Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը գոտեմարտեց երիտասարդների եռակի աշխարհի չեմպիոն, թուրք Կերեմ Կամալի հետ և համառ պայքարում 5:5 հաշվով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գոտեմարտն ավարտվեց 5:5 հաշվով, բայց քանի որ Գևորգ Ղարիբյանը 4- միավորանոց գցում ուներ հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին:
Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փառահեղ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0): Կիսաեզրափակչում էլ հ 26-ամյա ըմբիշը ոչ մի խնդիր չունեցավ էստոնացի Հիլարի Մայգիսալուի հետ պայքարում (8:0):