f

Անկախ

​Խաչատրյանական ոգուն հավատարիմ...


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահար, «Արամ Խաչատրյան» եռյակի անդամ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արմինե Գրիգորյանի հետ:

-Տիկին Գրիգորյան, ո՞րն է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաքելությունը:

-Մեր առաքելությունը խաչատրյանական հարստությունը հավաքագրելը, պահպանելը և ուսումնասիրելն է: Մենք պիտի դառնանք խոշորագույն մշակութային կենտրոն՝ հանրահռչակելով ամբողջ աշխարհին հայտնի մեծ մաեստրոյի կյանքն ու գործունեությունը: Կարծրացած կարծիք կա, որ թանգարանները մեռյալ տարածք են, բայց վերջին տարիներին բոլորն էլ ստեղծագործաբար են մոտենում իրենց առօրյային՝ թանգարանային հիմնական գործունեությանը զուգահեռ զարկ տալով կրթական ու մշակութային կյանքին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

-Մի փոքր զրուցենք տուն-թանգարանի ստեղծման նախապատմությունից:

-1947-ին խորհրդային կառավարության որոշմամբ այս առանձնատունը հանձնվեց Արամ Խաչատրյանին: Նա շատ էր սիրում այս տունը, որտեղ Հայաստան կատարած այցելությունների ժամանակ սիրով էր բնակվում և հյուրեր ընդունում: Հատկապես սիրում ու խնամում էր տունը շրջապատած պտղատու այգին: Այս տանը նա գաղափարական ու ստեղծագործական նոր լիցքեր էր ստանում: Եվ Խաչատրյանի անձնական ցանկությունն է եղել, որ հենց այս տունը դառնա տուն-թանգարան, ոչ թե իր մոսկովյան բնակարանը, որտեղ ապրել է անընդմեջ: Մաեստրոն անգամ հասցրեց ծանոթանալ թանգարանի նախագծին՝ հայտնելով իր կարծիքը: Այդ մակագրված նախագիծն առաջիններից է, որ ներգրավվել է թանգարանի հավաքածուում և շատ թանկ արժեք ունի մեզ համար:

-Ընդհանրապես ինչպե՞ս են հավաքվել թանգարանի ցուցանմուշները սկզբնական փուլում: Եվ հետագայում, ինչու՞ չէ, նաև այսօր ինչպե՞ս է տեղի ունենում համալրման ընթացքը:

-Թանգարանի ստեղծման սկզբնական տարիներին կոչ էր արվել հարազատներին, գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ում հետ նա շփվել էր, թանգարանում հավաքել Խաչատրյանի հետ կապված մասունքները: Տարիների ընթացքում մարդիկ ավելի պատրաստակամությամբ սկսեցին գնալ այդ քայլին, և մինչ այսօր թանգարանի հավաքածուն դեռ ընդլայնվում է: Լինում են անհատներ, որ անձամբ են գալիս և հանձնում, ասենք, որևիցե մակագրված լուսանկար կամ համերգի ծրագիր: Ճիշտ է, մարդիկ սրբորեն տարիներ շարունակ պահպանել են այդ ամենը, բայց ամենաճիշտ որոշումը դրանք թանգարանին հանձնելն է:

-Արամ Խաչատրյանի ժառանգները որքանո՞վ են կապված թանգարանին և որքանո՞վ են աջակից ցուցանմուշների համալրմանը:

-Արամ Խաչատրյանն առաջին կնոջ հետ ամուսնությունից ունեցել է Նունե անունով դուստր, որն այսօր արդեն կենդանի չէ: Բայց մենք պահպանում ենք կապը նրա դստեր՝ Օլգա Պավլովնա Կուզինայի հետ: Նա, կարելի է ասել, մեր աշխատանքային գործընկերն է, որովհետև որպես ֆոնդապահ երկար տարիներ աշխատում է Մ. Գլինկայի անվան հանրաճանաչ մոսկովյան թանգարանում: Նրա միջոցով մենք ստացել ենք նյութեր՝ առաջին հերթին կապված իր տատիկի՝ Ռոմելա Բարսեղյանի հետ, ում մասին մինչ այդ շատ տեղեկություններ չունեինք: Օլգան նաև մի քանի անգամ այցելել է մեր թանգարան:

Արդեն երկրորդ կնոջից ծնված որդու՝ Կարենի հետ, երկար տարիներ է, որ համագործակցում ենք: Նա թանգարանին է նվիրել Խաչատրյանին պատկանող բազմաթիվ առարկաներ, նյութեր և անձնական իրեր: Մեզ հետ շատ մտերիմ էր նաև մաեստրոյի երջանկահիշատակ եղբորորդին՝ Կարեն Սուրենի Խաչատրյանը, որը կրկին ճանաչված կոմպոզիտոր էր և մեզ է հանձնել Խաչատրյանի ջութակի համար գրած կոնցերտի արժեքավոր ձեռագիրը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

-Ցուցադրությունն ի՞նչ սկզբունքով է կազմակերպված թանգարանում, և ի՞նչ նորամուծություններ եք կիրառում՝ առավել երիտասարդ այցելուներին գրավելու համար:

-Թանգարանի հուշային մասում հիմնականում ցուցադրված են Խաչատրյանի անձնական կամ այն իրերը, որոնք անմիջական առնչություն են ունեցել իր և ընտանիքի հետ: Ցուցասրահներն էլ ներկայացնում են մաեստրոյի կյանքի և ստեղծագործական գործունեության կարևորագույն հատվածները՝ ըստ ժամանակագրության:

Տարիների ընթացքում շատ արագ քայլերով թանգարանի կյանքի բաղկացուցիչ է դառնում ինտերակտիվ աշխարհը: Մենք ի սկզբանե շատ զգուշորեն ենք մոտեցել այդ հարցին, որովհետև տուն-թանգարանը, որքան էլ ունենա ժամանակակից այցելուին գրավելու խնդիր, առաջին հերթին պիտի պահպանի թանգարանին հատուկ մթնոլորտը: Ուստի այդ բոլոր ինտերակտիվ նորամուծությունները մեզ համար ոչ թե ինքնանպատակ են, այլ ավելի շատ մարդկանց հավելյալ տեղեկատվություն փոխանցելու հնարավորություն: Օրինակ՝ մեր նախասրահում ներկայացված է «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» ծրագիրը, որին կարող են մասնակցել նաև սահմանափակ կարողություններով մարդիկ, որ չեն կարող բարձրանալ ցուցասրահներ: Ցուցասրահներից մեկում ներկայացված է նաև մեր ինտերակտիվ ձայնադարանը՝ ներբեռնված դեռևս Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով:

-Տիկին Գրիգորյան, կարո՞ղ ենք առանձնացնել թանգարանի ցուցանմուշներից ամենաարժեքավորները:

-Առաջին հերթին ես կնշեի հուշային մասում ներկայացված Արամ Խաչատրյանի անձնական ռոյալը, որն անմիջական կապ ունի մաեստրոյի գլուխգործոցների ստեղծման հետ: Շատ կարևոր են նաև մեզ մոտ պահպանվող Խաչատրյանի ձեռագրերը: 2013-ին՝ երկարատև գործընթացից հետո, դրանք համալրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության տակ առնված արժեքների ցանկը, ինչն այնքան կարևոր է մեզ համար:

-Միջազգային ինչպիսի՞ համագործակցություններ ունի թանգարանը:

-Հինգ տարի առաջ Մ. Գլինկայի անվ. երաժշտական մշակույթի համառուսաստանյան թանգարանային միավորման հետ մենք ստորագրել ենք պայմանագիր, որի շրջանակներում էլ թանգարանում ներկայացրինք «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. հայացք XXI դարից» ցուցահանդեսը: Որոշ ժամանակ անց արդեն Մ. Գլինկայի անվան թանգարանի համերգասրահում «Արամ Խաչատրյան» եռյակը հանդես եկավ հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններով:

Մենք բավական երկար համագործակցում ենք նաև գերմանական տուն-թանգարանների հետ՝ կազմակերպելով հետաքրքիր երաժշտական երեկոներ: Նախատեսում ենք նմանատիպ ծրագրեր իրագործել նաև ֆրանսիական և ռուսական թանգարանների հետ:

Մեր թանգարանի աշխատակիցները մասնակցում են տարբեր կոնֆերանսների, միջազգային սեմինարների, որոնց արդյունքում ծնվում են համագործակցության նոր գաղափարներ և կրթական ծրագրեր:

-Մի փոքր մանրամասն անդրադառնանք թանգարանի կրթական ծրագրերին:

-Մենք ունենք տասից ավելի կրթական ծրագրեր: Դրանցից ամենաառաջինը՝ «Դպրոցին հյուր», հասցրել է սիրվել և արժևորվել: Թանգարանի աշխատակիցները նախնական պայմանավորվածությունից հետո այցելություններ են կազմակերպում տարբեր դպրոցներ՝ աշակերտներին ծանոթացնելով Արամ Խաչատրյանին: Դրանից հետո ծրագրին մասնակցած դասարանը պատրաստ է լինում հաջորդ քայլին՝ այցելությանը թանգարան:

Մենք աշխատում ենք նաև մանկապարտեզային տարիքի երեխաների հետ: «Մեր Խաչատրյանը» ծրագրի շրջանակներում նրանք 5-6 այցի ընթացքում իրենց տարիքին բնորոշ պատկերացում են կազմում մաեստրոյի մասին:

Մեծ հետարքրություն է առաջացնում նաև «Ինչպե՞ս են ծնվում երաժշտական գործիքները» ծրագիրը, քանի որ թանգարանում է գտնվում հայաստանյան հազվագյուտ աղեղնային գործիքների հավաքածուն: Հմուտ վարպետների միջոցով երեխաներին հաղորդակից ենք դարձնում այդ հետաքրքիր ընթացքին:

Թանգարանում գործում է նաև ամառային դպրոց:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

-Ի՞նչ միջոցառումներ և գիտաժողովներ են կազմակերպվում թանգարանում:

-Հենց Խաչատրյանի ցանկությամբ թանգարանում միշտ հնչում է կենդանի երաժշտություն, և մեր համերգասրահը գրեթե ամեն օր զբաղված է լինում: Այն կարծես թանգարանի բաբախող սիրտը լինի: Մենք կազմակերպում ենք ամենատարբեր երաժշտական միջոցառումներ՝ անդրադառնալով թե´ Խաչատրյանին, թե´ խաչատրյանական դպրոցի հետնորդներին, թե´հոբելյանական տարբեր ամսաթվերի, թե´ արտասահմանյան կոմպոզիտորների և ոչ միայն կոմպոզիտորների: Արդեն 6-րդ տարին է՝ կազմակերպում ենք «Երաժշտական հինգշաբթիները Արամ Խաչատրյանի տանը» խորագրով համերգներ, որտեղ ելույթ են ունենում և´ հայաստանյան, և´ տարբեր երկրներից հրավիրված երաժիշտ կատարողներ: Այս երեկոներն առանձնանում են նրանով, որ հանդիսատեսը ձեռք բերված մեկ տոմսով ընդմիջման ժամանակ հնարավորություն է ունենում թեկուզ կարճ ժամանակահատվածով, բայց ծանոթանալ մեր ցուցասրահներին: Այսպիսով, համերգային գործունեությունը միշտ զուգահեռ է ընթանում թանգարանի հիմնական գործունեությանը, ինչն աշխուժացնում է մեր առօրյան:

Ինչ վերաբերում է գիտաժողովներին, առաջինը կազմակերպվել է 2013-ին, երբ տոնում էինք Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Երկրորդը կազմակերպեցինք 2018-ին՝ այս անգամ ընդգրկելով ավելի շատ երկրներ և մասնակիցներ: Հյուրընկալված երաժշտագետների, կոմպոզիտորների շարքում կային մարդիկ, որ անձամբ շփվել էին Արամ Խաչատրյանի հետ: Մասնակցում էր նաև թոռնուհին: Առաջին գիտաժողովի նյութերն արդեն լույս ենք ընծայել ժողովածուի տեսքով: Երկրորդը պատրաստ կլինի տարեվերջին:

Թանգարանը զբաղվում է նաև հրատարակչական գործունեությամբ: Վերջին տարիներին մի քանի անգամ հրատարակվել են իր նամականիները հայերեն և ռուսերեն լեզուներով, որ ընդգրկում են 50 տարիների ընթացքում (1928-1978 թթ) գրված նամակներ: Հրատարակման ենք պատրաստում մեկ այլ շատ հետաքրքիր գիրք՝ «Խաչատրյանը ժամանակակիցների հուշերում:

-Տիկին Գրիգորյան, լինելով շատ ակտիվ գործունեություն ծավալող երաժիշտ, ինչպե՞ս եք կարողանում դա ծառայեցնել տուն-թանգարանի գործունեությանը:

-Ինձ համար մեծ պատիվ է և պատասխանատվություն, որ կարողանում եմ ոչ միայն աշխարհի տարբեր բեմերում հնչեցնել Խաչատրյանի ստեղծագործությունները, այլև ներկայացնել նրա տուն-թանգարանը: Այս տարի լրացավ 15 տարին, ինչ ծառայում եմ այս թանգարանին: Թե´ որպես երաժիշտ, թե´ որպես թանգարանի տնօրեն, այս տարիների ընթացքում ճանաչեցի ու շարունակում եմ ճանաչել Խաչատրյանին որպես անձ և որպես հայ մշակույթի խորհրդանիշ: Երբ իմ գործընկերների հետ կամ անձամբ ներկայացնում եմ մաեստրոյի ստեղծագործությունները, զգում եմ հանդիսատեսի կողմից եկող հզոր լիցքերը, և դրանից պատասխանատվությունս ավելի է մեծանում որպես տուն-թանգարանի տնօրեն:

Այս տարի լրանում է «Արամ Խաչատրյան» եռյակի հիմնադրման 20-ամյակը, որի կապակցությամբ համերգներով հանդես ենք եկել ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական երկրներում, ինչը Խաչատրյանին ներկայացնելու ևս մի հրաշալի առիթ է:

Ուրախ եմ, որ անցյալ տարի վերջապես կարողացա թողարկել Արամ Խաչատրյանի միայն դաշնամուրային ստեղծագործություններն ընդգրկող երկրորդ ձայնասկավառակը: Պետք է տարածվի նաև Խաչատրյանի կամերային ժառանգությունը, որն ունի աշխարհի մեծ բեմերին արժանի գոհարներ:

-Ի՞նչ կասեք Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուների մասին:

-Մեր այցելուների թիվը տարեցտարի մեծանում է: Մեզ այցելում են ոչ միայն տեղացիներ, այլև արտասահմանցի զբոսաշրջիկներ, որ ծանոթ են Արամ Խաչատրյանին: Նախապես պայմանավորված լինելու դեպքում մենք նաև համերգային երեկոներ ենք կազմակերպում թանգարանի արտասահմանյան հյուրերի համար: Արդյունքում բոլորը շատ ոգևորված ու լիցքավորված են հեռանում մեր թանգարանից՝ հետագայում ուղղորդելով իրենց բարեկամներին ու ընկերներին:

-Շա՞տ են արդյոք թանգարանի խնդիրները:

-Թանգարանը կենդանի օրգանիզմ է, որ միշտ թարմացումների կարիք ունի, հետևաբար այն չի կարող խնդիրներ չունենալ: Բայց պիտի ասեմ, որ այս տարիների ընթացքում բոլոր մեծ խնդիրները պետական միջոցներով և հովանավորների օգնությամբ կարողացանք լուծել: Առաջացող նոր հարցերին մենք համբերատար փորձում ենք լուծում տալ: Երբ այցելուն մտնում է շենք, նա պիտի զգա, որ թանգարանը գտնվում է հոգատար ձեռքերում: Սա ոչ միայն թանգարանի ղեկավարության, այլև երկրի կառավարության հեղինակության մասին է խոսում. չի կարելի թույլ տալ, որ Արամ Խաչատրյանի պես մեծությունն ունենա ոչ ներկայանալի տուն-թանգարան:

-Տիկին Գրիգորյան, ի՞նչ խոհերով կամփոփեք զրույցը:

-Առաջին հերթին կցանկանայի, որ մեր հայրենակիցներն ավելի մեծ ուշադրություն դարձնեին ոչ միայն Արամ Խաչատրյանի, այլև բոլոր թանգարաններին: Երբ մենք գտնվում ենք Հայաստանից դուրս որպես զբոսաշրջիկ, միշտ ձգտում ենք լինել տվյալ երկրի թանգարաններում, այն դեպքում, երբ լավ ծանոթ չենք հայկական թանգարաններին:

Շատ եմ սիրում, երբ թանգարան են գալիս ընտանիքներով, ինչը վերջին տարիներին առավել հաճախ հանդիպող ողջունելի երևույթ է: Փոքր հասակից թանգարան այցելելու դեպքում մարդը հետագա ողջ կյանքում նույն ձևով է մոտենում իր երկրի հոգևոր-մշակութային արժեքներին:

Արփի Խաչատրյան

հարցազրույց Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Արմինե Գրիգորյան

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին