնօրեն եմ դարձել երեք տարի առաջ:

-Այսօր թանգարան ոտք դնողն արդյոք զգու՞մ է Եղիշե Չարենցի շունչը:

-Թանգարանի հուշային հատվածը միայն բավարար է Չարենցի ներկայությունը զգալու համար: Իր բնակարանի սենյակներում Չարենցը զարմանալիորեն դեռ ներկա է: Դուք կարող եք տեսնել նրա հայրական տան խալիները, կոնյակի շիշն ու բաժակները, գրամեքենան և բազում այլ անձնական իրեր, որ այնքան ցայտուն են ցույց տալիս Չարենցի այդ տարիների նախասիրությունները: Եվ ամեն ինչ դրված է ճիշտ այնպես, ինչպես եղել է իր օրոք: Անգամ հատակը փոխված չէ և քայլելիս հիշեցնում է Չարենցի ապրած տարիները:

Ողջ թանգարանում ներկայացված է բանաստեղծի անցած կյանքի ճանապարհը, որ թե´ ապրած տարիներն են, թե´ ստեղծագործական տարաբնույթ գործունությունը: Չարենցի տուն-թանգարանը նրա ապրած ողբերգական կյանքի նման որոշ ողբերգական երանգներ ունի: Ես ամեն ինչ անում եմ՝ թանգարանն առավել պայծառ և լուսավոր ներկայացնելու համար, ինչքան էլ որ դժվար է:

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

-Տարիներին ընթացքում ի՞նչ փոփոխություններ են իրականացվել թանգարանում:

-Թանգարանի նկուղային հարկում, որն իրականում տարհանված տարածք է եղել և հարմարեցված թանգարանին, երկար ժամանակ ցուցադրվել են Չարենցին պատկանող, նրա ժամանակները խորհրդանշող տարբեր կենցաղային իրեր: Բայց քանի որ այդ տարածքը շատ խոնավ է, իրերը տարիների ընթացքում վնասվել են: Դրա համար մենք դրանք տեղավորեցինք թանգարանի այլ հատվածներում, անգամ որոշ մասը բերել եմ իմ աշխատասենյակ: Այժմ նկուղային այդ հատվածն օգտագործում ենք զուտ ժամանակավոր ցուցադրությունների համար:

Այս ամենի մեջ ցավալին այն է, որ ժամանակին այստեղ վերանորոգում է իրականացվել է, բայց ոչ թե շենքի խնդիրների պատճառահետևանքային կապերն են վերացվել (1927 թ. շենք է, ի վերջո), այլ զուտ կոսմետիկ փոփոխություններ են արվել: Այն դեպքում, երբ թանգարանի երկրորդ և երրորդ հարկերն ունեն օդափոխության լուրջ խնդիր: Բայց այս հարցով այլևս հնարավոր չէ դիմել նախարարությանը: Միակ հույսը մնում են դրսում ապրող մեր հայրենակիցները, որ ցանկություն կունենան նպաստել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի վերանորոգմանը:

-Արդյո՞ք Չարենց բանաստեղծն անհրաժեշտ չափով վերլուծված և հասկացված է մեզանում:

-Ցավոք սրտի, անգամ գրականագիտության ասպարեզում Չարենցը մասնակի է վերլուծվել: Մենք դեռևս չունենք բանաստեղծի ստեղծագործության ամբողջական պատկերը: Այն ժամանակ, երբ չկար Չարենցի արդարացման հրամանը, նրան ոչ ոք չէր անդրադառնում: Արդարացումից հետո էլ երկար տարիներ՝ մինչև 1980-ականն թթ, գրականագետները Չարենցին մեկնաբանելիս շատ զգուշավոր էին, որովհետև նրա անցած պատմության մեջ այնքան մութ կետեր կան, որ անհնար է ծայրը գտնելը:

-Ընտանիքի անդամները որքանո՞վ են մասնակից թանգարանի գործունեությանը: Եվ արդյոք դեռևս ունե՞ն իրենց մոտ պահվող անձնական իրեր Չարենցից:

-Թոռնուհին` Գոհար Չարենցը, մեր թանգարանում է աշխատում: Ընտանիքի բոլոր անդամների հետ հրաշալի հարաբերությունների մեջ ենք: Վերջիններս էլ շատ ջերմ են տրամադրված թանգարանին: Եթե չլիներ ընտանիքը, միգուցե այսօր Չարենցից ոչինչ չունենայինք: Բայց կարծում եմ՝ նրանք կունենան նաև այնպիսի մասունքներ, որ պահում են իրենց մոտ, որովհետև որքան էլ գիտակցեն՝ այդ իրերի վերջնական հանգրվանը թանգարանն է, միևնույն է, դրանց միջոցով շարունակում են վայելել իրենց հանճարեղ հարազատի ներկայությունը: Ուստի ոչինչ չենք կարող պահանջել:

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

-Թանգարանում պահվող ցուցանմուշներից որո՞նք են առավել թանկ Ձեզ համար:

-Բոլորն էլ թանկ են մեզ համար, պարզապես դրանցից ոմանք ունեն իրենց հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ: Օրինակ՝ այժմ թանգարանում է պահվում Չարենցի բանտասենյակի դուռը, որի հետևում մահացել է բանաստեղծը: Դուռը վերջերս ենք նվիրատվություն ստացել: Մի մարդ բանտի քանդվելուց հետո այն տարել է իր տուն՝ պահելով բավական երկար տարիներ: Այժմ՝ նվիրատվությունից հետո, նա ամիսը մեկ գալիս, այդ դռան առաջ աղոթում, լաց է լինում և հեռանում:

Մեզ մոտ են պահվում նաև Չարենցի առաջին կնոջ՝ Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը, որ Չարենցը ծեփել է տվել մահացած վիճակում: Ցուցադրված է կրկնօրինակը, որովհետև իրականը չենք կարող թողնել ամենօրյա ցուցադրության: Թանկ է Կոմիտասի դագաղի վրայից փախցրած ծաղիկը, Աստղիկ Ղոնդաղչյանի պահած վարդը, իր գլխարկը, որ միշտ կրել է և այսպես շարունակ:

Գիտենք նաև, որ բանաստեղծն ունեցել է բիլիարդի սեղան, խմիչքների փոքրիկ հավաքածու, բայց թե ինչ է եղել դրանց հետ, չենք կարող ասել:

-Չարենցը հսկայական գրադարան է ունեցել: Որքանո՞վ է այն պահպանվել:

-Գրադարանի շատ փոքր մասն է պահպանվել: Այժմ մատենագիտության հետ կապված աշխատանքներ ենք տանում: Գրքերը դրված են ամենօրյա ցուցադրության, բայց պահվում են փակի տակ: Ամենաճիշտ տարբերակը կլինի դրանց թվայնացված տարբերակն ունենալը, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է համապատասխան սարք: Ի դեպ, այդ հարցով արդեն դիմել ենք Ճապոնիայի կառավարությանը, որը հանդես է եկել թանգարաններին տեխնիկայով օգնելու առաջարկով: Եթե ճապոնացիները հասկանան՝ ով է Չարենցը, որքան շատ է սիրել և ուսումնասիրել արևելյան արվեստը, գուցե և մեզ օգնեն այս հարցում: Անգամ թանգարանն ունի նոր հրատարակած գիրք՝ «Դեպի արևելք» խորագրով, որ առավել ցայտուն արտացոլում է Չարենցի և արևելքի կապը:

-Արդյոք հրատարակչական գործունեություն էլ է՞ ծավալում թանգարանը:

-Ցավոք, վերջին երեք տարում թանգարանի աշխատակիցների մեծ զոհողությունների շնորհիվ կարողացանք ընդամենը այդ մեկ գիրքը հրատարակել, որովհետև թանգարանի ֆինանսական հնարավորությունները չեն բավականացնում այդ բնագավառում էլ գործունեություն ծավալելու համար: Բայց գիտական ոլորտում այլ տեղ ենք հաջողության հասել: Արդեն երկրորդ տարին է՝ իրականացնում ենք Չարենցյան գիտաժողով, որտեղ երիտասարդները բանաստեղծին նորովի ներկայացնելու հնարավորություն են ունենում:

-Ինչպիսի՞ այլ միջոցառումներ է կազմակերպում թանգարանը:

-Մեզ շատ են այցելում մտավորականներն ու գիտնականները: Պատճառը կազմակերպված հետաքրքիր միջոցառումներն են (հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ ու քննարկումներ, ժամանակավոր ցուցահանդեսներ և այլն), որ նաև բավական լուսավոր են դարձնում թանգարանը:

Անպայման նշում ենք բանաստեղծի ծննդյան և մահվան օրերը: Չենք մոռանում նաև Չարենցի երկրորդ կնոջը՝ Իզաբելլային: Նրա պատմությունը շատ հետաքրքիր ու բարդ պատմություն է: Իզաբելլային աքսորեցին 26 տարեկանում, և նա այդպես էլ աքսորի ճանապարհին չիմացավ՝ ամուսինը կենդանի է, թե ոչ: Իզաբելլայի կենդանի մնալը, հետագայում Հայաստան վերադառնալը նման է հրաշքի: Վերջին շրջանում ձեռք ենք բերել մի ձայնագրություն, որտեղ հնչում է Իզաբելլայի ձայնը, որ մահվան մահճում պատմում է Չարենցի մասին:

Մեր կազմակերպած միջոցառումներից կառանձնացնեմ նախկին «Ինտուրիստ», այժմ «Երևան» հյուրանոցում Չարենցի սենյակի բացումը, որտեղ այսուհետ կենդանի կլինի Չարենցը, քանի որ 1928-1935թթ նա հենց այս հյուրանոցում է ապրել:

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

-Այսօր այցելուների մի հսկա բանակ են կազմում դպրոցականները: Գաղտնիք չէ, որ Չարենցը բարդ հեղինակ է նրանց համար: Ինչպե՞ս եք կարողանում թանգարանն առավել մատչելի դարձնել նրանց:

-Մեզ մոտ տարբեր տարիքի աշակերտներ են գալիս: Բայց Չարենցն իսկապես դժվարընկալելի հեղինակ է դպրոցահասակների համար: Նրա գործերից թվացյալ պարզը «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծությունն է, բայց իրականում դա էլ բավական բարդ գործ է իր խոհափիլիսոփայական ըմբռնումով: Ուստի թանգարանային հիմնական ցուցադրությանը զուգահեռ աշակերտների համար կազմակերպում ենք կրթական ծրագրեր, անցկացնում խաղեր, ցուցադրում տեսաժապավեններ:

-Գո՞հ եք այցելուների քանակից:

-Աշակերտների քանակից շատ գոհ ենք: Ի պատիվ այս իշխանությունների՝ ասեմ, որ անցյալ տարի ներդրված դպրոցական աբոնեմենտային համակարգն արդարացրեց իրեն: Աշակերտների հոսքը շատացավ, թանգարանային կյանքն առավել աշխուժացավ:

Ինչ վերաբերում է այցելուների մյուս խմբերին, կրկին դժգոհ չենք: Միայն ցավում եմ, որ զբոսաշրջային իմաստով թանգարանը ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում արտասահմանցիների համար: Չճանաչած գրողի թանգարանը չի կարող գրավել մարդկանց: Դրա համար հարկավոր է Չարենցին թարգմանել: Իսկ դա հեշտ գործ չէ ոչ մի առումով:

-Եղիշե Չարենցի տուն-թանգարանն ի՞նչ առաքելություն ունի քաղաքի կյանքում:

-Մեր թանգարանի մեծագույն առաքելությունը Չարենցի հանրահռչակումից հետո, իհարկե, այն է, որ բոլորին հիշեցնի՝ ինչ ժամանակներում է ապրել գրողը, որ այդ ժամանակները էլ երբևէ հետ չվերադառնան:

-Տիկին Ասատրյան, ի՞նչ խոհերով կամփոփեք զրույցը:

-Մեծ ցանկությունս է, որ ինձնից հետո թանգարանը ղեկավարող մարդը լինի ավելի համառ և ուժեղ, որ 625 կմ քառակուսի տարածք ունեցող թանգարանը ներկայիս պես չունենա ընդամենը տասը աշխատող: Ինքս բազմաթիվ ծրագրերով եմ հանդես եկել թե´ հին, թե´ նոր իշխանությունների օրոք, բայց մերժվել եմ: Քանի գնում, այնքան ավելի եմ համոզվում, որ Չարենցին սիրում ենք պարզապես խոսքերով, հետևաբար նաև արհեստական ենք նրան նույնացնում Հայաստանի հետ, արհեստական ենք նրան ցիտում, որովհետև այսօր մեծ բանաստեղծի տուն-թանգարանի մասին լուրջ մտորողները շատ փոքր թիվ են կազմում՝ գոնե պահպանելու համար այն, ինչ կա:

Արփի Խաչատրյան

Անահիտ Ասատրյան հարցազրույց Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին