f

Անկախ

Երվանդ Քոչար՝ աշխարհին ներկայանալու մեր լավագույն կերպերից...


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, ճարտարապետ Կարինե Քոչարի հետ:

-Տիկին Քոչար, մեր հանդիպման սկզբում զրուցենք վարպետի արվեստի առանձնահատկություններից, որ թանգարանի ամենօրյա գործունեության շնորհիվ դառնում են այցելուների սեփականությունը:

Կարինե Քոչար

-Քոչարի արվեստը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի պատմության յուրահատուկ երևույթներից է: 1923-1936թթ Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում՝ եռանդուն մասնակցություն ունենալով պատմական ավանգարդի կերտման գործում: Նա նաև փարիզյան դպրոցի միակ ներկայացուցիչն է Հայաստանում, և նրա ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայկական, այլև եվրոպական մշակույթին: Քոչարի արվեստն այս տեսակետից շատ կարևոր օղակ է հայ-ֆրանիսական մշակութային փոխհարաբերություններում:

Արվեստաբանները Քոչարի ողջ ստեղծագործական ընթացքը բաժանում են երեք շրջանի՝ թիֆլիսյան, փարիզյան և երևանյան: Թանգարանը ստեղծվել է 1984-ին մաեստրոյի արվեստանոցի հիման վրա, որ երկար ժամանակ ծառայել է նրան ոչ միայն որպես արվեստանոց, այլև բնակության վայր:

Միայն 1959-ին՝ Սասունցի Դավթի արձանի տեղադրումից հետո, իշխանությունները, տեսնելով՝ ինչ սարսափելի պայմաններում է ապրում Քոչարի ընտանիքը, նոր բնակարան հատկացրեցին նրան: Ինչպես գիտենք, 1936-ին Քոչարը վերադարձավ Հայաստան՝ թողնելով Փարիզում և´ սիրած կնոջը, և´ իր ողջ կարիերան: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ այդ վերադարձից հետո այլևս երբեք իրավունք չէր ստանալու մեկնել արտասահման:

Արդյունքում նրա անունը աստիճանաբար դուրս մնաց արտասահմանյան տեղեկագրքերից, իսկ ԽՄ արեց ամեն բան նրան առավելագույն երկար մեկուսացնելու համար աշխարհից: Դա, բնականաբար, չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել արվեստագետի վրա, սակայն աշխատեց նաև հակազդման օրենքը:

Ստեղծվեցին Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Կոմիտասի և այլ արձաններ, որ ստեղծագործական գլուխգործոցներ են և հավերժ բարձր կպահեն հայ մարդու ազգային ոգին, պատմական հիշողությունը: Քոչարը գիտեր՝ ազգերին սովորաբար վերացնում են երկրի երեսից՝ նրանց զրկելով հոգևոր-մշակութային արմատներից, ուստի իր ստեղծագործական կյանքը նա նվիրեց ոչ միայն համամարդկային կերպարների, այլև ազգային կերպարների վերհանման գործին:

Երվանդ Քոչարի թանգարան

ունիսի 15-ին լրացավ Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը: Նախորդ ամիս նաև թանգարանի համար էր հոբելյանական: Այն դարձավ 35 տարեկան: Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում իրականացնել տարվա կտրվածքով:

-Հունիս ամիսն, իրոք, շատ ծանրաբեռնված էր թանգարանի համար, բայց վերջերս մենք գրեթե միշտ նույն խիտ գրաֆիկով ենք աշխատում: Այս պահին ցավով պիտի բարձրաձայնեմ, որ մեր երկրում 120-ամյակն այնքան էլ հոբելյանական չի համարվում, որ ընդգրկվի նշելի տարեդարձների ցանկում: Ուստի Քոչարի 120-ամյակի հետ կախված բոլոր միջոցառումների նախաձեռնողը միայն թանգարանն էր: Անչափ երախտապարտ ենք Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարգսյանին, որոնց աջակցությամբ կարողացանք հենց հունիսի 15-ին նշել մաեստրոյի ծնունդը «Ազնավուր» կենտրոնում: Մենք երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացրինք մի ֆիլմ, որի ստեղծման նպատակն էր Քոչարի ուղերձները, որ նա անվանել է «Փշրանքներ», հասցնել նրա արվեստի սիրահարներին:

Միակ հետաքրքիր նորամուծությունը, որ թանգարանին սպասվում է պետությունից, նոր տեխնոլոգիաների կիրառումն է, որը հնարավորություն կտա առաջ գնալ և որոշակիորեն համահունչ դառնալ միջազգային թանգարանային չափորոշիչներին: Սպասում ենք այդ ծրագրի իրագործմանը: Իսկ մինչ այդ փորձում ենք հնարավորինս լավ իրականացնել մեր գործառույթները: Մենք նաև կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ և հատուկ հանդիպումներ թանգարանի տարածքից դուրս, քանի որ Քոչարի քաղաքային քանդակները տալիս են դրա հնարավորությունը:

-Թանգարանում գործում է նաև «Քոչար» արվեստի ստուդիան: Ի՞նչ գործունեություն է այն ծավալում:

-Այն իրագործում է շատ հետաքրքիր ծրագրեր դպրոցահասակ երեխաների համար՝ նրանց ընձեռելով շարունակական զարգացման հնարավորություն: Ստուդիան իրականացնում է ոչ միայն նկարչության պարապմունքներ, այլև ծանոթացնում է արվեստի պատմությանը: Պարապմունքներն անց են կացվում կամ անհատական, կամ խմբակային հանդիպումների ձևով՝ ապահովելով և´ ժամանց, և´ գիտելիքներ: Ստուդիայի գործունեությունը նպաստում է թանգարանի հանրահռչակմանը:

Երվանդ Քոչարի թանգարան

-Լինելով տարածական նկարչության հիմնադիր՝ Քոչարն ունի՞ իր հետևորդները Հայաստանում:

-Ոչ, չունի: Իրականում դա շատ բարդ ուղղություն է: Քոչարը տարածական նկարչությունը համարում էր մեր դարի զգայությունը: Նկարչության այս ճյուղը տիրապետողից պահանջում է խորը գիտելիքներ և իմացության լայն շրջանակներ: Քոչարը տարածական նկարչության առաջին փորձերն արել է 1925-1926 թթ՝ արդեն 1928-ին Փարիզում ներկայանալով տարածական նկարների իր անհատական ցուցահանդեսով: 1936-ին էլ Քոչարը համաշխարհային հռչակ ունեցող մի շարք արվեստագետների հետ ստորագրեց Դիմանսիոնիզմի մանիֆեստը, որը նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր արվեստի զարգացման բոլոր ոլորտներում:

-«Դու պիտի բարձրանաս Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես Էյֆելյան աշտարակը՝ Փարիզում...»: Արդյո՞ք Եղիշե Չարենցի այս խոսքերն իրականացել են այսօր:

-Ցավոք, դեռ ոչ: Սկսեմ նրանից, որ եթե Քոչարը, 13 տարի ապրելով Փարիզում, ունեցավ 5 անհատական ցուցահանդես, ապա իր հայրենիք վերադառնալուց հետո՝ 1965-ին միայն բացվեց նրա առաջին ցուցահանդեսը, որից հետո եղան ընդամենը 3-4 ցուցահանդես (մեկն էլ մահից հետո՝ 1980-ին): 1975-ին՝ Վարդան Մամիկոնյանի արձանի բացման ժամանակ, Քոչարը, որ արդեն բավական ծեր էր և հիվանդ, արտասանել է ընդամենը մեկ նախադասություն, որ շարունակում է արդիական մնալ. «Պիկասոն ասել է՝ ես վախենում եմ ժամանակից, բայց իմ հույսը ժամանակի վրա է»:

-Ի՞նչ սրահներ ունի թանգարանը, որոնցով ներկայանում է այցելուներին:

-Քանի որ մաեստրոյի ողջ ստեղծագործական ընթացքը բաժանվում է երեք շրջանների, մեր սրահներն էլ որոշակիորեն համաձայնեցված են այդ փուլերին: Պարզապես թանգարանի տարածքը բավական փոքր է և ոչ հարիր՝ նման մեծության արվեստագետի ներկայացնելու համար: Արվեստաբանները Քոչարին համեմատում էին իտալական վերածննդի շրջանի արվեստագետների հետ, քանի որ արվեստի տարբեր ուղղություններում (և´ գրաֆիկայի ասպարեզում, և´ քանդակագործության, և´ գեղանկարչության) նա թողել է գլուխգործոց ստեղծագործություններ: Մենք փորձել ենք ժամանակագրական կարգը ինչ-որ ձևով պահել, բայց 3-4 փոքրիկ սրահներում հնարավոր չէ ներկայացնել արվեստագետի ողջ ժառանգությունը: Ամեն դեպքում թանգարան այցելողը կարող է տեսնել ոչ միայն Քոչարի լավագույն գործերը, այլև այն շատ յուրահատուկ փաստաթղթերն ու վավերագրերը, որ վարպետի և ժամանակի հայտնի արվեստագետների առնչությունների ապացույցն են:

Թանգարանի ընդարձակումն ու նմուշների պահպանության արդիական մեթոդների ներմուծումը մեզ կօգնի դառնալ միջազգային հարթակ միջազգային որակյալ ցուցահանդեսներ կազմակերպելու առումով, քանի որ Քոչար արվեստագետը մեզ լիուլի տալիս է այդ հնարավորությունը:

-Քոչարի թանգարանն արդյոք ունի՞ այցելուների խնդիր:

-Այո´, մենք ունենք այցելուների խնդիր՝ պայմանավորված հենց տարածքի փոքրությամբ: Զբոսաշրջային գործակալությունները, որ հիմնականում աշխատում են մեծ թվով զբոսաշրջիկների հետ, մեզ չեն կարողանում այցելել. թանգարանը չի կարող միաժամանակ այդքան մեծ թվով մարդկանց սպասարկել: Սա առաջին խնդիրն է: Երկրորդ հիմնական պատճառն այն է, որ նման գործակալությունների ղեկավարներն իրենք էլ առանձնապես տեղյակ չեն Քոչարի թանգարանի գոյության մասին և Քոչարին, ցավոք, ըստ արժանվույն գնահատելու խնդիրն ունեն դեռևս: Մենք անգամ փորձում ենք նրանց հրավիրել թանգարան, կազմակերպել էքսկուրսիաներ՝ ներկայացնելու համար, թե ինչ հարստություն ունի Հայաստանը: Անհատ մարդիկ ևս Հայաստան այցելած իրենց հյուրերին կարող են հանգիստ բերել մեր թանգարան՝ հպարտանալով Քոչարի նման բացառիկ մեծությամբ:

Ընդհանուր առմամբ մեր հասարակությունը դեռևս լավ տեղեկացված չէ Քոչարի արվեստից և չի գիտակցում, որ մաեստրոն աշխարհին ներկայանալու մեր լավագույն կերպերից կարող է դառնալ: Երբ մարդիկ այցելում են թանգարան, ապշում են՝ բացահայտելով Քոչարի գրաֆիկական ստեղծագործությունները և բացառիկ նորարարությունները նկարչության ասպարեզում:

Երվանդ Քոչարի թանգարան

-Ի՞նչ յուրահատուկ մոտեցումներ ունեք տարբեր տարիքային խմբերի այցելուների համար:

-Ունենք կրթական ծրագրերի շարքեր, որոնցից մեկը կոչվում է՝ «Բացահայտենք քոչարյան գաղտնագրերը»: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար հատուկ ծրագիր է մշակվել վարպետի ստեղծագործությունները ներկայացնելու առումով: Բացի դրանից՝ դեռ 2011-ից մեր գործունեության մաս է կազմում Քոչարի ստեղծագործությունները մեկնաբանող տեսաֆիլմերի ստեղծումը տարբեր լեզուներով: Այդ ֆիլմերը շատ օգտակար են Քոչարին ընկալելու, նրա ուղերձները տեղ հասցնելու առումով:

Մարդկանց Քոչարին կապող յուրահատուկ միջոցներից է նաև բացառապես քոչարյան թեմաներով ստեղծված և որոշակի դիզայներական մշակման ենթարկված հուշանվերների վաճառքը:

-Ի՞նչ կասեք թանգարանի աշխատակիցների մասին:

-Մեր թանգարանի աշխատակիցները հիմնականում երիտասարդներ են: Բայց ներկայումս շատ դժվար է նրանց երկար պահել թանգարանում: Մենք մեծ ջանք ենք թափում՝ երիտասարդներին կայացնելու, էքսկուրսիոն տեքստերը սովորեցնելու, նոր գիտելիքներ փոխանցելու վրա: Աշխատանքը նաև պահանջում է լեզուների իմացություն: Բայց այս ամենի հաղթահարումից և լավ մասնագետ դառնալուց հետո երիտասարդները գտնում են ավելի լավ վարձատրվող աշխատանք և հեռանում թանգարանից: Սա ցավ է մեզ համար, որովհետև մենք պատրաստում ենք հրաշալի սերունդ, որը ֆինանսական պայմանների պատճառով լքում է թանգարանը: Այնինչ մեզ նվիրյալներ են պետք:

-Ի՞նչ ձեռքբերումներ ունի թանգարանը վերջին տարիներին:

-2016-ին Իտալիայից նվեր ստացանք Քոչարի վենետիկյան շրջանի մի ստեղծագործություն՝ Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը: Այն մեզ նվիրեց Զաքարյանի 84-ամյա որդին՝ համոզված, որ հոր հիշատակը թանգարանում առավել վառ կպահենք: Անչափ ուրախ ենք, որ այդ մշակութային արժեքը հասավ թանգարան:

-Որտե՞ղ են ընդհանրապես ցուցադրվում Քոչարի ստեղծագործությունները:

-Դրանք սփռված են և´ աշխարհի տարբեր թանգարաններում (Փարիզի Պոմպիդու կենտրոն, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի տարբեր թանգարաններ) և´ մասնավոր հավաքածուներում: Քոչարի ամեն մի ստեղծագործություն իր առանձին ճակատագիրն ունի: Մենք, իհարկե, դեմ չենք, որ Քոչարը ներկայացված լինի տարբեր կարևոր ցուցադրական տարածքներում, բայց և չենք ժխտում, որ թանգարանի նպատակներից է քոչարյան ցուցանմուշներով համալրվելը:

-Ինչպե՞ս կամփոփեք զրույցը:

-Այս թանգարանն ինձ համար շատ հարազատ տարածք է, որտեղ անցել են մանկությանս տարիները՝ որպես Քոչարի թոռնուհի: Արդեն տարիներ շարունակ մեր ընտանիքն իր ողջ կյանքն է նվիրել Քոչարի ստեղծագործությունների պահպանմանն ու հանրահռչակմանը:

Ես համոզված կարող եմ ասել, որ այսօր աշխարհը հոգնել է ճանաչված անուններից և կարիք ունի նոր անվան բացահայտման, իսկ Քոչարն իրապես արժանի է բացահայտվելու: Նա կարող է մեծ ցնցում առաջացնել աշխարհում, ինչպես լինում է մեր բոլոր այն արտասահմանցի այցելուների հետ, որոնք, մտնելով թանգարան, շատ հանկարծակի հայտնաբերում են Քոչարի մեծության արվեստագետի:

Ուստի ես բոլորին սիրով հրավիրում եմ մեր թանգարան: Այդ այցելությունը անպայման մի պայծառ ու անջնջելի հետք կթողնի յուրաքանչյուրի պատկերացումներում...

Արփի Խաչատրյան

Հայաստան Երվանդ Քոչարի թանգարան Կարինե Քոչար հարցազրույց Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Արտակարգ դեպք Վանաձորում. փողոցում, հայտնաբերվել է 55-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի (ֆոտո)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 101-ամյա կինը
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին
ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը. 97 տոկոսը բարձր ռիսկայնության խմբից են
Հայտնի են Ընթերցանության ստեղծագործական մրցույթի հաղթողների անունները
Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա կին
Սարալանջի խճուղու եւ Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացին պարբերաբար դուրս է գալիս երթևեկելի հատված
Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով.ՀՔԱՎ
Հունիսի 2-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի
Քաջարան-Կապան ճանապարհին «ԿամԱԶ»-ը շրջվել է. կան վիրավորներ
6 ժամով լույս չի լինելու Երեւանի մի շարք հատվածներում
Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. Մեկ օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Երեւանի կնետրոնի բնակարաններից մեկում 85-ամյա կինը կտրել է երակները. Նրան տեղափոխել են հոգեբուժական կենտրոն
«Հրապարակ». Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել
«Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի՝ 2019-ի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է ԱԺ
«Հրապարակ». Հայաստանում այս պահին կա ընդամենը 7 հազար հատ թեստ
«Իրավունք». «Վատառողջ եմ, այո». Գեւորգ Կոստանյան
«Փաստ». Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը
ՀՀ ԱԺ-ն մի շարք օրենսդրական փոփոխություններ է ընդունել գործող օրենքներում
Ռուդիկ Հյուսնունցին նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
«Ժողովուրդ». Կրթական համակարգում անմխիթար վիճակ է. 6 բուհեր «անտեր» են մնացել
«Հրապարակ». Արսեն Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել
Ավելին
Ավելին