f

Անկախ

ԴաֆնԷզարդ․ հայկական արքայական զարդերի վերածնունդը ժամանակակից կնոջ զարդատուփում


«Երբևէ ձեզ հարցրե՞լ եք՝ ո՞ւր են մեր արքաների ու թագուհիների զարդերը։ Այդ հարցը ես շատ վաղուց տվեցի ինձ ու առ այսօր պատասխանները հավաքում եմ փշուր առ փշուր․․․»-ասում է ազգագրագետ, «Դաֆնէզարդ» նախագծի հեղինակ Մանան Դաֆինը։

Բոլորովին վերջերս Մանանը հանդես եկավ հայ ազնվական տիկնանց՝ թագուհիների ու իշխանուհիների զարդերը վերստեղծելու և ժամանակակից հայ կնոջ զարդեղենում ներառելու մի հետաքրքիր նախագծով։

Ուշագրավն այն է, որ այսօր հատկապես արծաթե զարդերի ոլորտում լայնորեն կիրառվում են հայկական ազգային զարդարանքի տարրեր, բայց դրանք հիմնականում արտացոլում են սովորական ժողովրդի զարդարանքը,  իսկ ազնվական զարդեղենը կարծես մոռացության է տրվել։ Մանան Դաֆինն ուզում է մոռացությունից հանել հայկական արքայական զարդեղենը։

«Դաֆնէզարդ»․ այս անվամբ են վերածնվում զարդերը, որոնց հիմքում ընկած են հայ թագավորական և իշխանական զարդեղենի նմուշները, դետալներն ու խորհրդանիշները, զարդեր, որոնք հազարամյակների միջով եկել, հասել են մեր օրեր կամ որոնց վերաբերյալ մնացել են սոսկ գրավոր հիշատակություններ։

Պատմական վավերագրերը վկայում են, որ հայ արքայական զարդեղենը դարերի ընթացքում թալանվել, կողոպտվել կամ նվիրաբերվել է օտարներին։

«Մարկ Անտոնիոսը մ.թ.ա. 34 թ. խաբեությամբ գերելով Արտավազդ II ին՝ թալանեց Հայաստանը, կործանեց Երիզիայի Անահիտի տաճարի ոսկե ձուլածո արձանը և ոսկին բաժանեց՝ թագուհի Կլեոպատրա VII-ին նվիրելով Հայոց թագավորության ողջ զարդերը»,-պատմական այս վավերագիրն է մեջբերում ազգագրագետը։

Ագաթանգեղոսն էլ վկայում է, որ քրիստոնեության տարածման ժամանակ, երբ ավերվեցին թագավորական ութ պաշտամունքային վայրերը, բոլոր տաճարներում կուտակված հսկայական քանակությամբ ոսկյա և արծաթե իրերն ու գանձերը ավարի տվեցին։

Հայ արքայական ու իշխանական զարդերը վեր հանելու ու հանրայնացնելու գաղափարը Մանան Դաֆինի մտքում ծնվել է շատ ավելի վաղ, քան կստեծվեր «Դաֆնէզարդ» բրենդը։

Երբ Մայր բուհում լրագրողական կրթությունն ավարտելուց հետո մագիստրատուրան շարունակում էր պատմության ֆակուլտետի ազգագրության ու հնագիտության ամբիոնում, իբրև ազգագրագետ՝ ուսումնասիրում էր հայկական թագավորական ու իշխանական տոհմերը։ Հետագայում այս թեման նա հետազոտում է նաև Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում՝ որպես գիտաշխատող։ Այդ ժամանակ «Անդին» ամսագրում հայոց թագուհիների մասին հոդվածաշար է հրապարակում՝ հանրայնացնելով իր հետազոտության արդյունքները։

Ավելի ուշ Մանան Դաֆինը ստեղծում է «Թագակիրները» ֆիլմաշարը, որը եթեր էր հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության եթերում, և որի նպատակն էր հանրությանը ծանոթացնել հայոց թագուհիների և ազնվական կանանց կյանքի բոլոր դրվագներին՝ կենցաղից մինչև հայրենիքի համար գործած սխրանքներ:

«Հայ ազգագրություն ասելիս հիմնականում հենվում են հասարակ խավի մշակույթի և կենցաղի վրա։ Բայց շատերը չգիտեն, թե ինչպիսին է եղել մեր թագավորների ու ազնվականների կենցաղը»,-նշում է նա։

Ֆիլմաշարը ստեղծելիս Մանանը հիմնականում հիմք է ընդունել հայ բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունու աշխատությունները։ Իսկ վերջինիս «Պատմություն հին հայ տարազի» գրքում դեռ տարիներ առաջ հանդիպել էր արքայական հանդերձանքի նմուշների մասին նկարագրությունների, որտեղ, օրինակ, նկարագրվում էր հայ իշխանուհու պատկանած մի հետաքրքիր ականջօղ։

«Ես մտովի պատկերացնում էի, թե ինչ գեղեցիկ է այդ զարդը և որքան հետաքրքիր կլինի, եթե որևէ  մեկը վերականգնի այն, ու մենք կրենք»։

Այդ ժամանակ Մանանի մտքով անգամ չէր անցնի, որ ավելի քան տասը տարի անց այդ մեկը լինելու է հենց ինքը։

Վերստեղծած 2000 ամյա արքայական ոսկյա ականջօղը

Տարիների ընթացքում ուսումնասիրելով հայ թագավորական ու իշխանական տոհմերի պատմությունները՝ Մանանը հսկայական տեղեկատվական բազա էր հավաքել, որը դարձել էր հոդվածաշար ու ֆիլմաշար։ Մի օր էլ նրա ձեռքն է ընկնում մի գիրք, որտեղ պատկերված էին հայոց թագուհիների և իշխանուհիների զարդերն ու այն ամենը, ինչ մնացել էր հսկայական հարստությունից։

Այդ 20-25 լուսանկարը վերջին կաթիլն էր, որ գումարվելով տարիներին ընթացքում կուտակած տեղեկատվությանը, հույզերին ու նպատակներին՝ կյանքի կոչեց Դաֆնէզարդի գաղափարը։  

Արծաթագործ Անահիտ Բերբերյանը Մանանի առաջարկով ստեղծեց զարդերի առաջին հավաքածուն, որը կոչվում է «Արքայուհի» և վերստեղծված է Աշնակում հայտնաբերված շուրջ 2 հազար տարեկան ոսկյա ականջօղի նմուշից։ Զարդը պատկանել է արքայական ընտանիքից թագուհուն կամ արքայադուստրերին։

Հավաքածուի ընդլայնման նպատակով համագործակցությունը շարունակվեց սիրիահայ վարպետների «FAKEJIAN» ոսկերչական ընկերության հետ, որն ապահովում է զարդերի բարձր որակը։

«Արքայուհի» հավաքածուն հաջողություն է ունեցել և արդեն գրավում է շատերի սիրտը՝ դառնալով ժամանակակից հայ կնոջ զարդատուփի սպասված զարդը։

Իսկ Մանանն արդեն աշխատում է հաջորդ հավաքածուի ուղղությամբ, որը կոչվելու է հայոց թագուհիներից մեկի անունով և կապվելու է նրա կյանքի տարբեր դրվագների հետ։ Զարդեղենի ամեն մի դետալ խորհրդանշական է լինելու։ Իսկ թե որ թագուհու մասին է խոսքը, Մանանը փակագծերը չի բացում։ Ուզում է անակնկալ մատուցել։

«ԴաֆԷզարդի» առանձնահատկություններից մեկն էլ զարդի անձնագիրն է, որտեղ գնորդը տեսնում է բնօրինակը, որի հիման վրա զարդը վերստեղծվել է, և դրա վերաբերյալ տեղեկություն։

«Հայոց թագուհիների զարդաձևերի մեջ առանձնանում են եռանկյունաձև զարդերը։ Եռանկյունին հնում համարվել է կանացիության, իգական սկզբի, պտղաբերության և երջանկության խորհրդանիշ։ Այն նաև հրո, արևային կրակի հնագույն խորհրդանիշներից է»,-նշում է Մանանը։

Նա հիշեցնում է, որ ոսկյա զարդեր կրելու իրավունք ունեցել են միայն ազնվականները, առավելապես արքաներն ու թագուհիները։ Իսկ ոսկին խորհրդանշում էր արևը, որը համարվում էր աստվածային էության մասնիկ։

Առաջիկայում «ԴաֆԷզարդը»  կներկայանա նաև ոսկյա հավաքածուով։ Ոսկյա զարդերի ստեղծումը պայմանավորված է երկու կարևոր հանգամանքով․ նախ՝ արքայական զարդերի հիմնական մետաղը եղել է ոսկին, երկրորդ՝ այսօր արծաթե զարդերի ոլորտում հայկական ազգային զարդեղենի էլեմենտները բավականին տարածված են, ինչը չի կարելի ասել ոսկյա զարդերի առումով։

Մանանը գտնում է, որ  ոսկյա զարդերի ոլորտում նույնպես պետք է հայկական էլեմենտը կիրառելի ու արդիական դառնա։

Մանան Դաֆինն իր նախագիծը կհամարի կայացած, երբ ժամանակակից հայ հասարակությունը, հատկապես հայ կինը կսկսի ճանաչել իր թագուհիներին, նրանց գործունեությունը և կհպարտանա ու կոգեշնչվի նրանցով։

«Իմ խորքային նպատակն ու երազանքը դա է։ Իսկ դրան հասնելու լավագույն ու գեղեցիկ միջոցներից մեկը զարդն է։ Ահա թե ինչու մենք մեր զարդերը պարզապես չենք վաճառում, այլ ներկայացնում ենք դրա պատմությունը, նպատակն ու առաքելությունը։ Եվ մեր կարգախոսներից մեկը հետևյալն է՝ ճանաչվիր այն զարդով, որ կրում ես»։

Ազգագրագետը հիշեցնում է, որ արքայական ու իշխանական զարդերը սոսկ պերճանքի առարկաներ չեն եղել: Դրանք ունեցել են իրենց վերապահված հստակ գործառույթը, դերը, ծիսական և կիրառական առանձնահատկությունները, և նա ուզում է, որ ժամանակակից հայ կինը, կրելով այդ զարդերը, հասկանա նաև դրանց ողջ նշանակությունն ու արժեքը։

ԴաֆնԷզարդ Մանան Դաֆին խմբագրի ընտրանի զարդեղեն հայ թագուհիներ

Այլ հոդվածներ հեղինակից

Դադարեցվել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները
Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 18241 նոր դեպք
Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձեւով չեմ մասնակցելու այդ արտահերթ ընտրություններին. Վազգեն Մանուկյան
Կորոնավիրուսով  վարակվածների  իմունիտետը պաշտպանում է «բրիտանական» շտամից․ Պոպովա
Առաջին անգամ ՀՀ-ում իրականացվել է կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում․ նմուշներում չի հայտնաբերվել բրիտանական կամ հարավաֆրիկյան տարբերակները
Ես պատերազմի ժամանակ Արցախի գեներալներին ասում էի՝ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը, ցավոք դա չեղավ. Վազգեն Մանուկյան
Ֆրանկֆուրտի երկաթուղային կայարանում անհայտ անձը  դանակով հարձակվել է մարդկանց վրա
Զինվորների վերականգնմամբ զբաղվող հայ բժիշկները հատուկ վերապատրաստում են անցնում
Նիկոլը սուտ է ասում, թե ինքը կանգնեցրեց պատերազմը, իրեն Ռուսաստանը պարտադրեց. Վազգեն Մանուկյան
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ
Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ 5,79 մլն դրամ կաշառք ստանալու համար. գործը դատարանում է
Ռուսաստանի հայերն ասել են, որ Նիկոլին փոխելու դեպքում իրենք մեծ ներդրումներ կարող են անել ՀՀ-ում. Վազգեն Մանուկյան
Հենց դուք եք մեղավոր, որ պատերազմը սկսվեց ու տանուլ տրվեց ամենախայտառակ ձևով, առավելագույն կորուստներով
Մեկնարկել են 2021-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
Անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել այս ապօրինի շինարարությունը․ Դավիթ Խաժակյան
Ապստամբության տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով իշխանություն փոխելը՝ առանց ֆիզիկական բռնության. Վազգեն Մանուկյան
2,5 տարում իշխանությունը պաշտպանության ոլորտում բազմաթիվ լուրջ սխալներ է թույլ տվել. Արտակ Զաքարյան
Եվրոպա՛, ես ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր 2020-ի հոկտեմբեր-նոյեմբերին, ինչու՞ ձայնդ չէր լսվում. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Հայաստանում իշխանությունը և դրա ներկայացուցիչները արդարանալ փորձող ստախոսներ են. Արտակ Զաքարյան
Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան
Արցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները
Իրանի արտգործնախարարը Լավրովին ներկայացրեց Հայաստան և Ադրբեջան իր այցերի նպատակը
Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է. Մարուքյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների հարցին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին