f

Անկախ

«Ժողովուրդը կա՛մ չպետք է մասնակցի այս հանրաքվեին, կա՛մ իր «Ոչ»-ը պետք է ասի»․ Զարուհի Փոստանջյան


Անկախ-ի զրուցակիցն է «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

-Տիկին Փոստանջյան, ապրիլի 5-ին տեղի է ունենալու հանրաքվե սահմանադրական փոփոխությունների հարցով։ Ազգային ժողովի այս որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել ինչպես իրավական, այնպես էլ հասարակական-քաղաքական դաշտում։ Հնետաքրքիր է իմանալ այս ամենի վերաբերյալ Ձեր կարծիքը՝ նախ իբրև իրավաբան, ապա որպես քաղաքական գործիչ։ 

-Իրավական առումով իհարկե խնդիր կա։ Սա իրավական պետությունից դուրս գործընթաց է, սահմանադրականությունից դուրս գործընթաց է, սահմանադրական սկզբունքների խախտման գործընթաց է։ Եթե իշխանությունը խնդիր չուներ, ինչո՞ւ չդիմեց Վենետիկի հանձնաժողով գնահատական ստանալու, մի մարմին, որը կարող էր պրոֆեսիոնալ կարծիք արտահայտել։ Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը ոչ թե ուղղված է նրան, որ վերականգնվի իրավական պետության գաղափարի կիրառումը, այլ ընդհակառակը, միտված է նրան, որ մենք չունենանք իրավական պետություն։ Պետություններն ընդունում են սահմանադրություն, որպեսզի գծեն իշխանությունների տարանջատման սահմանները, իսկ այս քաղաքական իշխանությունն ուզում է վերացնել այդ սահմանները։ Հասկանալի է, որ սա կեղծ քաղաքական օրակարգ է, որը ոչ մի կապ չունի ո՛չ Սահմանադրության, ո՛չ դատական համակարգի բարեփոխման հետ, ուղղակի կան մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանի պատվերը չեն կատարել, և նա այդ մարդկանց ցանկանում է ճանապարհից հեռացնել, որպեսզի այսուհետ իր պատվերները հլու-հնազանդ բոլորը կատարեն։ 

-Այսինքն, կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ սա Նիկոլ Փաշինյանին միահեծան, անսահմանափակ իշխանությամբ օժտելու գործընթաց է։ 

-Առանց այն էլ այս քաղաքական համակարգը գործադիր իշխանությանն օժտում է անսահմանափակ լիազորություններով։ Հիմա, փաստորեն, կա մի մարմին, որը չի ցանկացել կատարել գործադիր իշխանության պատվերը, և նա փորձում է վերացնել այդ մարմինը։ 

-Ի՞նչ հետևանքներ կարող է թողնել այս ամենը Հայաստանի միջազգային հեղինակության և առհասարակ մեր երկրի զարգացման վրա։

-Որպես իրավախորհրդատու, որը նաև իրավական խորհուրդներ է տրամադրում տարբեր անձանց՝ կարող եմ ասել, որ այս գործընթացը նախ խոչընդոտելու է մեր տնտեսության զարգացումը, որովհետև ներդրողն առաջին հերթին նայում է, թե ինչպիսին է տվյալ երկրի իրավական համակարգը։ Եթե մի երկրում իշխանությունները դատարան են շրջափակում, դատավորներ են ահաբեկում, օրենք են խախտում, ապա համոզված եղեք, որ ոչ ոք անգամ 10 դրամի ներդրում այդ երկրում չի կատարի։ Ինչ վերաբերում է միջազգային վարկանիշին, ապա Հայաստանի մասին զեկույցներում, օրինակ, կարող է նշվել, որ գործադիր իշխանության ներկայացուցիչներն ում ուզես, կարող են ձերբակալել պատվերի ներքո։ Նույն այդ գաղտնալսումները դրա վառ ապացույցն էին, և դրանք դեռևս վիճարկվելու են միջազգային ատյաններում։ 

-Ինչպե՞ս եք գնահատում այս ամենում Հանրապետության նախագահի դերը, որը, փաստորեն, ի պաշտոնե համարվում է  Սահմանադրության ու սահմանադրականության պահպանման երաշխավորը, բայց մենք ականատես ենք լինում, որ նա ավելի շուտ կատարում է իշխանությունների ցանկությունները։

-ՀՀ այսօրվա նախագահն ունի այն նույն անցյալը, ինչն ունի Սահմանադրական դատարանի նախագահը։ Երբ ներկա իշխանությունները ՍԴ նախագահին ու անդամներին հեռացնելու հիմնավորման մեջ ասում են, թե նրանք նախորդ ռեժիմի ծառաներն են, ապա ինչու՞ դա չեն ասում Հանրապետության նախագահի դեպքում։ Կամ ասում են՝ կեղծիքի միջոցով է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ նախագահ, ինչի վերաբերյալ անգամ հայտարարություն է հնչել Նիկոլ Փաշինյանի շուրթերից։ Երբ իշխանափոխությունից հետո Արման Բաբաջանյանը հաղորդում տվեց հանցագործության մասին, թե տեղի է ունեցել կեղծիք և այդ կեղծիքի միջոցով է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ նախագահ, ՀՔԾ-ն միանգամից գործ հարուցեց։ Արմեն Սարգսյանի դեպքում ես անձնապես բավականին հիմնավոր հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, բայց չգիտես ինչու իմ հաղորդմանն ընդհանրապես ընթացք չտրվեց, ինձ մինչ օրս չեն էլ պատասխանել։ Այսինքն, կարող ենք արձանագրել, որ նախագահի հետ կա պայմանավորվածություն, ստվերային առևտուր, կա ստորագրելու դիմաց գին վճարել և այլն։ Հետևաբար այս ամենը անձնավորված, հատվածական գործընթաց է, որի մեջ ներգրավում են նաև երկրի օրենսդիր իշխանությունը, և սրանով հերթական անգամ, անկախությունից ի վեր, տապալվում է երկրի ամբողջ սահմանադրականությունը։ 

-Ուղղակի տարբերությունն այն է, որ հիմա ամեն ինչ արվում է ժողովրդի անունից։ Սա վտանգավոր չե՞ք համարում։

-Ժողովրդի անունից, բայց ո՞ր ժողովրդի։

-Հայ ժողովրդի, Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև ամբողջ հայ ժողովրդի անունից։

-Եթե հայ ժողովրդի անունից է խոսում, նախ նա այդ ժողովրդին չվերադարձրեց ընտրելու և ընտրվելու իրավունքը, այն ժողովրդի, որն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր։ Այդ ժողովրդի մեջ է մտնում նաև արցախահայությունը, որն ունի ՀՀ անձնագիր, բայց չի մասնակցում ընտրական գործընթացներին։

Նիկոլ Փաշինյանն իր դրական ձեռքբերումների մեջ նշում էր, որ այցելել է  ԱՄՆ և Լոս Անջելես, որտեղ իր հավաքին մասնացել է 20 հազար հայ։  Կալիֆորնիայի նահանգում ապրում է շուրջ մեկ միլիոն հայ, հետևաբար այդ 20 հազարը շատ չնչին թիվ է, այսինքն, ինքն իրավունք չունի խոսելու բոլորի անունից։ Կամ այդ 20 հազարից 20 հոգի վերադարձե՞լ է Հայաստան այդ իր «թավշյա հեղափոխությունից» հետո և այստեղ ներդրումներ կատարել։ Իհարկե ոչ։ 

-Հանրաքվեի դրական ելքի համար անհրաժեշտ է 650 հազար ձայն։ Ի՞նչ եք կարծում, իշխանությանը կհաջողվի՞ ստանալ անհրաժեշտ ձայները։

-Չեմ կարծում, որ առհասարակ 650 հազար մարդ կգնա ընտրատեղամաս։ Տեսանք, թե ինչպիսին էր արձագանքը Նիկոլ Փաշինյանի կոչին՝ դատարանները շրջափակելու վերաբերյալ։ Այսինքն, քաղաքացին հասկանալու է, որ դա չի լուծելու իր առօրյա խնդիրները, և չի գնալու ընտրատեղամաս։ Եթե 65 հազար մարդ էլ գնա այդ հանրաքվեին, դա մեծ ձեռքբերում կլինի իշխանության համար։ 

-Այս հանրաքվեն կարծես դուրս է զուտ սահմանադրաիրավական հարթությունից և այն ընկավում է ավելի շատ իբրև Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վստահության հանրաքվե։ Այս համատեքստում դիտարկելիս կարելի՞ է ակնկալել, որ մասնակցությունն այնուամենայնիվ ակտիվ կլինի։ 

-Եթե մենք այսօր անենք հարցախույզ, ապա կտեսնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ արդեն հիասթափված են, որովհետև հասկացել են, որ սա նույնպես խաբեբայություն էր։ Իսկ որպեսզի քաղաքացիների առօրյան դեպի դրականը զարգանա, պետք են լուրջ, համապարփակ բարեփոխուներ լուրջ մասնագետների կողմից։ Այսօրվա իշխանությունը ո՛չ նման օրակարգ ունի, ո՛չ էլ դրա կարողություններն ունի։

-Մի կողմից քննարկվում է «Ոչ»-ի ճակատ ձևավորելու, մյուս կողմից՝ այս գործընթացը բոյկոտելու հարցը։ Ո՞րն եք համարում ճիշտ։

-Եթե մենք մտնում ենք «Այո»-ի և «Ոչ»-ի մեջ, նշանակում է՝ մենք շարժվում ենք Փաշինյանի առաջադրած կեղծ օրակարգով, որը մեզ բացարձակ պետք չէ։ Մեր ժողովուրդը՝ որպես ազգ,՝ կա՛մ չպետք է մասնակցի այս հանրաքվեին, կա՛մ իր «Ոչ»-ը պետք է ասի։ Այլ տարբերակ չկա։ Բայց ես կարծում եմ, որ ժողովուրդն ուղղակի չի մասնակցի։ 

-Արցախյան հիմնահարցի շուրջ արտգործնախարարների վերջին հանդիպումը և դրան հետևած հայտարարությունները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ ինչ-որ ակտիվ գործընթաց է տեղի ունենում, որն իշխանությունները թաքցնում են։ Ի՞նչ է կատարվում Արցախյան հիմնահարցի շուրջ։ 

-Եկեք Արցախյան հիմնախնդիրը  դիտարկենք ավելի գլոբալ տեսանկյունից։ Եթե մենք այդ խնդիրը դիտարկում ենք որպես լոկալ, հայ-ադրբեջանական խնդիր, ապա մենք նաև մեզ ենք շեղում իրականությունից։ Սա աշխարհաքաղաքական հարց է։ Եվրասիական տնտեսական այդ միավորումը խնդիր ունի իր մեջ միավորել Ադրբեջանին։ Ադրբեջանն այդ համաձայնությունը տալու համար ուզում է հատուցում, վճար։ Մեր ազգային շահի հետ է նորից այս ամենը բախվում։ Ինչո՞վ պետք է վճարեն, մեր հողերով, ինչպես եղել է նախկինում, երբ Նախիջևանն են տվել, Արցախն են տվել, Գանձակն են տվել։ Այսօր տեղի է ունենում նոր աշխարհակարգի ձևավորում, Միջին Արևելքի քարտեզի գծագրում։ Այս տեսանկյունից պետք է դիտարկենք հարցերը և հասկանանք, որ այս 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել մեկ պետականություն, որի 42 հազար կմ² տարածքի ցանկացած խախտում կնշանակի, որ մենք վտանգում ենք արդի հայկական պետականությունը։ Չկա Հայաստանի Հանրապետություն, եթե չկա Արցախ։ 

Ընդհանրապես, Փաշինյանի կեղծ օրակարգերը պետք  է մի կողմ դնել և իրական քաղաքական օրակարգ ձևակերպել ու տանել առաջ։ Մի օր գնում բղավում է, թե Արցախը Հայաստան է և վերջ, հաջորդ օրը հայտարարում է, թե Արցախի անունից չի կարող խոսել։ Այս երկու տարվա ընթացքում մենք այդպես էլ չտեսանք, որ ազգային շահը սպասարկող որևէ լուրջ խնդիր լուծվի կամ գոնե լուծման ճանապարհին լինի։ Փոխարենը զբաղված են սրան-նրան բռնելով, ասֆալտին փռելով, տեսարաններ սարքելով։ 

-Ձեզ կմեղադրեն՝ ասելով, որ կողմ չեք նախորդ ռեժիմի հանցագործությունների բացահայտմանը։ 

-Ես միանշանակ կողմ եմ, որ բոլոր հանցագործները բացահայտվեն ու դատապարտվեն, բայց ոչ այս ճանապարհով և ոչ՝ ընտրովի ու թիրախավորված։ Եվ հետո եկեք տեսնենք՝ կա՞ արդյոք դատարանի օրինական ուժի մեջ մտած որևէ վճիռ։ Անցել է երկու տարի, որը բավականին երկար ժամանակ է, և մենք հասկանում ենք, որ այս ամբողջ քաղաքական օրակարգը հիմնվել է ինչ-որ կիսատ-պռատ, անգրագետ մեղադրական եզրակացությունների վրա, որպեսզի արագ-արագ գործն ուղարկեն դատարան և տեսարաններ ստեղծեն։ Կամ ի՞նչ է նշանակում մարդկանց ցավն ու ողբերգությունն օգտագործել, բայց իրականում ոչինչ չբացահայտել։ Դա ուղղակի սրբապղծության նման մի բան է։ Կամ տնտեսական հանցագործությունների մասով․ մենք հիմա չենք տեսնում, թե ուր են գնում այն գումարները, որ այսօրվա իշխանությունը վերցնում է նախկիններից։ Պետք է այդ ամենը կատարվի հավասարակշռված և իրավական եղանակներով, որպեսզի հնարավորություն տրվի այդ գումարների վերադարձին, իսկ եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որով այսօր գնում է իշխանությունը, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ընդհակառալը, նրանք խրախուսում են, որ այդ գումարներն արագ-արագ դուրս բերվեն Հայաստանից։

-Տիկին Փոստանջյան, փաստորեն այսօր օրենսդիր իշխանությունը որևէ քաղաքական հակակշիռ իրենից չի ներկայացնում և քաղաքական լուրջ օրակարգ ձևավորելու ռեսուրս գրեթե չունի։ Հնարավոր համարո՞ւմ եք արտախորհրդարանական քաղաքական ուժերի համախմբումն ու ընդդիմադիր լուրջ բևեռի ստեղծումը։

-Պետք է ոչ թե անձանց դեմ հակակշիռ ստեղծել, այլ քաղաքական համակարգի փոփոխությանը միտված գործողություններ անել։ Բայց ցավոք առայժմ ամեն ինչ միայն անձի վրա է կենտրոնացել։

-Դե որովհետև անձն ինքն է ամեն ինչ իր շուրջ կենտրոնանցում։

-Առհասարակ, անկախությունից ի վեր մենք մշտապես թիրախավորել ենք անձանց, բայց պիտի թիրախավորենք համակարգը։ Այդպես էլ մեզ մոտ լյուստրացիա տեղի չունեցավ, որպեսզի ազգային պետություն կառուցենք։ Արդյո՞ք այսօր քաղաքական ուժերը պատրաստ են իրենց քաղաքական շահերը դնել մի կողմ և համաձայնության գալ, օրինակ, որ այն, ինչ 30 տարի շարունակ դրված է եղել բանակցությունների սեղանին՝ այդ Մադրիդյան սկզբունքները, պետք է պատռել և բանակցային գործընթացը սկսել նոր մեկնարկային կետից։ Կամ օրինակ, քաղաքական կառուցվածքի վերաբերյալ․ արդյո՞ք ուզում ենք ունենալ իրապես անկախ դատական համակարգ։ Այդ ամենը պետք է լինի հստակ, գծերը քաշելով, և ով որ կփորձի անցնել այդ գծերը, պետք է պատժվի։ Այսօր մենք դեռևս հետխորհրդային մի ժողովուրդ ենք, որը չի կարողացել գտնել իր տեղը։ Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, հեղափոխություն չէր։ Ճիշտ է, ժողովրդի ընդվզումը կար, բայց նրանք, ովքեր այս կեղծիքը կազմակերպել էին, այդ ընդվզումն ուղղակի օգտագործեցին։ Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ մենք՝ որպես ազգ, դեռևս քաղաքականապես չէինք հասունացել։ Բայց ուզենք, թե չուզենք, այս ամենը բերելու է այդ հասունացմանը։ 

Հիմա տեղի է ունենում հետխորհրդային համակարգի փլուզում, որն իր հետ բերելու է նաև նոր քաղաքական հոսանքներ, և շատ կարևոր է, որ մենք վերջապես դառնանք քաղաքական ազգ և ա՛զգ լինելը վերականգնենք։    

Զարուհի Փոստանջյան հանրաքվե Հայաստան հարցազրույց Խմբագրի ընտրանի Նիկոլ Փաշինյան Սահմանադրական դատարան

Այլ հոդվածներ հեղինակից

Կապանում 17-ամյա աղջկա մոտ կեղծ ռուսական թղթադրամներ են հայտնաբերվել
3 խոշոր խախտում՝ հանրաքվեի հարցում
25 թեկնածու 1 մանդատի համար. Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը
Սպանություն Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է
Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake.am
Քլինթոնը Թրամփին  Պուտինի  խամաճիկ է անվանել
Մակրոնը Եվրոպայի համար նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը
Եկատերինբուրգում կկայանա գեղեցկության առաջնություն, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը
Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորին
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Փաշինյան
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով
Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացելԱննա Կուլի անվան միջազգային մրցույթում
Արդ, կոչ ենք ուղղում Ձեզ, պարոն Վարչապետ, սկսել հրապարակային երկխոսություն Սահմանադրական դատարանի անդամների հետ:
Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 2,3 հազար մարդ է մահացել
«Մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»․ «Վերնատուն» ակումբ
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
Սրա տակ դրված են անձնական բարդույթներ և ոչնչություն լինելու գիտակցման հետևանքներ:
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար
«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները
ՀՆԱ-ին սպասելիս
Ավելին
Ավելին