f

Անկախ

Թատրոնը  լինում է լիարժեք,  երբ  խաղում  ես  բեմում, երբ  բացվում է վարագույրը. Լյուդվիգ Հարությունյան


Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Գյումրիի թատրոնում նկարահանվում են հայ գրողների հայտնի ու սիրված հեքիաթների հեռուստատեսային տարբերակները։

«Քո հեքիաթը» կոչվող նախագծի շրջանակներում հայ գրողների հայտնի ու սիրված հեքիաթներից բացի, նկարահանվում են նաև Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակների հիման վրա բեմադրված խրատական ներկայացումներ:

Կարճամետրաժ ֆիլմերն առաջիկայում կցուցադրվեն օնլայն հարթակում ու հեռուստաեթերում։ Լինելու է շատ հետաքրքիր 20 հաղորդում, որի հիմնական հասցեատերը լինելու են մանուկները:

Համավարակի օրերին Գյումրու թատերական կյանքի, կենդանի շփման պակասի,  առաջիկայում սպասվելիք ծրագրերի, նաև վերոնշյալ նախագծի մասին  «Անկախ»-ը  զրուցել է  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հետ:

Վերջին  ամիսներին, կորոնավիրուսով պայմանավորված, թատրոնները դադարեցրել են իրենց   բեմական գործունեությունը, սակայն դա դերասաններին բոլորովին չի մղել պարապուրդի. մշակութային  կենտրոնները իրենց գործունեությունը  ծավալում  են  առցանց տիրույթումՀետաքրքիր  է  ինչպե՞ս անցկացրեցիք  համաճարակի  այս մի քանի ամիսը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

–Ցավոք սրտի, ինչպես Հայաստանի բոլոր թատրոնները, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ևս, երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված,  այս պահին ներկայացումներ չի խաղում։ Թատրոնի վերջին ներկայացումը եղել է մարտի 12-ին։  Սակայն թատրոնը մարտի 12-ից մինչ այս պահը ոչ մի օր իր աշխատանքները  չի դադարեցրել։ Ճիշտ է, ներկայացումներ չենք խաղացել,  բայց երբ պարետատնից ներկայացման փորձերի և բեմադրական աշխատանքների  թույլտվություն ենք ստացել, վերսկսել ենք մեր աշխատանքները։ Ասեմ, որ այս ամիսների ընթացքում,  չնայած նրան, որ չենք խաղացել, բայց կարողացել ենք պատրաստել մի քանի ներկայացում։

Պարետատան համապատասխան հրահանգից հետո սկսեցինք երկու նոր բեմադրական աշխատանք. մեկ աշխատանքն արդեն ավարտել  ենք և վերջնական փորձերն են արվում։ Եվ երբ այս ամենը  ավարտվի  և թատրոնը բացի իր դռները,  Վ. Աճեմյանի անվան  թատրոնը միանգամից երկու նոր ներկայացում կհանձնի հանդիսատեսի դատին։

Ինչպես բոլոր թատրոնները, մենք էլ օնլայն տիրույթում փորձեցինք ինչ-որ բաներ անել. արխիվային ներկայացումներ ցուցադրեցինք։ Բացի դրանից շատ շուտով էկրանին կլինի  «Քո հեքիաթը»  նախագիծը։ Սա շատ հետաքրքիր և գունեղ հեքիաթային ներկայացումներ են, որոնք նկարահանվել են  Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամի ղեկավարությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ։  «Քո հեքիաթը» նախագիծը արդեն պատրաստ է։  Հիմա պատրաստում ենք ևս մեկ ներկայացում՝ արդեն Մհեր Մկրտչյան փոքր բեմում։ Որքան հնարավոր է, փորձելու ենք այնպես անել, որ նոր ներկայացումները լինեն ավելի դրական, ավելի պոզիտիվ, ավելի ուրախ։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու,  որ թատրոնն էլ իր հերթին պետք է օգնի հասարակությանը այս դժվարին  պահերին, փորձի հնարավորինս շատ դրական լիցքեր հաղորդող ներկայացումներ պատրաստել, որպեսզի հանդիսատեսը ուրախանա, թեթևանա առօրյա հոգսերից ու խնդիրներից։ Դրա համար էլ ընտրել ենք ավելի թեթև ժանրի ներկայացումներ։

 

Պարո՛ն Հարությունյան, այսօր, համավարակով պայմանավորված, բնականաբար, ծանր շրջան է թատրոնի համար: Թատրոնն այսօր ունի՞ ֆինանսական խնդիրներ, կլինե՞ն արդյոք կրճատումներ:

–Ինչպես գիտեք, յուրաքանչյուր թատրոն պետական բյուջեից է ֆինանսավորվում, մշակույթի նախարարությանն ենք ենթարկվում։  Բացի դրանից թատրոնը ունի նաև արտաբյուջե, որի միջոցով  ինքն է հոգում իր մնացած հարցերը, ինչու չէ, նաև աշխատավարձային ֆոնդի մի մասը։  Մեր թատրոնը մինչև 2019թ.-ի թվականի մարտ ամիսը աշխատել է,  և կարողացել ենք մեր արտաբյուջեի միջոցով շատ խնդիրներ ու հարցեր լուծել։ Անցած տարի թատրոնում մենք կարողացել ենք շինարարական  ու վերանորոգման մեծածավալ աշխատանքներ տանել. ամբողջությամբ փոխվեց թատրոնի գորգածածկը,   նորոգվեցին նստատեղերը և մի շարք այլ աշխատանքներ։

Երբ թատրոնը մոտ վեց ամիս  չի  խաղում,  բնականաբար, պիտի ունենա խնդիրներ։ Առաջին եռամսյակի համար դիմել ենք նախարարությանը և աջակցություն ենք ստացել, որպեսզի կարողանանք մեր դերասաններին  աշխատավարձ տալ։

Այսպիսով առաջին փուլը հաղթահարվեց։ Հիմա էլ ունենք խնդիրներ, որոնց համար դիմել ենք և, կարծում եմ, կօգնեն:  Այստեղ, հասկանալի է, որ  խոսում ենք միմիայն աշխատավարձերի մասին, որպեսզի մարդիկ կարողանան իրենց մինիմալ աշխատավարձը ստանալ։

Եվ, ի ուրախություն ինձ, կարող եմ ասել, որ կրճատումներ չեն լինի։  Դա  նաև բավականին բարդ ընթացք է, և թատրոնը պարտավոր է ամուր մնալ, դիմանալ այս դժվարություններին և կրճատումների չգնալ։ Համենայն դեպս, ես համոզված եմ, որ մինչև տարեվերջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կրճատումներ չեն լինի։

Այո, ֆինանսական խնդիրներ շատ կան, որոնք կլուծվեն, երբ ամեն ինչ ավարտվի և թատրոնը կարողանա ներկայացումներ խաղալ։

 

Այս օրերին Գյումրու  թատրոնում  «Քո հեքիաթը» կոչվող նախագծի շրջանակներում նկարահանվում են հայ գրողների հայտնի ու սիրված 20  հեքիաթների հեռուստատեսային տարբերակները։ Կպատմեք այս նախագծի մասին, ու՞մն  էր  մտահղացումը:

–Այս օրերին  նկարահանումներն  արդեն ավարտվել են։ Նշեմ, թե իրենից ինչ է ներկայացնում «Քո հեքիաթը» նախագիծը.  այն Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամի նախաձեռնությունն է։  Դիմել են Մշակույթի նախարարությանը դրամաշնորհային ծրագրով  և հաղթել։  Այնուհետև Վ. Աճեմյանի անվան թատրոնի հետ համատեղ նկարահանել  «Քո հեքիաթը» հետաքրքիր, երաժշտական նախագիծը։ Այն իրենից ներկայացնում է թատրոնի խաղացանկային լավագույն 20 մանկական   հեքիաթ-ներկայացումների էկրանավորում։  Նկարահանումներն արվել են պրոֆեսիոնալ խմբի միջոցով, որտեղ ընդգրկված են եղել թատրոնի ամբողջ դերասանական կազմը։

Հիմա արդեն ավարտական փուլում է և սեպտեմբերի սկզբին,  կարծեմ,  կլինի եթերում։  «Քո հեքիաթը»  կցուցադրվի թատրոնի ու նախարարության ֆեյսբուքյան էջերով, կլինի նաև մարզային հեռուստաընկերությունների եթերում։ Կարծում  եմ,  «Քո հեքիաթը» սիրով կդիտեն ոչ միայն մանուկները, այլ նաև մեծահասակները։

Նախագծում ընտրված է երկու ձևաչափ՝ պատմում են և երեխան միաժամանակ  տեսնում է  այդ հեքիաթի հերոսներին։ Շատ հետաքրքիր և գունեղ նախագիծ է ստացվել, որը կարծում եմ կսիրի հանդիսատեսը։ Նախագծի նպատակը այն է, որ պատանի հանդիսատեսը, ով երկար ժամանակ  չի եկել թատրոն՝  չկտրվի թատրոնի դերասաններից, չկտրվի իր հերոսներից։ Եվ, իհարկե, ազգայինին  գաղափարախոսության վրա  է  առաջին հերթին շեշտը դրված, մեր ազգային հեքիաթներն են լինելու։

 

–Տեղյակ եմ, որ «Քո հեքիաթը» նախագծից հետո աճեմյանցիները ծրագրում են ևս մեկ նոր մանկական ներկայացում խաղալ բացօթյա տարածքում: Բացօթյա ներկայացումների համար կա՞ն  անհրաժեշտ  պայմաններ կամ հնարավություններ:

 – Պարետատնից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը պատրաստվում է սեպտեմբերի մեկին՝  Գիտելիքի օրվան նվիրված, բացօթյա ներկայացում խաղալ։ Ներկայացումը տեղի կունենան Գյումրու «Հայորդյաց  տան»  հրապարակում։  Հրապարակը բավականին մեծ է, կարող ենք խաղալ մոտ 100 երեխայի համար։ Այս ներկայացման առաջնախաղը պետք է լիներ մարտի 14-ին, սակայն չկայացավ։  Այնպես որ սեպտեմբերի մեկին կլինի առաջնախաղը։

Բացի դրանից նախատեսում ենք նաև թատրոնի խաղացանկային մեկ այլ ներկայացում՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի  «Երկնագույն շան աչքերը»  բացօթյա խաղալ  քաղաքի կենտրոններից մեկում։

Թատրոնը ամեն առիթ պետք է օգտագործի, դա կլինի բացօթյա, կլինի օնլայն տիրույթում,  որպեսզի  չկտրվի իր հանդիսատեսից։ Հանդիսատեսն էլ միշտ պետք է հիշի, գնահատի և տեսնի, որ թատրոնը շարունակում է աշխատել։։

Իհարկե, անչափ կարևոր է կենդանի շփումը։ Թատրոնը լինում է լիարժեք, երբ խաղում ես բեմում, երբ  բացվում է վարագույրը։ Բայց կարևորելով մեր հանդիսատեսի առողջությունը, կարևորելով մեր դերասանների առողջությունը, և համարելով, որ այս ամենը ժամանակավոր է,  որոշ ժամանակ կխաղանք բացօթյա։ Բացօթյա ներկայացումներ նախատեսում ենք  միայն սեպտեմբերին, քանի որ եղանակով պայմանավորված հետագայում հնարավոր չէ բացօթյա խաղալ։ Դրանից հետո արդեն կսպասենք թատրոնի բացվելուն, և մեր երկու առաջնախաղերը կլինեն թատրոնի բեմում։

 

Այսօր թատրոնը զրկված է ամենակարևոր բաղադրիչից՝  կենդանի շփումիցԻնչ  եք կարծում, առցանց թատրոնի միջոցով կապը հանդիսատեսի  հետ պահպանվու՞մ է:

 –Իհարկե, թատրոնի համար ամենակարևոր բաղադրիչը  կենդանի շփումն է։ Ինչքան էլ փորձենք օնլայն տիրույթը կամ բացօթյա ներկայացումները, միևնույն է,  հանդիսատեսը պետք է զգա դերասանի  շունչը, իսկ դերասանը՝  հանդիսատեսի շունչը.  դա առաջնայինն է ու ամենակարևորը։

Երբ խոսում ենք նկարահանումների կամ բացօթյա ներկայացումների մասին՝  դերասանները սիրով կատարում են աշխատանքը։ Բայց ես մի բան եմ հասկանում, որ դերասանները կարոտել են հենց բեմում խաղալուն, կարոտել են հանդիսատեսի շունչը։ Կարոտել են այն պահերին, երբ հանդիսատեսը գալիս է թատրոն, տոմսարկղի դիմաց տոմս է գնում, մտնում է ճեմասրահ պտտվում ։ Սա շատ կարևոր իրադարձություն է։ Միանշանակ կողմ եմ այն մտքին, որ թատրոնը պետք է լինի կենդանի։

Նշեմ, որ մենք այն թատրոններից ենք,  որ պարբերաբար հյուրախաղերով լինում ենք Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում։ Սակայն կուզեի հատկապես առանձնացնել գյումրեցի հանդիսատեսին։  Ինչպես գիտենք, մեր թատրոնը արդեն երկար տարիներ աբոնեմենտային սկզբունքով է աշխատում։ Մեր հանդիսատեսը ուներ գնած աբոնեմենտներ, որոնցով պետք է ներկայացումներ դիտեին մարտ-ապրիլ-մայիս ամիսներին։ Եվ այս ամբողջ ընթացքում ոչ մի հանդիսատես իր տոմսերը հետ չի վերադարձրել։ Սա վկայում  է այն մասին, որ գյումրեցի հանդիսատեսը թատրոնի կողքին է, նաև անհամբեր սպասում է, թե երբ թատրոնը կբացի դռները։ Առանձնահատուկ կերպով գնահատում եմ դա և ոգևորվում դրանից։ Սա առանձնահատուկ վերաբերմունք է թատրոնի հանդեպ, որը մեզ ավելի է պարտավորեցնում։

 

Թատրոնում վերսկսվե՞լ  են  փորձերըԱռաջիկայում  ի՞նչ  ներկայացումներ  են սպասվում:

Այս ամբողջ ընթացքում թատրոնը բեմադրական աշխատանքներ է տարել, հիմա էլ փորձերը վերսկսվել են. սկզբնական շրջանում տաս հոգի էին, հիմա արդեն մինչև  քսան։  Այս պահին բեմադրվում է 2 նոր ներկայացում, որոնք կսպասեն իրենց հանդիսատեսին՝ թատրոնների գործունեության մեկնարկից հետո: Դրանցից մեկը երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի   պիեսն է ,  վերնագիրը չեմ ուզում նշել, քանի որ բեմադրության ավարտական փուլում փոփոխվելու է։ Մյուսը Անտոնիո Բուերո Վալեյխոյի «Բոցավառ խավար» պիեսն է, որը բեմադրում է երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը:  Ներկայացումները  ավելի երիտասարդական են,  ներգրավված են երիտասարդ դերասաններ։

 Այդպիսով, մենք փորձեցինք հնարավորինս զերծ պահել մեր ավագ  սերնդի ներկայացուցիչներին այս շրջանում ակտիվ գործունեությունից՝  կապված համավարակի վտանգների հետ:

Մեր թատրոնը մի շատ հետաքրքիր ավանդույթ ունի. պարբերաբար թատրոն ենք հրավիրում տարբեր ռեժիսորների,  տարբեր դերասանների, ովքեր բեմադրություններ են անում։ Հավատարիմ մնալով այդ ավանդույթին,  առաջիկայում մի շատ հետաքրքիր ծրագիր ունենք մեր  շատ սիրելի Վարդան Պետրոսյանի հետ։

Վարդան Պետրոսյանը  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ համատեղ  նոր ներկայացում  են բեմադրում։ Սա դեռ նախնական քննարկման փուլում է։ Սակայն համոզված եմ, որ այս խմորումների, ստեղծագործական քննարկումների արդյունքում մենք կհանգենք նրան, որ  առաջիկայում, երբ  բացվեն թատրոնները,  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայանա նոր ու հետաքրքիր ներկայացումներով։

 

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի

 

 

Լյուդվիգ Հարությունյան հարցազրույց թատրոն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին