Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ներկայացուցիչների հետ: Վերջիններս քննարկել են համագործակցության շրջանակներն ու ուղիները, հնարավոր ներդրումային ծրագրերը:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի փոխնախագահ Գրիգոր Պետրոսյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, առաքելությունն ու գործառույթները:
«Մեր հիմնական նպատակն է դեպի Հայաստան ներդրումներ գեներացնել և Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղությունների վրա հիմնված ծրագրերը ներկայացնել թիրախային ներդրողներին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև առողջապահության ոլորտում ներդրումները», - ասել է Պետրոսյանը:
Հանդիպմանը քննարկվել է առողջապահության նախարարության հնարավոր ներգրավումը նմանատիպ ներդրումային ծրագրերին, ինչպես նաև դեղերի նոր արտադրություն հիմնելու և բժշկական տուրիզմը Հայաստանում զարգացնելու հեռանկարները:
«Առողջապահությունն առանձնահատուկ, ծավալից որակ ծնող ոլորտ է, ուստի պետք է հաշվի առնել ամեն նրբություն», - ասել է նախարարը և շնորհակալություն հայտնել հյուրերին պատրաստակամության համար: Նա հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կլինեն հաճախակի: