Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը հանրությանն առավել հայտնի դարձավ «Թղթե երազանք» հեռուստադրամայից:
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Թղթե երազանք» հեռուստանովելը ոչ միայն սիրվեց հանդիատեսի կողմից, այլև գրանցեց բարձր վարկանիշ, թողեց իր հետքը ֆիլմարտադրության մեջ՝ սահմանելով նոր նշաձող: Նովելն իր բովանդակությամբ կտրուկ տարբերվում էր դաշտում եղած մյուս հեռուստասերիալներից։ Ֆիլմում դեպքերը զարգանում են Գյումրիում և պատմում անապահով պայմաններում ապրող, բայց մեծ աշխատասիրությամբ օժտված երեխայի մասին։
Կերպարը ստեղծելիս սցենարիստն ու բեմադրող-ռեժիսորը օգտվել են 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Ապագայի համար» հեռուստամարաթոնի ռեպորտաժներից, որոնք պատմում էին իրական պատմություններ՝ անապահով պայամաններում ապրող գյումրեցի երեխաների երազանքների և առօրյայի մասին։ Երազանքը թղթին հանձնած Հայկը իր օրինակով ցույց է տալիս, որ անկախ ամեն ինչից պետք է երազանք ունենալ ու ձգտել թեկուզ անհնարինին: «Թղթե երազանք» հեռուստանովելը կունենա նաև նոր՝ երկրորդ եթերաշրջան, սակայն երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նկարահանման ընթացքը հետաձգվել է:
«Անկախ»-ը զրուցել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի հետ:
–Ձեր և «Թղթե երազանք»-ում Ձեր մարմնավորած կերպարի՝ գյումրեցի Հայկի միջև ընդհանրություններ կա՞ն:
–Իմ կյանքն էլ է սկսվել կաթկթող տնակներից ու փայտե վառարանից։ Ինը տարի ապրել եմ հենց այն թաղամասում,որտեղ կատարվել են «Թղթե երազանք» հեռուստանովելի նկարահանումները։
– Աշխատելով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ դուք բեմում ավելի շատ եք եղել, քան նկարահանման հրապարակում։ Մտավախություն ունեցե՞լ եք, թե ինչպես կընկալվի Ձեր կերպարը հեռուստադիտողի կողմից։
–Ոչ։ Նկարահանումներից հետո ինձ մտավախություն է պատճառել միայն դասախոսիս ու այն մի քանի մարդկանց կարծիքը, որոնց գնահատականը ես կարևորում եմ ստեղծագործելիս։
–Թատրոնն ու սերիալը անհամեմատելի, իրարից շատ տարբեր աշխարհներ են։ Ձեզ ո՞րն է ավելի հոգեհարազատ. թատրոնը, թե՞ կինոն:
–Թատրոնը։ Բեմն իր գայթակղություններն ունի, տեսախցիկն՝ իր։ Սակայն բեմը կախվածություն առաջացնելու կարողություն ունի, իսկ կինոյի հետ հարաբերությունները շատ չեն խորանում:
–Այսօր հումորային հաղորդումները, հեռուստասերիալներն ու սիթքոմներն անընդհատ ավելանում են եթերում: Ի՞ նչ կասեք դրանց որակի մասին։
–Տխուր վիճակ է։ Բացառիկ արտադրանքներ են,որ իրավունք ունեն էկրան բարձրանալ,բայց մեծամասամբ պատկերը տխուր է, և ցավոք, առայժմ քիչ հուսադրող։
–Արդի թատրոնն ինչպիսի՞ առանձնահատկություններ պիտի ունենա՝ հասարակության ուշադրությունը գրավելու համար: Ձեր կարծիքով ո՞րն է հանդիսատեսին թատրոն բերելու ամենամեծ գաղտնիքը:
–Ժամանակակից թատրոնը պիտի ապահովի ներքին ու գուցե նաև իրական դիալոգ հանդիսատեսի հետ։ Բեմ ու դահլիճ տարածության խախտումը ստեղծում է միջավայր, որտեղ հանդիսատեսն ու դերասանը զգում են միմյանց շնչառությունն ու տրամադրությունը, և դա շատ լավ է։ Թատրոնը պիտի կարողանա զարմացնել ու հետաքրքրել, բայց ոչ ինքնանպատակ։ Հանդիսատեսը շատ նյուանսներ կարող է չհասկանալ, բայց նա ամեն ինչ զգում է։Եթե դերասանների զգացողությունն ու կրքերն ազնիվ են, ապա հանդիսատեսը, եթե նույնւսկ չհասկանա էլ՝ սկսում է զգայական դաշտով ընկալել ներկայացումը։
–Աշխատանքային գործունեության ո՞ր փուլում եք գտնվում: Ներկայում ինչո՞վ է զբաղված Արսեն Միքայելյանը: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
–Այս շրջանում կենտրոնացվածությունս միայն թատրոնի վրա է, իսկ թե ապագան ինչ իրավիճակներ է բերելու, դեռ չգիտեմ։
– Հանդիսատեսը Ձեզ շատ սիրեց «Թղթե երազանքը» հեռուստանովելից, ինչպես նաև «Երկնագույն շան աչքերը», «Ոչինչ չի մնա» և այլ թատերական ներկայացումներից: Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը:
–Ամենամեծ ձեռքբերումս ու հաջողությունս իմ կյանքի կարևոր մարդիկ են՝ ընտանիքս ու ընկերներս։ Մնացածը խիստ հարաբերական է ու ժամանակավոր։
Հարցազրույցը՝ Թամարա Թորոսյանի